«Մենք ենք ապագան» կուսակցություն

Ո՞վ ենք մենք և ի՞նչ ենք ուզում անել

Մենք «Մենք ենք ապագան» կուսակցությունն ենք։ Լինելով քոլեջի 2-րդ կուրսում՝ բավականաչափ ծանոթ ենք քոլեջին, որպեսզի նկատենք դրա առավելություններն ու թերությունները։ Կազմելով այս կուսակցությունը՝ ցանկանում ենք անել առավելագույնը, որպեսզի զարգացնենք մեր քոլեջը, կերտենք մեր քոլեջի ապագան։

Ընտրելով մեզ՝ ձեր կրթությունը կդարձնեք ավելի հարմարավետ ու արդյունավետ։

Մեր կարգախոսն է՝

«Եղեք կրթված և կշտացած»։

Զարգացման ծրագիր՝

  • Հանգստի սենյակի ստեղծում

Հաճախ են պահեր լինում, երբ ուզում ենք բոլորից առանձնանալ ու մի քանի րոպե վայելել մենակության րոպեները։ Կամ լուռ վայր ենք փնտրում հերթական նախագծի տեսանյութը կամ ձայնագրությունը անելու համար։ Առաջարկում ենք հարմարավետ հանգստի սենյակի ստեղծումը, որտեղ հնարավոր կլինի առանձնանալ քոլեջի աղմուկից ու հանգիստ անցկացնել մեր ազատ րոպեները։

  • Բուժկետի ստեղծում

Պատահում է, որ ուսանողը սկսում է իրեն այնքան վատ զգալ, որ մասնագետի օգնություն է հարկավոր, բայց բուժկետի բացակայության պատճառով հնարավոր չէ լինում նրան արագ առաջին օգնություն ցույց տալը։ Առաջարկում ենք բուժկետի ստեղծում, որը փոքրիկ անկյուն կգրավի քոլեջում, բայց կպարունակի շատ անհրաժեշտ դեղեր, ինչպես նաև՝ մասնագետի մշտական առկայություն։

  • Սրճարանի ստեղծում

Մեր կուսակցությունն առաջարկում է Քոլեջում կառուցել փոքր սրճարան-փաբ, որը կծառայի ամբողջ կրթահամալիրին (նաև՝ ադեկվատ ցանկացողներին)։ Սրճարան-փաբը ոչ միայն նախատեսված է լինելու սնվելու համար, այլ նաև կազմակերպվելու են ցուցահանդես վաճառքներ (օրինակ՝ նկարների կամ ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսներ, հագուստի, զարդերի և այլն)։ Կազմակերպվելու են համերգներ (նաև՝ բարեգործական), ինչը հնարավորություն կտա կրթահամալիրի նորաստեղծ երաժշտական խմբերին ընդլայնել իրենց գործունեությունը տվյալ բնագավառում։ Այսինքն, մեր սրճարան-փաբը բացի սնվելու կետ լինելուց, լինելու է նաև քննարկումների, ազատ ժամանակը հետաքրքիր անցկացնելու վայր։ Ի դեպ՝ նշենք, որ կան անհատներ, ովքեր ցանկանում են մասնակցել հետաքրքիր համերգների/միջոցառումների, բայց ծնողներից չեն ստանում թույլատվություն, իսկ այս նախաձեռնության շնորհիվ հնարավորություն կունենան մասնակցել կատարվելիք միջոցառումներին, քանի որ սրճարան-փաբը կպատկանի հենց կրթահամալիրին, ու մեծերը չեն մտահոգվի։ Սրճարան-փաբը կառուցված կլինի քոլեջի նկուղային հատվածում, կստեղծենք ռետրո ոճ, կլինի հետաքրքիր դիզայն, ինչն էլ հենց առաջնային կգրավի մարդկանց։ Փաբի խմիչքը կտրամադրի հենց քոլեջը, քանի որ ունենք գինեգործության արտադրամաս ու դրա հետ համատեղ կարող ենք սկսել արտադրել բնական հյութ, որի միջոցով նաև կզարգացնենք քոլեջի խմիչքային արտադրանքը։

  • Երկար դասամիջոցի երկարացում

20 րոպեանոց դասամիջոցը բոլորի սիրելի ժամանակահատվածն է, բայց հաճախ այն բավարար չէ դասամիջոցին թողած անելիքները ավարտելու համար։ Խոսքը միայն ուսանողների մասին չէ, այլև՝ ուսուցիչների։ Առաջարկում ենք 20 րոպեանոց դասամիջոցը դարձնել 30 րոպե, որը կարող է նպաստել դասամիջոցի հաջորդ դասին ուշացողների քանակի նվազման վրա։

  • Լեզուների ուսուցման ավելացում

2020 թվականին որոշ ուսանողներ կանգնեցին լեզվի ընտրության խնդրի առաջ։ Որոշները ուզում էին իտալերեն սովորել, մի քանիսը՝ շարունակել վրացերենը, իսկ մյուսները՝ սովորել իսպաներեն։ Քոլեջը պարտադրում էր իսպաներենի պարտադիր ուսուցումը, բայց քանզի շատ֊շատերը նախորդ տարվանից էին սկսել իսպաներենի ուսուցումը, իսկ մնացածը այլ լեզուներ էին ընտրել, անհնար էր դառնում համատեղել երկու տարբեր մակարդակների վրա գտնվող ուսանողների համատեղ ուսուցումը։ Առաջարկում ենք զբոսաշրջություն մասնագիտությունը ընտրած երեխաների համար ավելացնել տարբեր լեզուների ընտրության հնարավորություններ, ինչով էլ կարող է հայտնի դառնալ քոլեջը։

  • Խմբակների զարգացում, ստեղծում

Կրթահամալիրը մեզ անհամար հնարավորություններ է տալիս, ինչպես նաև՝ խմբակներ ստեղծել։ Բայց շատ հաճախ խմբակները դադարեցնում են իրենց գործունեությունը կամ պասիվանում, քանզի մասնակիցները շատ քիչ են լինում։ Մենք պատրաստվում ենք զարգացնել կրթական ու հետաքրքիր խմբակները, հնարավորության տալ անգամ ամենից անտարբեր ուսանողին տեղեկանալու այդ խմբակների մասին։

  • Մասնագիտությունների ավելացում

Քոլեջն ունի տարատեսակ մասնագիտությունների ուսուցման ցանկ, բայց ի՞նչ կասեք նոր մասնագիտությունների ավելացման մասին, ինչպիսիք են՝ ձեռներեցությունը, ֆիլմերի ստեղծումը, պատմագիտությունը և այլ բազմազան մասնագիտություններ, որոնք առկա չեն այլ քոլեջներում։ Նոր մասնագիտությունների ավելացումը շատ մարդկանց կգրավի իր կողմը, կավելացնի ուսանողների քանակը ու ավելի հետաքրքիր կդարձնի Քոլեջի առօրյան։

  • Միասնական խաղերի անցկացում՝ թե՛ մարզական, թե՛ կրթական։ Մրցույթների կազմակերպում

Ուսանողական առօրյան էլ ավելի հետաքրքիր կդառնա բոլոր ուսանողներին միավորող խաղերի առկայության դեպքում։ Դրանք կլինեն թե՛ մարզական, թե՛ կրթական։ Կազմակերպվելու են նաև տարատեսակ մրցույթներ, որոնքց հաղթոներին տրվելու են յուրահատուկ մրցանակներ։ Առայժմ չենք ուզում բացել բոլոր փակագծերը, բայց վստահ ենք, որ ձեզ դուր կգան մեր մտահաղացումները։

  • Գինու փառատոնի ստեղծում, կազմակերպում

Կրթահամալիրն առանձնահատուկ է նաև իր գինով, որն արտադրում են ուսանողները։ Ցավոք՝ բոլորը չէ, որ տեղյակ են դրա մասին։ Ըստ մեր մտահաղացման՝ պատրաստվում ենք կազմակերպել գինու փառատոն, որը հնարավորություն կտա կրթահամալիրից դուրս տարածել մեր գինու համբավը։ Փառատոնը կազմակերպվելու է գինու պատրաստման ժամանակաշրջանում։ Լինելու է մինի֊էքսկուրսիա բոլոր այն մարդկանց համար, ովքեր սեբաստացիներ չեն համարվում։ Սա հնարավորություն կտա միջոցառման մեջ ընդգրկել Քոլեջում ուսուցանվող բոլոր մասնագիտությունների ուսանողներին։ Էքսկուրսիայի ընթացքում հյուրերը տեսնելու են ազգային երգ ու պար, գինու պատրաստման ընթացքը, լսելու գինու հետ կապված հետաքրքիր պատմություններ, որոնք ներկայացնելու են զբոսաշրջություն բաժնի ուսանողները։ Լուսանկարչության բաժնի սովորողներին ենք թողնելու գեղեցիկ լուսանկարների ու փոքրիկ տեսանյութի պատրաստման պատասխանատվությունը։ Տարազն ու ազգային հագուստը կարող են ապահովել կարի ու ձևի բաժնում սովորող ուսանողները և այլն։ Վերջում կլինի գինու համտես և վաճառք։ Իհարկե՝ փառատոնին մասնակցելու համար պետք է հյուրերը մուտքավճար տան։ Այս ամենը կնպաստի մեր արտադրած գինու հաջող վաճառքին ու բարի համբավ ձեռքբերմանը։

  • Ճամփորդական նոր ու մատչելի ուղղություններ

«Մենք ենք ապագան» կուսակցության անդամները զբոսաշրջության բաժնի ուսանողներից են։ Մենք անդադար ուսումնասիրում ենք Հայաստանի հրաշալիքները, գտնում թաքնված ու անհայտ վայրեր, որոնք պարզապես սեփական աչքերով տեսնել է պետք։ Մեզ ընտրելով՝ կստանաք անկրկնելի ու մատչելի ճամփորդություններ։ Սա նաև կզարգացնի մասնագիտության զարգացումը Քոլեջում, քանի որ զբոսաշրջության բաժնի ուսանողները հնարավորություն կստանան տուր փաթեթներ գրել ճամփորդողների համար, աշխատել որպես զբոսավար ու զարգացնել մասնագիտական հմտությունները։ Քոլեջը կդառնա նաև կրթահամալիրի զբոսաշրջության կենտրոնը։

  • Տոների ավելացում

Իհարկե, մեր կրթահամալիրում տոները անվերջ են թվում, բայց, մեկ է, առաջարկում ենք նոր տոների ավելացումը, որոնք ուղղված կլինեն ուսանողների գիտելիքի ավելացմանը։ Բյաց սրա մասին կխոսենք մեր ընտրվելուց հետո։

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆԸ

1.1 Կուսակցությունն իր աշխատանքները կազմակերպում է հերթական եւ արտահերթ նիստերի միջոցով, որոնց ընթացքում իրականացվում են քննարկումներ ու կայացվում որոշումներ օրակարգային հարցերի վերաբերյալ:
1.2 Կուսակցության գործունեության հիմնական սկզբունքներն են՝
1) բազմակարծությունը,
2) ժողովրդավարությունը,
3) փոխադարձ հարգանքը խմբակցության ներսում, ինչպես նաեւ
հարգանքն այլ քաղաքական ուժերի եւ քաղաքացիական
հասարակության ներկայացուցիչների նկատմամբ,
4) փոխօգնությունը խմբակցության անդամների միջեւ,
5) մարդակենտրոնությունը,
6) հետեւողականությունը…

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ
2.1.հրավիրում եւ վարում է խմբակցության նիստերը,
2.2. կազմում եւ Խմբակցության անդամների հաստատմանն է ներկայացնում Խմբակցության նիստի օրակարգը,
2.3.ապահովում է խմբակցության բնականոն գործունեությունը,
2.4.բանակցություններ է վարում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ղեկավարների այլ կուսակցությունների եւ ավագանիների հետ՝ «Մենք ենք ապագան» խմբակցության նախաձեռնությունները պաշտպանելու համար,
2.5.ներկայացնում է «Մենք ենք ապագան» խմբակցության շահերը ՄՍԿՀ-ում
2.6.կազմակերպում եւ վարում է կուսակցության փաստաթղթաշրջանառու թյունը եւ նամակագրությունը,
2.7.կազմակերպում է քաղաքացիների հետ հանդիպումները կուսակցության եւ փորձագետների հետ՝ ըստ կուսակցության կողմից սահմանված գրաֆիկի,
2.8. կատարում է Օրենքով եւ կուսակցության կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ,
2.9. հաշվետու է կուսակցությանը եւ հանրությանը։

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ
3.1. պարտավոր է մասնակցել ՄՍԿՀ կուսակցությունների և «Մենք ենք ապագան» կուսակցության նիստերին, իսկ բացակայության դեպքում ՝ այդ մասին նախապես տեղյակ պահել խմբակցության ղեկավարին /քարտուղարին/,
3.2. պարտավոր է կատարել կուսակցության՝ Օրենքով սահմանված գործառույթները, կուսակցության որոշումները եւ կանոնադրության պահանջները,
3.3. իրավունք ունի հաշվետվություն պահանջել կուսակցության գործունեության մասին,
3.4. իրավունք ունի հայտնել իր դիրքորոշումը կուսակցության նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ,
3.5. ներկայացնում է տարեկան հաշվետվություն իր ստացած, գրած նամակների եւ մամլո հաղորդագրությունների մասին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: