Էջմիածին՝ զբոսաշրջային ներուժ ունեցող ուղղություն

Գտնվելով Երևանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա՝ Էջմիածինը հանդիսանում է զբոսաշրջիկների կողմից այցելվող ամենահայտնի ուղղություններից մեկը: Այն աշխարհին հայտնի է որպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին պետության հոգևոր կենտրոն, ինչն արդեն իսկ իրենից մեծ ներուժ է ներկայացնում աշխարհի քրիստոնյաների համար ուխտագնացությունների կենտրոն դառնալու:

Էջմիածնում չկան հյուրանոցներ, դրանց փոխարինում են մի քանի մասնավոր հյուրատները և B&B-ն, վարձակալվող բնակարանները։ Դեռևս խորհրդային տարիներից քաղաքը չի ունեցել հյուրանոցային համալիր։ Քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող նախկին հյուրանոցի շենքը, որը կառուցվել է խորհդային շրջանում, ճանաչվել է վթարային և չի օգտագործվել։

2018 թվականին տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունից մեկ տարի անց, Էջմիածնում շատացել են ներդրումները։ Կառուցվում են հյուրանոցներ, խանութներ, երթևեկության համար բացվել են նախկինում փակ կամ միակողմանի փողոցները։ Էջմիածնի կենտրոնական հրապարակում կայանում են մեքենաները, զբոսաշրջիկներին բերած ավտոբուսները։

  • «ԱրտՍոն» B&B

«ԱրտՍոն» B&B-ն ընտանեկան բիզնես է: Այստեղ մեկ գիշերը նախաճաշով 7000 դրամ է, զույգի համար` 12 000: Արթուր Բարսեղյանը հյուրերի համար սենյակներ է կառուցել իր սեփական տան երկրորդ հարկում։ Այստեղ ակտիվ շրջանը ապրիլից հոկտեմբեր հատվածն է:

Օդանավակայանից դիմավորել և «ԱրտՍոն» հասցնելը անվճար ծառայություն է, որ տրամադրում են հիմնադիրները: Զբոսաշրջիկները կարող են նաև մասնակից դառնալ խոհանոցում ուտեստների պատրաստմանը:


Քաղաքի գլխավոր այցեքարտը`զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղությունը, պատմամշակութային զբոսաշրջությունն է։ Քաղաքի հինգ եկեղեցիներին կարելի է ծանոթանալ` ոտքով շրջելով, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում այցելել նաև «Էջմիածնի գանձեր» և Ռուբեն Սևակի անվան թանգարանները։

2012-2016թթ-ին Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանում գրանցվել է մոտավորապես 4321 այցելու, իսկ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում այցելուների թիվը հասել է 7800-ի:

Ըստ ՄԱՍԷ տեղեկատվական համակարգի` Մայր Աթոռի թանգարանը տարեկան ունենում է շուրջ հարյուր հազար այցելու:


Էջմիածնում հայտնի է «քյուֆթաչիների փողոց»-ը, որտեղից կարող ես ձեռք բերել լավագույն քյուֆթան։ Փողոցը գտնվում է հին շուկայի թաղամասում, որտեղ կառուցվում են երկու նոր հյուրանոց։ «Քյուֆթաչիների փողոցը» կարող է դառնալ քաղաքի այցեքարտերից մեկը, որտեղ զբոսաշրջիկը կարող է այցելել, համտեսել ու մասնակցել ուտեստի պատրաստմանը։


Եկեղեցիներ՝

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թթ․՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։

  • Սուրբ Գայանե եկեղեցի

Սուրբ Գայանե եկեղեցին գտնվում է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի հարավային ծայրամասում` Մայր տաճարից հարավ-արևելք: Համաձայն աղբյուրներին այն կառուցվել է 630 թ. Եզր Նիգեցի կաթողիկոսի կողմից` վկայարան-մատուռի տեղում: Ըստ Ագաթանգեղոսի` այդ մատուռը կառուցվել էր դեռևս IV դարի սկզբին Հռիփսիմյան կույս Գայանեի գերեզմանի վրա:

Եկեղեցին քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է կույսի՝ հարավարևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը: 

17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր ու լքված: Այն հիմնովին վերակառուցվել է 1652 թ․, վերականգնվել են նրա ծածկը և գմբեթը:

Սուրբ Գայանե եկեղեցու հիմքերը ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար կառույցի հարավային պարսպից դեպի դաշտ ջրահեռացման համակարգ են ստեղծել, որպեսզի ջրերը նաև ոռոգման նպատակով օգտագործվեն:

  • Սուրբ Շողակաթ եկեղեցի

Այժմյան գմբեթավոր դահլիճի հորինվածքով եկեղեցին կառուցվել է 1694 թ իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից Նահապատ Կաթողիկոսի օրոք, բայց հատակագծի ձևը և համաչափությունները բնորոշ են վաղ միջնադարի կառույցներին, ինչից ենթադրում ենք, որ Շողակաթ եկեղեցին կառուցվել է 6-7-րդ դդ․ ավելի վաղ շինության հիմքերի վրա։

Ըստ ավանդույթի, Շողակաթ եկեղեցին կառուցվել է այն վայրում, որտեղ մեկուսացվել և սպանվել է անհայտ անվամբ կույսերից մեկը և ուր հռիփսիմյան նահատակ կույսերի վրա “Շող է կաթել”:

Եկեղեցին ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։

  • Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի կենտրոնական մասում: Այն կառուցվել է 1767 թվականին երջանկահիշատակ Սիմեոն Երևանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք: Եկեղեցու կառուցման ճշգրիտ թվականի մասին կա մի քարե արձանագրություն, որը, ըստ վկայության, Սիմեոն Կաթողիկոսը գրել է տվել Ավագ Սեղանի նորոգության ժամանակ և զետեղել է եկեղեցու ներսի պատերից մեկում: Եկեղեցին նախապես կառուցվել է փայտակերտ, որն անշուշտ չէր կարող երկար դիմանալ ժամանակի քայքայիչ ազդեցություններին: Ուստի, ըստ վերոհիշյալ վկայության, եկեղեցու փայտակերտ կառուցումից մեկ դար հետո այն փոխարինվել է քարակերտ կառույցի:

  • Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Սբ. Հռիփսիմե եկեղեցին գտնվում է քաղաքի արևելյան մասում:

Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա  կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին:  

Կույսերի նահատակման տեղում,  հետագայում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցում են վկայարան` կիսագետնափոր հանգստարան, վրան` քարաշեն չորս սյուներով ամպհովանի: Գր. Լուսավորիչը Հռիփսիմեին և մյուս կույսերին դասում է սրբերի շարքը, իսկ նրանց նահատակման օրը մտցնում եկեղեցու տասնյակի մեջ: Հետագայում` 618 թ., վկայարանի վրա Կոմիտաս Ա. Աղցեցի կաթողիկոսը կառուցում է Հռիփսիմեի եկեղեցին, որի մասին պահպանվել են Կոմիտաս կաթողիկոսի շինարարական երկու արձանագրությունները:

Աղբյուրներ՝

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: