Խոսրովի անտառ պետական արգելոցը Բնության Հատուկ Պահպանվող Տարածք է Հայաստանի Արարատի մարզում: Այն աշխարհի ամենահին պահպանվող տարածքներից մեկն է, որն ունի շուրջ 1700 տարվա պատմություն: Հիմնադրվել է 4-րդ դարում (334-338) Հայաստանի թագավոր Խոսրով Կոտակի հրամանով, ով իր անունն է տվել անտառին: Դարեր շարունակ Խոսրովի արգելոցը նշվում էր Հայաստանի պատմության մեջ որպես ազնվականների որսատեղի, և տարբեր շրջաններից, հատկապես Պարսկաստանից, բազմաթիվ ազնվացեղ կենդանիներ էին բերվում և բազմացվում արգելոցում: Խոսրովի արգելոցը ծառայել է արքայական որսի, ռազմական վարժությունների և զվարճանքի համար։
Այս տարածքը դարձել է պետական արգելոց 1958-ի սեպտեմբերին և ընդգրկում է շուրջ 23213.5 հա, որից 9.000-ը պատված է անտառներով, ծովի մակարդակից 700-ից 2800 մ բարձրությունների վրա: Խոսրովի արգելոցը տեղակայված է Գեղամա լեռնավահանի հարավային դիրքադրության և Ուրծի ու Երանոսի լեռնաշղթաների հյուսիսարևմտյան լանջերին, Ազատ և Վեդի գետերի ավազաններում:
Խոսրովի արգելոցը ստեղծվել է պահպանելու համար գիհու (Juniperus polycarpos) և կաղնու (Quercus macranthera) անտառները, չոր նոսրանտառային, կիսաանապատային և ֆրիգանային լանդշաֆտները, ինչպես նաև հազվագյուտ կենդանիների և բույսերի գենետիկ ֆոնդը: Այն ներառում է նաև միջազգային նշանակություն ունեցող ջրաճահճային վայրեր: Խոսրովի անտառային պետական արգելոցը, իր բազմաթիվ առանձնահատկությունների շնորհիվ, եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Կովկասի էկոհամակարգում:
Հետևյալ պահպանվող տարածքները գտնվում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ենթակայության տակ՝
- «Խոսրովի անտառ» պետական արգելոց, որը ներկայումս բաժանված է չորս շրջանի ՝
- Գառնիի (4253 հա),
- Կաքավաբերդի (4745 հա),
- Խոսրովի (6860,8 հա)
- Խաչաձորի (7354,7 հա)
- «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր (95,99 հա)
- «Խոր Վիրապ» պետական արգելավայր (50,28 հա)
Տարածաշրջանում արգելոցն առանձնահատուկ է իր բուսական աշխարհի տեսակային կազմի հարստությամբ և տեսակների մեծ խտությամբ: Հայաստանի 1%-ը կազմող արգելոցի տարածքում աճում է բույսերի 1849 տեսակներ (Հայաստանի բուսական աշխարհի ավելի քան 50%-ը, իսկ Կովկասի ֆլորայի մոտ 1/3), որոնք ներկայացված են 588 ցեղերով և 107 ընտանիքներով: Արգելոցի տարածքում աճող բուսատեսակներից 24 էնդեմիկ են:
Արգելոցում հանդիպում են 283 տեսակ ողնաշարավոր կենդանիներ, որից
- Թռչուններ – 192 տեսակ
- Կաթնասուններ – 44 տեսակ
- Սողուններ – 33 տեսակ
- Ձկներ – 9
- Երկկենցաղներ – 5 տեսակ:
Ողնաշարավոր կենդանիներից 58 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 51 տեսակ Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում:
Հրդեհները Խոսրովի արգելոցում
Հունիսի 18, 2020թ.
Հայաստանի ԱԻՆ-ում, 2020թ-ի հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։ Ըստ տեղաբնակ մեղվապահների հրդեհը նկատել են առավոտյան ժամին, իսկ տեղեկություն արգելոցին հայտնել են կեսօրին մոտ։
Այրվում էր գիհուտի նոսրանտառ «Խաչաձոր» և «Խոսրով» տեղամասերի տարածքում։ Ըստ արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի նախնական վարկածի, հրդեհի բռնկման հավանական պատճառը կարող է բնածին լինել․ նշված հատվածում կայծակ էր նկատվել։
Հունիսի 19-ին /2020թ./ , ժամը 05։30-ին վերսկսվեցին Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածի հրդեհաշիջման աշխատանքները։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում էր մոտ 15 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին։
Օգտագործված գրականության ցանկ՝
- Խոսրովի անտառ պետական արգելոց – 16.09.2021թ. – nabu.am
- Խոսրովի պետական արգելոց – 28.09.2021թ. – avproduction.am
- Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» արգելոցում – 28.09.2021թ. – yerevan.today
- Խոսրովի արգելոցում այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ – 28.09.2021թ. – yerevan.today
Leave a Reply