Ապրիլի 23֊ին ուղևորվեցինք դեպի ՈՒրծի լեռների բարձրունքը հաղթահարելու։ Օրն արդեն իսկ վատ էր սկսվել՝ կապված հավաքման վայրի տեղափոխման հետ։ Վերջին րոպեին տեղեկացա, որ եկեղեցու բակում ենք հավաքվելու, այնպես որ արդեն ուշ էր ժամանակը ճիշտ դասավորելու համար։ Ինչևէ, շարժվեցինք ու շուտ էլ տեղ հասանք։ Սկզբում նախաճաշեցինք, որպեսզի 5 ժամ կարողանանք քայլել։
Սկզբում շատ հեշտ էր, պարզապես քայլում էինք, բայց հետո եկավ արդեն բարձրունքը հաղթահարելու պահը։ Դե՜, այս ճամփորդությունն ինքն իրենից փորձարկում էր, քանզի ճանապարհին ոչ մեկս ծանոթ չէինք։ Մի հատված կար, որը գրեթե մագլցեցինք, բայց կարևորը կարողացանք հաղթահարել։ Մի քիչ էլ բարձրանալով՝ հասանք լեռան գագաթին, որտեղից աննկարագրելի տեսարան էր բացվում դեպի Նախիջևան ու Արարատ լեռ։ Իջնելով՝ հայտնվեցինք ռազմական գոտում։ Այս ճանապարհով դեպի քարանձավ էինք գնում։ Ի դեպ՝ այն անուն չուներ, այնպես որ ես այդ քարանձավը կանվանեմ «Կարմրավոր» կամ «Կարմերախ»։ Կարծում եմ՝ կհասկանաք, թե ինչու, եթե այցելեք այդ վայրը։
Քարանձավում հանգստանալուց հետո կրկին սկսեցինք քայլելը։ Մի քանի կիլոմետր էլ անցնելով՝ վերջապես մարդկանց հանդիպեցինք, ովքեր մեզ սիրով ջուր տվեցին։ Այնքա՜ն շնորհակալ էինք․ քանի ժամ է ջուր չէինք խմել։
Այսպիսով, 6ժ 18կմ քայլելուց հետո հասանք մեր ավտոբուսին ու վերադարձանք Երևան։
Leave a Reply