Ուխտագնացությունը՝ զբոսաշրջային ռեսուրս

Աշխարհում զբոսաշրջային ​​գրավչության օբյեկտների շուրջ 90%-ը կապված են կրոնի հետ:

Ուխտագնացային տուրիզմը պաշտամունքային նպատակներով ճամփորդություն է, հանդիսանում է տուրիզմի ամենահին ձևերից մեկը։ Նրա զարգացումը կապված է համաշխարհային երեք կրոնների առաջացման հետ։ Ուխտագնացությունը դեռ անտիկ շրջանում կազմակերպվել է հին Հռոմում և Հունաստանում: Հավատացյալները կրոնական նպատակով այցելել են մի շարք տաճարներ և իրենց հարգանքի տուրքը մատուցել աստվածներին:

Հանդիսանալով հիմնական զբոսաշրջային ուղղություններ, կրոնական ժառանգության կենտրոնները ոչ միայն խթանում են միջազգային զբոսաշրջությունը և տնտեսական աճը, այլ նաև ծառայում են որպես հարթակ տարբեր մշակույթների միջև ձևավորելու հանդուրժողականություն, հարգանք և փոխըմբռնում:

Քրիստոնեական ուխտագնացությունը ներառում է հազարավոր սրբավայրեր։ Դրանք հանդես են գալիս որպես տեսիլքների կամ հրաշագործությունների վայրեր, հոգևոր կյանքի կենտրոններ։ Հայաստանը` որպես զբոսաշրջային երկիր, ունի կրոնական և ուխտագնացության զբոսաշրջության մեծ ներուժ՝ ընդգրկելով շուրջ 1051 քրիստոնեական հուշարձաններ։

Կրոնական զբոսաշրջությունը ունի երկու հիմնական տեսակ`

  • ուխտագնացություն, որի մեջ առանձնացվում է հոգևոր ուխտագնացությունը,
  • էքսկուրսային-ճանաչողական բնույթի կրոնական զբոսաշրջություն:

Ուխտագնացության հիմնական տարբերակող հատկանիշները հետևյալն են`

  • ուխտագնացությունն իրականացնում է խորը հավատքով մարդը, ով ձգտելով իր կյանքում իրականացնել կարևոր նախաձեռնություն և պահանջում է հատուկ վերաբերմունք ուխտագնացության կազմակերպիչների կողմից,
  • ուխտագնացությունը իրականացվում է ավելի երկար ժամանակով և քանակապես շատ ավելի մեծ խմբերով, 
  • որոշ կրոններում զարգացած է ուխտագնացությունը ոտքով` քայլելով իրականացնելով ծիսակատարություն ոչ միայն սուրբ տեղերում, այլև քայլարշավի ընթացքում, 
  • ուխտագնացությունները կախված են կրոնական օրացույցից,
  • ուխտագնացության զբոսաշրջությունը հիմնականում կազմակերպվում է զբոսաշրջային ընկերությունների կողմից` համագործակցելով կրոնական կազմակերպությունների հետ:

Ընդհանուր առմամբ, էքսկուրսային ճանաչողական բնույթի կրոնական զբոսաշրջությունը տարբերվում է ուխտագնացությունից ճանապարհորդության նպատակով և հետևյալ հիմնական հատկանիշներով.

  • այցելության օբյեկտները,
  • ծառայության որակական չափանիշները,
  • էքսկուրսային ծառայության առկայությունը,
  • ճանապարհորդության ժամկետները,
  • հաճախորդների տարիքային և սոցիալական կատեգորիաների հաշվառումը, 
  • ճանապարհորդություն իրականացնողների թիվը,
  • ճանապարհորդության առանձնահատկությունները (հաշվի է առնվում կրոնական պատկանելությունը, ուխտագնացության առանձնահատկությունները):

Ի՞նչ է ուխտագնացությունը և ուխտավայրը /քրիստոնեական տեսանկյունից/

Ուխտագնացությունը երկրից դեպի Աստված հոգևոր ճամփորդություն է՝ միջնորդված սրբավայրերով: Այն կապված է սրբացած տեղի գաղափարի և դեպի այդ սրբավայրը ձգտելու մարդկային բնական զգացման հետ: Ուղղափառ պաշտամունքի մեջ սուրբ վայրեր են Սուրբերի գերեզմանները, հրաշագործ տաճարները, պատմական և կրոնական հիշարժան դեպքերի հետ կապ ունեցող տեղերը:

Ուխտավորը հավատքով և իմաստությամբ առլեցուն այն անձն է, որը քաջ գիտակցում է իր անկատարելությունն ու մեղանչականությունը և պահանջ է զգում Աստծու և սրբությունների հետ հաղորդակցվելով ոչ միայն հագեցնել իր հոգեկան ծարավը, իմաստավորել իր կյանքը, այլև զորություն ստանալ Սուրբ վայրից՝ դիմակայելու գալիք փորձություններին:

Աղբյուրը՝ ter-hambardzum.net

Զբոսաշրջային ռեսուրս են համարվում նաև ուխտագնացության վայրերը, որոնցով Հայաստանը հարուստ է: Ահա՛ Հայաստանի նշանավոր ուխտավայրերն ու հուշարձանները՝

  • Խոր Վիրապ (Լուսառատ գյուղ, Արարատի մարզ)

Խոր Վիրապը հայոց նվիրական սրբավայրերից է, ինչպես նաև հանրահայտ ուխտատեղի: Խոր վիրապի պատմությունը սերտորեն առնչվում է Հայոց դարձի, քրիստոնյա Հայաստանի՝ կրոնական, կրթական ու մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ:

Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Սուրբ Գրիգոր Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի: Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: Ամեն տարի հունիսին նշվում է Հայ առաքելական եկեղեցու նշանավոր տոներից մեկը՝ «Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապեն», իսկ մարտին նշվում է «Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ»:

Խոր Վիրապը XVII դարի Հայաստանում ձևավորված կրոնական և պաշտպանական կառույցները զուգակցող նոր համալիրի՝ վանք-ամրոցի լավագույն օրինակն է:

Հարավային պարսպին կից թաղակապ նկուղի տանիքը վերածվել է դիտահրապարակի, որտեղից բացվում է աստվածաշնչյան Արարատ լեռան համայնապատկերը: Արարատը այն բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղի ժամանակ: Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք: Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունը արձանագրված է Աստվածաշնչում (Ծննդ. 7,8): Այսպիսով Մասիսի գագաթից է սկսվել նոր՝ հետջրհեղեղյան մարդկության պատմությունը:

  • Էջմիածնի Մայր տաճար (Վաղարշապատ, Արմավիրի մարզ)

Մայր տաճարը, ըստ Ագաթանգեղոսի վկայության, կառուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝  Տրդատ Գ  թագավորի օժանդակությամբ։ Մայր տաճարն աշխարհում առաջին գմբեթավոր եկեղեցին է: XV դարից տաճարը կոչվել է Էջմիածնի Մայր տաճար: Այստեղ են պահվում Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն սրբություններ` սուրբ Գեղարդը, Թադեոս առաքյալի Աջը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Գետարգելիսբ. Նշանը, Նոյյան տապանից և Կենաց փայտից մասնիկներ, Հովհաննես Կարապետի, Պետրոս և  Անդրեաս առաքյալների, Մատթեոս և Մարկոս ավետարանիչների, Սուրբ Հռիփսիմեի և Սուրբ Գայանեի մասունքները, Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի Աջը, Սուրբ Արիստակես Ա Պարթևի Աջը,  Սուրբ Գևորգ Զորավարի, Սուրբ  Նիկողայոս Հրաշագործի մասունքները: Մայր տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է։

  • Գառնու հեթանոսական տաճար (Գառնի գյուղ, Կոտայքի մարզ)

Գառնու տաճարը՝ հին հայկական հեթանոսական տաճար է Կոտայքի մարզի համանուն գյուղում։ Տրդատ Ա թագավորը 66 թվականին թագադրվելուց անմիջապես հետո իր ուղեկիցներով վերադարձել է Հայաստան և, օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով՝ վերաշինել է ավերված Արտաշատը՝ «Հայոց Կարթագենը» և այլ բնակավայրեր։ Նա վերակառուցել է նաև Գառնու բերդը և կառուցել նոր շենքեր, այդ թվում՝ Գառնու տաճարը։

Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված ԱրեգՄիհրին։ Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում պիտի կառուցեր Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։

  • Գեղարդի վանք (Գողթ գյուղ, Կոտայքի մարզ)

Գեղարդի վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են Հայոց Առաջին Կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։

Գեղարդի վանական համալիրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է։

 «Գեղարդ» անվանումը պատճառաբանվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվել է սուրբ Գեղարդը` այն նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը։ Գեղարդը մինչև տասնչորսերորդ դարը պահվում էր Մայր Տաճարում։ Այժմ այն գտնվում Մայր Տաճարի թանգարանում։

  • Տաթևի վանական համալիր (Տաթև գյուղ, Սյունիքի մարզ)

Կարևորագույն հուշարձաններից է նաև Տաթևի միջնադարյան վանական համալիրն իր ճարտարագիտական լուծումներով և դիրքով, որը հիմնադրվել է IV դարում։ 895 թ. Տաթևի վանքը եղել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–12 թթ., իսկ փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝ Մատենադարան:

Հայաստանում ժամանակակից զբոսաշրջային ենթակառուցվածքներից է Տաթևի վանական համալիրի հարևանությամբ գործող «Տաթևեր» ճոպանուղին (5.7 կմ), որը գրանցվել էր Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես անկանգառ հետադարձելի օդային անցուղիների դասում ամենաերկարը։

  • Հաղարծնի վանք (Տավուշի մարզ, Դիլիջանի արգելոց)

Հաղարծին վանական համալիրի ամենավաղ կառույցը Սուրբ Գրիգոր եկեղեցին է: Այն կառուցվել է 10-րդ դարում: Գլխավոր եկեղեցին Սուրբ Աստվածածինն է: Կառուցվել է 1281 թվականին:

  • Գոշավանք (Տավուշի մարզ, գյուղ Գոշ)

Միջնադարյան մատենագրության մեջ հիշատակվում է նաև որպես Նոր Գետիկի վանք: Նախկինում Գետիկ գետի ափին վանական համալիր կար, որ կործանվել է երկրաշարժից: 1192-1196 թվականներին Մխիթար Գոշը նախկին վանքից ոչ հեռու հիմնեց այս համալիրը՝ կոչելով Նոր Գետիկ: Հետագայում սերունդները Մխիթար Գոշի անունը հավերժացնելու համար համալիրը նրա անունով կոչեցին Գոշավանք:

  • Հաղպատի վանական համալիր (Լոռու մարզ, գյուղ Հաղպատ)

Կառուցվել է 977 թվականին՝ Բագրատունյաց Աշոտ Գ Ողորմած արքայի կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու կողմից: Եկեղեցու շինարարը միջնադարի հայտնի ճարտարապետ Տրդատն է:

  • Սանահինի վանական համալիր (Լոռու մարզ, գյուղ Սանահին)

Գլխավոր եկեղեցին կառուցվել է 957-966 թվականներին Աշոտ Գ Ողորմած Բագրատունի արքայի և նրա կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու կողմից՝ իրենց որդիների՝ Գուրգենի և Սմբատի արևշատության համար: 

  • Սուրբ Աստվածածին կամ Յոթվերք եկեղեցի (Շիրակի մարզ, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում)

Շիրակի հոգևոր թեմի առաջնորդանիստն է: Կառուցվել է 1874-1886 թվականներին: 

  • Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Շիրակի մարզ, քաղ. Գյումրի)

Կառուցումը սկսվել է 1860-ական թվականներին, ավարտվել է 1873 թվականին: Ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է: Կառուցվել է Անիի Մայր տաճարի նամանությամբ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից եկեղեցին մասամբ ավիրվել է: Վերականգնման աշխատանքները սկսվել են 1995 թվականից և շարունակվում են մինչև օրս: Թեև եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է, սակայն, ներքին շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել: 

  • Հառիճավանք (Շիրակի մարզ, գյուղ Հառիճ)

Նախկինում հայտնի է եղել նաև Ղփչաղավանք անունով: Վանքի ամենահին կառույցը 7-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցին է: Գլխավոր եկեղեցին կառուցվել է 1201 թվականին Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրների կողմից:

Կրոնական, այդ թվում` ուխտագնացության զբոսաշրջության զարգացման նպատակն է զբոսաշրջության կայուն և շարունակական զարգացման միջոցով նպաստել

  • Հայաստանի կայուն և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, ազգային եկամտի ավելացմանը,
  • Հայաստանի և հայ ժողովրդի համաշխարհային ճանաչելիության բարձրացմանը,
  • պատմամշակութային ժառանգության պահպանությանը, զարգացմանը և պատշաճ ներկայացմանն ու խթանմանը,
  • բնակչության կենսամակարդակի բարձրացմանը,
  • մշակութային բազմազանության և միջմշակութային երկխոսության պահպանմանն ու զարգացմանը,
  • Հայաստան սփյուռք կապերի ու հայապահպանության ամրապնդմանն ու զարգացմանը,
  • համամարդկային արժեքների պահպանությանը, զարգացմանը, խթանմանը, միջազգային համերաշխության և խաղաղության ամրապնդմանը և այդ գործընթացներում Հայաստանի դերի բարձրացմանը:

ԿՐՈՆԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Կրոնական, այդ թվում` ուխտագնացության զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնական խնդիրները`

  • Ամրապնդել, զարգացնել և համաշխարհային շուկայում խթանել Հայաստանի` որպես աշխարհում առաջին քրիստոնյա երկիր նկարագիրը,
  • ապահովել ամբողջական վիճակագրություն, որակյալ հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ` ի նպաստ ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության զարգացմանը,
  • ձևավորել նոր, մրցունակ կրոնական զբոսաշրջային արդյունքներ,
  • որոշել հայկական կրոնական զբոսաշրջային արդյունքի շուկաներն ու իրականացնել նպատակային մարքեթինգ և խթանում,
  • բարելավել և զարգացնել կրոնական զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքները,
  • ամրապնդել և շարունակական բարձրացնել ծառայությունների որակը,
  • ապահովել կրոնական երթուղիներում ՀՀ բոլոր մարզերի ընդգրկումը,
  • զարգացնել մարդկային ռեսուրսները,
  • բարելավել կրոնական զբոսաշրջային կենտրոնների և երթուղիների կառավարումը,
  • խթանել կրոնական զբոսաշրջության նկատմամբ հանրային հետաքրքրությունը և շահագրգռվածությունը, շահագրգիռ կողմերի միջև ապահովել ընդհանուր տեսլականի ձևավորում ու արդյունավետ համագործակցություն:

Աղբյուրներ՝

  1. «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ
  2. Հայաստանյան ուխտավայրերի էթնոմշակութային առանձնահատկությունները
  3. Հայաստանի 24 նշանավոր ուխտավայրեր, ուր պետք է լինել գոնե մեկ անգամ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: