Design a site like this with WordPress.com
Get started

Հայկական ավանդական նշանադրություն և հարսանիք

Ողջույն: Երբևէ մտածե՞լ ես, թե ինչպիսին են եղել հայկական ավանդական հարսանիքներն ու նշանադրությունները: Եթե այո, ապա ճիշտ տեղում ես:

Անչափ բարդ է նյութեր փնտրել-գտնելը. ժամանակատար է: Ահա, թե ինչու հոդված գրելու փոխարեն որոշել եմ մեկ վայրում հավաքել բոլոր այն նյութերը, որոնք քեզ կհետաքրքրեն ու օգուտ կտան: Պարզապես անցիր թվերի կամ բառերի /կապույտ գույնով են ներկված/ վրա դրված հղումներով և կարդա տարբեր մարդկանց կողմից գրված հոդվածները: Վստահ եմ, որ քեզ դուր կգան:

Թեման խնամախոսությունից սկսենք: Նյութը խորհուրդ եմ տալիս ամբողջությամբ ընթերցել. իսկապես հետաքրքիր է:

Տղայի՝ չափահաս դառնալուց հետո ծնողներն ու բարեկամները սկսում էին նրա համար աղջիկ փնտրել: Հարսնացու սովորաբար ընտրում էին իրենց տարածաշրջանից կամ հարևան գյուղից: Այդ առումով արժե մեջ բերել հին հայկական մի ասացվածք. «ավելի լավ է աղջկան տալ տեղացի հովվին, քան օտար թագավորին»:

Հարսնացուի ընտրությունից հետո, տղայի ծնողները տոհմի ավագներից կազմված պատվիրակություն էին ուղարկում աղջկա տուն՝ նրա ձեռքը խնդրելու. այդ արարողությունը կոչվում էր խնամախոսություն: Խնամախոսությունը տղամարդու գործ է’ ըստ հայկական ավանդույթների: Խնամախոսության գնում էին երեկոյան, մթնշաղից հետո, որպեսզի հարևանները չտեսնեն ու չիմանան: Եթե մերժեին, բոլոր հարևանները կիմանային մերժված փեսացուի մասին:

Ընդունված չէր աղջկան ամուսնացնելու համաձայնություն տալ առաջին իսկ այցի ժամանակ: Դա կնշանակեր, որ հարսնացուի հայրն ուզում է արագ ազատվել աղջկանից: Եթե խնամախոսներին ասում էին, որ պետք է մտածել, կամ հորեղբայրը պետք է որոշի, իսկ նա քաղաքում չէ, դա նշանակում էր, որ մի քանի այցից հետո համաձայնություն կտային: Իսկ եթե ասում էին, որ դեռ շատ փոքր են ամուսնանալու համար, ուրեմն երկրորդ անգամ չարժեր նրանց տուն գնալ:

Մի քանի շրջանում ընդունված էր նաև մի քանի հոգով գնալ աղջկա տուն: Եթե հարսնացուն մի քանի թեկնածու ուներ, ապա խնամախոսները պայմանավորվում էին և միասին էին գնում խնամախոսության: Տղամարդիկ նստում էին սեղանի շուրջ և շարում էին իրենց բերած նվերները՝ զարդեր, քաղցրավենիք, ծածկոցներ, գործվածք: Այս նվերները վկայում էին փեսացուի ընտանիքի բարեկեցության մասին: Վերջնական որոշումը հարսնացուինն էր՝ ում նվերն ընտրեր, նա էլ կդառնար իր ամուսինը: Ճիշտ է, հարսնացուն իրավունք չուներ խոսելու տղամարդկանց ներկայությամբ: Վարվեցողության կանոնների համաձայն՝ նա պետք է իր ասելիքը բացատրեր ժեստերի օգնությամբ: Հաճախ, ամոթխած հարսնացուն նվերն ընտրում էր՝ չիմանալով, թե ումից է այն, և պատահական փեսացու էր ընտրում:

Ավելի շրջահայաց աղջիկները հասցնում էին նախապես պայմանավորվել տղայի հետ՝ վստահորեն ընտրելով նրա նվերը: Երբ ընտրությունն արված էր, սեղան էին գցում: Հարսի և փեսայի հայրերը համաձայնության էին գալիս: Հայաստանի որոշ շրջաններում ընտանիքների հայրերը լավաշ էին կիսում: Որպես կանոն, այդ արարողությունը տեղի էր ունենում քահանայի ներկայությամբ: Լավաշ կիսելու ծեսը հավասարազոր էր ամուսնական պայմանագիր կնքելուն, այսինքն, այսուհետ նրանց հացն ընդհանուր էր լինելու:

Աղջկա ծնողներից համաձայնություն ստանալուց հետո տեղի էր ունենում խոսքկապ, որի հիմնական նպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական ծանոթությունն է: Այս ամենից հետո հարաբերությունները մտնում են այլ փուլ, որի գիտական անվանումն է Նշանադրություն: Ի դեպ խոսքկապից մինչև նշանդրեք երիտաասարդները իրավունք չունեին հանդիպել միմյանց:

Նշանադրության նպատակը զույգի հարաբերությունները պաշտոնական դարձնելն էր, որպեսզի խուսափեն հնարավոր բամբասանքներից: Նշանադրության արարողության ժամանակ ապագա հարսն ընդունում է տղայի ընտանիքի նվիրած ոսկե զարդն` ի նշան համաձայնության: Ըստ հին հայկական ավանդույթի, զույգը չպետք է երկար նշանված մնար. որպես կանոն հարսանիքը կազմակերպվում էր նշանադրություն մեկ կամ երկու շաբաթ անց:

Նախ նշանադրության մասին գաղափար կազմենք ու մեկտեղ նոր փաստեր ու պատմություն սովորենք՝ անցնելով այս հղումով:

Ուշադրություն դարձրեք հոդվածում արված մեջբերումներին: Օրինակ՝ ինձ անչափ հետաքրքրեց, որ հնում նշանադրության համար տղան պետք է առնվազն 18 տարեկան լիներ, իսկ աղջիկը՝ 15-16տ.:

ՙՙՄաշտոց՚՚-ում նաև իրերի նշանակությունների մասին է գրված. ՙՙՄատանին եդեալ ի չորրորդ մատն որ ունի զերակ սրտին, ցուցանէ թէ հարսն սրտիւ հաւանեցաւ փեսային. ապարանջանն ի ձեռսն ցուցանէ թէ՝ ձեռօքն կապեցաւ ի հնազանդութիւն առն. գինդն ցուցանէ թէ՝ ականջօքն լուաւ եւ մտօքն (սրտիւն) հաւանեցաւ: Եւ գինդն եւ մատանին բոլոր է. զբոլոր հաւանումն սրտին եւ կամացն նշանակէ: Կարմիր շարն ու քօղն նշանակէն թէ՝ ճշմարտապես հարսնացաւ մանկանն որում նշանացաւ:՚՚

Իրավական առումով նշանը հայերենում իմաստավորված է՝ նշանադրության ժամանակ փեսացուի և հարսնացուի՝ փոխադարձաբար իրար տված մատանի կամ այլ զարդ՝ իբրև հավաստիք նշանադրության:

Շատ կարևոր է նշանադրության դադարման և նրա իրավական հետևանքների կարգավորման խնդիրների քննարկումը: Նշանադրությամբ կողմերի համար սահմանվող գլխավոր պարտականությունը միմյանց հետ ամուսնանալն էր: Պատահում էր, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքները վտանգում էին պարտավորության կատարումը, և նշանադրությունը դատապարտվում էր «մահվան»: Նշանադրության դատապարտման հիմք էր հանդիսանում փեսացուի կնոջ մահը: Սակայն մեր կանոնական իրավունքի, ազգագրության նյութերը հավաստում են, որ հին սովորույթի համաձայն տուժած կողմը չէր հաշտվում այս մտքի հետ, և մահացածին փոխարինում էին նրա քրոջով կամ եղբորով: Կանոնական իրավունքը դատապարտեց այդ սովորույթը և եռանդուն պայքար ծավալեց այն վերացնելու համար:

Կողմերից մեկի մահվան հետևանքով նշանադրության դադարումն առաջացնում էր գույքային-իրավական հետևանքներ: Եթե մահանում էր փեսացուն և եթե վերջինս տեսել ու համբուրել էր կնոջը, մահացածի հարազատները կարող էին հարսնացուից պահանջել «զկեսն իրաց», իսկ մյուս կեսը մնում էր կնոջն ու հարազատներին: Իսկ եթե փեսացուն չի տեսել ու չի համբուրել հարսնացուին, և նշանադրությունը կայացվել է բարեկամների միջնորդությամբ, աղջիկը պարտավոր էր վերադարձնել այն ամենը, ինչ ստացել էր փեսացուից և նրա ազգականներից:

Հարսնացուի մահանալու դեպքում՝ «առնուայրն կամ ազգականքն զամենայն տունեալն»:

Մյուս փաստը, որի հետևանքով կարող էր դադարել նշանադրությունը՝ պսակադրությունից հրաժարվելն էր: Նման վարքը տղամարդու կամ կնոջ կողմից բնավ չէր խրախուսվում:

Բարսեղ Կեսարացու կանոնախմբի մի կանոնի մեջ ասվում է. «Թե ոք խաւսեալ իցէ կին հաստատութեամբ քահանային և այլում առն տացեն՝ նզովեալ լիցի. եւ կինն այրի կոչեսցի եւ պսակն անվաւեր եղիցի»: Եթե փեսացուն հրաժարվում էր հարսնացուից, ապա նա զրկվում էր նշանադրության կապակցությամբ հարսնացուին հանձնած նյութական արժեքները պահանջելու իրավունքից:

Հաջորդ հոդվածը, որ կուզեմ ձեր դատին հանձնել, սա է: Ի դեպ, եթե հոդվածների մեջ գրվածքի կրկնություն ես տեսնում, առանց հուսահատվելու մինչև վերջ ընթերցիր, որովհետև ինչ-որ կարևոր հատվածի համար եմ տեղադրել:

Մի քանի կետ առանձնացնեմ:

Նշանօրհնեքը սկսվում է «Խրատ»-ով։ Այսինքն՝ քահանան պետք է նախ քններ, որ տղան ու աղջիկը

  1. չլինեն ազգակից,
  2. չլինեն միմյանց անհամապատասխան թե՛ տարիքային և թե՛ ֆիզիկական ու բարոյական կարգավիճակի առումով,
  3. պետք է պատկանեն միևնույն կրոնին ու եկեղեցուն,
  4. լինեն մկրտված։

Սա ավելի շատ ոչ թե խրատ է, այլ եկեղեցու կողմից կատարվող կրոնաբարոյական և եկեղեցական-կանոնական օրենքի հաստատում, որի կատարողը հանդիսանում է քահանան։ Նա պետք է ամեն ինչ ստուգեր, հաստատեր, որից հետո միայն նրա թույլտվությամբ կատարվեր պսակի օրհնության կարգը։

Կան որոշակի սահմանված նորմեր, որոնք մտնում են եկեղեցու կանոնադրության մեջ, և նորապսակներն անպայման պետք է հետևեն դրանց մինչև ամուսնանալը։ Դրանք են.

Ա. Կրոնական և եկեղեցական նույնություն. Այսինքն՝ անհրաժեշտ է, որ ամուսնացող զույգը՝ տղան և աղջիկը լինեն քրիստոնյա և մկրտված, քանի որ եկեղեցին արգելում է քրիստոնյայի ամուսնությունն այլադավանի հետ։ Ավելին՝ նրանք պետք է պատկանեն միևնույն եկեղեցուն։ Եթե այլազգին քրիստոնեական կրոն ընդունի և մկրտվի, այդ դեպքում միայն կարող է ամուսնանալ։ Սակայն երբեմն լինում են նաև բացառություններ, այսինքն՝ Եկեղեցին կրոնափոխությունը ամուսնալուծման պատճառ չի ընդունում, քանի որ ըստ Պողոս առաքյալի՝ «որովհետև անհավատ մարդը իր կնոջո՛վ սուրբ է. սուրբ է և՛ անհավատ կինը իր մարդո՛վ. ապա թե ոչ՝ ձեր որդիները պիղծ կլինեն. մինչդեռ հիմա սուրբ են» (Ա. Կորնթ., 7:14)։ 

Բ. Չափահասությունը. Ամուսնության հիմնական պահանջներից մեկն էլ որոշակի տարիք ունենալն է։ Թե՛ տղան և թե՛ աղջիկը պետք է չափահաս լինեն. ազգագրական տարբեր շրջաններում տարբեր տարիք է ընդունվում (հավանաբար այն կապված է կլիմայի, բարքերի և օրենքների հետ)։

Գ. Ազգակցության աստիճանը. Պսակը կարող է կայանալ այն ժամանակ, երբ չկան ազգակցական (այդ թվում նաև՝ խնամական և կնքահայրական) չհասական արգելքներ։ Դեռևս հնուց եղել է ազգակցական կամ արյունակցական սահմանված որոշ աստիճան, որը պետք է հաշվի առնել և պահել՝ առողջ սերունդ ունենալու նպատակով։ «Զպսակն ընտրութեամբ արասցեն՝ վեց ծննդովք հեռացեալ յազգակցութենէ արեան» (Ե. Կանոն Սսոյ Ժողովոյն), այսինքն՝ ազգակցական ամուսնությունը թույլատրվում է միայն յոթերորդ աստիճանից (յոթը պորտ) սկսած։ Այս կանոնը վերջնական դարձավ Գեորգ Ե կաթողիկոսի օրոք (1922)։

Դ. Փոխադարձ սեր և փոխհամաձայնություն. Ամուսնության կարևոր պայմաններից են նաև երկուստեք համաձայնությունը, հավանությունը և սերը։ Ամուսնությունը պետք է կատարվի առանց բռնության, որը լինում է երբեմն ծնողների կողմից (անհրաժեշտ է աղջկա ծնողների համաձայնությունը, արգելվում է նաև առևանգությամբ). բռնությամբ կատարված պսակը եկեղեցին համարում է անվավեր:

Ե. Մարմնական կանոնավորություն. Քանի որ ամուսնության նպատակը որդեծնությունն է, ապա այն իրագործելու համար անհրաժեշտ է, որ ամուսնացողները լինեն ֆիզիկապես և հոգեպես առողջ, որպեսզի որդեծնության արգելք հանդիսացող որևէ հիվանդություն չունենան։

Մինչ Պսակը անպայման պետք է լինի Նշանդրեք՝ համապատասխան պայմաններով՝ զույգի փոխհամաձայնություն, մատանիով կամ որևէ այլ զարդով օրինականացում, քահանայի, ինչպես նաև մի քանի հարազատ-բարեկամների անհրաժեշտ ներկայություն։

Եթե նշանը եկեղեցում չէր օրհնվում, ապա տղայի հարազատները քահանային հրավիրում էին աղջկա տուն, որպեսզի օրհներ նշանը։ Այս սովորությունը պահպանվել էր հիմնականում Մուշ քաղաքում, քանի որ այնտեղ վերացել էր «խալանի» սովորությունը։ Իսկ Վասպուրականում, օրինակ, Նշանօրհնեքի ծեսը կատարվում էր քահանաների միջնորդությամբ՝ առանց աղջկա և տղայի ներկայության:

Անհրաժեշտ է, որ նշանի և պսակի մատանին լինի ոսկի կամ արծաթ. «Որպէս պատուական է նիւթ մատանւոյն՝ ոսկի կամ արծաթ. նոյնպէս պատուական և անբիծ է հաւատքն մեր առ Քրիստոս»։ Եվ մատանին դրվում է «ի չորրորդ մատն (ճկոյթամայր) աջոյ ձեռին հարսին, և զապարանջանն ի բազուկն, զգինդ յականջսն, և զքօղն ձգէ ի գլուխն»։

Նշանադրությունից հարսանիքին անցնենք հետևյալ նյութով, որն իր մեջ կապում է պատկերացումները երկուսի մասին՝ հնի ու նորի:

Հարսանեկան մեքենաներից մեկը զարդարում էին աղվեսով, որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին հարսնաքավորների գալու մասին:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզապես հիանալի գիրք գտա մեր ավանդույթների մասին, որտեղ նաև կարող եք կարդալ ընտրության, խնամախոսության, նշանադրության և հարսանիքի մասին:

Հայկական ավանդական հարսանիքի մասին խոսելուց՝ կցանկանայի անդրադառնալ նաև Մուշում տարածված ավանդույթներին ու սովորույթներին: Այս հղումով անցնելիս՝ կարող եք մի քանիսին ծանոթանալ: Իսկ ներքևում, ինչպես միշտ, կտեսնեք հոդվածից իմ առանձնացրած հատվածները:

Մուշում հարսին տնից հանելիս գրպանը չամիչ էին լցնում և մի քանի զույգ փոքր գուլպաներ դնում, ինչն ուղեկցվում էր աղջիկների հետևյալ երգով.

«Զչամիչ մաղով մաղեցին,
Շողերի (հարսնացուի) ջէբեր լցեցին,
Զղարիբ ճամփայ դրեցին»:

Հարսի հետևից հատակը չէին ավլում, որպեսզի, ինչպես Մուշում էին հավատում, չավերվի նրա հայրական տունը:

Հարսի տանից դուրս գալիս հարսնացուի կոշիկների մեջ գյուղերում գարնանացան ցորեն էին լցնում, իսկ քաղաքում՝ մանր դրամ, որպեսզի հարսի ոտքը խերով լինի սկեսրայրի տան վրա: Մուշում հարսի դեղին ոտնամանները՝ «մուճակները», հագցնելիս մեջը կորեկի հատիկներ էին լցնում, որպեսզի, ըստ տեղական բացատրության, ինչպես կորեկի մեկ հատիկից էին շատ հատիկներ առաջանում, նա էլ այդպես պտղաբեր լիներ:

Հարսնառի մասնակիցներն աշխատում էին հարսնացուի տանից մի «խուփ» (կափարիչ) գողանալ, որպեսզի հարսնացուն «փակ», «չխոսկան» լինի, և գդալկամ փոքր ամաններ, որ իր բաժին «ղսմաթը»՝ հաջողությունը, հետը գնա: Երբեմն հարսի տանից գողացած կավե ամանը՝ քյասան, դնում էին փեսայի տանշեմին, որպեսզի նա ոտքի հարվածով այն կոտրի։

Հարս հագցնելու արարողության ժամանակ, նաև դրանից առաջ, հարսի ազգականները հյուրասիրում էին հարսնառի եկած փեսայի բարեկամներին: Ընդորում որոշ վայրերում, օրինակ՝ Բուլանըխում, հարսնառի գնում էին միայն այն բանից հետո, երբ հարսի կողմը հատուկ հրավեր էր ուղարկում փեսացուի տուն: Եթե հարսնառին մասնակցելու էին նաև առանձնահատուկ պատվավոր մարդիկ (օրինակ՝ Տարոնում, անկախ բարեկամական կապից, հարսնառին պարտադիր մասնակցում էին գյուղի ռեսը, քարտուղարը, հայտնի անձնավորություններ), ապա նրանց համար ապահովում էին դհոլ-զուռնայի նվագը, որը մոտ ժամուկես հնչում էր փեսայի տան դռների մոտ, մինչև հարսնառը ճանապարհ ընկներ: Այս երաժշտական հրավերը կոչվում էր՝ «դամ անել»: Հարսի տուն ժամանած հարսնևորներին ընդառաջ դուրս էր գալիս հարսի տոհմի ավագն ու նրանց ներս հրավիրում:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: