Նուբարաշենի աղբավայր

Նուբարաշենի քաղաքային աղբավայրը, որն իր մեծությամբ հանրապետության ամենախոշոր աղբավայրն է՝ 52,3 հեկտար տարածքով, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու։ Էրեբունու ամրոցից, ուր տարեկան այցելում է մինչեւ 15 հազար զբոսաշրջիկ, կարելի է նկատել Նուբարաշենի բլուրներին ձուլված աղբավայրից բարձրացող սպիտակ ծուխը։ Տպավորությունն այնպիսին է, կարծես, 2800 տարեկան ամրոցից քիչ հեռու կա գործող հրաբուխ, որն ամեն վայրկյան կարող է ժայթքել։ Զբոսաշրջության տեսանկյունից տեսարանը գուցեև հետաքրքրաշարժ է, մինչդեռ իրականությունը՝ զարհուրելի։ Նուբարաշենի աղբավայրը, որտեղ առնվազն 9 միլիոն տոննա աղբ է կուտակված, բնապահպանական մեծ սպառնալիք է դարձել մայրաքաղաքի բնակիչների համար։

Իրավիճակ :Նուբարաշենի քաղաքային աղբավայրը, որը ձևավորվել է 1950-ականներից, չի ստեղծվել որևէ նախագծով, ուղղակի տվյալ տարածքն առանձնացվել է քաղաքային աղբը կուտակելու նպատակով։ Եվ, փաստացի, ավելի քան 60 տարի մայրաքաղաքի տարբեր անկյուններից հավաքված կենցաղային թափոնների մեծ մասը կուտակվում է հենց այստեղ։ Խոսքը օրական 10 կամ 20 պարկ աղբի մասին չէ, այլ տարեկան՝ 300,000 տոննա թափոնի։ Իսկ աղբավայր մտած թափոնները վերամշակման չեն ենթարկվում։ Տարածքը չի համապատասխանում աղբավայրերի համար նախատեսված որևէ չափորոշիչի: Այն մեկուսացված չէ ցանկապատով, չունի նաև հիմքի մեկուսացում, հոսքաջրերի հավաքման տեխնիկական համակարգ, ինչի պատճառով հոսքաջրերը աղբավայրի տարածքից հոսում են գրունտի ենթաշերտ՝ աղտոտելով ստորգետնյա ջրերը: Աղբի մեծ կուտակումներն առաջացնում են մեթան գազ և պատճառ դառնում մշտական բռնկումների։ Իսկ թափոնների մեծ մասի ինքնայրման ու թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում տարբեր տիպի թունավոր, ներառյալ քաղցկեղածին նյութեր։

Պաշտոնական տեղեկության համաձայն, աղբավայրի մի փոքր հատվածում կենսագազ է օգտահանվում՝ արտանետվող մեթանի քանակը մասամբ նվազեցնելու նպատակով։ Նուբարաշենի աղբավայրը էրեբունի և Նուբարաշեն բնակելի թաղամասերից 2-3 կմ հեռավորության վրա է, իսկ մայրաքաղաքի կենտրոնից՝  9-10 կմ:

Նուբարաշենի և Էրեբունու պոլիկլինիկաներում արված հարցումները ցույց են տալիս, որ փոքրերի և տարեցների շրջանում գրանցվում է ալերգիայով տառապողների թվի աճ: Որպես պատճառ՝ մասնագետները նշում են Երևանում էկոլիոգիական վատթարացող վիճակը՝ պայմանավորված մի շարք գործոններով, ներառյալ Նուբարաշենի աղբավայրը, թեև զուտ աղբավայրի ազդեցությունը բացահայտելուն ուղղված ուսումնասիրություններ չեն իրականացվել։

Այս աղբավայրի վտանգը կայանում է նաև նրանում, որ նրա «բարիքներից» օգտվում է օրական 160-200 մարդ, որոնց համար այս վայրը դարձել է հիմնական ապրուստի միջոց։ Ոչ ֆորմալ ձևով նրանք են այս աղբավայրի տեսակավորողները, ովքեր առանձնացնում են ապակե շշերը, պլաստմասե և մետաղական իրերը, ջարդոնները, փաթեթավորման նյութերը, ինչպես նաև մթերային թափոնները, այլ կերպ ասած՝ այն ամենը, ինչը, նրանց կարծիքով, հնարավոր է օգտագործել կամ հանձնել/վաճառել քաղաքի համապատասխան «աղբի» ընդունման կետերին, որոնք էլ իրենց հերթին տվյալ հումքը վերավաճառում են համապատասխան ընկերություններին։ Եվ այս ամենն արվում է՝ չպահպանելով անվտանգության կանոնները, առանց համապատասխան հագուստի, և հաճախ ընդունելով առողջության համար վտանգավոր մթերքի մնացորդներ կամ ժամկետանց մթերք։ Պարզ չէ նաև, թե հավաքված հումքը, ի վերջո, ինչ նպատակներով է օգտագործվում, և որ ընկերությունների միջոցով է սպառվում։ Սակայն այստեղ կարևոր է նշել, որ այս բիզնեսով զբաղվում է հասարակության ծայրահեղ աղքատ խավը, ինչը բարդացնում է խնդիրը, քանի որ վերջիններիս աղբավայրից մեկուսացնել հնարավոր է նրանց համար նախապես եկամտի այլընտրանքային աղբյուր ստեղծելուց հետո միայն։

Պատմական ակնարկ: 2014 թ-ից Երևան քաղաքի աղբահանության կազմակերպումն իրականացնում է լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը։ Ընկերությունն իր աշխատանքերը մեկնարկել է Կենտրոն վարչական շրջանից, իսկ այսօր արդեն նույն ծառայությունը մատուցում է նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Մայրաքաղաքից հավաքված ողջ կենցաղային աղբը տեղափոխվում է հիմնականում Նուբարաշենի և, որոշ չափով, նաև Աջափնյակի և մայրաքաղաքից դուրս գտնվող Մասիսի աղբավայրեր: Աջափնյակի աղբավայրը Երևանի երկրորդ քաղաքային աղբավայրն է, որն առաջացել է տարերայնորեն և կրկին միայն աղբի կուտակման գործառույթ է իրականացնում: Ըստ քաղաքապետարանի, Աջափնյակի աղբավայրի շուրջ 2 հա տարածքը նախատեսված է կենցաղային աղբի, իսկ 10 հա-ը՝ շինաղբի կուտակման համար: Աղբավայրի շինաղբի հատվածը շահագործում է «Դավարս» ՍՊԸ, որը 1 պարկ շինաղբը 250 դրամով տեղափոխում է աղբավայր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: