Վայոց ձոր՝ Ռինդի ժայռափոր եկեղեցի, Խոտակերաց վանք

Հայաստանի իմ ամենասիրելի մարզերից մեկը Վայոց ձորն է: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Վայոց ձորի հրաշալիքներն անվերջ են: Անհնար եմ համարում դրանց մասին մեկ հոդվածով գրելը. հաստափոր մի գիրք կստացվեր, կամ գուցե հատորներ: Այստեղ կխոսենք թվով քիչ, բայց շատ տպավորիչ վայրերի մասին, որոնք գտնվում են Վայոց ձորում:

  • Ռինդի ժայռափոր եկեղեցի

Ենթադրաբար Ռինդի ժայռափոր եկեղեցին կառուցվել է 13-14-րդ դարերում: Գտնվում է դժվարամատչելի բարձունքի վրա։ Հավանական է, որ առաստաղը պատված է եղել որմնանկարներով։ Կառույցի հատակագիծը կլոր է, որի տրամագիծը մոտ 8 մետր է, բարձրությունը՝ 10 մետր։ Դուռը եղել է արևմուտքում, որի վերևում եղել է մեկ ոչ մեծ լուսամուտ, իսկ այդ լուսամուտից վեր երկու մեծ լուսամուտներ են փորված։ Խորանի ու նրան հարող պատերի ստորին մասը քայքայված է, բայց քիվ-երիզից ներքև երևում են ժայռի մեջ փորված պահոց-խորշերի վերին մասերը:

Եկեղեցուց մի քանի տասնյակ մետր արևելք կան խաչքարեր և խաչքարերի պատվանդաններ։

  • Խոտակերաց վանք

Վայոց Ձորի մարզում գտնվում է այն վանքը, որը ըստ պատմաբան Ստեփանոս Օրբելյանի կառուցել է հայոց Աշոտ իշխանը և հավաքել է այդտեղ խոտաճարակ (միայն բույսերով սնվող) ճգնավորներին: Այդ իսկ պատճառով վանքը ստացել է իր անվանումը` Խոտակերաց: Կառուցվել է 10-14-րդ դարերի ընթացքում։ Իզոլացված վանքը տեղակայված է Խաչիկ գյուղի հյուսիս-արևմտյան մասում, սարահարթի վրա:

Այս վանքում է դարեր շարունակ պահվել Քրիստոսի Խաչափայտի մի մասունքը, որը հիմա գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի գանձարանում։ Ըստ Ստափանոս Օրբելյանի այն “ահարկու և աստվածահրաշ սուրբ նշան է, որ խոտակերաց խաչ է կոչվում”։

Պատկանում է խաչաձև գմբեթային կառույցների տիպին: Ցավոք, ներկայիս դրությամբ այն գտնվում է կիսաքանդված վիճակում, պահպանվել են միայն Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցու պատերը, իսկ գմբեթը և մյուս օժանդակ մասերը փլված են: 

Վանքի երկրորդ անունն է Քարակոփ, քանզի այն պատրաստված է կոփածո քարերից։

  • Ելփինի ժայռեր

Ելփինի դամբարանադաշտը ձգվում է Երևան-Եղեգնաձոր ճանապարհի աջ և ձախ կողմերում: Ճանապարհաշինության ժամանակ ավերվել են մի շարք դամբարաններ, ինչն էլ հիմք հանդիսացավ դամբարանադաշտը հայտնաբերելու համար: Դատելով ավերված հատվածից՝ դամբարանային կառույցները ներկայացված են փոքր չափի քարերից կազմված զրահով դամբարանաբլուրներով: Մակերեսին երևում են կրոմլեխների հետքեր, ցրված են վանակատե արտեֆակտներ: Տարածքը յուրացված է եղել նաև միջնադարում, ինչի մասին վկայում է XII-XIII դդ. բնորոշ վերգետնյա խեցեղեն նյութը: Այս հուշարձանը նորահայտ է, բացակայում է Հուշարձանների պետական ցուցակում:

Ելփինի վիշապաձև ժայռերում վեր են խոյանում հսկայական, անհայտ ծագման, ժայռափոր աստիճաններ։ Բարձունքում կա մի բնական պատվանդան, որը շատ նման է զոհասեղանի։ Ենթադրաբար այդտեղ կատարվել է զոհաբերություն կենդանու կամ հեղման տեսքով՝ ջրի, գինու, կաթի։

Դատելով և՛ առասպելական համակարգի կառուցվածքից, և՛ ընդհանուր տրամաբանությունից ժայռը այն տարածքն էր, որտեղ պիտի մտներ մահացող հերոսը (արքան) վերածնվելու համար։ Իզուր չէ որ դամբարաններում հանգուցյալին տեղադրում են կծկված վիճակում՝ կողքի վրա պառկած աջ կամ ձախ։ Սաղմնային դիրք էին տալիս հանգուցյալին, որպեսզի նա նորից վերածնվի կամ աստվածանա և նմանվի իրենց գերեգույն աստված Խալդիին։

Աղբյուրներ՝

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: