Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում

Ո՞վ եմ ես։ Հայ եմ, հայ, ով չնայած այս ճղճիմ աշխարհի անմարդկությանը, արդարություն է փնտրում։

Որտեղի՞ց ենք գալիս, ովքե՞ր են մեր նախնիները, ի՞նչ պատմություններ են մեզ հասել իրենցից, ո՞ւմ անունով է կոչվում իմ ազգը /ազգանվան ծագումը/։ Ինչպե՞ս , ինչո՞ւ, ի՞նչ ճանապարհով են իմ նախնիները հասել իմ ներկայիս ծննդավայր։ Ծնվում ու սկիզբ ենք առնում հենց Հայկական լեռնաշխարհի սրտից, իսկ նախնիներս են Հայկը, Արգիշտին, Տիգրան Մեծը, Մամիկոնյաններն ու Մոնթեն, Վազգենը, Ռոբերտը․․․ ևն։ Չգիտեմ, թե ունեմ արդյոք բարեկամական կապ իրենցից գեթ մեկի հետ, բայց նրանք են իմ նախնիները, քանզի ես էլ հայ եմ, ով իր հայրենիքը սեփական կյանքից շատ է սիրում․․․

Սկսեմ այն պատմություններից, որոնք ինձ են հասել իմ տատերից։

Տատիս (մորական կողմ) հայրը գյումրեցի, մշեցի, ղալթաղչցի էր, հետաքրքիր մարդ է եղել, ում չափից դուրս քիչ ժամանակ եմ հասցրել տեսնել։ 4 երեխա ուներ՝ տատիս ներառյալ։

Նրա երեխաները՝ 3 դուստր և մեկ տղա, պատմում են, որ երբեք ձայնը չէր բարձրացնում նրանց վրա։ Թե մի բան չէր հավանում, կատակի տոնով ցույց էր տալիս, ինչի դեպքում երեխաները ամաչում էին։ Շատ է սիրել իր ընտանիքը, չափից շատ․․․ Համալսարան չի ավարտել, իսկ դպրոցից վաղ է դուրս եկել, բայց ամբողջ կյանքում շարունակել է ինքնակրթվել, իսկ նրա ձեռագրով շատերն են հիացել։

Տատիկիս մայրը (մորական կողմ)՝ վերը նշված մարդու կինը, Սպիտակից, Վանաձորից է, սակայն նրա նախնին գաղթական է։ Մեծ տատիս նախապապը՝ Ավետիքը, ապրում էր Մուշում, Արևմտյան Հայաստանում։ Բազմազավակ ու բավական հարուստ ընտանիք էին։ Ընտանիքում 12 երեխա կար, որոնցից ամենափոքրը հենց Ավետիքն էր։ Կոտորածների ժամանակ ընդամենը 8 տարեկան էր, երբ նրա աչքերի առաջ կոտորեցին, սպանեցին իր ընտանիքին։

Գաղթելով՝ հասնում է Սպիտակ և որպես հովնակ մտնում է աշխատելու մի հարուստ ընտանիքի մոտ։ Տան տերը մի դուստր ուներ՝ Խանում անունով։ Ապագայում, տարիներ անց Ավետիքն ու Խանումը, լինելով սիրահարված, ցանկանում են ամուսնանալ իրար հետ։ Սակայն աղջկա հայրը Ավետիքին ասում է․ «Ես իմ աղջկան գաղթականի չեմ տա»։ Համենայն դեպս սերն ավելի մեծ էր, ինչի արդյունքում էլ Ավետիքն ու Խանումն ամուսնանում են։

Այդ ամենից հետո հայրը դստերը մոտն է կանչում ու ասում․
― Ես ձեզ չեմ անիծում, բայց տալիս եմ մի ձի, երկու եզ և ․․․ (չեմ հիշում, բայց կենդանիներ էին)։

Նպատակը տեսնելն էր՝ արդյոք Ավետիքը կկարողանա տուն կառուցել, նվազագույնն ունենալու դեպքում՝ ունեցվածք շինել։

Ասեմ, որ հաջողվեց նրան։ Սարի լանջին մի տուն շինեց, որտեղ իրենից հետո մոտավորապես 2֊3 սերունդ դեռ ապրեց, իհարկե վերջում պետությունը քանդել տվեց այն․․․

Ավետիքն ու Խանումն 9 երեխա ունեցան։ Բոլորն էլ՝ կանանցով հանդերձ, մի տան մեջ էին ապրում, համերաշխ էին ու իրարից բողոքներ չունեին։ Ավետիք պապն էլ է հումորով մարդ եղել, բարի էր ու սիրում էր իր ընտանիքը․․․

Հենց նրա սերունդներից է ծնվել մեծ տատս, ում ազգանունն, ի դեպ, Ավետիքյան է։ Դեռ մանկահասակ տարիքում ոտքերի հետ խնդիրներ առաջացան, սկսեց չքայլել․․․ Հենց այդ ժամանակ նրա հայրը երազ տեսավ, որ դստերը Սուրբ Հովհաննես եկեղեցի տանի։ Հայրը, դստերը մեջքին դրած, հաղթահարել է բարձրունքը, հասել եկեղեցի․․․ Փաստ է, երբ եկեղեցուց դուրս գալուց ոտքի դրեց նրան ու ասաց, որ փորձի քայլել, ու տատիս մոտ ստացվեց․․․ Հրաշք է կատարվածը, ինչը մինչ այսօր հավատով է հիշում։ Իհարկե՝ շատ տարիներ անց, իր ծայրահեղ մաքրասեր լինելու պատճառով, տատին դադարեց քայլել։ Ոտքերի խնդիրը ցայսօր տանջում է նրան։

Մայրիկիս հայրը՝ պապիս, կոշկակար է եղել, ում խնամակալության տակ հասցրել եմ մեծանալ․․․ Նրա մոր ծնողները Կարսից են գաղթել՝ կոտորածների պատճառով։ Պապիս հայրը հունահայ էր, հույնի արյուն չուներ, պարզապես Հունաստանում էին ապրում, որտեղ իր ծնողները կամ պապին ու տատին հայտնվել են Մուշից գաղթելու արդյունքում․ կոտորած էր․․․

Տատիկս (մորական կողմ) բուժքույր է, պապիս կոշկակար է եղել։ Տատիկիս անունը Ռիտա է։ Նրա հայրն այդպես է որոշել կոչել դստերը ի պատիվ հնդկական ֆիլմի հերոսուհու անվամբ։

Հորական կողմի նախնիներիցս տեղեկություն չունեմ, քանզի հիշողություններ շատ չեն, որ պահպանվել է նրանց մոտ։

Մեծամասամբ Գավառից են՝ Հացառատ գյուղից։ Այնտեղ կյանքումս մեկ անգամ եմ եղել, այն էլ այնքան փոքր տարիքում, որ ոչինչ չեմ հիշում․․․

Մի անգամ կարդացի, որ գավառցիներից մեծ մասը Էլզրումից է գաղթել, իսկ ծանոթներիցս մեկը պատմեց, որ լսել է, թե Պարսկարստանից են գաղթել։ Կոնկրետ տարածքը, որտեղից գաղթել են, մի ժամանակ Ռուսաստանին է պատկանել, այնուհետև դարձել է Իրանինը։ Կասպից ծովի ավազանում մի շարք գավառներ կային, որտեղից էլ գաղթել են՝ ամեն մեկը մի գավառից։ Ցարական իշխանության ժամանակներն էին․․․ Երբ գյուղացիներին հարցնում էին, թե որտեղացի են, պատասխանում էին՝ Քյավառից են, քանզի գավառի անունը չգիտեին։ Այդպես էլ նրանց անունը մնաց Գավառցի։ Ի դեպ՝ տեղացիները թխամաշկ էին։

Ազգանվանս ծագման մասին ոչինչ չգտա, բայց ուսումնասիրեցի «Աբգար» անունը։ Համարվու է հայկական ծագման անուն, սակայն որոշ ուսումնասիրողներ կարծում են, թե ասորական ծագման է, քանզի ասորերենում առկա է abgārā «կաղ» բառը։

Աբգար անունն էին կրում Օսրոենեի թագավորության (Ուռհայաստան) բոլոր թագավորները, որոնց տոհմը թագավորեց մ.թ.ա. 136 թվականից մինչև մ.թ. 217 թվականը: Անտոնիոս Կարակալլա կայսրը 217 թվականին գրավում է Եդեսիան և վերջ դնում այդ թագավորությանը:

Պատահական նմանություն ունի նաև արաբերեն عبقري (‘Abqarī)՝ «կատարյալ մարդ, ցեղի մեջ ամենից փառավոր և ազդեցիկ մարդը», բառի հետ, իսկ պարսկերենում «աբ» նշանակում է ջուր:

Ոչ ասորիները, որ արաբները, ոչ պարսիկներն Աբգար անունով իրենց զավակներին չեն անվանակոչում: Աբգար անունը գործածական է բացառապես հայերի մոտ:

Որտե՞ղ է գտնվում իմ նախապապերի հայրենիքը, ինչ բնություն, ավանդույթներ, սովորություններ է ունեցել։ Հստակ գիտեմ միայն 3 բնակավայր, այն էլ՝ մորական կողմիցս, այնպես որ կխոսեմ միայն այդ 3֊ի մասին։

Սկսեմ Մուշից։ Բավական հետաքրքիր առասպել գտա Մուշ քաղաքի մասին, որն անպայման կտեղադրեմ այստեղ։

«Հին-հին ժամանակներում Հայոց երկրում՝ Արածանի գետի ափին կառուցված քաղաքում, մարդիկ անհաշտ էին: Նրանք ըմբոստ էին և գերի էին իրենց արժանապատվությանը, ունեին հիվանդագին ինքնասիրություն: Պարզ է, որ բնավորության այդպիսի գծեր ունեցող մարդիկ դժվար էին իրար հետ լեզու գտնում: Նրանք հաճախ էին վիճում միմյանց հետ:

Գնալով վեճը տաքանում էր, որովհետև ոչ մեկը չէր ուզում զիջել դիմացինին: Երբ վեճն ավելի էր սաստկանում և ուր որ է պիտի վերջանար ծեծ ու կռվով, հայոց ողջախոհության աստվածուհին՝ Նանեն, օգնության էր գալիս նրանց: Նա անմիջապես մշուշ էր սփռում ամբողջ քաղաքի վրա: Թանձր մառախուղի մեջ միմյանց հետ վիճող մարդիկ ոչինչ չէին տեսնում, և վեճը կանգ էր առնում. առժամանակ մարդիկ հետաձգում էին իրենց կռիվը: Բայց մշուշը քաղաքում տևում էր երկար ժամանակ, այնքան, մինչև անհաշտները խաղաղվում էին և մոռանում վեճի ու կռվի մասին: Եվ այդպես վիճող կողմերը հաշտվում էին: Ողջախոհ Նանեն հաճախ էր մշուշով պատում քաղաքը՝ ողջախոհության մղելով մարդկանց: Հաճախակի պատահող մշուշի պատճառով այդ քաղաքը կոչում էին Մշուշ, որ դարերի ընթացքում փոխվել ու դարձել է Մուշ:»

Մուշ անունը ստուգաբանվել և իմաստավորվել է ամենատարբեր ձևերով։ Ոմանք այն կապում են հնագույն Հայաստանի ցեղերի ու տեղանունների հետ (Մուշունի, Մուշկ և այլն), ոմանք հայերեն «մշուշ»-ի հետ, որով սովորաբար առավոտյան պատվում է ողջ Մուշի դաշտը։

Ըստ հայկական ավանդույթի Աստղիկ դիցուհին սովորություն ուներ գիշերադեմին լոգանք ընդունել Գրգուռ լեռան ստորոտին գտնվող գետում: Իմանալով այդ՝ տեղացի կտրիճները կրակ են վառում մոտակա բլուրների վրա, որպեսզի կրակի լույսով հեռվից տեսնեն Աստղիկի գեղեցիկ մարմինը: Իմանալով այդ՝ Աստղիկը թանձր մշուշով պատում է ամբողջ շրջապատը: Դրանից հետո գավառը կոչվում է Մշուշ, որը, բերնեբերան անցնելով, հետագայում դառնում է Մուշ:

Կարսից շատ տեղեկություններ չգտա, որոնք կարող են նշանակալից լինել այս նյութում։ Հայ և օտար մատենագիրները հիշատակում են Կարուց Բերդ, Ամուրն Կարուց, Ամրոցն Կարուց և նման այլ անվանումներով։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է հայերեն Հարս բառից։ Ըստ ավանդույթի՝ հայոց թագավորի հարսնացուին զբոսանքի ժամանակ դուր է եկել այդ վայրը, և նա հաճախ էր այստեղ գալիս։

Կարսը X — XIII դդ. համարվում էր Հայաստանի մարդաշատ քաղաքներից։ Այն դարձել էր արհեստագործության և առևտրի խոշոր կենտրոն։ XI դարի պատմագիր Արիստակես Լաստիվերտցու վկայություններից երևում է, որ Կարսը եղել է բարեկարգ ու հարուստ քաղաք, որը քարավանային ճանապարհներով առևտրական սերտ կապեր է ունեցել Սև ծովի նավահանգիստների, ինչպես և Հայաստանի ու հարևան երկրների առևտրական խոշոր քաղաքների հետ։ Անուղղակի տվյալներից երևում է, որ XI—XIII դդ. Կարսի բնակչության թիվը հավանաբար անցնում էր 50000 մարդուց։ Իսկ սա այդ դարերի քաղաքների բնակչության համար շատ մեծ թիվ էր:

Ո՞վ է եղել իմ նախահայրը իր ծննդավայրում, ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ արհեստներ /արվեստներ է իմացել, ի՞նչ է աշխատել, պահել իր ընտանիքը։ Ավետիքը հարուստ ընտանիքից է եղել, դե 8 տարեկան էր, երբ սպանեցին իր հարազատներին, այսինքն, դեռ մասնագիտություն չուներ, իսկ ծնողների մասին տեղյակ չեմ։ Առանձնապես նման հեռավեր նախնիներիս մասնագիտություններից անտեղյակ եմ, բայց հորական կողմումս տարբեր մասնագիտություններ են ունեցել՝ կոշկակար, նկարիչ, դերձակ և այլն։ Իհարկե, մորական կողմիս նախնիներն էլ են տարբեր մասնագիտության տեր մարդիկ եղել՝ բժիշկ, կոշկակար, ուսուցիչ, դերձակ ևն։

Հայրիկիս պապիկը՝ Մամիկոնը, նկարիչ էր, ում չեմ տեսել, քանզի մահացել է դեռ այն ժամանակ, երբ հայրս բանակում ծառայում էր։ Մամիկոնը գրքեր շա՜տ էր սիրում կարդալ։ Վաճառած նկարներից ստացած գումարը կնոջից թաքուն էր պահում, իսկ հետո դրանցով գիրք էր գնում։ Հաճախ է ընտանիքը սոված եղել, բայց Մամիկոնի համար գրքերն ավելի կարևոր էին, քան ուտելիքը։ Երևի ցանկացած գիրք ուներ իր տանը, բոլորն էլ կարդացել էր։ Հաշվարկ էր անում, թե կարդացածներից որն է վաճառելու, որ նորը գնի։ Հարևանները նրանից հաճախ էին գրքեր վերցնում, իսկ եթե խոստացած ժամանակին չէին վերադարձնում, Մամիկոնը մեծ վեճ էր անում։ Հիմա էլ մնացել են նրա գրքերը՝ մոտ 600 կամ ավելի (վստահ չեմ)։ Մամիկոն պապին շատ էր ցանկանում, որ թոռներն ընթերցասեր լինեն, բայց, ավա՜ղ, նրանցից ոչ մեկն էլ սովորելու հանդեպ սեր չունեցավ, սակայն ծոռներից մեկը՝ ես, ժառանգեց գրքամոլությունը։

Մամիկոնի կինը՝ Գոհարը, վաղ տարիքում է ամուսնացել՝ 12֊14 տ․ (պարզապես կոնկրետ չեմ հիշում)։ Պատմում էր, որ ի սկզբանե Մամիկոնին չի ճանաչել, բայց հետո սիրել է ամուսնուն։ Գոհարը դպրոց, կարծեմ, 4֊րդ դասարանից սկսած չի հաճախել։ Դպրոցում մի խիստ ուսուցչուհի կար, ով հաճախ էր երեխաներին ծեծի ենթարկում։ Գոհարն էլ մի անգամ մոռացել էր տնային աշխատանքը կատարել, ինչի մասին դասի ժամանակ հայտնեց ուսուցչուհուն։ Վերջինս, բարկանալով, մոտեցավ Գոհարին ու այնպե՜ս խփեց, որ նրա ականջից սկսեց արյուն գալ։ Տուն գնալով՝ պատմեց ծնողներին եղելությունը, իսկ նրանք էլ դպրոց գնացին ուսուցչուհու հետ խոսելու։ Երբ վերադարձան, Գոհարը հրաժարվեց այլևս դպրոց գնալ, քանզի վախենում էր, որ ուսուցչուհին այս անգամ էլ նրան կծեծի այն բանի համար, որ ծնողներին պատմել է կատարվածի մասին։ Ասեմ, որ ականջից արյունը միշտ էր գալիս, ինչի պատճառով Գոհարը մինչև կյանքի վերջ այդ ականջում բամբակ էր դնում։ Գոհար տատին պատմում էր, որ կյանքի ընթացքում բազում ծանր աշխատանքներ է կատարել, որպեսզի գումար վաստակի։ Մի անգամ նրան հարց տվեցի, թե մեր նախնիները արդյոք հարուստ են եղել, թե ոչ, ինչին պատասխանեց, որ իր կողմը, այո, հարուստ մարդիկ են եղել, բայց Աբգարյանները շատ աղքատ էին։

Մայրիկիս հայրը՝ Գրիգորը, կոշկակար էր։ Համալսարանում չի սովորել, բայց միշտ ինքնակրթվել է։ Նրա հետ շփվողները հաճախ հարցնում էին, թե որ համալսարանն է ավարտել, իմանալով, որ՝ ոչ մեկը, անչափ զարմանում էին, քանզի պապիկս շա՜տ խելացի էր։ Նա էլ շատ գրքեր էր կարդացել։ Հարևանները, ծանոթները միշտ գրքեր էին նրանից վերցնում, բայց քչերն էին վերադարձնում, ինչը բարկացրել էր պապիս։ Վերջինս բոլոր գրքերի վրա իր անվան, ազգանվան և հայրանվան հապավումներն էր թողել (Կ․Գ․Լ), որպեսզի չմոռանան վերադարձնել։ Այնուամենայնիվ գրքեր տալ չէր սիրում։

Փորձեք վերծանել, թե ինչ առանձնահատկություններ ունի այն վայրը, որտեղից դուք սերում եք, որտեղ ծնվել են ձեր նախնիները, որտեղ ձևավորվել է ձեր ընտանիքը, արդյո՞ք ձեր վարքի դրսևորումներումս ևս կան նման հատկանիշներ, առանձնահատկություններ։ Երևի թե սկսեմ խոսել հենց, Հայկական լեռնաշխարհում ապրելու հետևանքով, ունեցածս առանձնահատկություններից։ Հայերի աչքերը շրջապատված են թավ մազածածկույթով, այն է` թավ հոնքեր և թարթիչներ: Մյուս առանձնահատկությունը, դա աչքի անկյունների ցածր դիրքն է, որն էլ հենց տխուր արտահայտություն է հաղորդում հայերի աչքերին: Լեռնային աշխարհագրական դիրքով է պայմանավորված հայերի ցածր հասակը, որն, իհարկե, ինձնից անպակաս է։

Աշխարհագրական դիրքն ազդում է ոչ միայն ֆիզիկական հատկանիշների, այլ նաև հոգեբանական հատկանիշների վրա: Լեռնային ժողովուրդների նյարդային համակարգն ավելի ուժեղ է՝ պատրաստ դիմակայելու դժվարություններին:

Անցնեմ նախապապերիս բնակության վայրերին․․․ Կասպից ծովի ավազանի գավառներում բնակվող հայերը սևուկ էին՝ թխամաշկ, ինչի ապացույց, երևի, կարող եմ ես հանդիսանալ, ինչպես նաև՝ հորական կողմս։ Եվ, քանզի տեղացիները չգիտեին, իրենց բնակության վայրը հանդիսացող, գավառի անունը, ենթադրում եմ, որ անգրագետ էին․․․ Հորական կողմս չի առանձնանում սովորել սիրող հատկությամբ, թեպետ բախտս բերել է, որ այդ հատկությունը չեմ ժառանգել։

Այս հոդվածում Մուշ քաղաքի մասին մի առասպել եմ տեղադրել, որտեղ մատնանշվում է մշեցիների բնավորության մասին․
«․․․Նրանք ըմբոստ էին և գերի էին իրենց արժանապատվությանը, ունեին հիվանդագին ինքնասիրություն»։

Ը՜մ, իմ մասի՞ն է․․․ Ես ինքս ընդունում եմ, որ «գերի եմ իմ արժանապատվությանը» և ունեմ «հիվանդագին ինքնասիրություն»։ Ասում են, որ մշեցիները խելամիտ էին, և հույս ունեմ, որ ժառանգած կլինեմ այս հատկությունը։ Նրանք նաև համառ բնավորության տեր մարդիկ են, ինչը նաև իմ մեջ է արմատված։

Հետաքրքիր է, որ Կարս նահանգում հարգի էին խոզի մսով ուտեստները: Ասեմ, որ մսերից հենց խոզն եմ նախընտրում․․․

Օգտվածս նյութերը՝ 1, 2, 3, 4, 5

Այլ հետաքրքիր նյութեր՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8

Leave a comment

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started