Թեպետ Արագածոտնի մարզում գտնվում են մեծ թվով հուշարձաններ, մարզը զբոսաշրջային տեսանկյունից շա՜տ քիչ է զարգացած, իսկ տեղի հուշարձանները զբոսաշրջային փաթեթների մեջ շատ չեն հանդիպում: Սակայն շատ սխալ է զբոսաշրջային կազմակերպությունների կողմից այս մարզին աչքաթող անելը, քանզի Արագածոտնի մարզում գտնվող հուշարձանների հայտնիացումը կարող է Հայաստանում զբոսաշրջության զարգացման հսկա մի հենարան դառնալ:
Ներքևում դնում եմ SWOT վերլուծությունից մի հատված, որը զբոսաշրջության տեսանկյունից ցույց է տալիս մարզի ուժեղ և թույլ կողմերը, իսկ նյութի ամբողջական տարբերակը կարող եք գտնել տվյալ հղումով: Ի դեպ, խորհուրդ եմ տալիս այն ամբողջությամբ ընթերցել, քանզի հետաքրքիր տեղեկատվություն, ինչպես նաև՝ նոր երթուղիներ է պարունակում:

Այս հոդվածում մենք կուսումնասիրենք Արագածոտնի մարզում գտնվող և զբոսաշրջային ներուժ ունեցող մի քանի եկեղեցիներ:
Հետաքրքիր նյութեր՝
- ԱՐԱԳԱԾՈՏՆԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԴՊՐԱՎԱՆՔԻ ՏԵՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2017-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
- ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 3-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ
- Թալին – Տարազ
- Թալինի Ս. Աստվածածին եկեղեցի
- Արագածոտն
- Հայկական պատմամշակութային կոթողները
- Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և տեղաբաշխման ժամանակակից հիմնախնդիրները
- ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ելակետային ուսուﬓասիրություն
- Թալինի (Մաստարա) շրջանը Երևանի խանության օրոք
- Երկու գոհար՝ Մաստարայի սրտում․ «Խճանկար»
Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի
Թալինի Կաթողիկե եկեղեցին վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից է: Համալիրը բաղկացած է Կաթողիկե և բազիլիկ եկեղեցիներից, պալատական կառույցից և գերեզմանոցից:

Եկեղեցու կառուցման մասին շինարարական և մատենագիտական տեղեկություններ չկան, սակայն, ըստ նրա հատակագծային կերպարի, վերձիգ ծավալների, արտաքին հարդարանքի, վերագրվում է VII-րդ դարին: Այն համարվում է այդ դարերում կառուցված Թալին գյուղի ամենամեծ կրոնական համալրիը: Ըստ որոշ աղբյուրների, սկզբնապես տաճարը ուղղափառ է եղել:
Կաթողիկեի պատերի վրա եղած մի քանի արձանագրություններից վաղագույնը թվագրվում է 784 թ․ և վերաբերում է Ուխտատուր վանականի միջոցներով Թալին ջուր բերելու խնդրին:
Թալինի Կաթողիկեն գմբեթավոր բազիլիկ է, ճարտարապետական հորինվածքով նման է նույն դարի սկզբներին Դվինում վերակառուցված Կաթողիկե տաճարին, սակայն կրում է ժամանակի նորամուծությունները, ինչպես օրինակ՝ գմբեթի առագաստային փոխանցումը, ճոխ դեկորատիվ հարդարանքը և այլն:
Եկեղեցու արտաքին հարդարանքն աչքի է ընկնում շքեղ քանդակազարդերով, որով էլ Կաթողիկեն տարբերվում է V-VII դարերի մյուս հայկական եկեղեցիներից, որոնց բնորոշ է համեստությունն ու զարդերի բացակայությունը: Եկեղեցու ներքին պատերը զարդարվել էին որմնանկարներով` Մովսես Եկեղեցապանի պատվերով: Նրանցից շատերը չեն պահպանվել, բայց այսօր կարելի է տեսնել գլխավոր խորանի վերին մասում պահպանված որմնանկարների հատվածները, որտեղ պատկերված են Հիսուս Քրիստոսը, Մարիամ Աստվածածինը և սրբերի դիմապատկերները:
Կաթողիկեից արևմուտք և հյուսիս ընդարձակ տարածություն է գրավում IV-VII և հետագա դարերի նեկրոպոլիսը, ուր եղել են բազմաթիվ քառակող, պատվանդանավոր կոթողներ՝ բազմազան տարազներով մարդկանց (նաև՝ մերկ, վարազի գլխով), թեմատիկ և այլ բարձրաքանդակներով:
Թալինի Կաթողիկե եկեղեցին ունի զբոսաշրջային մեծ գրավչություն և ներուժ։ Այդ ներուժը լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքներ։ 2019 թ-ին Արագածոտնի մարզի աշխատանքային խումբը արել է բարեկարգման աշխատանքների հետևյալ առաջարկությունները՝
- Արագածոտնի մարզով անցնող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի երկայնքով տեղադրել դեպի մարզի պատմամշակութային հուշարձաններ ուղղորդող վահանակներ (խնդրի հասցեատեր՝ Տարածքային կառավարման և ենթակառույցների նախարարություն և Զբոսաշրջության պետական կոմիտե)
- Պատրաստել հեռուստա և ռադիոհոլովակներ, տեղադրել գովազդներ սոցիալական հարթակներում մարզի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ (խնդրի հասցեատեր՝ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ)
- Կատարել Թալինի Կաթողիկե եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքներ (խնդրի հասցեատեր՝ Թալինի համայնքապետարան)։
Հետաքրքիր նյութեր՝
- ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
- ԹԱԼԻՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
- ԹԱԼԻՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ
- Թալինի Կաթողիկե Եկեղեցի, Թալին, Հայաստան
- Թալինի Կաթողիկե
Աղբյուրներ՝
- ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ։
- ԹԱԼԻՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
- ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
- Առեղծվածային հրաշալիքներ ՝ Թալին (Կաթողիկե), Դաշտադեմ, Երերույք / Տուր փաթեթ
- Մեկօրյա ճանաչողական այց Արագածոտնի մարզ
- Թալինի Կաթողիկե Եկեղեցի, Թալին, Հայաստան
- Թալինի Կաթողիկե եկեղեցի
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Թալինի Կաթողիկե եկեղեցուց հարավ-արևելք` մոտ 200 մետր հեռավորության վրա, գտնվում է Ս. Աստվածածին եկեղեցին: Այն պահպանված է ամբողջությամբ: Արևմտյան ճակատի արձանագրությունը հավաստում է, որ 681 թ. Ս. Աստվածածին կամ Փոքր եկեղեցին կառուցել է պատրիկ Ներսես Կամսարականը (արձանագրության մեջ հիշում է նաև կնոջը՝ Շուշանին, և որդուն՝ Հրահատին): Այն խաչաձև, կենտրոնագմբեթ փոքր կառույց է և վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության ինքնատիպ դրսևորումներից է:

Եռախորան խաչաձև եկեղեցի է: Աղոթասրահի գմբեթատակ տարածությունը այս հուշարձանում ոչ թե քառակուսի է, այլ ուղղանկյուն 3.0 x 2.4 մ: Չնայած շինարարական այս անճշտությանը՝ փոխանցումը դեպի ութանիստ ցածր թմբուկն ու գմբեթի հիմքը, կատարված է տրոմպների համակարգի օգնությամբ: Արևմտյան շքամուտքն ընդգծված է զույգ որմնասյուներին հանգչող կամարաղեղով: Իրենց ձևերով եզակի են ճակատներն ու թմբուկը պսակող քիվերը, որոնք եռաշար ատամիկավոր են: Ավերված կտուրների լանջերն ու գմբեթի վեղարը 1947–48 թթ. կատարված վերանորոգումների ժամանակ ժամանակավոր ծածկի տակ են առնված: Իսկ եկեղեցու բակում գտնվում են քառակող կոթողների բեկորներ:
Աղբյուրներ՝
- ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
- Թալինի Ս. Աստվածածին եկեղեցի
- Մեկօրյա ճանաչողական այց Արագածոտնի մարզ
Իրինդի Սուրբ Գևորգ եկեղեցի

Իրինդ գյուղը Թալին շրջկենտրոնից 14 կմ հյուսիս-արևելք է: Իրինդը և նրա շրջակայքը, բնակության համար հարմար դիրք ունենալով, ծառայել են մարդուն և օգտագործվել դեռ հազարամյակներ առաջ: Հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության եզակի նմուշներից մեկը հանդիսացող Իրինդի Ս․ Գևորգ եկեղեցին բնակավայրի կենտրոնում է:
Եկեղեցին կառուցված է վարդագույն տուֆից, ճակատների վրա՝ սրբատաշ, ունի երկաստիճան հիմնախորան: Ճակատներին կան խորշեր և կամարների գալարահյուս զարդաքանդակներ: Թմբուկի լուսամուտներն ունեն պայտաձև կամարներ: Առանց շինարարական վկայագրի, սակայն, ըստ համանման այլ հուշարձանների հետ համեմատության և զուգադրության, այն ևս թվագրվում է 7-րդ դարով:


Նույնատիպ է Եղվարդի Զորավար եկեղեցուն, բայց չափերով ավելի մեծ է: Սակայն, Եղվարդի Զորավար եկեղեցուց տարբերվում է նաև ավանդատների առկայությամբ և կիսաշրջան 7 աբսիդների հավասարաչափությամբ: Իրինդի եկեղեցու ութանիստ թմբուկի բոլոր նիստերին տեղավորված են եղել կամարակապ մեկական լուսամուտներ` ներքևինների հետ միասին ապահովելով աղոթասրահի առատ լուսավորումը:
Աղբյուրներ՝
- ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
- Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի գիտական աշխատություններ
- Իրինդի Ս. Գևորգ եկեղեցի
Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի
Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ, հռիփսիմեատիպ հուշարձաններից առանձնացող՝ Գառնահովիտ գյուղի Ս. Գևորգ եկեղեցին թվագրվում է VI-VII դդ.: Կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան կառույց է: Խորաններից արևելյանն ու արևմտյանը, մյուս երկուսի հետ համեմատած, բավական լայն են: Աղոթասրահի չորս անկյուններում տեղադրված են հավասարաչափ, քառակուսի հատակագծով ավանդատներ: Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան ճակատներից: Եկեղեցու հորինվածքում իշխող է գմբեթի թմբուկը: Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթ իրականացված է մեծ ու փոքր 4 լրացուցիչ տրոմպների միջոցով: Թմբուկը աչքի է ընկնում նաև որմնախորշերի և լուսամուտների առատությամբ:

Եկեղեցու դեկորատիվ հարդարանքն են կազմում խաղողի ողկույզներով, ատամնաշարերով, կրկնաշար տերևիկներով քանդակազարդ քիվերն ու լուսամուտների պսակները:
Հետաքրքիր նյութեր՝
- Գառնահովիտ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին և խորհրդային տարիներին. Թալինի շրջան
- Գառնահովիտ գյուղ
- Եկեղեցիներ
Աղբյուրներ՝
Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի
Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին գտնվում է Երևանից 86 կմ հեռավորության վրա: Ըստ հարավային և արևմտյան ճակատների շինարարական արձանագրության, եկեղեցին կառուցել է Գրիգորաս վանականը VII դ., Թեոդորոս Գնունյանց եպիսկոպոսի օրոք: Պատմության մեջ այդ եպիսկոպոսը հիշատակվում է որպես 645թ. Դվինում կայացած եկեղեցական ժողովի մասնակից:
Եկեղեցու թվագրման հետ կապված կան տարբեր տեսակետներ: Որոշ մասնագետներ կարծում են, որ տվյալ արձանագրությունը վերաբերում է եկեղեցու VII դ. վերականգնմանը, և, ելնելով եկեղեցու ճարտարապետաշինարարական հատկանիշներից՝ ճարտարապետական հնավանդ ձևերից, եկեղեցին վերագրում են ավելի վաղ ժամանակաշրջանի՝ V դ.: Տարեթվերի շփոթության պատճառը, հավանաբար, «շինել» բառի սխալ մեկնաբանումն է: Պատմական աղբյուրներում այն օգտագործվում է ինչպես «կառուցել», այնպես էլ «վերակառուցել» իմաստով:
Սկզբնապես կառուցված է եղել շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով, իսկ VII դ. նորոգվել է նարնջադեղնավուն քարերով: 891թ. Արտավազդ քահանայի որդի Սարգիսը վերանորոգեց եկեղեցու հարավային մուտքը: XVIII դարում եկեղեցին պարսպապատվեց և դարձավ ամրոց, սակայն 1889 թ. եկեղեցու պարիսպը քանդվեց և գյուղի քահանայի կարգադրությամբ սկսվեցին վերականգնողական աշխատանքները:
Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճարտարապետական ոճը լուսաբանում է անցումային շրջանը, երբ պարզ եկեղեցական հորինվածքն իր տեղը զիջում է ավելի բարդ կառույցների: Այս խաչաձև գմբեթավոր եկեղեցին տրոմպների վրա տեղադրված հսկայական գմբեթ ունի (տրամագիծը – 11,2 մ.): Համաձայն միջնադարյան ճարտարապետության կանոններին, եկեղեցու պատերը գրեթե զրկված են որևէ հարդարանքից:
Ըստ ավանդության, այստեղ են թաղված Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները, որոնք Կեսարիայից Մաստարա է բերել Գրիգոր Լուսավորիչը: Այստեղից էլ գալիս է գյուղի և եկեղեցու անվանումը`«մաս» (մասունք բառից) «տարա»:

Ս. Հովհաննես եկեղեցին կենտրոնագմբեթ, քառախորան կառույց է: Աղոթասրահը քառանկյունի է: Եռաստիճան տրոմպների վրա բարձրանում է հսկա գմբեթը՝ ութանիստ թմբուկով: Խորաններից երեքը ներսից պայտաձև են, իսկ դրսից՝ հնգանիստ: Ավագ խորանի երկու կողմերում ավանդատներն են: Մուտքերն արևմտյան և հարավային խորաններից են:
Եկեղեցու հարդարանքը՝ բարավորների հավասարաթև խաչերը, քերովբեների գծաքանդակները, զույգ թռչուններով խաչաքանդակը, կամարակապ պսակի վրա աղավնիների բարձրաքանդակները, բնորոշ է վաղ միջնադարյան (V դ.) հայ ճարտարապետությանը:
Հետաքրքիր նյութեր՝
Աղբյուրներ՝
Արուճի Սուրբ Գրիգոր / Կաթողիկե եկեղեցի
Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից Արուճի տաճարը գտնվում է գյուղի արևելյան մասում: Ըստ մատենագրական տեղեկությունների և եկեղեցու արևելյան ճակատին պահպանված շինարարական արձանագրության, Արուճի տաճարը կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանը՝ կնոջ Հեղինեի հետ, VII դ. 60-ական թվականներին: Արձանագրության համաձայն, եկեղեցու շինարարությունը սկսվել է 662թ-ին, ըստ մատենագրական վկայությունների` ավարտվել 666-ին. օծել է Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին (661–667): Չնայած եկեղեցին հայտնի է Սբ․ Գրիգոր անվամբ, եկեղեցու վրա գտնվող արձանագրությունների մեջ այն հիշատակվում է որպես Կաթողիկե։
Պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի կառույցներին: Եկեղեցին կանգնած է եռաստիճան գետնախարսխի վրա: Ս. Կաթողիկե եկեղեցին, իր չափերով, վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է: Մուտքերը հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերից են: Կառուցված է սև, սրբատաշ տուֆ քարով: Արուճի տաճարի դերը հայկական ճարտարապետության մեջ նշանավորվում է իր որմնանկարներով, որոնք հայկական վաղ միջնադարյան մոնումենտալ գեղանկարչության լավագույն օրինակներից են: Երբեմնի հարուստ որմնանկարներից պահպանվել են որոշ հատվածներ, որոնք վկայում են VII դ. Ստեփաննոս նկարչի կատարողական բարձր վարպետության մասին:
Գմբեթարդում պատկերված է եղել «Օրենք տվող Աստծու» պատկերագրական և Ավետարանում շարադրված «Համբարձման» տեսարանի համատեղումը ներկայացնող հորինվածք: ատկապես տպավորիչ է եղել Քրիստոսի մեծադիր պատկերը, որը սկզբնապես 7 մ բարձրություն է ունեցել (պահպանվել է միայն ծնկից ներքև եղած հատվածը): Զարդարուն պատվանդանին կանգնած Քրիստոսը ձեռքին ուներ Հովհաննեսի Ավետարանից վերցված քաղվածքով (Հովհ. 14.21) հայագիր մագաղաթագալար: Պատկերի առանձին մանրամասեր եղել են ոսկեզօծ: Քրիստոսից ցած, պատվանդանի հավասարությամբ, ողջ խորանը երիզված է խոշոր ականթազարդերից կազմված լայն գոտիով` կատարված հայ հելլենիստական արվեստի ավանդույթներով և մեծ վարպետությամբ: Զարդագոտուց ներքև, Ավագ խորանի երկու կողմերի պատերին եղել են ձեռքերին գրքեր պահած առաքյալների պատկերները (հս. պատին պահպանվել են միայն նրանցից վեցի պատկերները):
Արուճի տաճարի հարավային կողմում, 1947-1952 թթ. պեղումների ժամանակ (ղեկ.՝ Վ. Հարությունյան) բացվել են իշխան Գրիգոր Մամիկոնյանի VII դ. 60-ական թվականների պալատական կառույցի և տաճարից հարավարևելք գտնվող բազիլիկ շինության ավերակները:
Հետաքրքիր նյութեր՝
- Արուճի Ս. Գրիգոր եկեղեցի (նկարներ)
- Արուճի տաճար (Սուրբ Գրիգոր եկեղեցի) – Թալինի Կաթողիկե եկեղեցի – Գյումրի քաղաք – Սև բերդ – Հառիճավանք
- Արուճի վաղմիջնադարյան համալիրը
- Պատմության ոտնահետքերով. Արուճ
- Արուճի հնավայրը
- ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ (ԱՐՈՒՃ) /նկարներ/
Աղբյուրներ՝
- Մեկօրյա ճանաչողական այց Արագածոտնի մարզ
- Արուճի Ս. Գրիգոր եկեղեցի (նկարներ)
- ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ (ԱՐՈՒՃԻ ՏԱՃԱՐ)
- ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ (ԱՐՈՒՃ) /նկարներ/
Leave a Reply