Design a site like this with WordPress.com
Get started

Խորանաշատ

Երևանից մոտ 279 կմ հեռավորության վրա է գտնվում Խորանաշատ վանքը, վերջինս գտնվում է սահմանից 1.5-2 կմ հեռավորության վրա՝ տարածքում, որը հաճախակի է գնդակոծության ենթարկվում Ադրբեջանի կողմից: Այդ իսկ պատճառով վանքի դռները բացվում են միայն տարին մեկ՝ մայիսի 2-ին, երբ հարևան գյուղերից մարդիկ հավաքվում են եկեղեցում մասնակցելու Պատարագին և հիշելու հանգուցյալներին (2013 թ):

Խորանաշատ վանքը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից 1 կմ հյուսիս-արևելք, սարի անտառապատ լանջին: Հիմնել է Հովհաննես Վանական Վարդապետը, ով եղել է Մխիթար Գոշի աշակերտը, Վահրամյանների իշխանական տան ներկայացուցիչ Վահրամ Բ Գագեցու հովանավորությամբ XIII դարի առաջին կեսին: Խորանաշատ է կոչվել տասը խորան ունենալու համար։

Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում Սուրբ Աստվածածին և Սուրբ Կիրակի եկեղեցիները, կիսավեր մատուռը, վանական խցերը և երկու գերեզմանոցները: Համալիրը շրջապատված էր պարսպապատերով (այժմ կիսավեր): Այժմ պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, Գավիթը, Սուրբ Կիրակի գմբեթավոր մատուռի մնացորդները, պարսպի հատվածները և գերեզմանտունը։

Գլխավոր եկեղեցին քառանկյուն հատակագծով, գմբեթավոր, մեկ զույգ մույթերով, կիսաշրջանաձև արևելյան խորանով և զույգ երկհարկ ավանդատներով կառույց է: Ութանիստ բարձր թմբուկի նիստերը ծածկված են աստղի և շեղանկյուն ձևերի ջնարակված սալիկներով: Սրածայր վեղարով պսակված գմբեթը կրում են սլաքաձև կամարներով միացված մույթեր և ութ որմնամույթեր: Եկեղեցու պատերը ներսից սվաղված են կրաշաղախով, հարդարված են վրացատառ և հունատառ մակագրություններ ունեցող որմնանկարներով, ինչը վկայում է վանքի պատկանելությունը հայ քաղկեդոնականներին:

Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1211-1222 թթ., վարդագույն սրբատաշ քարից: Գմբեթավոր դահլիճի տիպի կառույց է: Եկեղեցու անսովոր լայն կիսաշրջան ավագ խորանը մասնատված է 14 խորշերով, որի երկու կողմերում տեղադրված են երկհարկանի ավանդատներ: Այստեղ պահպանվել են 1216 թ. և 1220 թ. արձանագրություններ: Ուներ չորս խորան նախագավթում, չորսն էլ` բեմի աջ և ձախ կողմերում, որոնց պատճառով եկեղեցին ստացել է Խորանաշատ անունը:

Գավիթը կառուցվել է 1251 թ., կից է եկեղեցուն արևմտյան կողմից: Քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով շինություն է, որի ծածկը իրականացված է երեք զույգ փոխհատվող կամարների կառուցվածքային սկզբունքով: Գավթի արևելյան կողմում կան երկու երկհարկանի խորաններ, իսկ արևելյան պատը մասնատված է 12 կիսաշրջան խորշերով: Արևմտյան որմը եկեղեցու Ավագ խորանի նման խորշազարդ է: Արևմտյան շքամուտքը հարդարված է կենդանակերպ բարձրաքանդակներով, իսկ հարավային պատին կա արևի ժամացույց: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում գավթի ծածկը: 3 զույգ կամարները փոխադարձաբար հատվում են նրա կենտրոնական մասում պատկերելով վեց թևանի աստղ:

Ս. Կիրակի մատուռը ХIII դ. փոքր գմբեթավոր կառույց է: Գտնվում է Ս. Աստվածածին եկեղեցու հարավային կողմում: Նրա արևելյան կողմում Ս. Ճգնավոր մատուռի ավերակներն են, միջնադարյան գերեզմանը, որտեղ գտնվում է քանդակազարդ թևավոր խոշոր խաչքարը (ենթադրվում է, որ այն վանքի հիմնադիր Վանական Վարդապետի (վախճանվել է 1251 թ.) գերեզմանաքարն է) և բազմաթիվ միջնադարյան տապանաքարեր:

Խորանաշատ վանական համալիրը միջնադարում եղել է գրչության նշանավոր կենտրոն, որտեղ գրչագրվել են ХIII-ХVII դդ. բազմաթիվ ձեռագրեր, որոնց մի մասը պահպանվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, այդ թվում «Մատյան ողբերգության», «Նարեկ», «Մաշտոց» ձեռագրերը: Վանքում ստեղծվել է նաև Ավետարանի ձեռագիրը, որը ենթադրաբար գրվել է հնադարյան Արցախում, Ուտիքում: Այդ Ավետարանում նկարագրված «Խորհրդավոր ընթրիքը» նմանօրինակը չունի (հիմա պահվում է գերմանիայի Հալլե քաղաքում)::

Խորանաշատի վարդապետարանը եղել է պատմագրական թեքում ունեցող դպրոց, որտեղ ուսանել են 7-8 տարի։ Դասավանդել են պատմություն, աստվածաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, երաժշտագիտություն, քերականագիտություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, բնագիտություն, բուսագիտություն, նաև ընդօրինակել ձեռագրեր։ 

Այստեղ գործել են նաև մի շարք նշանավոր դեմքեր, Վանականի աշակերտներ` պատմիչներ Կիրակոս Գանձակեցին, փիլիսոփա Վարդան Արևելցին, պատմաբան Գրիգոր Ակնեցին, Ստեփանոս Աղթամարցին, կաթողիկոս Գրիգոր Ախթամարցին և ուրիշներ: Վանականից հետո վանքի դպրոցը գլխավորել են Գրիգորիս և Պողոս վարդապետները:

Վահրամյաններն ու Խորանաշատը

Վահրամյանները միջնադարյան Հայաստանում գործել են 1190-1300-ական թվականներին։ Կրել են իշխանաց-իշխան տիտղոս-կոչումը։ Նրանց իշխանության սահմանները ձգվել են Գագի բերդից մինչև Շամփոր, Կուրից մինչև Սևանա լեռներ։ Մայրաքաղաքը եղել է Գագը, հոգևոր կենտրոնը՝ Նոր Վարագավանքը, իսկ մշակութային կենտրոնը՝ Խորանաշատը։ Վահրամյանները պատկանել են Զաքարյան արքայատոհմի կրտսեր ճյուղին։ Սերում են Սարգիս Զաքարյանի եղբայր Վահրամ Ա-ից, որի անունով էլ տոհմը ստացել է Վահրամյաններ անունը։ Զաքարյանները (այդ թվում Վահրամյանները) տարբեր առիթներով շեշտել են, որ իենք Բագրատունիների սերունդից են և որպես իրավահաջորդ՝ ժառանգեցին նաև Բագրատունիների զինանշանը։ Մեզ են հասել Վահրամյանների զիանանշանի երկու օրինակներ։ Դրանք գտնվում են Խորանաշատի Սբ․ Աստվածածին եկեղեցու արևելյան պատին և գավթի արևմտյան պատին։

Սբ․ Աստվածածին եկեղեցու արևելյան պատին պատկերված է արծիվ, որը ճանկերում ինչ-որ կենդանի է բռնել։ Դատելով կենդանու տեսքից այն կարող է լինել աղվես։ Արծիվը խորհրդանշում է Վահրամյաններին։ Արծվի թևերը բաց են, թռիչքի պահին, վեհ։ Իսկ աղվեսը սելջուկ-թուրքերն են՝ խորամանկ ու նենգ։

Գավթի արևմտյան մասում գտնվող զինանշանը պատկերված է մուտքից վերև։ Պատկերված են երկու նստած առյուծներ, իսկ կենտրոնում մարդ, որը բռնել է առյուծների վզին ագուցված շղթան։ Պատկերված մարդը իշխանական տեսք ունի, շքեղ հագուստով է։ Առյուծները կարող են լինել հայր և որդի Բլուզ Զաքարե Ա-ն և Վահրամ Բ Գագեցին, իսկ մարդը՝ իշխանական տան հիմնադիր Վահրամ Ա-ն։

Աղբյուրներ՝

Հետաքրքիր նյութեր՝

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: