Հովհաննես Թումանյան

Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում: Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները:

Ծնվել է փետրվարի 19, 1869
Ծննդավայր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Թիֆլիսի նահանգ
Բորչալուի գավառ, Դսեղ
Վախճանվել է մարտի 23, 1923 (54 տարեկանում)
Վախճանի վայր ՄոսկվաԽՍՀՄ
Մասնագիտություն բանաստեղծգրողհասարակական գործիչ և արձակագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ռուսական կայսրություն
Կրթություն Ներսիսեան դպրոց
Ստեղծագործական շրջան 1881-1923
Ժանրեր Բանաստեղծություն
Պոեմ
Հեքիաթ
Բալլադ
Գրական շարժումներ Ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներ ԱնուշԹմկաբերդի առումըԳիքորըՓարվանա և Հ. Թումանյանի հեքիաթներ
Ամուսին Օլգա Թումանյան
Զավակներ Նվարդ ԹումանյանԹամար ԹումանյանՄուշեղ ԹումանյանԱշխեն ԹումանյանԱրտավազդ ԹումանյանՀամլիկ ԹումանյանԱրեգ ԹումանյանԱնուշ ԹումանյանԱրփենիկ Թումանյան և Սեդա Թումանյան
Tumanyan siganture.png

unnamed (1)1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ՝ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893թ.-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ:

Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Գրողի լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ:

Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուր է համարել բանահյուսությունը: Այս սկզբունքով են ստեղծված «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները: «Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով:

«Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է: Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին: Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը:unnamed

Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն: 1905-1906թթ. հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է: 1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ 1918թ. հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին: 

Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները՝ հիմնված Թումանյանի ստեղծագործությունների վրա։

 

68225c6c8ca6e196a_5c6c8ca6de841
Թումանյանը երիտասարդ տարիքում

1899թ. նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն և այլ լեզուներով:

 

Մեծ բանաստեղծ և արձակագիր Հովհաննես Թումանյանի մահվանից հետո՝ նրա տղան գողանում է հոր սիրտը և տանում տուն։ Երկար ժամանակ սիրտը մնում է Թումանյանի տանը, մինչև այն պահը, երբ ընտանիքի վաղեմի բարեկամ Ավ.Իսահակյանը այցելում է Թումանյանի ընտանիքին։ Նա գիտեր այդ պատմության մասին և երբ առավոտյան արթնացավ շատ անհանգիստ էր։ Տանտերերը նկատեցին դա։ Իմացան որ այդ ամենի պատճառը Թումանյանի սրտի ներկայությունն էր։ Դեպքից հետո Նրա սիրտը հանձնեցին Երևանի բժշկական ինստիտուտի անատոմիկումի թանգարան։ Տարիներ անց կատարվել է Ամենայն Հայոց Բանաստեղծի վաղեմի երազանքը՝ նրա սիրտը թաղել են հայրենի տան բակում։

Երևանում գործում է Թումանյանի թանգարանը, Դսեղում՝ տուն-թանգարանը: Նրա անունով են կոչվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, հրապարակ Մոսկվայում, Երևանի տիկնիկային թատրոնը, փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում և Այսրկովկասի տարբեր վայրերում:

image
Թումանյանն իր կնոջ հետ

 

1980թ. սահմանվել է Հայաստանի գրողների միության՝  Թումանյանի անվան ամենամյա մրցանակը: 1957թ. օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը: ՀՀ թղթադրամներից մեկի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը: Մահացել է 1923թ.-ի մարտի 23-ին:

Ազգանվան ծագումնաբանություն

1890-ականներին Թումանյանը կազմել է իր տոհմի ճյուղագրությունը, ըստ որի՝ Թումանյան տոհմանունը ծագել է Թաւմա-Թօմա-Թումա-Թուման անձնանունից, որը հանդիպում է 13-17-րդ դարերի մի շարք արձանագրություններում և հիշատակարաններում։ Ըստ Աճառյանի՝ Թումանյան ազգանունը սերում է Թուման անձնանունից։ Անվան ամենավաղ հիշատակությունը, որը կարող է առնչվել բանաստեղծի նախնիներին, հանդիպում է Դսեղից 8 կմ հեռավորության վրա գտնվող Մարց գյուղի գերեզմանատան մի խաչքարի վրա՝ Թաւմայ (=Թումա) քահանա․․․ թուին ՉԼԴ (1285)։

Նախնիներ

Ըստ ավանդության` Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից։ 17-րդ դարի մի քանի վավերագրերում Թումանյան և Մամիկոնյան ազգանունները հիշատակվում են որպես միևնույն տոհմանուններ։ Թումանյանի՝ 1880-90-ական թվականների նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց-Մամիկոնյան» կնքադրոշմը։ 18 տարեկանում բանաստեղծը, տոհմական ավանդությունների ու տարեցների հուշերի հիման վրա, փորձել է գրել իր նախնիների «վարքագրությունը», որը վերնագրել է «Գործք հարանց»։ Ձեռագիրը գտնվում է Թումանյանի ընտանիքի արխիվում։ Ըստ ճյուղագրության՝ պարոն Թուման-Բարխուդար-Մեհրաբ-Հովակիմ-Հովհաննես (աղա)-Ասլան (Տեր-Թադևոս)-Հովհաննես (բանաստեղծը)։

Բարխուդարի ծնողներն էին Թումանը և Գեոքչան կամ Գոգչակը, որոնց մասին Թումանյանի «Գործք հարանց»-ում տեղեկություններ չկան։ Ձեռագրում նշվում է, որ Բարխուդարի ծննդյան թվականն անհայտ է։ Հայտնի է, որ նա ամուսնացել է վաղ հասակում, սակայն կնոջ մասին և թե քանի զավակ է ունել, տեղեկություններ ևս չկան։ Բարխուդարի գերեզմանը գտնվում է Դսեղի ներքևի գերեզմանատան՝ եկեղեցու արևմտյան կողմում։

Բարխուդարի ավագ որդու անունը Մեհրապ էր, որի ծննդյան և մահվան օրերն անհայտ են։ Ամուսնացել է ղազախեցի Ղազար քյոխվայի դստեր՝ Շահրուբանի հետ։ Ըստ Թումանյանի բանավոր աղբյուրների և տոհմական ավանդությունների՝ Մեհրապը անբերրիության և համաճարակ հիվանդությունների պատճառով ամբողջ ընտանիքով տեղափոխվում է Վրաստան և բնակություն հաստատում Թիֆլիսի Հավլաբար թաղամասում, այնուհետև Մուխրանում։ Համաճարակն ավարտվելուց հետո Մեհրապն ազգականների հետ վերադառնում է Դսեղ։ Մահացել է ծեր հասակում։ «Քաջերի կյանքից» պատմվածքում Թումանյանը ստեղծել է իր Մեհրապի էպիկական կերպարը։ Ըստ Թումանյանի ընտանեկան արխիվի տվյալների՝ Մեհրապը եղել է Դսեղի գյուղապետ և կոչվել է «յուզբաշի»։

Մեհրապի ավագ որդու՝ Հովակիմի մասին տեղեկություններ է հաղորդում Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի»-ում։ Վեպում գրողը պատմում է Հովակիմի, նրա եղբայրների և ողջ ընտանիքի մասին։ 1826 թվականի հուլիսին Աբովյանը Թիֆլիսից վերադառնալիս է եղել Էջմիածին։ Այդ ժամանակ տեղի է ունենում պարսիկների անակնկալ հարձակումը և նա, չկարողանալով շարունակել ճանապարհը, մինչև հոկտեմբեր մնում է Լոռիում և ականատես դառնում պատերազմական գործողություններին։ Այդ ժամանակ էլ ամենայն հավանականությամբ նա տեսել է Մեհրաբ և Հովակիմ Թումանյաններին, ինչպես նաև բանաստեղծի պապին՝ Հովհաննեսին։ Ըստ պատմական վավերագրերի՝ Հովակիմ Մեհրաբյան Թումանյանցը 19-րդ դարի առաջին քառորդին Լոռու սահմաններում՝ դեպի Երևան և Ախալցխա տանող ճանապարհների վրա լեզգի ավազակախմբերի շարունակական հարձակումներից պաշտպանել է ժողովրդին։ Դսեղի շրջանում Հովակիմի իշխանությունը ճանաչում է այդ ժամանակվա ռուսական կառավարությունը, որը, ցանկանալով սիրաշահել վերջինիս, պետական պաշտոն ու աստիճան է տալիս Հովակիմի որդուն՝ Հովհաննեսին (բանաստեղծի պապին)։ Հովակիմը հայտնի է դառնում հատկապես 1826-1827 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ։

Հովակիմ Մեհրաբյան-Թումանյանցի որդին՝ Հովհաննես Հովակիմյան Թումանյանցը (Հովհաննես աղա), բանաստեղծի պապն է (1795-1868)։ 1826-1827 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ է եղել։ Մարտական սխրագործություններով աչքի է ընկել 1827-1828 թվականների ռուս-թուրքական և 1853-1856 թվականների Արևելյան (Ղրիմի) պատերազմներում։ Առաջին սպայական աստիճանը ստացել է Ախալցխայի տակ 1828 թվականի օգոստոսի 5-ի և 9-ի ճակատամարտերում ցուցաբերած արիության համար։ Նույնպիսի արիություն ցուցաբերում է Ախալքալաքի (1853) և Կյուրուկդարա գյուղի մոտ (1854) թուրքերի դեմ մղված ճակատամարտերում՝ արժանանալով ենթասպայի աստիճանի և մեդալների։ Եռանդուն մասնակցություն է ունեցել նաև 1838-1839 թվականներին Դիլիջանի,  Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի  ճանապարհների շինարարությանը։ Հովհաննես աղան աչքի է ընկել նաև իր հայրենի Լոռիում կատարած շինարարական աշխատանքներով։ Ըստ ժամանակակիցներից մեկի՝ Ծաթեր գյուղի ճանապարհը կառուցվել է Հովհաննես աղայի ջանքերով։ Ինչպես իր հայրն ու պապը՝ Հովհաննես աղան հայրենի գավառում օգտվում էր նահապետի իրավունքներով։ Ամբողջ Լոռու հայրն ու տերը, դատավորն ու դատախազը Թումանյան Հովհաննես աղան էր, որը նստում էր Լոռու կենտրոնական գյուղերից մեկում՝ Դսեղում։ Հովհաննես աղայի մասին գրել է 19-րդ դարի առաջին կեսի ժամանակագիր  Վարդան արքեպիսկոպոս Օձնեցին իր «Պատմություն» գրքում։ Հովհաննես աղայի անունով Թումանյանների տոհմը կոչվել է նաև «աղոնք»։

Ծնողներ

Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․

Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական, բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Տեր-Թադևոսը եղել է Դսեղի կրթական-լուսավորական գործերի նածաձեռնողն ու մասնակիցը։ Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգաբարձուների թվում։ 1880-ականների սկզբներին աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին։ 1884 թվականի փետրվարի 16-ին Դսեղի թատերասերները Վարդանանց տոնի առթիվ, հօգուտ տեղի ծխական ուսումնարանի, որի հոգաբարձուներից մեկն էր Տեր-Թադևոսը, աշակերտների մասնակցությամբ ներկայացնում են Էմին Տեր-Գրիգորյանի «Խեչոյի թուզը» և Միքայել Տեր-Գրիգորյանի «Պեպոյի տկճուրը» վոդևիլները։

Թումանյանի առաջին մեծ վիշտը հոր մահն է եղել։ Հոր մահից հետո նա երկար ժամանակ հիվանդացել է։ 1898 թվականի հունվարին աքսորավայր մեկնելիս այցելելով Թումանյանին՝ Իսահակյանը նրան գտնում է համակված հոր մահվան վիշտով․ բանաստեղծը նոր էր վերադարձել Դսեղից՝ հոր հուղարկավորությունից։ Հոր մահվան վշտի ծանր տպավորության անդրադարձումներն են «Այն օրից, ինչ որ նրան թաղեցին․․․» (1898) և «Խորհրդավոր մեռելը» (1900) բանաստեղծությունները։ Թումանյանն իր մի քանի ստեղծագործություններում մարմնավորել է հոր կերպարը։ Մասնավորապես, «Ալեք» և «Անուշ» պոեմներում քահանաների կերպարները ստեղծելիս բանաստեղծը նկատի է ունեցել հորը։

Թումանյանի մայրը՝ Սոնան (1842-1936), ծագել է Դսեղի Քոչարյանների տոհմից։ Հայրը և պապը տոհմական հովիվներ են եղել և իրենց ամբողջ կյանքն անցկացրել սարերում։ Ի հակադրություն հորը՝ մայրը գործնական ու հաշվետես է եղել։ Հայրը գոհ ու հպարտ է զգացել, որ ուներ բանաստեղծ որդի, իսկ մայրը դժգոհ է եղել որդու զբաղմունքից, որը նրա համար չէր ապահովում բարեկեցիկ կյանք։ Թումանյանի մայրը, լինելով եռանդուն, ավյունով ու կյանքով լի գեղջկուհի, ամբողջ տնտեսությունը վարել է գրեթե մենակ։ Բանաստեղծն այսպես է բնութագրել մորը․

Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ լավ մայր․ մայրը ամեն ինչ է։ Իմ մայրը սարի պախրա էր, եղջերու․․․ շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր․․․ և ինչ որ սարի բան կա իմ մեջ՝ նրանիցն է․․․

Նրա մասին ասել են…

***

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:
…Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:
Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:
Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

***

Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի, անդնդախոր ձորերով:
Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ, մի աննման քաղցրությամբ ու հիացմունքով:
…Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից-և Դվալը, և Լալվարը, և` ուրշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած…
ԼԵՈ

***

Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի:
Վ. ՏԵՐՅԱՆ

***

Այո, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկը ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը… Մի խոսքով` Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել, «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»…
ՍՏ. ԶՈՐՅԱՆ

***

Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:
Բայց ոչ արդի սերունդը, որ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտի մնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:
Զ. ԵՍԱՅԱՆ

***

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
…Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ:
Մ. ՍԱՐՅԱՆ

***

Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները:
Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

***

…Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:
Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ

***

Թումանյանը կենտրոնական դեմք էր Թիֆլիսի մտավորական շրջաններում, նրա մոտ լինում էին զանազան ուղղություններ և քաղաքական համոզմունքների տեր մարդիկ. նա հեղինակություն էր վայելում ո՛չ միայն հայ, այլև վրաց գրական շրջաններում. նրան հավասարապես հարգում էին թե՛ ավագ, թե՛ երիտասարդ գրողներն ու արվեստագետները:
Թումանյանը շատ անգամ հաշտարար դեր է կատարել միմյանց դեմ լարված, միմյանց հետ տարիներով չխոսող գրողների միջև:
Գ. ԼԵՎՈՆՅԱՆ

***

Թումանյանի պոեզիան առավելագույն ուժի է հասնում քնարական պոեմներում, որտեղ տեսնում ես ժողովրդական կյանքի խոր ճանաչողություն և աշխույժ ներթափանցում ժողովրդական ոգու խորքը: Այլ ժողովրդի ընթերցողների համար Թումանյանի պոեմներին (օրինակ`«Անուշ»-ին) ծանոթանալը ժամանակակից Հայաստանն ու նրա կյանքը ճանաչելու գործում ավելի շատ բան կտա, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների հաստ հատորները: Բանաստեղծը ցայտուն ու վառ գծերով վերակենդանացնում է հայրենի ժողովրդի կենցաղը, բայց անում է դա որպես արվեստագետ` կյանքի կոչելով անմոռանալի կերպարներ, ոչ այնքան անհատականացված, որքան տիպական:…Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է, հնադարյան ու նոր, մեծ վարպետի կողմից հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ:
Վ. ԲՐՅՈՒՍՈՎ

***

Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»` իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետի շարքը չդասել:
Կ. ՉՈՒԿՈՎՍԿԻ

***

…Հովհաննես Թումանյանը 20-րդ դար բերեց ապագայի հանդեպ հուսապարար ակնկալություն, արևով լեցուն սրտի զգացողություն: Նրա անունը սոսկ պատմությանը չի պատկանում: Նրա անունը և՛ ներկայինն է, և՛ գալիքինը:
ԼԵՎ ՕԶԵՐՈՎ

***

Ի~նչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի իսկական հումանիստ: Ի~նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ: Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք:
Թո՛ղ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք անսահմանորեն հզոր ենք և հարուստ` կուլտուրայով: Թո՛ղ համաշխարհային պոեզիայի աստղերն իրենց հայացքը գցեն հայկական հանճարի ստեղծագործական ջրերի մեջ:
Պ. ՏԻՉԻՆԱ

***

…Բանաստեղծների մեր խումբը սերտ կապված էր հանգուցյալ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ, որը շատ է աշխատել հայ և վրացի ժողովուրդների կուլտուրական մերձեցման համար: Այդ տեսակետից նրան պետք է համարել ռահվիրա:
ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵ

***

Հովհաննես Թումանյանը սիրելի պոետն է ո՛չ միայն իր ժողովրդի, նա այդպիսին է դարձել նաև եղբայրական մյուս ժողովուրդների և ամենից առաջ վրաց ժողովրդի համար:
Վրաստանում Հովհաննես Թումանյանը ամենից ավելի ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա երկերը խոր կերպով թափանցել են ընթերցող մասսաների մեջ: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն լեզվով: Նրան ուսումնասիրում են մեր դպրոցներում: Նրա բանաստեղծություններն արտասանվում են, երգվում:
ՍԱՆԴՐՈ ԷՈՒԼԻ

Հուշեր Թումանյանի մասին

Դստեր` Նվարդի հուշերից

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ, Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:

***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:

***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր. –Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:

***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:

***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և՛ իրեն, և՛ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

***
Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ:
Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից:
Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Ազայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

***
Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր, կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր: Ժողովրդական ավանդությունների, առակների շտեմարան էր, լավ պատմող էր, զրույց անող և իր զրույցներով ու հետաքրքրիր պատմություններով գրավել էր հայրիկին, որի մեջ լավ զրույց անողի, պատմողի սերը շատ էր ուժեղ:
Նրանց մտերմացնող հանգամանքներից մեկն էլ հայ ժողովրդի ծանր վիճակն էր: Երկուսին էլ մտահոգում էր ժողովրդի ճակատագիրը, հատկապես 1915-1916 թվականներին: Երկուսն էլ քննադատորեն էին վերաբերվում դաշնակցությանը: Շատ հարցերում նրանց տեսակետները համընկնում էին: Երկուսն էլ օպոզիցիոն դիրք էին բռնել դեպի ազգային խորհուրդը: Քանի-քանի երեկոներ մինչև ուշ գիշեր նստած զրույց էին անում, խոսում քաղաքական գործիչներից, դժգոհում, վրդովվում ու ջղայնանում…
-Հա է´, հա~…-ասում էին ու շարունակում իրենց խոսքը:
Անդրանիկն արտաքուստ  խիստ արտահայտություն ուներ, խոժոռ էր, մի քիչ էլ կոշտ դիմագծերով: Բայց երբ ժպտում էր, մեղմանում էր նրա դեմքը, պայծառանում և մանկական արտահայտություն ստանում: Ունենալով այդպիսի նկարագիր, կյանքում փնտրում էր հակառակը` նուրբը, մեղմը, գեղեցիկը: Նրան ձգում էր, գրավում էր կանացի քնքշությունը: Հիշում եմ, այդ ժամանակ Թիֆլիսում, Գոլովինսկի պողոտայում, Արտիստական թատրոնի մոտ բացվել էր «Чашка чая» կաֆե: Այնտեղ տեսել էր մի ջահել, սիրուն աղջկա, որ մատուցողներից էր: Անդրանիկի վրա մեծ տպավորություն էր արել այդ աղջկա նազանքը, նուրբ ու կիրթ շարժումները: Մի անգամ ասաց. «Այդ աղջիկը իր նազանքով զիս կվառե, հոգիս կհանե…»:

***
Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:

***
1916 թվականին հունվարյան ցուրտ օրերը կյանքում ու գրականության մեջ մնացին որպես տոնական ջերմ օրեր` բրյուսովյան օրեր:
Առաջին անգամն էր, որ ռուս նշանավոր գործիչ այնքան ջերմ խոսքեր էր ասում և այնքան բարձր գնահատական տալիս հայոց գրականությանը:
Բրյուսովը բացառիկ ընդունելություն ու վերաբերմունք գտավ ինչպես Բաքվում, այնպես էլ Թիֆլիսում, ապա և Երևանում: Պողոս Մակինցյանը, որ դասատուի պաշտոնով Երևանում էր, Բրյուսովի գալու առթիվ Թիֆլիս էր եկել, մասնակցելու այդ օրերին:
Բրյուսովի առաջին դասախոսության մասին հայտարարված էր թերթերում և աֆիշներում: Տոմսերը վաճառվում էին Թիֆլիսի «Чашка чая» կաֆեում: Հենց առաջին օրը բոլոր տոմսերը սպառվեցին:
Բրյուսովի գալու օրը` հունվարի 12-ին, մի խումբ գրական-հասարակական գործիչներ հայրիկի առաջնորդությամբ գնացին կայարան: Բրյուսովը կնոջ` Յոհաննա Մատվեևնայի հետ էր. դիմավորեցինք ծաղկեփնջերով, ծանոթացանք: Եկանք «Гранд отель» հյուրանոցը (Գոլովինսկի պողոտա): Հայրիկը նախորոք վերցրել էր երկու սենյականոց լավագույն համարն այդ առաջնակարգ հյուրանոցում: Մի կարճ ժամանակ հյուրանոցում մնալուց հետո, հայրիկը նրանց ընթրիքի հրավիրեց մեր տուն: Մոտը փող չուներ, Մակինցյանից պարտք վերցրեց: Տանն էլ նախօրոք ոչինչ չէինք պատրաստել, բայց հայրիկը ամենայն հանգստությամբ հյուրերին ու դիմավորողներին ընթրիքի հրավիրեց: Գնացինք Պուշկինի փողոցի շուկան, գնումներ արինք, բերինք տուն: Ժամը 9-ին հյուրերը եկան: Երեկոն անցավ ջերմ ու հետաքրքիր:
Մյուս օրը` հունվարի 19-ին, Արտիստական թատրոնում Բրյուսովը դասախոսություն կարդաց հայ պոեզիայի մասին, որը գտավ բացառիկ ընդունելություն: Նույն օրը, ի պատիվ Բրյուսովի, շքեղ բանկետ տրվեց. հարյուրից ավելի հյուրեր կային. թամադան հայրիկն էր:
Հաջորդ օրը Բրյուսովը մեկնեց Երևան:

***
Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

***
Աստղաբաշխության վերաբերյալ գրքեր էր գնել և միշտ կարդում էր: Հանքաքարերի կոլեկցիա էր գնել, ալբոմներ և ուսումնասիրում էր քարերի զանազան տեսակները: Շատ էր ուզում, որ իր որդիներից որևէ մեկը երկրաբան դառնա: Իր մեծ տղային, որը բնագիտությամբ էր պարապում, խորհուրդ էր տալիս որպես մասնագիտություն ընտրի երկրաբանությունը: «Լոռին մեծ ապագա ունի,- ասում էր նա,- հանքերով հարուստ երկիր է. երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, ա´յ ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքի տերն են դարձել…»:

***
Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը:
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից: Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:

ՊԱՀԱՐԵ

1917 թվականի հունվարի 14-ն էր: Մի ցուրտ, ձյունատարափ երեկո, Հովհաննես Թումանյանի անվանակոչության օրը:
Երկու տասնյակից ավելի երիտասարդ գրողներ հավաքվել էինք մեր ընկերներից մեկի բնակարանը, որը գտվում էր Բեհբության փողոցի № 60 շենքում, այն տան մեջ, ուր ապրում էր նաև անվանի վիպասան Շիրվանզադեն:
Գնել էինք ցուլի մի սիրունիկ սև արձան` բրոնզե աղջիկը վրան թիկնած, ոսկե ժապավենի վրա մակագրել. «Սիրելի Հովհ. Թումանյանին մի խումբ սկսնակ գրողներից»:
Որովհետև բոլորս միասին չէինք կարող գնալ շնորհավորելու` հարցը հեշտությամբ լուծեցինք հետևյալ ձևով: Մեր խմբակում ունեինք ընդամենը երեք կին գրող, բանաստեղծուհիներ` Լեյլի, Արմենուհի Տիգրանյան և Վարսենիկ Աղասյան, ուստի նրանց հանձնարարեցինք արձանը տանել և մատուցել Թումանյանին, որի բնակարանը գտնվում էր մեր հավաքատեղիին մոտիկ, իսկ մենք սպասում էինք:
Շատ չանցած` մեր պատգամավորների վերադարձի փոխարեն գալիս է Թումանյանի պատգամավորը, իր հետ բերելով  մի սպառնական հրավեր.
-Եթե բոլորդ չգաք` նվերը ետ կուղարկեմ:
Ավելի քան քսան հոգի, իրար ետև թաքնվելով, ամոթխած ու անհամարձակ, մարմարե աստիճաններով բարձրանում ենք Վոզնեսենսկայա փողոցի №18 տան երրորդ հարկը: Դուռը բացվում է, և մենք ցրտից ու ամոթից կարմրատակած մտնում ենք Հովհաննես Թումանյանի լուսավոր դահլիճը:
Աղմուկն ու իրարանցումը սաստկանում են մի պահ, ապա մեղմանում, դառնում զվարթագին:
Թումանյանն ինքն է մոտենում մեզ, յուրաքանչյուրիս թևից բռնած տեղավորում սեղանի շուրջը:
Պարում են: Թև-թևի տված քոչարի են թռչում Թումանյանը, Շիրվանզադեն, զորավար Անդրանիկը և ուրիշներ: Հետզհետե ընտելանում, բացվում ենք, մասնակցելով ընդհանուր խրախճանքին:
Խմում են մեր կենացը:
-Աճեցեք-բազմացարուքին կենացը,- առաջարկում է ժողովրդական հերոս Անդրանիկը:
Հոտնկայս խլրտում: Բաժակների զարկոց: Բարեմաղթություններ…

ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵ

Հովհաննես Թումանյանը մեր ժամանակների բացառիկ ու հազվագյուտ անհատականություններից էր: Նրան անծանոթ մարդուն կարող է չափազանցություն թվալ այն բոլորը, ինչ նրա մասին ասում են: Այդ մարդու մեջ այնքան հմայք կար, որ յուրաքանչյուրը, ում հետ նա սկսում էր խոսել, դառնում էր նրա բարեկամը:
1917թ. ամառն էր: Ես հենց նոր էի Մոսկվայից վերադարձել Թիֆլիս: Ինձ հետ ժամանել էր նաև Կ. Բալմոնտը:
Դա հեղափոխության հաղթանակի և նրա առաջին խոստումների իրագործման ժամանակաշրջանն էր:
Հովհաննես Թումանյանին ես առաջին անգամ տեսա վրացական ակումբի այգում, ընթրիքի ժամանակ, որը Բալմոնտի պատվին կազմակերպել էր Սանդրո Կանչելին:
Նա միանգամայն անկախ էր պահում իրեն ևետ չէր մնում Բալմոնտից էքսպրոմտներում, նույնիսկ ռուսերենով:
Մեկ ամիս անց “Слово” թերթում տպագրվեց Բալմոնտի բանաստեղծությունը “Тебе, Ованес Туманян”:
Ես դեռ մանկուց գիտեի, որ Կովկասը շատ անգամ է դարձել ազգամիջյան ընդհարումների թատերաբեմ: Առաջին մարդը, որ բոլորից ավելի էր տանջվում այդ մտքից, Հովհ. Թումանյանն էր: Նրա յուրաքանչյուր ելույթում, յուրաքանչյուր խոսքում զգացվում էր ցանկություն` կանխելու այդ չարիքը: Նրա անկեղծությանը հավատում էր ամբողջ առաջադեմ վրաց հասարակայնությունը: Այդ մասին վկայեց Թիֆլիսը, նրա քսանհինգամյա հոբելյանի օրը: Այդ հարցում գրաված Թումանյանի ազնիվ դիրքը դրդեց ինձ նրան բաց նամակ գրել, որը հրատարակվեց մամուլում: Իմ նամակին հետևեց նրա ընդարձակ, անկեղծ պատասխանը… Այդ նամակները այն ժամանակ շրջեցին Կովկասի ամբողջ մամուլը և թարգմանվեցին բոլոր լեզուներով…
Այստեղ էլ հարկավոր է ասել, որ Հովհաննես Թումանյանը իսկական նահապետի ազդեցություն ուներ հայ ժողովրդի վրա: Նրա խոսքը լսում էին…
…Ընտանեկան, մտերմիկ մթնոլորտում նրա հմայքն անսահման էր: Նրա ընդարձակ բնակարանը, մեծ բուխարին և այդտեղ կառավարող արևելյան կոլորիտը ստեղծում էին բանաստեղծական իմպրովիզացիայի մղող ստեղծագործական հարմարավետություն:
Ամեն անգամ Հովհաննեսին այցելելիս մենք հանդիպում էինք նրա մոտ հավաքված հայ գրողների:
Հիշում եմ Հովհ. Թումանյանի հոբելյանի օրը, որն անցկացվեց Արտիստական թատրոնի դահլիճում: Թատրոնը լեփ-լեցուն էր: Ողջույնի խոսքով հանդես եկավ Պաոլո Յաշվիլին: Հոբելյանից հետո կայացավ բանկետ` հիացմունքի, սիրո և պոեզիայի պոռթկում:
…Վրաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարը վրաց գրողների պահանջով Հովհ. Թումանյանին թոշակ նշանակեց (Հովհաննեսի համար դա զուտ բարոյական նշանակություն ուներ): Այդ առիթով նա իր բնակարանում խնջույք կազմակերպեց, որին մասնակցեցին հայ և վրաց գրողներ:
Ամբողջ կյանքումս հիշողությանս մեջ կմնա այդ գիշերը, Վասիլի Բարնովի, Շիո Արագվիսպիրելիի, Կոտե Մաղաշվիլու, Պաոլո Յաշվիլու և Մամիկոն Գևորգյանի ելույթները:
Այդ գիշերը, որը մենք անվանեցինք «Խորհրդավոր ընթրիք», ես վերջին անգամ լսեցի Թումանյանի ելույթը:
Մտածելով Հովհաննեսի կյանքի վերջին րոպեների մասին, ես տեսնում եմ նրան, բարձրահասակ, սպիտակահեր, ամբողջ կյանքում բարեկամության և եղբայրության համար մարտնչող. նրա ջինջ դեմքին` հեզության արտահայտություն, իսկ նրա վերջին խոսքը` պարզ, հակիրճ, համոզիչ, ընդմիշտ հիշվող:

ԶԱՔԱՐ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ

1918թ. մայիսի վերջերին Ղարաքիլիսայի տակ ուժեղ մարտեր էին մղվում նախկին Կովկասյան բանակի զորամասերի և Ալեքպոլի կողմից արշավող թուրքական կանոնավոր զորքերի միջև: Ես այն ժամանակ առաջին հայկական հրաձիգ դիվիզիայի շարքային զինվոր էի:
Վրա հասավ 1918թ. մայիսի 28-ի առավոտը, որը դարձավ ողբերգական էպոպեայի վերջը:
Սանահնի կայարանում աննկարագրելի իրարանցում էր: Այստեղ էին հավաքվել Ղարաքիլիսայից և մոտակա գյուղերից փախած մարդիկ, ինչպես նաև քայքայված զորամասերի զինվորներ և սպաներ: Կայարանը գտնվում էր գերմանական ռազմական հրամանատարության ձեռքին. գերմանական  դրոշակը ծածանվում էր կայարանի շենքի ճակատին:
Գնացքների երթևեկությունը դադարեցված էր. դա ավելի մեծ տագնապ էր առաջացնում: Բոլորս համակված էինք նույն մտքով` շարժվել դեպի Թիֆլիս, բայց ի՞նչ միջոցով: Չարագուշակ լուրեր էին պտտվում, թե այն գյուղերը, որոնց միջով պիտի անցնեինք, լցված են ավազակներով, որոնք թալանում, սպանում են բոլորին:
Այդ պահին երևաց Նիկիտա Ջաղեթյանը և հաղորդեց, որ կայարանում է Հովհ.Թումանյանն իր ընտանիքով: Ջաղեթյանի ասելով` բանաստեղծը գնացել էր զինվորական պարետի մոտ` կայարանում խմբված մարդկանց հետագա բախտի մասին բանակցելու: Թումանյանը վերադարձավ գերմանական պարետատնից, հայտարարելով, որ վագոն են տալու` կանանց և երեխաներին Թիֆլիս տեղափոխելու համար: Մենք թեթևություն զգացինք. համենայնդեպս փրկվելու են երեխաներն ու կանայք, մենք էլ մեզ համար ելք կգտնենք:
…Ժամանակն անցնում էր, իսկ խոստացած գնացքը չէր երևում: Անհանգստությունը սաստկանում էր, թշնամին շարժում էր դեպի Սանահին. մեզ նրանից բաժանում էր հազիվ 15-20կմ տարածություն:
Անհանգստացած բանաստեղծը դարձյալ դիմեց պարետին, բայց այս անգամ շատ վրդովված վերադարձավ. գերմանացի սպան հրաժարվել էր իր խոստումից, հայտարարել, թե «գերմանա-թուրքական բարեկամական հարաբերությունները թույլ չեն տալիս փոխադրամիջոց հատկացնել հայերին, անգամ երեխաներին ու կանանց: Թուրքական հրամանատարության պահանջով` գերմանացիները կայարանն ազատելու են և մեկնելու են Թիֆլիս: Մնացածները թող իրենք մտածեն իրենց մասին»:
…Գերմանացիների գնացքի վերջին սուլոցի հետ մարեց նաև մեր փրկության հույսը: Մենք ծուղակն էինք ընկել: Մարդիկ խումբ-խումբ հավաքված, տենդորեն քննարկում էին իրենց գլխում ծագած մտքերը. ոմանք առաջարկում էին երկաթուղու գծով քայլել դեպի Թիֆլիս, ոմանք պնդում էին թե, պետք է Թիֆլիս գնալ միայն լեռնային շավիղներով, ավազակներից խուսափելու համար: Կային, որ խորհուրդ էին տալիս մնալ Սանահինում, հանձնվել թուրքերին, հուսալով, որ թուրքերը կպահպանեն պատերազմի տարրական կանոնները և ձեռք չեն տա ռազմագերիներին:
Այն մարդիկ, որ մեկնեցին Թիֆլիս երկաթգծով, կամ լեռնային շավիղներով, զոհ գնացին Սադախլուի շրջանի մութ տարրերից կազմված ավազակախմբերի գազանային հարձակումներին: Իսկ նրանք, ովքեր մնացին Սանահինում և կամավոր կերպով հանձնվեցին թուրքերին, նույնպես գազանաբար սպանվեցին: Սանահին կայարանում լցված հազարավոր մարդկանցից փրկվեցին լոկ մի քանիսը…
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ճիշտ էր Թումանյանի որոշումը: Բանաստեղծը մենակ չէր, նրա հետ էր իր բազմանդամ ընտանիքը: Կինը` Օլգա Վասիլևնան, դուստրերը`Նվարդը, Անուշը, Արփիկը, Սեդան ու Թամարը, փոքր տղան` Արեգը, ավագ որդու` Մուշեղի կինը` Մարիա Արխիլևնան: Չափահաս որդիներից ոչ ոք նրա կողքին չէր, ուստի ինքը պետք է գտներ ահռելի սպառնալիքից փրկվելու միջոցը: Պատասխանը թելադրված էր հենց շրջապատող իրադրությունից: Շարժվել դեպի Թիֆլիս` խելացնորություն կլիներ: Մնալ կայարանում, որը շուտով գրավելու էին թուրքական զորամասերը, դա էլ ինքնասպանության հավասար մի բան էր: Ստեղծված կացությունից դուրս գալու միակ ելքը Թումանյանի առաջարկն էր` լեռներում պատսպարվել, հարազատ Լոռու սակավաբնակ տեղերում մի ապաստարան գտնել:
Ընդունելով այդպիսի որոշում, բանաստեղծը առաջարկեց ընտանիքին շտապ պատրաստվել ճանապարհ ընկնելու: Թշնամին մոտենում էր: Պատրաստությունները երկար չտևեցին: Տնային մի քանի իրեր բարձեցին ինչ-որ տեղից գտած իշուկի վրա և ճանապարհ ընկան:
Մեր «եռյակը» միացավ Թումանյանի ընտանիքին ոչ միայն նրա համար, որ խելացի էինք համարում այդ որոշումը, այլ մեր սրտի խորքում ունեինք երիտասարդներին հատուկ ասպետական մի զգացում. չէր կարելի անպաշտպան թողնել ծանոթ ընտանիքը մանավանդ Հովհ. Թումանյանի, որը հիմա անօգնական ու անզեն էր, իսկ մենք` երիտասարդներս, զենք ունեինք: Մեր քարավանին միացան նաև երեք-չորս ինձ անծանոթ տղամարդիկ և մենք` մոտ քսան հոգի, շարժվեցինք առաջ:
Թողնելով Սանահինը, որի բնակչությունը խուճապահար դես ու դեն էր փախչում, մենք շարժվեցինք դեպի հարավ: Քայլում էինք Քոլագերան կայարանը տանող երկաթուղու ժապավենով:
Մենք և թուրքերը շարժվում էինք իրար դեմ: Մեզ բաժանող տարածությունը քայլ առ քայլ նվազում էր, մենք թշնամուն էինք մոտենում: Ինչո՞վ բացատրել մեր խմբակի այդ տարօրինակ շարժումը` դեմ հանդիման այն վտանգի, որից մարդիկ փախչում էին:
Բանն այն էր, որ նախքան փրկարար լեռների վերելքն սկսելը անհրաժեշտ էր հասնել Դեբեդի փոքրիկ կամրջին, որը գտնվում էր Սանահինից հարավ` 5-6 կմ հեռավորության վրա:
…Մի ժամից ավելի էր Սանահինից դուրս էինք եկել և քայլում էինք անդադար. Ճանապարհի մեծ մասն անցել էինք արդեն: Սրտներիս մեջ հույս ծնվեց, թե մեզ կհաջողվի խուսափել թուրքերին հանդիպելուց: Ես քայլում էի Նվարդի կողքից. զրուցում էինք ինչ-որ գրական հարցի մասին, երբ հանգչող երեկոյի խաղաղ հանդարտությունը միանգամից ճեղքեց շոգեքարշի սուլոցը: Մենք մեխվեցինք տեղում:
Սուլոցը գալիս էր հեռվից , բայց մեզ համար պարզ էր, որ թուրքերից առաջ չէինք հասնի կամրջին, արդեն ուշ էր.
Նիկիտան ականջը գետնին դրեց և վեր կենալով ասաց, որ մոտեցող գնացքի թնդյուն է լսվում: Լարված ու լուռ կանգնել էինք: Լռությունն ընդհատեց Թումանյանը.
-Հրացանավորներ,-ասաց նա, դիմելով մեզ` տղամարդկանց,-թաքնվեցեք թփերի մեջ, աջ կողմում, իսկ կանայք կանգնեն ձախ կողմը:
Մեր մեղմ, միշտ ժպտադեմ բանաստեղծը այս բառերն արտասանեց այնպիսի հրամայողական, առարկություն չհանդուրժող շեշտով, որ բոլորս իսկույն հնազանդվեցինք: Հրացանավոր տղամարդիկս երկաթուղու գծից թեքվեցինք դեպի աջ և թաքնվեցինք խիտ թփերի ետևում: Վերջին վայրկյանին Նվարդն իր վրայից հանեց և ուսերիս գցեց թեթև մի ուսածածկոց, իբր թե ինձ թաքցնելու համար: Հարկավ, կանացի այդ շալը ոչ մի դեր չէր կարող կատարել, զինված տղամարդը երբեք չէր կարող թաքնվել դրա տակ, սակայն աղջկա այդ արարքից ես շատ զգացվեցի:
…Շոգեքարշը դարձյալ սուլեց, այս անգամ ավելի մոտիկից: Նա առաջանում էր դանդաղ, ըստ երևույթին ուղարկված էր հետախուզման նպատակով: Մեքենավարը, գլուխը դուրս ցցած, նայում էր մեր հակառակ կողմը, որտեղ Թումանյանն իր ընտանիքի հետ կանգնած էր:
Թփերի միջից աչքս նրանց վրայից չէի կտրում, մինչև որ շոգեքարշը առջևս փակեց: Նրանք անշարժացել էին, երեսները դեպի շոգեքարշը դարձրած: Փաստորեն մենք գերի էինք ընկել, թեպետ հայտնի չէինք այն մարդկանց, որոնց գերիներն էինք դարձել: Մեր կյանքն այլևս մեզ չէր պատկանում, այն լիովին կախված էր մեր թշնամուց, որևէ մեկի քմահաճույքից, կույր պատահականությունից:
Փրկության հեռանկարը և կործանման վտանգը կիսվում էին, մեր տրամադրության տակ չկար որևէ միջոց` մեր ցանկությամբ իջեցնել կամ բարձրացնել նժարի ծանր կողմը: Լոկ մի բան կարող էինք անել` սպասել ու տեսնել, թե բախտն ինչ կբերի մեզ:
Անտարակույս, շոգեքարշի վրա պետք է որ զինված մարդիկ լինեին, բայց մեր թաքստոցից անտեսանելի էին: Նրանք շոգեքարշի մյուս կողմի վրա էին և երևի տեսնում էին մարդկանց այն խմբակը, որ կուչ էր եկել ձորափի եզրին: Շոգեքարշը շարժվում էր այնքան դանդաղ, որ նրա վրա եղած մարդիկ ազատ կերպով կարող էին ցած թռչել և վայրագություններ անել: Մենք` պատրաստ պաշտպանելու անօգնական կանանց, լուռ սպասում էինք դեպքերի ընթացքին:
Սակայն շոգեքարշն անցավ առանց կանգ առնելու և շուտով անհետացավ, իր երկարաձիգ սուլոցով մի անգամ ևս խանգարելով կիրճում տիրող հանդարտությունը:
Ինչո՞վ բացատրել, որ շոգեքարշը կանգ չառավ: Ըստ երևույթին, ձորափի եզրին կպած մարդիկ թշնամու ուշադրությանը չարժանացան, իսկ մեզ՝ թփերի մեջ թաքնված մարդկանց, չէին նկատել: Ո´վ գիտի, գուցե նրանք «հանգստանում» էին Ղարաքիլիսայիում կատարած արյունահեղությունից հետո, գուցե պատրաստվում էին Սանահինում նոր գազանություններ կատարել և ճանապարհին պատահած մի բուռ մարդիկ չէին հետաքրքրում նրանց: Երբ հեռացող շոգեքարշի անիվների թրխկոցը դադարեց, մենք դուրս եկանք ապաստարանից և միացանք բանաստեղծին ու նրա ընտանիքին: Ոչ ոք չէր խոսում:
Շալը Նվարդին վերադարձնելիս նկատեցի, որ նա լաց է լինում:
Արևի շողերն արդեն թաքնվել էին լեռնակատարների ետևում: Անտառախիտ լանջերի կանաչը հալվել էր, և Դեբեդից թեթև զովություն էր փչում, երբ մեր քարավանը մոտեցավ փափագած կամրջին: Թեպետ շոգեքարշը անհետացել էր, ասես կուլ էր գնացել ձորում, բայց վտանգը չէր անցել: Պարզ էր, որ թուրքական զորամասերը շարժվելու են դեպի Սանահին: Դանդաղել երկաթգծի վրա չէր կարելի: Շարունակում էինք մեր ճանապարհը: Քառորդ ժամ անց մոտեցանք բաղձալի կամրջին, որ կարծես թե հրավիրում էր մեզ լեռները բարձրանալու: Սովորական, գյուղական փայտե կամուրջ էր. մենք շարքով շարժվում էինք:
Կամուրջն անցնելուց հետո մենք գտանք լեռների խորքը տանող շավիղ: Դա ինձ համար անծանոթ վայր էր, չնայած եղել էի Սանահինում:
…Մութն ընկել էր վաղուց, երբ մենք հասանք մեծ բարձրության վրա, նախալպիական գոտու սահմանում գտնվող մի մենավոր վայր: Այդ երեկո ո´չ ես, ո´չ ընկերներս չէինք հասկանում, թե որտեղ ենք գտնվում, մյուս օրը միայն մեզ համար պարզվեց, որ Կոնձաձոր անունը կրող ամառային քոչավայրում ենք, իսկ ապաստարան տվողը Թումանյանի հարազատ քույրն է, Իսկուհի Շահվերդյանը, որը ամռան ամիսներին այնտեղ էր բնակվում: Իմանալով սիրելի եղբոր` Հովհաննեսին և նրա ընտանիքին պատահած աղետի մասին, անմիջապես նրանց ետևից է ուղարկում մի երիտասարդի, որը մեզ բերեց այս ապաստարանը, թշնամու աչքից հեռու մի տեղ: Խեղճ կինը ենթադրում էր, թե հոգ է տանելու ութ-տասը մարդու համար, այնինչ հավաքվեցին մոտ քսան մարդ, մի ամբողջ դասակ, որին պետք էր կերակրել, օթևանով ապահովել:
Դժվար էր, անշուշտ, բայց հյուրընկալության ադաթը սուրբ է հայուհու համար: Որտեղի՞ց են կարողանում կանայք հնարամիտ դառնալ այդպիսի դժվարին պայմաններում: Քիչ ժամանակ անց մեզ կուշտ կերակրեցին: Գիշերելու տեղ էլ ճարեցինք և շուտով խոր քնի մեջ ընկանք: Մեր մեծ բանաստեղծը ուժասպառ պառկած էր գետնափոր խրճիթում, գետնին, խնամքով պատրաստած, տնային կարպետներից սարքած անկողնում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆ

Հովհաննես Թումանյանի ծննդյան հիսունամյակի և իմ բեմական գործունեության երեսունհինգամյակի առթիվ Թիֆլիսի արտիստական ընկերության մեծ դահլիճում կազմակերպված էր շքեղ բանկետ:
Ըստ պապական սովորության ընտրվեց թամադա: Առաջին կենացը նվիրվեց Հովհաննեսին: Ինչ խոսք, որ ճառերին, գովասանքներին վերջ չկար: Ամեն ոք աշխատում էր արտահայտել յուր հրճվանքը մեծ բանաստեղծին:
Երկրորդ կենացն իմն էր: Ոչ պակաս ոգևորությամբ ընդունվեց նաև այդ կենացը, բայց մի բանով գերազանցեց, որովհետև յուր կենացի վրա բնականաբար չարտահայտվող Հովհ. Թումանյանը խոսեց իմ կենացի առթիվ: Ահա թե ինչ ասաց նա.
-Ես խմում եմ մի մարդու կենացը, որը մեր գրականությանը նվիրել է մի բանաստեղծ և փրկել է հայ թատրոնը մի անշնորհք դերասանից: Երիտասարդ էի, երբ ես ուզում էի դերասան դառնալ: Եկա թատրոն, էս կողմն ընկա, էն կողմն ընկա, մի կերպ երկու խոսքանոց մի դեր տվին ինձ: Ներկայացումից հետո ուրախ-ուրախ գնացի Հովհաննեսի մոտ ու հարցրի.
-Պարոն Աբելյան, ո՞նց խաղացի:
Նա հարցրեց.
-Դու ի՞նչ դեր էիր խաղում:
-Այսինչ դերը,- պատասխանեցի ես:
-Հա~, էդ դու՞ էիր…-ասաց Հովհաննեսը ու սկսեց մտածել:
Իսկ իմ սիրտը բաբախում էր, անհամբեր պատասխանի էի սպասում:
-Գիտե՞ս ինչ, ա´յ տղա, մեղք ես, գնա մի ուրիշ գործով պարապիր, քեզանից դերասան չի դուրս գա:
Մենք մինչև հոբելյանն էլ լավ բարեկամներ էինք, բայց այդ օրվանից կրկնապատկվեց մեր բարեկամությունը: Ես միշտ կարծում էի, որ Հովհաննեսն ինձնից տարիքով մեծ է: Կյանքի հոգսերն անժամանակ ծերացրել էին այդ բարի մարդուն: Ես նրան նվիրեցի մի արծաթե սերվիզ, իսկ նա ինձ` Ֆ.Հոտենրոտի “История внейшней культуры” գիրքը հետևյալ մակագրությամբ.
Իրենց վաղանց կյանքի կեսին-
Հովհաննեսը` Հովհաննեսին:
Հովհաննես Թումանյան (Թիֆլիս, մարտի 9-ին)
Այժմ, երբ գրողը, արվեստագետը, գիտնականը այնպես բարձր են գնահատվում, Թումանյանը չկա…

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ

Անհատներ կան, որոնց ներկայությունը հանրային ու ընկերային կյանքին մեջ հմայք, ուժ, վստահություն և ոգևորություն կներշնչե: Այսպիսի անձերուն կյանքը և անոնց մատուցած ծառայությունները ժողովուրդը ոչ միայն կդիտե և կվայելե հանդիսատեսի աչքերով, այլ գիտե հարգել, սիրել և գնահատել: Այսպիսի ժողովրդային դեմքերից մեկն էր հայ գեղջկական բանաստեղծության ռահվիրան, բանաստեղծ Հովհաննես Թումանյան:
1904-ին առաջին անգամ ըլլալով տեսա և ճանչցա զայն իր բնակարանին մեջ Սևքարեցի Սաքոյին միջոցով: Բանաստեղծը իր զվարթ ու խնդուն բնավորությամբ լավ տպավորություն և անուշ զգացումներ ունենալու հմայքը ստեղծեց մեջս: Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք: Մեկ նայվածք մը բավ էր հասկնալու ու ճանչնալու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը: Մագնիսական ուժ մը քաշած կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու և հարգելու: Բաց էին իր տան դռները բոլորին առջև: Վանքի մը պես ամեն օր ուխտավորներ և այցելուներ կմտնեին ու կելնեին` վայելելով այդ նահապետական տան ճոխ բարիքներն ու սեղանները: Առանց հյուրի սեղան չէր նստեր և ոչ ալ օրը կփակեր առանց բարի գործ մը կամ ծառայություն մը կատարելու: Վրեժխնդրություն, քեն, ատելություն, չարիք, նախանձ` կյանքի այս զգացումները անծանոթ էին իրեն: Բյուրեղի պես մաքուր և պարզ էր իր սիրտն ու հոգին, ու մանուշակի չափ խոնարհ ու քնքուշ: Տիպար հայ էր` ազգասեր ու գործունյա: Այս գեղեցիկ ու բարձրագույն հատկանիշներով օժտված բանաստեղծը ոչ միայն սիրելի ու հարգելի էր հայ ժողովրդին, այլ կհարգվեր և կսիրվեր ռուս, վրացի, պարսիկ և թաթար ժողովուրդներեն…
1915-ին, երբ Վասպուրականը գրավվեցավ ռուսներեն, Թումանյան Վան եկավ տեսնելու իր ժողովուրդն ու հայրենիքը ավելի մոտեն: Ի՞նչ տպավորություններով վերադարձավ` չեմ գիտեր, բայց երբ 1915-ին Մեծ գաղթը եղավ ռուսներու կեղծ նահանջով, բանաստեղծը իր տունը, իր ընտանիքի վայելքները թողուցած, եկավ իր երկու չափահաս աղջիկներուն հետ Էջմիածինի, Իգդիրի և Երևանի վանքի պատերուն տակ խռնված գաղթականներուն օգնելու:

ԼԵՈ

…Մի օր մոտն էի, խոսում էինք կովկասագիտությունից: Մի նոր գիրք էր գնել, սեղանի վրա տեսա (Маевский, «Закавказье»): Ասի` Օհանես, մի քանի օրով տուր տանեմ կարդամ, ետ բերեմ: Սովորաբար նա իր գրքերը տուն չէր տալիս, ինձ էս անգամ բացառություն արավ, տվեց: Տարա, սկսեցի կարդալ, տեսա, որ թերթերից շատերը դեռ կտրտված էլ չեն: Կարդացի, մի քանի օրից եկա մոտը: Խոսք ընկավ էդ գրքից, ասի` Օհանես, դու էդ գիրքը ո՞նց ես կարդացել, որ թերթերը դեռ կտրտված էլ չեն. բան չասաց: Զրույցը շարունակեցինք, քիչ հետո խոսք գցեց էդ գրքից, հետն էլ մի կարծիք հայտնեց, որը միանգամայն նոր էր ինձ համար: Ասի`Օհանես, էդ որտեղի՞ց գիտես, թե` հենց էդ գրքիցն եմ ասում, որ տարել ես, կարդացել ու ետ բերել…Շատ ծիծաղեցինք…

Վարսենիկ Գևորգյանի հուշերը

Քանոնով «շան լակոտների» ձեռքերին
Թումանյանի նախնական կրթությունը կանոնավոր չէ: Ըստ Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի՝ հայրը գրել-կարդալ սովորել է հորեղբոր՝ Գրիշկա բիձու նորաբաց դպրոցում, որտեղ տառերից բացի՝ սովորել է նաև երգել:
1877թ.-ից  հաճախել է գյուղում բացված «տիրացու» Սահակ վարժապետի դպրոցը:
«Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։
Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա»

Ստեփանավանը զինվորական փոքրիկ գյուղաքաղաք էր 
Երբ Թումանյանը 10 տարեկան էր, 1879-ին, հայրը՝ տեր Թադևոսը, որդուն տանում է Էջմիածին, Գևորգյան ճեմարան, բայց տեսնելով այնտեղ «Ֆարաջավոր աշակերտների դեղնած դեմքերը և նրանցից մեկին էլ՝ մեռած, իր տղային հետ է բերում գյուղ», գրում է Նվարդ Թումանյանը 1946 թվականին Երևանում լույս տեսած «Հովհաննես Թումանյանի մանկությունը» գրքում:
1879 թ.-ին Ջալալօղլում բացվում է երկսեռ դպրոց: Տեր Թադևոսը  Հովհաննեսին՝ կրտսեր եղբոր հետ, ընդունել է տալիս այդտեղ`ուսումը շարունակելու:
Դպրոցի տեսուչը Տիգրան Տեր-Դավթյանն էր՝ ժամանակի կրթված, զարգացած դեմքերից, Գաբրիել Այվազովսկու սիրելի աշակերտներից, տեր Թադևոսի մտերիմը: Վարսենիկը, ինչպես նաև Վերգինեն, որին Թումանյանը նվիրել էր սիրային իր ոտանավորը, Տիգրան Տեր-Դավթյանի դուստրերն էին: Ահա Վարսենիկի հուշերը.
«Նախքան Հովհաննես Թումանյանի մանկության մասին գրելը,  անհրաժեշտ է համառոտ կերպով նկարագրել Ստեփանավանի (նախկին Ջալալօղլու) հասարակական կյանքը և այն դպրոցը, որտեղ մեծ պոետը ստացել է իր նախնական կրթությունը:
Ստեփանավանը զինվորական փոքրիկ գյուղաքաղաք էր: Բնակչության մեծամասնությունը հայեր էին, փոքրամասնությունը՝ ռուսները: Եվ այդ պայմաններում այս երկու ժողովուրդներն ապրում էին անջատ, ուրույն կյանքով: Ռուսները պարապում էին հատկապես գյուղատնտեսությամբ, իսկ հայերը՝ մեծ մասամբ՝ առևտրով: Վերջիններս ապրանք էին հատուկ ստանում զինվորականության համար, և, միևնույն ժամանակ, հետզհետե ենթարկվում էին այդ զինվորականության կենցաղի արտաքին ազդեցությանը. ներքին կյանքի փոփոխություն չկար. առաջադիմություն, մտավոր առաջադիմություն չէր նկատվում: Մինչև 1878 թ. չունեին կանոնավոր դպրոց: Եկեղեցուն կից մի փոքրիկ շենքի մեջ ուսանում էր տղաների մի խումբ՝ բաղկացած զուտ հայկական ազգաբնակչությունից, իսկ գյուղի մի ուրիշ թաղամասում պարապում էին աղջիկները, որոնց դասատուն էր մի ոմն Խանում Ջաղինյան, որին անվանում էին Խալիֆա: Նա մորից ծնված լինելով երկու ձեռքի դաստակներից զուրկ՝ ապագայում աշխատանքի անընդունակ համարվելով, ծնողները տալիս են մի ինչ-որ սարկավագի մոտ գրել-կարդալ սովորելու: Ահա, այդ օրիորդի մոտ սովորում էին 6-ից մինչև 15 (տարեկան-Լ.Ա.)  գյուղի աղջիկները: Չնայած հասակների այդ մեծ տարբերությանը՝ բոլորի համար էլ միևնույն «այբբենարանն» էր, ինչպես անվանում էին այն ժամանակ: Այս դպրոցը թե՛ իր խստության և թե՛ «մանկավարժական» այլանդակությունների տեսակետից չէր տարբերվում Տեր Թոդիկի դպրոցից: 1878 թ. Տիգրան Տեր-Դավթյանի ջանքերի շնորհիվ բացվում է առաջին երկսեռ դպրոցը, որտեղ առանց խտրականության՝ սկսում են թե՛ հայ և թե՛ ռուս մանուկները սովորել:

«Թող գա գյուղը,  քարին քացի տալով ապրի»
Ահա, այդ ժամանակներում, 1880 թ. օգոստոսի վերջերին, մոտակա Դսեղ գյուղից Տեր Թադևոսը բերեց իր 11 տարեկան որդուն՝ Հովհաննեսին Ջալալօղլի՝ տալու մեր դպրոցը:
Չնայած իր տասնմեկ տարեկան հասակին՝ Հովհաննեսը բավականին բարձրահասակ էր, գունատ դեմքով, սևաթույր մազերով: Թեպետ մենք փոքրիկ Հովհաննեսին առաջին անգամ էինք տեսնում, սակայն նրա հորը ճանաչում էինք դեռ վաղուց ու սիրում էինք:
Լինելով հորս լավ բարեկամը՝ նա հաճախ գալիս էր մեզ մոտ, և հենց այդ վաղեմի բարեկամության շնորհն էր, որ մենք երեքովս ՝ քույրս՝ Վերգինեն, եղբայրս՝ Տելեմակը, և ես անմիջապես բարեկամացանք փոքրիկ Հովհաննեսի հետ: Մի երկու օր հորս հետ խորհրդակցելուց հետո տեր Թադևոսը Հովհաննեսին տվեց ապրելու մի ոմն Խուրշուդ Գրիգորյանի տանը: Հովհաննեսը երկար չմնաց այդտեղ՝ պատճառ բերելով տան հեռավորությունը դպրոցից և թե այն հանգամանքը, որ տանտիրոջ երեխաները խանգարում են իր դասերը սովորելու: Հովհաննեսն այդտեղից անմիջապես տեղափոխվեց Ալեքսանդր Սաղաթելյանի տունը, որի մայրը իր՝ Հովհաննեսի հորաքույրն էր: Այստեղ էլ Հովհաննեսը չդիմացավ. լավ վերաբերմունք չէին ցույց տվել: Պետք է ասել, որ ամբողջ ժամանակամիջոցում ոչ մի օր կանոնավոր դաս չէր պատասխանել, և երբ այդ մասին տեղեկացրին հորը՝ տեր Թադևոսին, մի երկու օրից հետո նա անմիջապես եկավ ու որդուն հանդիմանելով՝ ուզեց հետ տանել գյուղ: «Թող գա գյուղը,- ասում էր ,- քարին քացի տալով ապրի, երբ որ ուսման արժեքը չի հասկանում»: Բայց իմ հայրը՝ Տիգրան վարժապետը, լսել անգամ չէր ուզում այդ մասին՝ հավանական է՝ աչքի առաջ ունենալով նրա առանձնահատուկ ու աչքի ընկնող բնավորությունը, որով Հովհաննեսը միանգամայն տարբերվում էր իր ընկերներից:
Նա սրախոս էր, ինքնավստահ, բայց ոչ հանդուգն, կենսունակ էր ու չար, բայց ոչ անկարգ: Նա ոչ շատ մոտենում էր ընկերներին, ոչ էլ վիրավորում որևէ մեկին. սիրում էր բնությունը, գորտերի կռկռոցը, որոնցով հաճախ վախեցնում էր մեզ, պատմում էր իրենց գյուղից զանազան երեխայական արկածներից, իրենց սարերի բինից, անտառներից, թե ինչքան կխտարներ են լինում կամ ինչպես են գյուղացիք ողջ-ողջ բռնում նրանց: Հայրս, որ արգելք էր եղել Հովհաննեսին գյուղը վերադարձնելուն, այս անգամ, իր ընտրությամբ, փոխեց (տեղափոխեց-Լ.Ա.) նրան Ասատուր Խանաղյանի տանը: Չնայած տանտերերը չքավոր էին, բայցևայնպես, Հովհաննեսի բախտից, թե՛ ինքը՝ Ասատուրը, և թե՛, նամանավանդ, կինը՝ Խանզադյանը, վերին աստիճանի բարի և հյուրասեր բնավորությամբ էին օժտված: Այստեղ արդեն Հովհաննեսը ապրում էր գոհ, իր ցանկացածի պես, այդտեղ էլ, եթե չեմ սխալվում, նա գրում է իր մանկական առաջին ոտանավորները: Նա թվաբանությունից և աշխարհագրությունից շատ թույլ էր, մյուս առարկաներից էլ մի կերպ հասցնում էր: Այդ պատճառով հայրս պատվիրեց նրան, որ ամեն երեկո մեզ մոտ գա դասերը պատրաստելու համար:

«Ես քեզ սիրում եմ, իսկ դու ինձ խփում ես»
Երեկոյան դասերը շարունակվում էին: Քույրս խստությամբ էր վարվում մեզ հետ. Նա սկզբում սովորած լինելով Խալիֆայի դպրոցում՝ մեկ-մեկ գործի էր դնում խալիֆայական մեթոդը՝ ապտակելը, իհարկե, երբ որ մենք նրան համբերությունից հանում էինք: Մի անգամ, երբ քույրս թեթևակի ապտակում է Հովհաննեսին, էն մեր պոետը առանձին եղած ժամանակ ասում է նրան. «Ես քեզ սիրում եմ, իսկ դու ինձ խփում ես: Ահա տես՝ ինչ եմ գրել քեզ համար, փակիր, փակիր, թող ոչ ոք չտեսնի»: Եվ տալիս է քրոջս իր գրած փոքրիկ թղթի կտորը՝ իր առաջին ոտանավորը.

Հոգուս հատոր,
Սրտիս կտոր,
Դասիս համար
Դու մի հոգար,
Թե կան դասեր, 
Կա նաև սեր ,
(ԵՎ) Էլ ինչ զարմանք, 
Իմ աղավնյակ, 
Որ կենդանի
Մի պաանի
Սերը սրտում՝
Դաս է սերտում: 

Թումանյան և Իսահակյան

Սուսաննա Հովհաննիսյան «Վերնատուն»

Թումանյանի և Իսահակյանի անձնական բարեկամությունը սկսվել է 1892 թ. աշնանից, ամենայն հավանականությամբ` օգոստոսի վերջերից: Նույն թվի նոյեմբերին, երբ Թումանյանը Իսահակյանին ծանոթացնում է Ղազարոս Աղայանի հետ, նրանք արդեն «երեք ամսվա ծանոթներ էին»: Մինչ այդ Գևորգյան ճեմարանի աշակերտ 17-ամյա Ավետիքը «մի բարեկամից» ստացել էր և պարտավորվել էր ընկերներին վաճառել Թումանյանի առաջին ժողովածուի («Բանաստեղծություններ», Մոսկվա, 1890) մի քանի օրինակ: Հենց այդ փոքրիկ ծառայությունն էլ առիթ է դառնում երկու մեծերի առաջին հանդիպման: Աշնանը Իսահակյանը գալիս է Թիֆլիս` Թումանյանին անձամբ հանձնելու գրքերի վաճառքից գոյացած գումարը: Այդ ամիսներին բանաստեղծը աշխատում էր Կովկասի Հայոց Հրատարակչական ընկերությունում` որպես գրասենյակապետ: Հենց այդ գրասենյակում էլ տեղի է ունենում երկու գրողների ծանոթությունը, առաջին զրույցը, որի նյութը բնականաբար Թումանյանի ժողովածուից ստացած ճեմարականների տպավորությունն էր: Իսահակյանը խոստովանում է, որ ճեմարանի ուսանողները բոլորն էլ հմայվել են պոեզիայի «ժողովրդական տարերքով», և որպես ապացույց` ժողովածուից անգիր արտասանում է երկու բանաստեղծություն: Թումանյանը Ավետիքին նվիրում է Մոսկվայում տպագրված իր երկրորդ ժողովածուն («Բանաստեղծություններ», 1892):
Արսեն Ղլտճյանը «Բանաստեղծությունների» այդ հատորի մի քանի օրինակներ Իսահակյանին է ուղարկում` վաճառելու համար. «Հարկավոր է նորան օգնել,-գրում է Ղլտճյանը մարտի 9-ին,- նա մյուս բանաստեղծներից չէ. նա բոլորովին այլ ոգով և նոր ինքնուրույն ուղղությամբ է գրում: Խոսքս պոեմների մասին է»:
Իսահակյանը հիշում է. «Թիֆլիսում, 1892 թ. նոյեմբերի վերջին, թե դեկտեմբերի սկիզբն էր, գնացել էի Հովհաննես Թումանյանի մոտ. Կովկասյան Հայ հրատարակչության գրասենյակը: Հովհաննեսը պաշտոնավարում էր այնտեղ… Այնքան գիտեմ, որ ամբողջ ժամանակը մենակ էր նա, ժամերով զրույց էինք անում, և խանգարող չէր լինում»:
Այսպես սկիզբ է առնում երկու մեծերի բարեկամությունը, որը տևում է շուրջ երեք տասնամյակ: Թումանյանը վեց տարով մեծ էր և արդեն բանաստեղծական երկու ժողովածուների հեղինակ էր, իսկ Իսահակյանը նոր էր միայն տպագրել իր առաջին «Ծաղիկ էի նորաբողբոջ» բանաստեղծությունը «Տարազում» (1892 թ., դեկտեմբեր):
Բանաստեղծների հաջորդ հանդիպմանը Իսահակյանը անգիր արտասանում է Թումանյանի ստեղծագործությունները արդեն նրա երկրորդ ժողովածուից, և միայն երրորդ հանդիպման ընթացքում համարձակվում է խոստովանել իր գրական առաջին փորձերի մասին: Առանց այդ խոստովանության էլ Թումանյանը իրեն բնորոշ հեռատեսությամբ Իսահակյանի մեջ արվեստագետին նկատել էր հենց սկզբից: Հաճախական դարձած հանդիպումներից մեկի ընթացքում, երբ գրողներն արդեն երեք ամսվա ծանոթներ էին, նույն այդ Հրատարակչական ընկերության գրասենյակում Թումանյանը Իսահակյանին ծանոթացնում է Վերնատան Նահապետի` Ղազարոս Աղայանի հետ. «Ինձ ներկայացրեց Աղայանին, ես շփոթվեցի,- գրում է Իսահակյանը,- Աղայանը սրտաբուխ ժպիտով ձեռքը մեկնեց ինձ, և ես կարծես ամբողջովին կորա նրա հսկայական ափի մեջ»: Աղայանն այդ օրը պատմում է իր գրական ծրագրերի` Բուդդայի կյանքից անգլիացի հեղինակ Էդվին Առնոլդի «Ասիայի լույսը» գիրքը թարգմանելու մասին:
Ամեն անգամ քաղաք գալիս Իսահակյանն անպայման իջևանում էր Թումանյանների տանը կամ օրն անցկացնում էր բանաստեղծի հետ. «Արդեն օրենք էր դարձել, որ Թիֆլիս գտնվելիս անպատճառ պիտի լինեի նրա մոտ, գրեթե ամեն օր»: Իսկ եթե Թումանյանն անցնում էր Ալեքսանդրապոլով և փորձ էր անում իջևանել հյուրանոցում, Իսահակյանը թույլ չէր տալիս: Այսպես, 1895 թ. նոյեմբերի կեսերին Իսահակյանը, լսելով Թումանյանի Ալեքսանդրապոլում լինելու մասին, շտապում է հյուրանոց և նրան ուղեկցում իր տուն:

 «Շանթն ու Թումանյանը` հակապատկեր»

Բնավորության շատ գծերով Շանթը Թումանյանի հակապատկերն էր, որը, սակայն, ամենևին չի խանգարել նրանց շուրջ քառորդդարյա մտերմությանը, գուցե նույնիսկ նպաստել էր` հակառակ բևեռների ձգողական ուժի օրենքով: Նրանց բնավորությունների ակնհայտ տարբերությունների մասին գրում է իշխանուհին` նշելով, որ Թումանյանը շատ էր «անկարգ» իր պարապմունքների մեջ. շարունակ շեղվում էր` շռայլելով թե’ ժամանակը, թե’ սուղ միջոցները, մինչդեռ Շանթը պատասխանատվության մեծ զգացում ուներ իր գործի հանդեպ, ուներ կանոնավոր կենցաղ. «Նա տեղից չէր վեր կենում դատարկ զրույցի համար: Ճշտապահության կողմից էլ Շանթը շատ խիստ էր ու իր խոսքի տերը… նա իմ կատարյալ վստահությունն էր վայելում»: Նույնը վկայում է Նվարդ Թումանյանը. «Երկու հակապատկեր էին Թումանյանը և Շանթը: Թումանյանը որևէ հյուրի,- ով էլ լիներ` պաշտոնական անձնավորություն, թե մոտիկ բարեկամ, մտերիմ ընկեր, թե անծանոթ օտարական, աշակերտ կամ երեխա,- այցելության ժամանակ իր պարապելու ժամը կամ հանգիստը խանգարում էր: Գրասեղանի վրայի թղթերը շտապ-շտապ հավաքում էր, հյուրին ընդունում, սկսվում էր զրույցն ու հյուրասիրությունը:
Շանթը` ընդհակառակը, ով էլ լիներ այցելուն, թեկուզ և իր մոտ բարեկամը կամ մտերիմ ընկերը, երբեք իր պարապելու ժամանակը չէր խանգարում: Նա ուներ որոշ սիստեմ, պարապելու ժամ, կարգ ու կանոն»: Իբրև օրինակ, Նվարդը հիշում է, թե ինչպես իրենց տանը ապրելու ընթացքում Շանթը Պետերբուրգից նոր եկած ուսանողական ընկերոջը` Հակոբ Մանանդյանին չի ընդունում իր աշխատելու պահին, և հանդիպման օրը նշանակում է մի շաբաթ հետո:
Տարբեր էին նաև երկու գրողների մոտեցումները` ստեղծագործական մտահաղացումներին, արդեն գրված, բայց դեռևս անտիպ երկերին հանրությանը ծանոթացնելու և վերջինիս կարծիքն ակնկալելով` երկը փոփոխության ենթարկելու հարցում: Թումանյանը, ինչպես արդեն նկատել ենք, ամենքի, նույնիսկ երեխաների համար կարդում էր իր դեռևս անտիպ գործերը, իսկ Շանթը` ոչ: Տարբեր էին նաև երկու գրողների ստեղծագործական, փիլիսոփայական-գեղագիտական սկզբունքները, գրական նախասիրություններն ու ճաշակը: Թումանյանը հաճախ էր ընթերցում բնագիտական, փիլիսոփայական գրքեր: Նվարդ Թումանյանը հիշում է. «Լևոն Շանթը մի օր, երբ հյուր էր եկել մեզ մոտ, տեսավ Բրեմի գիրքը կարդալիս, խորհուրդ տվեց գիտական գրքեր քիչ կարդալ, այլ ավելի` գեղարվեստական երկեր: Ճաշակ զարգացնելու համար խորհուրդ տվեց կարդալ Շիլլեր, Դիկկենս, Վալտեր Սկոտ, Ժյուլ Վեռն»:
Գրական աշխարհում երկու գրողների ճանապարհները նույնպես միանգամայն տարբեր էին, սակայն դա չէր խանգարում նրանց անձնական, ընկերական ամենաջերմ հարաբերություններին: Շանթին հիացնում էր ընտանիքին ու երեխաներին Թումանյանի նվիրվածությունը, անվերջ զոհողությունների գնալը. «Բանաստեղծություններդ ինձ այնքան չեն զարմացնում,-ասում էր նա,- որքան այն, որ դու այդքան հմտորեն ու անձնվիրաբար ընտանիք ես պահում, բարձրացնում ու այդքան հոգում»:
Սակայն Շանթը բարձր էր գնահատում Թումանյանի կենսիմաստությունը` կապված նրա ուրախ ապրելու ձգտման, ամենքի նկատմամբ բարությունը շռայլելու, բոլորի մեջ լավը որոնելու և տեսնելու հետ: 1919 թ. նոյեմբերի 13-ին Շանթը Թումանյանի ներկայությամբ ասել է. «Հովհաննեսի փիլիսոփայության մեջ ամենից շատ սիրել եմ նրա` ամենքի հետ «ցոցխալ ուտելը»: Ամենքի հետ քեֆ է անում, լավ վերաբերվում: Կյանքում դա է կարևորը»: Ինչպես վկայում է բանաստեղծի դուստրը, Թումանյանը համաձայնվել է ընկերոջ հետ և ասել. «Բանը դա է, ախպեր, լավ եղիր, լավ կողմից բռնիր, լավը փնտրիր ու լավ վերաբերվիր»: Նրանք համակարծիք էին նաև տաղանդի ու հասարակության միջև եղած անջրպետը տեսնելու առումով: Երբ Շանթը Թումանյանին ասում է, որ իրենք փակ գրքեր են հասարակության համար, և վերջինս չի կարող տեսնել արվեստագետի հոգու խորությունն ու ներաշխարհը, Թումանյանը հավելում է, որ «Բանաստեղծը և բանաստեղծությունը դժվար հասկանալու բաներ են»:

Կանայք Հովհաննես Թումանյանի կյանքում

Կնոջ դերի մասին թումանյանական ընկալումները բազմիցս դրսևորվել են Թումանյանի գրական և գեղարվեստական ժառանգության մեջ: Բանաստեղծն այս խնդրին մոտենում է կնոջ մասին բարձրագույն պատկերացման դիրքերից: Կինը բնության ամենակատարյալ արտահայտությունն է, ամենամեծ գեղեցկությունն ու պոեզիան. «Ճշմարիտ. միթե գեղեցիկ կնոջից ավելի սրտառուչ երգ կա կամ առաքինի մարդուց ավելի վսեմ բանաստեղծություն»:
Կնոջը արհամարհող, նրան իբրև առաջին մեղքի պատճառ, «դժոխքի դուռը» հասցնող, բոլոր սրբերից ու սրբություններից նզովված էակ անվանելը, անարգանքի սյունին գամելը 25-ամյա բանաստեղծը ներկայացնում է որպես քրիստոնեության բարձր գաղափարն այլանդակող տգետ հոգևորականների քարոզի հետևանք: Նա ցավ է զգում հատկապես գավառներում ծեծված ու նախատված, անարգանքի մշուշով պատված կնոջ ճակատագրի համար, և այդպիսի կնոջը լիարժեք կին չի համարում. «Սա դեռ մայրը, կինը, կյանքի ընկերը չի…»:
Միշտ լավատես Թումանյանը հայ կնոջ զարգացման, նրա ոգեշնչող ու ներշնչող դառնալու հարցում մեծ սպասումներ ուներ ապագայից: Հավատում էր, որ այդ դրական փոփոխությունները կգան, և դրանք պայմանավորում էր տղամարդու և հասարակության` կնոջ նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունների հետ: «Կինը չի ապրում հիմա.- ասել է Թումանյանը 1919 թ. ապրիլի 1-ին,- նա պիտի փոխվի, նոր կինը պիտի գա-էն կլասիկ, ազատ կինը պիտի գա իր կլասիկ գեղեցկություններով ու առողջությունով, նաև իր հոգեկան արժանիքներով ու կարողությամբ»:
Թումանյանին հանդիպել, նրանով հիացել, նրա ընկերակցությունն ու բարեկամությունը, սերն ու ջերմությունը, հաճախ եղբայրական ու հայրական հոգածությանն են արժանացել նրան շրջապատող հայ և այլազգի կանայք: Նրանցից շուրջ երկու տասնյակը գրի են առել իրենց հիշողությունները: Այդ հուշերում հառնում է Թումանյանի մարդկային կերպարը:
Դերասանուհի Արուս Ոսկանյանը մինչև պոետին ծանոթանալը երազում էր նրա հետ հանդիպելու մասին. «Ես խորին պաշտամունք էի տածում դեպի երազի պես հեռու Հովհաննես Թումանյանը»: Բանաստեղծի ներկայությունը, նրա հանդեպ հիացմունքն ու ակնածանքը բեմից հարյուրավոր հանդիսատեսների առջև համարձակ դերասանուհուն ստիպում էին շփոթվել, կաշկանդվել. «Քաշվում էի նրա ներկայությամբ նույնիսկ բառ արտասանել ու հափշտակված դիտում էի նրա պարթև հասակը, լուսագես գլուխը, գեղեցիկ ու պայծառ դեմքը, խոհուն և բարի աչքերը»:
Գրողի ուսուցիչներից մեկի` Միսակ Ասիլյանի դուստրը` բանաստեղծուհի Հռիփսիմե Պողոսյանը, ծնողներից թաքուն վերցնում էր հեռադիտակը և պատշգամբից հետաքրքրությամբ դիտում դիմացի տան պատուհաններից ներս, որտեղ ապրում էր Թումանյանը. «Սիրտս սկսում էր արագ բաբախել, ես ուզում էի ներս թափանցել այդ խորհրդավոր սենյակը, որ մի անգամ ևս տեսնեմ պոետի թեթև կկոցած աչքերը, նրա ժպիտը… Բայց լսվում էր ծնողներիս ոտնաձայնը, և ես արագ թաքցնում էի հեռադիտակը»: Երեսուն տարով բանաստեղծից փոքր Հռիփսիմեի համար Թումանյանը «մեծ սրտի տեր էր… և երբեք չէր սպառվում նրա հարուստ էությունը»:
Բոլոր կանանց տպավորությունների, պոետին ներկայացնող զանազան կարծիքների մեջ առանձնանում են վրաց բանաստեղծուհի Նինո Տաբիձեի բնութագրումները. «Հանկարծ տեսնեմ հեռվից գալիս է, ի բարձրահասակն ծերունի. ասես արև ճառագայթելով իր շուրջը, թվում էր, նա կյանք ու բերկրանք է տալիս ողջ շրջապատին»: Նա բնորոշում է բանաստեղծին իբրև «բարի ոգի», «հայ ժողովրդի ազնվության և դարավոր տառապանքների լավագույն արտահայտիչ»: Նինոն և ամուսինը Թումանյանին էին ընտրել իբրև իրենց առաջնեկի կնքահայր, սակայն նրան փոխարինեց դուստրը` Նվարդը` դառնալով «երկրորդ մայր» Տաբիձեների դստեր համար:

Թումանյանը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել ու նվիրել տարբեր կանանց` խնջույքների սեղանների շուրջ, հասարակական տարբեր վայրերում ու միջոցառումնեին, որոնք մեծ մասամբ չեն պահպանվել: Դրանցից մեկը ` «Տիկին Նիմֆա Գորոդեցկուն» վերնագրով ձոնը, գրել է 1918 թ. հունվարի 29-ին «Փարվանա» պոեմի ռուսերեն թարգմանության շապիկի վրա և նվիրել Ս. Գորոդեցկու կնոջը.

Եկաք ու ընկաք
Մի նոր դժնդակ
Փոթորկի առջև,
Ուր կիտվում են դեռ
Ահեղ, շանթաբեր
Ամպերը սև-սև:

Ավելի ուշ Ս. Գորոդեցկին հպարտությամբ էր հիշում, որ Թումանյանն իր կնոջը բանաստեղծություն է նվիրել և նրանից վեց տող մեջբերում էր իր հուշերում:
Գրողի ամուսնացած լինելու հանգամանքը չէր խանգարում, որ շատ կանայք հրապուրվեին նրանով և ձգտեին նրա հետ նորանոր հանդիպումների, բարեկամության և սիրո: Ավելին, շատերը բացահայտ սեր են խոստովանել, և պոետը ստիպված է եղել մերժել:
1894 թ. Թումանյանը վեց տարի էր, ինչ ամուսնացած էր, և արդեն չորս զավակների հայր էր: Նա ուներ երկու որդի և երկու դուստր` Մուշեղը, Աշխենը, Նվարդը և Արտավազդը: Սակայն ընտանիք ունենալու հանգամանքը ամենևին չի խանգարում, որ նա ընկնի մի անախորժ պատմության մեջ: Թումանյանի սիրուն հետամուտ էր նրա տունը ելումուտ անող ընտանիքներից մի կին, որի անունը մեզ հայտնի չէ: Այս պատմությունը նույնպես հայտնի չէր լինի, եթե ասեկոսեներն ու բամբասանքները չստիպեին բանաստեղծին որոշ պարզաբանումներ տալ ընկերոջը` Արսեն Ղլտճյանին: Վերջինիս ուղղված 1895 թ. հունվարի 17-ի նամակում Թումանյանը գրում է. «Այս անցյալ դեկտեմբերի վերջերին մի անախորժ դեպք պատահեց հետս: Մի տիկին բավական ժամանակ ինձ հետամուտ էր լինում: Նրա բոլոր արտահայտություններից ես շուտով նկատեցի զգացմունքի անմաքրությունը և ամեն ջանք արեցի, որ անհայտության խավարում այդ կապը կտրեր»:
Գրողը փորձել է բարի խոսքով, հորդորնեով այդ կնոջը ճամփի բերել, սակայն նրա ջանքերը ապարդյուն են անցել: Այն, որ բանաստեղծը կտրուկ մերժել է, վկայում է նաև այդ կնոջ նամակի պահպանված մի պատառիկ, որտեղ նա դժգոհում է իր զգացմունքների և նամակների անպատասխան լինելուց: Այդ կինը գրում է. «Ես գիտեի, որ դու անգութ ես, բայց այդքան չէի կարծում… միթե երկու խոսք չունեիր պատասխանելու իմ վեց նամակին, որ ծրարում դրան, առանց պատասխանի գլխովս խփեցիր և ամբողջ գիշերը հանգստությունից զրկեցիր: Միթե դու կարծում ես` ես քո ասածները կտանեմ առանց վիրավորվելու: Վերջապես, ես գլուխս քարովն եմ տալիս, որ քեզ անհանգիստ եմ անում, այսուհետև հանգի’ստ եղիր: Ես նախանձում եմ քո սառնասրտությանը»:

Hovhannes-Tumanyan4Այլ նյութեր, որոնք արժե կարդալ

Հ. Թումանյան – Վիքիպեդիա

Պռոշյանի և Աղայանի վեճի հետ կապված նյութ

Թումանյանի 10 իրերը

Հետաքրքիր բացահայտումներ Հովհաննես Թումանյանի թանգարանի մասին

 

Հովհաննես Թումանյանի թանգարանի հասցեն է՝ Մոսկովյան 40

Հեռախոսահամարը՝  (+37410) 56 00 21

Կայքը՝ www.toumanian.am

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: