Ամանորյա մտորումներ

Նախորդ տարվա պատումն էի կարդում այս թեմայով և հանկարծ որոշեցի այս տարի էլ գրել դրա մասին։ Ինչպես անցած տարի, այս տարի էլ ամանորյա տրամադրություն չունեմ, ինչը բավական նորմալ է այս 2020 թ․֊ի համար։

Անցած տարի խնդրեցի, որ 2020֊ը լավ տարի լինի, սակայն այն եղավ շատ ավելի վատը, որպիսին երբևէ տեսել եմ 16 տարվա մեջ։

A Mid-Year Roundup of Important Events That Happened in 2020

Տարին սկսվեց համաճարակի տարածումով և 3֊րդ Համաշխարհային պատերազմի սկսման հավանականության բամբասանքներով։ Սկզբում կարդացի, որ Չինաստանում ժանտախտի նոր տեսակ է սկսել տարածվել՝ հունվար ամիսն էր։ Երբեմն դիմակ էի կրում, թեպետ գիտեի, որ վիրուսը Հայաստան դեռ չի հասել։ Փետրվարը եղավ վերջին հաճելի իրադարձություններով առատ ամիսը այս տարվա մեջ․․․

Մարտից վիրուսը հասավ մեր երկիր։ Սահմանվեց համաճարակային վիճակ, նոր կանոններ, մեկուսացումներ, նոր պարտադրանքներ․․․ Երբ որոշեցի Թումո գնալ գրանցվելու, փակվեցին բոլոր հաստատությունները։ Մի կողմից ուրախացա, քանզի սիրում եմ տանը մնալ։ Սկզբում ամենինչ ավելի հմայիչ էր թվում․ տանից դուրս չգալ, տեսնել նման հազվադեպ երևույթ մեր իրականությունում, մտովի հավաքել պատմություններ՝ ապագայում հիշելու նպատակով։ Վազում էինք, պատուհանից դուրս նայում, տեսնելու և լսելու, թե ոստիկաններն ինչ են ասում։

Ավստրալիայի հրդեհները՝ մոլորակի շարունակվող աղետը - Ecolur

Տարվա շարունակություններից էր հրդեհները Ավստրալիայում և Կալիֆորնիայում։ Տորնադո եղավ Գավառում, ինչը բավական հազվադեպ երևույթ է Հայաստանի համար։ Եղան Տավուշյան մարտերը․․․ առաջին գիշերն էր, երբ այդքան մեծ վախ զգացի՝ կռվի պատճառով։ Ամիսները լի էին ցավալի իրադարձություններով, բայց արդեն զարմանալի չէր, քանզի սա 2020֊ն է։

Վրա հասավ սեպտեմբերը․․․ Սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Հույս ունեի, որ կհաղթենք, վստահ էի․․․ Զոհերն օրեցօր շատանում էին, զենքերի վերջը չէր երևում։ Ներքին դավաճանությունների մասին լսում էի, սակայն տեղիք չէի տալիս․ հիմար էի, ցանկանում էի փակել աչքերս ու փակում էի։ Մխիթարություն և հանդարտություն միայն եկեղեցում էի գտնում, այն դարձավ միակ վայրը, որ տանջանքներից ազատում էր մտքերս։ Երջանկություն էլ միայն եկեղեցու ներսում էի գտնում․․․ Լուրեր տարածվեցին, թե Հադրութն ու Ջաբրայիլը կորցրել ենք։ Չէի հավատում, քանզի չէի ուզում հավատալ։

https://www.1tv.am/images/news/13/60992/121052519_2166238990187588_4335235024296618496_o.jpeg

Նկատեցի Աստծո նշանները, որն ապացույց էր մեր ընտրյալ ազգ լինելուն՝ Թուրքիայի կարկուտը, հրդեհները, երկրաշարժերը, ցունամին, անապատյան քամին Ադրբեջանում, որը եկավ Ղազանչեցոցը ռմբակոծելու հաջորդ օրը։ Չեմ մոռանա այն զգացումը, որ պատեց ինձ, երբ կարդացի Աստվածաշունչի այն հատվածը, որտեղ կարկուտի մասին է գրված․․․ Դեպքն այսպես եղավ՝ համացանցում հանդիպեցի այդ տողերը կարկուտի տեղման պահին, ապշեցի, բայց չէի կարող հենց այնպես հավատալ ամենինչին, ինչին հանդիպում էի համացանցում, ինչի պատճառով էլ ձեռքս առա Աստվածաշունչը, բացեցի նշված էջն ու սկսեցի կարդալ։ Մի դող պատեց մարմինս, ու արցունքները ողողեցին երեսս։ Աստված մեզ հետ է, մտածեցի ու արցունքներն աչքերիս հարազատներիս համար կարդացի այդ հատվածը։ Կասկածներս կրոնի հանդեպ միանգամից չքվեցին, բայց դողը, որը միաձուլումն էր երջանկության, զարմանքի և հիացմունքի, դեռ երկար ժամանակ չանցավ։

Բայց պատերազմը շարունակվում էր, իսկ թշնամին կանգ չէր առնում, նորանոր հանցանքներ էր գործում, իսկ աշխարհը լուռ էր։ Բարկացնում էին պատերազմի դադարման կոչերը։ Կոչե՜ր, կոչե՜ր, կոչե՜ր, բայց բոլորն անգործ էին, իսկ Հայաստանը միայնակ պայքարում էր մի քանի զորքի դեմ։ Գնալով էլ ավելի ատեցի աշխարհը․․․ Զոհերը չէին վերջանում, միայն շարունակվում էին։ Հույներն իրենց աջակցությունն էին ցույց տալիս հայերին՝ օգնություն էին ուղարկում, համացանցում մեզ հետ հավասար պայքար էին տալիս թշնամու հետ, աղաղակում էին պատերազմի մասին․ ազրական կայքեր էին կոտրում, բայց աշխարհը շարունակ լուռ էր։

Սկսել էին տեղահանել արցախահայերին, ինչը դարձավ սկիզբը կասկածիս ու մտավախության։ Ինչու՞, եթե վստահ էին, որ կհաղթենք, մի՞թե չեն պատրաստվում հանձնել մեր հողերը, արդյոք կհաղթենք, թե՞ իսկապես հողեր ենք կորցնում։ Վախենում էի, քանզի անորոշ վիճակում էինք։ Զերծ էի մնում շոշափելու այդ թեման, որպեսզի թշնամին չստանա այդ տեղեկությունը, քանզի էլ ավելի կոգևորվեին։

Կեսն էր պատերազմի, երբ նկատեցի, որ մեզ հետ տողատակերով են խոսում։ Սկսեցի հասկանալ Արծրունի թաքցրած մտքերն իր գրվածքներում ու արդեն կասկածում էի։ Եկեղեցին շարունակում էր հանդիսանալ մտքերիս հանգստավայրը, որտեղ մոռանում էի, որ պատերազմի մեջ ենք։ Նոյեմբերի 9֊ի գիշերը ուղիղ եթեր մտան։ Կառավարության շենքում լույսերը վառ էին, բայց տարածքը հանգիստ էր։ Նիկոլը հրապարակեց պայմանագրի ստորագրման մասին լուրը․․․ 2 րոպե էր դեռ անցել։ Առանց մտովի հասկանալու բովանդակությունը, սկսեցի բարձր ընթերցել, իսկ երբ գիտակցեցի, թե ինչ եմ տեսնելու հաջորդող տողերում, արցունքներն սկսեցին խեղդել ինձ, ու ընթերցելն անհնար դարձավ։ Կառավարության շենքի դիմաց մարդիկ սկսեցին հավաքվել ու պահանջել պայմանագրի խզումը։ Ասացի՝ եկեք մենք էլ գնանք, բայց վիճակն անորոշ էր, ըստ այդմ տանը մնացինք։ Սկսվեցին ավերել շրջակայքը․․․ Արցունքներն աչքերիս դիտում էի ու շարունակ կրկնում, թե այսպես սխալ է, հասկանում եմ ցավը, բայց այսպես ճիշտ չէ․․․ Դողում էի, արցունքներն աչքերիս դողում էի, ու շնչելը բարդ էր։ Կորցրեցինք Արցախը, մեր Արցախը, որի համար այդքա՜ն կյանքեր ենք տվել, ինչպե՞ս կարող ենք այդ բոլորի մահերն անիմաստ սարքել, ինչպե՞ս կարողացանք կորցնել այն տարածքը, որը մեր ապագայի գրավականն էր։ Ակամայից Մոնթեի խոսքերն էի հիշում, ու վախը համակում էր մարմինս ու միտքս։ Մտածեցի, թե որքա՜ն մարդ կսկսի մեղադրել Աստծուն՝ հուսալով, որ նման քայլի չեն գնա։ Այդ գիշեր չքնեցի և միայն առավոտյան ժամը 7֊ին կարողացա փակել աչքերս։

Նոյեմբերի 10֊ին ավերվածությունները շարունակվում էին, բայց ոչինչ անել չէի կարող։ Արդեն պարզ էր, որ այդ ցույցը միտումնավոր էր կազմակերպված։ Աչքերս մեկ րոպեյով անգամ հեռախոսից չէի կտրել․ լուրերն էի կարդում։ Այդ գիշեր էլ չքնեցի, բայց այդ օրը՝ նույնպես։ Առավոտյան վախն էր պատել ինձ։ Սարսափում էի, երբ մի քանի ամիս առաջ տեսած երազս էի հիշում, վախենում էի ցեղասպանության կրկնումից։ Բայց մտքումս մի լույս ծագեց։ Որոշեցի դնել խաչս, որ հազվադեպ էի կրում, քանզի վախենում էի, թե կպոկվի՝ բարակ է շատ։ Դնելս ու վախի անցնելը մեկ եղավ․․․ Իսկույն միտքս հանդարտվեց, քանզի Աստված մեզ հետ է, մեր կողքին։ Անկեղծ՝ արդեն չի ստացվում հանել այդ խաչը, քանզի ինձ դատարկ եմ զգում առանց դրա։

Հասկացա, որ պարտավոր եմ ապրել, քանզի անկարող եմ թույլ տալ, որ նահատակված հերոսների թափած արյունը զուր տեղը լինի։ Հասկացա, որ հենց ես եմ պետք իմ երկրին, բոլորս ենք պետք, անհատապես ենք պետք։ Ապագաս միայն երկրիս հետ սկսեցի կապել, քանզի միայն ես ու Հայաստանս ենք այս աշխարհում։ Այո՛, չկա ոչ մեկը, չկա մարդկությունը, չկան այլ պետությունները․ միայն ես եմ ու երկիրս է։ Մեծագույն հիասթափությունն եմ ապրել օտարազգիների և մյուս երկների հանդեպ․ մարդկությունը վերացել է։

Երբ Տեր Հովհաննեսն ասաց՝ նախագահից զանգ է ստացել, թե Դադիվանքը չենք հանձնելու, սկսեցի դողալ երջանկությունից ու հրճվանքից լաց լինել։ Երևի շատ բարձր էի լաց լինում, քանզի հարազատներս վախեցած հարցրին՝ ինչ է պատահել։ Արցունքներս ողբի էին նման, բայց իրականում երջանկությանս էին պատկանում։ Աղետի մեջ լույսի մի կետ էր, որ ջերմացրեց սիրտս։

Քարվաճառի հանձման օրից ի վեր դադարեցի լուրերին հետևել, քանզի հոգեկանիս վրա էին ազդում։ Հասկացա, որ անկարող եմ ինչ֊որ բան փոխել, այդ իսկ պատճառով գոնե ողջ մնացած նյարդերս պահպանեմ։ Ինձ տվեցի իմ աշխարհին, որտեղ չկա ոչինչ, չկան մարտեր ու կորուստներ, չկան արցունքներ, կոտրված սրտեր, չկա վախ ու անհանգստություն։ Ասացի՝ թող լինի այն, ինչ լինելու է։ Այսօր էլ հոգեպես ազդվում եմ երկրում կատարվելիք իրավիճակի մասին լսելիս․ կողքիս պատ եմ շարել, փակել եմ իրականությունն ինձնից ու փորձում եմ խաբկանքի մեջ ապրել։

2 շաբաթ առաջ, երբ Պատարագին շարքում կանգնած սպասում էի Հաղորդություն ստանալուն, եկեղեցականների հանդերձարանի դուռը բացվեց, ու դիմացս դուրս եկավ Տեր Հովհաննեսը։ Ապշել էի․ ամենևին չէի սպասում, որ նրան այստեղ կտեսնեմ, քանզի վստահ էի, որ Դադիվանքում է։ Մի ակնթարթում կասկածեցի, թե նա է, ապա հաստատեցի, որ նա է, ու բերանս բացեցի, որպեսզի օրհնություն խնդրեմ։ Իսկույն ցանկացած բառ, բոլոր լեզուներով, մոռացա ու սկսեցի կակազել, ֊ «Ա․․․ա․․ա․․․»։ Հույս ունեի, որ Տեր Հովհաննեսը կհիշեցնի արտահայտությունը, որ ցանկանում էի ամեն կերպ հիշել, սակայն նա լուռ աչքերիս մեջ էր նայում։ Բայց ինձ մոտ ստացվեց, հիշեցի և օրհնություն խնդրեցի, ու նա օրհնեց ինձ։ Միանգամից ընկերուհուս մոտ վազեցի, ով եկեղեցու մյուս ծայրում նստած ինձ էր սպասում։ Չհասկացավ, թե ինչ եմ ասում․ ասացի՝ վեր կաց ու արի․․․ Դադիվանքի Տեր Հովհաննեսը․․․։ Երջանկությունից դողում էի, գլուխս պտտվում էր։ Հաջորդ կիրակի նա էր անցկացնելու Պատարագը, ինչի համար անչա՜փ ուրախացել էի։

Հաջորդ շաբաթ օրը տեսա, որ նա ցույցերի է գնացել։ Միանգամից անտարբերություն զգացի նրա հանդեպ, բայց Պատարագի պետք է գնայի, սակայն արդեն ցանկությունը թուլացել էր, բայց հասկանում էի, որ ամբողջ պատմությանը ծանոթ չեմ, այդ իսկ պատճառով իրավունք չունեմ քննադատելու՝ այն էլ հոգևորականին։

Կիրակի առավոտյան տանից ուշ դուրս եկա՝ ժամը 9֊ին։ Պատարգը հենց ուղիղ 9֊ին պետք է սկսվեր, բայց ես ոգևորություն չունեի, որ կստիպեր ինձ քայլերս արագացնել։ Ճանապարհին մտորում էի իմացածիս շուրջ, ինչի արդյունքում եկա այն եզրահանգմանը, որ Աստված չի ուզում, որ մենք քահանայի համար եկեղեցի գնանք, քանզի Պատարագի գնում ենք Աստծու համար, այլ ոչ՝ մահկանացույի, իսկ այդ օրվա հավաքվածներից շատերը հենց Տեր Հովհաննեսի համար էին եկեղեցի եկել։ Հիմա վստահ էի, որ ես քահանայի համար չէ, որ Պատարագի էի գնում, այլապես չէի գնա հիասթափությունից հետո։ Երբ ներս մտա, Պատարագը դեռ սկսված չէր, բայց սկսվեց, հենց տեղ զբաղեցրի։ Ամբոխը շատ էր, իսկ հավաքվածներից որոշները երկրպագուների էին նման, ովքեր անդադար նկարում էին Տեր Հովհաննեսին։ Փոքր֊ինչ բարկացա ու վրդովվեցի, քանզի աղոթքները թողած, նկարելով են զբաղված։ Բայց հանդարտվեց միտքս, իսկ Պատարագը շարունակվում էր։ Երբ խնկարկության դուրս եկան, անհանգստացա, թե չեմ կարողանա խունկ գցել և խաչը գլխիս օրհնվել, քանզի մարդիկ շատ էին։ Սպասեցի վերջին հատվածներում, բայց մարդկանց շարքը 3֊ից ավել էր։ Բարեբախտաբար և՛ խունկը գցեցի, և՛ խաչով օրհնվեցի։ Ասեմ, որ երբ Տեր Հովհաննեսը խաչը գլխիս դրեց, մի ուժ զգացի, բայց չհասկացա։ Բավականին շոյվեցի այդ երևույթից ու տեղ տվեցի, որ մյուսներն էլ մոտենան։ Հիացած էի այդ օրվա Պատարագով․ անչափ հաճելի էր ու ազդեցիկ։

Մեկ օր է անցել այդ Պատարագից, բայց կարծես մեկ շաբաթ առաջ լիներ։ Ամանորյա տրամադրություն ամենևին չունեմ, բայց դե հուսամ, որ 2021֊ը ավելի վատ չի լինի։

Կցանկանամ մի դրվագ էլ պատմել․․․ Շաբաթ օրն էր, երբ եղբայրս բանակից եկավ, իհարկե՝ մի քանի ժամով։ Մորաքույրս՝ նրա մայրը, անդադար մորս էր զանգում։ Մտքովս անցավ՝ կարող է Վահանն է եկել, բայց իսկույն ցրեցի այդ, քանզի անիրական համարեցի։ Մեկ էլ լսեմ մայրիկիս ձայնը, որ զարմանքով Վահան ասաց, ու գնացի սենյակ․․․ Եղբայրս եկել էր բանակից։ Շտապ կոշիկներներս հագանք ու գնացինք նրան տեսնելու, քանզի կողքի շքամուտքում են ապրում։ Այնպիսի՜ հուզմունք զգացի, երբ նրան տեսա․․․ Ծառայության 5֊րդ ամիսը նոր լրացավ, բայց հասցրել է պատերազմ տեսնել․ Հայաստանից նրան Ջաբրայիլ էին տարել։ Հասցրել է 15 հոգու կյանք փրկել, թեպետ լսողությունն ու հիշողությունը վատացել են։ Բայցևայնպես ջերմ ժպտում էր․․․ Պատերազմ ու մահ տեսած զինվորը ջերմ ժպտում էր․․․ Հուզմունքից ու երջանկությունից գլխապտույտ սկսվեց, իսկ երբ գրկեցի նրան, հասկացա, թե որքան էի կարոտել, չնայած երբեք այդքան մոտ չենք եղել։ Շտապում էր, պետք է վարսավիրանոց գնար ու մի քանի գործ հասցներ, քանզի շուտով վերադառնալու էր վաշտ, ըստ այդմ մի քանի րոպե նրան հասցրի տեսնել։ Մեծացել է, լցվել, իսկ դեմքով՝ հասունացել, բայց ընդամենը 18 տարեկան է․․․ Հրաժեշտին ասացի՝ մի հատ էլ գրկեմ։ Գրկախառնվեցինք, ու կամաց «քուր» ասաց, հուզվեցի, բայց ցույց չտվեցի․ առաջին անգամ այդպես ինձ դիմեց, ինչի պատճառով ուրախությանս չափ չկար։ Լաց չեղա, բայց երջանիկ էի՝ անսահմա՜ն ուրախ։ Հրաշքով է փրկվել․ «ասկոլկեն» կոշիկը պատռել է, իսկ զինվորական կոշիկներն անչափ հաստ են, բայց իրեն ոչինչ չի պատահել՝ Աստված պաշտպան է կանգնել։ Դեռ հիշում եմ ժպիտն ու ապշում նրա ուժի վրա, որ այդպիսի ցավ տեսնելով, դեռ ի վիճակի եղավ այդպես ջերմ ժպտալ։

Գիտեմ, որ պատումս ամենևին էլ նման չէր ամանորյա մտորումների, բայց փորձեցի փոքրիշատե ամփոփել այս չարաբաստիկ տարին։ Գուցե շատ վատատեսն եմ դարձել, բայցև հուսամ, որ 2021֊ն աղետալի չի լինի, այլ իր հետ բարիք կբերի։

2021, մեզ հուսահատ չանե՛ս։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: