Վերածնունդ

Վերածնունդը Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարական զարգացման, միջնադարյան մշակույթից նոր ժամանակի մշակույթին անցման դարաշրջանն է (Իտալիայում՝ XIV–XVI դարեր, մյուս երկրներում՝ XV դարի վերջ – XVI դար):

Ի՞նչ է Վերածնունդը։

Իտալական Վերածնունդը, որն իտալերենում կոչվում է, Rinascimento, գիտությունների, արվեստների, արհեստների, առևտրի բուռն ծաղկումով աչքի ընկած պատմական ժամանակաշրջան և իրադարձություն է, որ սկիզբ է առել 14-րդ դարում Իտալիայի Տոսկանա մարզում և տևել մինչև 17-րդ դարը՝ նշանավորելով անցումը միջնադարից նոր ժամանակներ։ Վերածննդի (Ռենեսանս) մշակույթին բնորոշ են անտիկ մշակույթի հիմնական հատկանիշները, մարդասիրական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությունը «վերածնելը». այստեղից էլ՝ դարաշրջանի անվանումը, որը շրջանառության մեջ է դրել իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին (Բարձր Վերածնության շրջան): 

Վերածնունդն առավել ցայտուն  դրսևորվել է Իտալիայում, որտեղ դեռևս XIII–XIV դարերում այն կանխագուշակել են բանաստեղծ Ալիգիերի Դանտեն, նկարիչ Ջոտտոն և ուրիշներ: Այդ դարաշրջանում նոր աշխարհայացքի կրողների՝ բանասերների, փիլիսոփաների, արվեստի գործիչների ստեղծագործության մեջ առանցքայինը մարդն էր. նա հռչակվել է տիեզերքի կենտրոն, բնության առավել կատարյալ ստեղծագործություն: Բյուզանդացի վտարանդի գիտնականներն Իտալիայում XV դարում թարգմանել են հին հունական գրեթե բոլոր բանաստեղծների և փիլիսոփաների երկերից, ճշգրտել և վերաիմաստավորել միջին դարերից հայտնի անտիկ գործերը, որոնց տարածմանը նպաստել է տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ, 1455 թ.) Գերմանիայում: 

Վերածննդի փիլիսոփայությունը հակաֆեոդալական ու հակաեկեղեցական էր. տարածվել են պանթեիզմի (փիլիսոփայական ուսմունք, համաձայն որի՝ աստված և բնությունը նույնական են) ու նորպլատոնականութան (անտիկ փիլիսոփայության վերջին խոշոր ուղղությունը) գաղափարները, վերածնվել են ստոիցիզմը (հին հունական ստոիկյան դպրոցի փիլիսոփայությունը, որի կենտրոնում բարոյագիտությունն էր) և էպիկուրականությունը (հույն փիլիսոփա Էպիկուրի ուսմունքը): Փիլիսոփայության հիմքում դիալեկտիկական ուսմունքն էր, որն ընդունում էր կեցության հավերժական շարժումն ու փոփոխականությունը, «հակադրությունների համընկնման» (Նիկոլա Կուզանցի, Ջորդանո Բրունո) և պայքարի՝ որպես աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի պատճառի մասին ուսմունքը (Բեռնարդինո Տելեզիո): 

Իտալական Վերածնունդն առաջին հերթին հանրաճանաչ է դարձել գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության, գեղարվեստական գրականության, փիլիսոփայության, երկրագիտական հետազոտությունների (Մարկո Պոլոյի ճանապարհորդությունները) բնագավառներում ձեռք բերված նվաճումների շնորհիվ: Նշված բոլոր ասպարեզներում Իտալիան 15-րդ դարի վերջերին ճանաչվել է եվրոպական առաջատար պետություն, մանավանդ Լոդիի խաղաղության համաձայնագրի կնքումից հետո, որը վերջ էր դրել իտալական պետությունների միջև տասնամյակներ շարունակ ծավալված եղբայրասպան արյունալի հակամարտություններին: Բոլոր դեպքերում՝ իտալական վերածննդի գաղափարներն ու իդեալները դիմացել են փորձություններին և դեռ ավելին՝ սփռվել են Եվրոպայով մեկ՝ ազդակ դառնալով Հյուսիսային վերածննդի համար:

Ի՞նչ է տվել աշխարհին։

Բնագիտության մեջ տեղի են ունեցել խոշոր տեղաշարժեր: Աստղագիտության հաջողություններից էին աշխարհի արևակենտրոն համակարգի ստեղծումը (Նիկոլայ Կոպեռնիկոս) և երկնային մարմինների շարժման օրենքների հայտնագործումը (Յոհան Կեպլեր): 

Նշանակալի առաջընթաց է արձանագրվել տեխնիկայում, հատկապես հանքարդյունահանման, մետալուրգիայի և նավաշինության ոլորտներում: Կիրառվել են ջրային շարժիչներ, մետաղահղկիչ հաստոցներ, հանքափոր մեքենաներ, օդափոխման և այլ մեխանիզմներ: Զարգացել է նաև պատմական գիտությունը. պատմաբանները հասարակական գործընթացի շարժիչ ուժ են համարել կուսակցությունների և սոցիալական խմբերի քաղաքական պայքարը. Նիկոլո Մաքիավելին փորձել է բացահայտել հասարակական զարգացման օրենքները և նյութական շահերը: Նախաձեռնել են հասարակական կատարյալ կառուցվածքի մշակման փորձեր (Թոմաս Մորի «Ուտոպիա», Տոմազո Կամպանելլայի «Արևի քաղաք» և այլն):

Գրականության հիմնական թեման դարձել է մարդը. այստեղից էլ՝ ռեալիստական տարրերի ու միտումների շեշտված զարգացումը (Վերածնության ռեալիզմ): Ստեղծվել են գրական մնայուն արժեքներ՝ Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուան և Պանտագրյուելը», Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպերը, Վիլյամ Շեքսպիրի դրամաները և այլ երկեր, որոնք միահյուսել են անտիկ ու ժողովրդական մշակույթների կոմիկականի և ողբերգականի տարրերը: Ֆրանչեսկո Պետրարկայի սոնետները, Ջովաննի Բոկաչչոյի նովելները, Միշել դե Մոնտենի «Փորձերը» էսսեն և այլ ստեղծագործություններ պարունակել են Վերածննդին բնորոշ գաղափարներ: 

Պրոֆեսիոնալ երաժշտությունը զարգացել է բանահյուսության ազդեցությամբ, առանձնացել է նոր՝ մարդասիրական աշխարհընկալմամբ և դրսևորվել առաջադեմ երաժշտական գործիչների ստեղծագործություններում: Աշխարհիկ վոկալ և գործիքային երաժշտության մեջ ստեղծվել են նոր ժանրեր (մեներգ, օրատորիա, կանտատ, օպերա և այլն), զարգացել է կատարողական արվեստը, գրվել են երաժշտությանը վերաբերող գրքեր: Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ՝ հունա-հռոմեական շինարվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին ու ձևերին: Առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները և քաղաքային տները:

Ի՞նչ է տվել Իտալիային։

Գրականության ասպարեզում իտալական վերածննդի սկիզբ ընդունված է համարել 14-րդ դարը, երբ լույս աշխարհ են եկել երեք մեծ գրողների գլուխգործոցներ՝ Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունը», Պետրարկայի՝ Լաուրային ձոնած սոնետների ժողովածուն (Canzoniere) և Բոկաչչոյի «Դեկամերոնը»: Նրանց սկզբնավորած ուղին շարունակեցին հարթել, ընդլայնել, մեծացնել գրչի ճանաչված այլ վարպետներ՝ Լուիջի Պուլչին (Morgante֊ի հեղինակը), Մատեո Մարիա Բոյարդոն (Orlando Innamorato), Լուդովիկո Արիոստոն (Orlando Furioso «Մոլեգին Ռոլանդը»), Տորկվատո Տասսոն (Jerusalem Delivered «Ազատագրված Երուսաղեմը»), 15-րդ դարի բանաստեղծ Պոլիցիանոն, պլատոնական փիլիսոփա Մարսիլիո Ֆիչինոն, որը թարգմանել է հին հույն և հռոմեացի հեղինակների բազմաթիվ երկեր, 16-րդ դարի հեղինակներ Բալդասարե Կաստիլիոնեն (հայտնի է քաղաքավարության կանոնների, իսկական ջենտլմեն և լեդի դաստիարակելու եղանակների մասին իր գրքով), Նիկոլո Մաքիավելին («Իշխանը»): Վերջինս, ինչպես նաև իմաստասիրական նշանակալի երկերի այլ հեղինակներ՝ Գալիլեյը, Ջորդանո Բրունոն, Պիկո դելլա Միրանդոլան իրենց աշխատություններում շեշտը դնում էին նատուրալիզմի (բնախոսության) և հումանիզմի (մարդասիրության) վրա՝ մերժելով դոգմատիզմն ու սխոլաստիկան:

Հիշատակման արժանի է նաև վենետիկցի տպագրիչ Ալդո Մանուցիոն, որը հիմնադրել է Aldine Press հրատարակչատունը և սկսել է հրատարակել այսպես կոչված՝ իտալական տիպի, այսինքն փոքր չափսեր ունեցող, դյուրակիր գրքեր, որոնք կարելի էր կրել նույնիսկ գրպանում (ի դեպ՝ առաջին հերթին հրատարակել է հին հույն հեղինակներին):

Իտալական վերածննդի կերպարվեստը հսկայական ազդեցություն է գործել հետագա տարիների եվրոպական գեղանկարչության ու քանդակագործության վրա: Բավական է միայն նշել իտալացի մեծ վարպետների անունները, և խոսքերն արդեն ավելորդ կլինեն. Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Ռաֆայել, Դոնատելլո, Ջոտտո դի Բոնդոնե, Մազաչչո, Ֆրա Անջելիկո, Պիերո դելլա Ֆրանչեսկա, Դոմենիկո Գիրլանդայո, Պերուջինո, Սանդրո Բոտիչելլի, Տիցիան… Նույնը կարելի է ասել իտալական վերածննդի նշանավոր ճարտարապետների՝ Ֆիլիպո Բրունելեսկիի, Լեոն Բատիստա Ալբերտիի, Անդրեա Պալադիոյի, Բրամանտեի մասին: Նրանց ստեղծագործած գլուխգործոցներից են Ֆլորենցիայի մայր տաճարը, Սուրբ Պետրոսի բազիլիկը՝ Հռոմում, Tempio Malatestiano-ն՝ Ռիմինիում, բազում եկեղեցիներ, պալատներ, առանձնատներ, դղյակներ…

Երաժշտության բնագավառում իտալական վերածնության սկիզբը դրել է երգահանների՝ այսպես կոչված՝ ռոմանական դպրոցը, որին հաջորդել է վենետիկյան դպրոցը, ավելի ուշ տեղի է ունեցել օպերայի ծնունդը Ֆլորենցիայում:

15-րդ դարում Իտալիայի երկնակամարում փայլեց հանճարների մի իսկական համաստեղություն։ Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Ռաֆայել , Ջորջոնե, Տիցիան, Վերոնոզե և էլի այլ երևելի գեղանկարիչներ, քանդակագործներ ու ճարտարապետներ, որոնք իրենց հանճարի քուրայում ձուլեցին Իտալիայի «Ոսկե դարը»։ Դա Վերածնունդն էր, ասես երկար ու տանջալից մղձավանջից արթնացած ու վերստին իրենց գտած ուժեղ, կենսախինդ մարդկանց դարաշրջանը։ Ամրակուռ, հուժկու, արիասիրտ մարդկանց դարաշրջանը, հերոսների, որոնք ասես իջել էին հունական արձանների պատվանդաններից և պատրաստ էին ամեն տեսակ քաջագործությունների։ Բայց վարվելակերպն ավելի վայելչագեղ էր դարձել, ճաշակներն՝ ավելի նրբին, կեցվածքներն ու դեմքերն արտահայտում էին մեծ կամք ու եռանդ։ Դա աշխարհը ճանաչելու և հասկանալու ծարավի, ստեղծագործելու բուռն կրքով լեցուն մարդկանց, մեծ արվեստի, մեծ հայտնագործությունների դարաշրջանն էր։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: