Ճամփորդությունը դեպի Սևաբերդ իրականացավ հունվարի 11-ին, որը չտևեց շատ երկար, բայց շատ լավը եղավ: Շուրջս ձնով պատված տարածք, ուրախ մարդիկ ու կապույտ երկինք: Սիրուն էր… Շա՜տ սիրուն:

Երևանից շատ հեռու չէր գտնվում, բայց կարծես մեկ այլ երկրում լիներ. եղանակը տարբեր էր: Կամ էլ Երևանն է լրիվ առանձին երկիր: Մայրաքաղաքում ձյունը տեղ-տեղ, շատ քիչ է մնացել, եթե իհարկե մնացել է, կարծես գարնան սկիզբը լինի, իսկ Սևաբերդում մինչև ծունկ ձյուն էր: Դեմ չէի լինի ամբողջ ձմեռս այդտեղ անցկացնել: Կարոտած էի ձյան սպիտակին, ձյանը, իրական ձմռանը:


Մի փոքրիկ բարձունք կար, որտեղ ձյան շերտը չափազանց խորն էր, ինչի պատճառով քայլել չէր լինում ու միանգամից ընկնում էինք: Ես և Աստղը որոշեցինք հաղթահարել այդ մարտահրավերը, որ ինքներս մեր առաջ դրեցինք, իսկ արդյունքը միանշանակ արժեր չարչարանքը: Գեղեցկություն էր, ոտք չկպած ձյուն, լռություն, քամի ու գորշ երկինք: Կատարելություն ինձ համար: Շատ հեռու չէինք երեխեքից, խմբից, բայց ձյունը այնքան սահուն էր կլանում ամբողջ աղմուկը, որ մենք տարբեր աշխարհներում էինք գտնվում մի պահ: Այն պահը, երբ վերևում էինք: Որոշեցինք փակել մեր աչքերը, պարզեր ձեռքերը մեր երկու կողմերը ու զգալ քամին, լսել դրա մեղեդին: Զեփյուռ էր՝ նուրբ, մտերիմ… Մեր ընկերը դարձավ: Հետո միասին ընկանք գետնին ու ձնեհրեշտակ կերտեցինք, կամ նկարեցինք ձյան մաքուր շերտի վրա: Ձնեմարդ պատրաստել չստացվեց. շատ փափուկ էր ձյունը, բայց հաճույքը մեկ է կար: Ձյունը հրաշք է:

Իջնել որոշեցինք, երբ քամի սկսվեց. ցուրտ էր արդեն: Գլորվելով իջանք, քանզի ուզում էինք այդ զգացումն էլ փորձել: Դրանից հետո ես խմբի հետ շատ չմնացի. սառել էի ու ծարավ էի: Գնացի հետ ավտոբուս, բայց րոպեներ անց խումբն էլ եկավ ու մենք հետ վերադարձանք:


Leave a Reply