Ջրափի գյուղը գտնվում է Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 32կմ հեռավորության վրա։ Ջրափի է վերանվանվել 1947թ. ին: Նախկինում ունեցել է Չըռփլի, Չորթուլի, Ջրարփի, Քյորփիլու, Կեկաչ, Դեղաճ անվանումները: Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով Ջրափի գյուղը ստեղծվել է 1974թ-ին Ներքին և Վերին Ջրափի գյուղերի ապաբնակեցվելուց հետո:
Բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բուլանըղի, Մուշի, Էրզրումի շրջաններից:
Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա սարահարթում` ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են:
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 645հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 189 և 1006 հեկտար: Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ: Նախկինում համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքերը, որոնք կրճատվել են 1988 թ-ի երկրաշարժի արդյունքում Սպիտակի գործարանի փլուզման պատճառով: Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Տեսարժան վայրեր, հուշարձաններ՝
- Ջրափիի քարավանատուն
Ջրափիի քարավանատունը 10-11 դդ. կառույց է և պատկանում է միադահլիճ-եռանավ կամարակապ տիպին։ Կառուցված է հիմնովին սև սրբատաշ տուֆաքարերից, կրաշաղախով, իսկ հատակը՝ քարե սալիկներով։ Ըստ երկայնքի՝ երկու շարքով տեղադրված են եղել 8-ական հաստահեղույս մույթեր, որոնք դահլիճը բաժանում են 3 նավի և միացված են իրար կամարներով։
Քարավանատունը կառուցվել է Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա։ Այս քարավանատունը Ախուրյանի վրա ձգված հանրահայտ Չրփլիի կամրջի հետ միասին, որ սպասարկում էր հին առևտրական ճանապարհը, անտարակույս միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության առաջնակարգ հուշարձաններից է։
- Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1862 թվականին, այն ժամանակվա Վերին Ջրափի գյուղում՝ առանց զանգի ու զանգակատան։ 1900 թվականից հետո է միայն եկեղեցին զանգ ունեցել, բայց շատ կարճ ժամանակով։
1930-ականներին, երբ եկեղեցիներ էին պայթեցվում, խաչերն ու զանգերը գմբեթներից հանվում, այս եկեղեցին էլ իր զանգը կորցրեց, վերածվեց պահեստի։ Ջրափիի եկեղեցու զանգը հանվել էր ու անհետացել։ Հենց Թուրքիայի սահմանին գտնվող գյուղում պատարագները շուրջ 1 դար լուռ էին անցնում։ Անիի տարածաշրջանի 8 գյուղերի հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանի խոսքերով՝ գյուղից իրենք ամեն օր տեսնում են մեր պատմական հայրենիքը, լսում մոլլայի ձայնը, բայց հայկական հողի վրա չունեին զանգ, որ հնչեցնեին՝ ցույց տալու համար, որ քրիստոնեական հողում են ապրում։
Ջրափիի եկեղեցու զանգը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում է ձուլվել՝ հարևան գյուղերի եկեղեցիների զանգերի նմանությամբ: Իսկ նոր զանգ ունենալու նախաձեռնությունը Անտոնյաններինն է, ովքեր Մուշից Ջրափի գաղթած հայ ընտանիքի ժառանգներ են:
Անուշ Անտոնյանի խոսքերով՝ զանգը իրենք նվիրում են պապի՝ Սանդրոյի և մայրիկի՝ Ռոզայի հիշատակին, ովքեր այս գյուղում են ապրել։ Սանդրոն եղել է հայդուկապետ Տարոնի գավառում, կռվել Անդրանիկի բանակում։ Նրա մասին գյուղացիների ունեցած տեղեկությունները կցկտուր են, հայտնի է միայն, որ 1937 թվականին Սանդրոյին սպանել են բոլշևիկները։ Զանգի տեղադրմամբ հայդուկապետի ժառանգները նաև իրենց պապի մասին են հիշեցնում նոր սերնդին։
Սուրբ Աստվածածին եկեղեցին 1974 թվականին՝ Ախուրյանի ջրամբարի կառուցման ժամանակ, տեղափոխվել է Ջրափի գյուղի նախկին տարածքից ու համարակալված քարերով վերակառուցվել է։ Հուշարձաններով հարուստ գյուղից քիչ բան է տեղափոխվել, շատ կոթողներ ջրի տակ են մնացել։ Այս մասին պատմում է արտակարգ իրավիճակների նախարարը։ Ֆելիքս Ցոլկակյանը ծնունդով Ներքին Ջրափի գյուղից է:
Այստեղ լինելու էր ջրամբարի տարածքից տեղափոխված հուշարձանների համալիր։ Բայց Շիրակավանի, Երազգավորսի, Վերին Ջրափիի եկեղեցիներից մի քանի քար է միայն տեղափոխվել, մնացածը մինչ օրս ջրի տակ է: Թեև 70-ականներին այս մասին ոչ ոք չէր խոսում, իսկ փաստաթղթերում բոլոր եկեղեցիները տեղափոխված էին:
Ըստ Ֆելիքս Ցոլակյանի, Շիրակավանի եկեղեցու գմբեթը 1970-ականներին ջրի տակից լույս է տվել, սրանով էլ բացահայտվել է խաբեությունը։ Պարզվել է, որ եկեղեցիները ջրի տակ են մնացել։ Այս գործով նույնիսկ մարդիկ են դատվել։ Նույնը 9-րդ դարի քարավանատանն էր վերաբերում, որից փոքր մաս է փրկվել: Գյուղացիների խոսքերով՝այս քարավանատանն իջևանել են Անի գնացող վաճառականները: Ջրափիի այս տարածքն այժմ Շիրակի մարզի զբոսաշրջային 30 ուղղություններից մեկն է:
- Ամրոց Ք.ա. 2-1 հազ. գյուղից 1 կմ աե, գյումրի տանող ճանապարհի աջ կողմում
- Դամբարանադաշտ Ք.ա. 2-1 հազ. ամրոցի շրջակայքում
- Բնակատեղի Ք.ա. 3-1 հազ. գյուղից աե
- Բնակելի համալիր ուշ անտիկ շրջան-վաղ միջնադար գյուղից դուրս, Արմավիր-Գյումրի խճուղու աջ կողմում բաղկացած է 4 մեծ կացարաններից
- Եկեղեցի 19 դ. գյուղի մեջ
- Կամուրջ 10-13 դդ. Ախուրյան գետի վրա
- Հուշարձանների համալիր հս կողմում, Գյումրի-Արմավիր ճանապարհից 300 մ աե հուշարձանները տեղափոխվել են Ախուրյանի ջրամբարի տարածքից
- Եկեղեցի 7 դ. տեղափոխված է Շիրակավանից
- Եկեղեցի 1867 թ. տեղափոխված է Վերին Ջրափի գյուղից
- Քարավանատուն 10-11 դդ. տեղափոխված է Ներքին Ջրափի գյուղից
Աղբյուրներ՝
Leave a Reply