Ռեսուրսը ինչ-որ բանի հնարավորություն, պաշար, նախադրյալ է: Ընդհանրապես ռեսուրս է նաև այն ամենը, ինչը մարդկանց անհրաժեշտ նյութական ու հոգևոր բարիքների ստացման աղբյուր և նախադրյալ է: Այդպիսի աղբյուր ու նախադրյալ են մեզ շրջապատող բնության բազմաթիվ նյութեր ու երևույթներ` օգտակար հանածոները, անտառի հարստությունները, վարելահողն ու մարգագետինը, գետերն ու լճերը, քամին ու անձրևը, արևի լույսն ու ջերմությունը:
Բնական ռեսուրսները բնական միջավայրի այն նյութերն ու երևույթներն են, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես աշխատանքի առարկա ու գործիք և սպառման առարկա:
Գոյություն ունի բնական ռեսուրսների մի քանի դասակարգում:
Երկաթի դարում մարդը կարողանում էր բնությունից կորզել և օգտագործել ընդամենը մի քանի քիմիական տարր, 18-րդ դարում ` 30, 19-րդ դարում` 50, իսկ ներկայումս արդեն ավելի քան 90:
Լայն տարածում ունի բնական ռեսուրսների դասակարգումն ըստ սպառման հնարավորության: Տարբերվում են` սպառվող ռեսուրսներ և չսպառվող ռեսուրսներ:
- Չսպառվող ռեսուրսներ են, օրինակ, արեգակնային էներգիան, ծովային ալեկոծությունների, տեղատվության ու մակընթացության, քամու էներգիան:
- Մնացած բոլոր ռեսուրսները սպառվող են: Բայց դրանց մեջ տարբերում են այնպիսիները, որոնք որոշակի ժամանակաընթացքում վերականգնվում են, և այնպիսիները, որոնք չեն վերականգնվում և օգտագործելու դեպքում կարող են սպառվել ամբողջովին, օրինակ` օգտակար հանածոները
- Վերականգնվող ռեսուրսներ են, օրինակ, բույսերը, կենդանիները, գետերի ու լճերի ջրային պաշարները: Դրանք այն ռեսուրսներն են, որոնք գոյանում են նյութի շրջապտույտի շնորհիվ և ունեն ցիկլային զարգացում: Բուսական ու կենդանական ռեսուրսները վերականգնվում են նյութի կենսաբանական շրջապտույտի, իսկ ջրային ռեսուրսները` ջրի շրջապտույտի շնորհիվ:
Կարևոր նշանակություն ունի բնական ռեսուրսների դասակարգումն ըստ ծագման: Առանձնացնում են ռեսուրսների հետևյալ խմբերը`
- Հանքային (հանածո)
- Ջրային
- Հողային
- Կենսաբանական
- Կլիմայական
Այդ ռեսուրսները տարբերվում են ոչ միայն ծագումով: Դրանք տարբերվում են նաև գլխավոր ֆիզիկաքիմիական հատկանիշներով և այն դերով ու տեղով, որ ունեն աշխարհագրական միջավայրում ու մարդու կյանքում:
Կարևոր է գիտենալ նաև բնական ռեսուրսների դասակարգումն ըստ օգտագործման եղանակի: Առանձնացվում է երկու խումբ.
Առաջին` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես արտադրամիջոց,
Երկրորդ` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես սպառման առարկա:
Մի ուրիշ դասակարգման համաձայն` բնական ռեսուրսները բաժանվում են փոխարինելիի և անփոխարինելիի: Օրինակ` մարդկանց, կենդանիների ու բույսերի շնչառության համար անփոխարինելի է մթնոլորտի թթվածինը, խմելու համար` քաղցրահամ ջուրը: Բայց բավական շատ են բնական ռեսուրսների այն տեսակները, որոնք կարելի է փոխարինել այլ բնական ռեսուրսներով կամ արհեստական նյութերով: Փոխարինելի ռեսուրսներից են մետաղը, փայտանյութը, բնական կաշին ու մորթին, բնական թելերը:
Բնական պայմաններ: Բնութանյան տարրը ռեսուրս է, եթե մասնակցում է կամ կարող է մասնակցել արտադրության պրոցեսին որպես աշխատանքի առարկա ու գործիք կամ սպառման առարկա: Շատ են այն դեպքերը, որբ բնության տարրը կամ հատկանիշը չմասնակցելով արտադրության պորցեսին` մեծապես ազդում է, կամ կարող է ազդել հասարակական կյանքի զարգացման վրա: Այդ դեպքում այն հանդես է գալիս որպես պայման: Օրինակ` մթնոլորտային ճնշումը, խոնավությունը, Երկրի ձգողականության ուժը, երաշտը, եղանակը, սառնամանիքը, տեղանքի բացարձակ բարձրությունը:
Բնական ռեսուրսի և բնական պայմանի միջև անանցանելի սահման գոյություն չունի, այդ սահմանը պայմանական է:
Բնական միջավայրի նույն տարրը միաժամանակ կարող է լինել թե՛ ռեսուրս և թե՛ պայման: Օրինակ` բնատարածքը, որն իր վրա է կրում մարդուն, ինչպես նաև այն ամենը, ինչ ստեղծված է մարդու և բնության կողմից: Բնատարածքը հատուկ տեսակի բնական ռեսուրս է, առանց որի մարդկային հասարակությունը գոյություն ունենալ չի կարող:
Բայց բնատարածքը նաև բնական պայման է: Պայման է, որովհետև կախված որակից` այն տարբեր ազդեցություն է ունենում արտադրության վրա: Շատ կարևոր է` այն լեռնո՞տ է, թե՞ հարթավայրային, լանջերը զառիթա՞փ են, թե՞ մեղմաթեք, ինչպիսի՞ն է բացարձակ բարձրությունը, լանջերի կողմնադրությունը, ինչպիսի՞ն է բնական լանդշաֆտը:
Միաժամանակ և՛ բնական ռեսուրս, և՛ բնական պայման են նաև կլիման, մանրէները, մթնոլորտի ու ջրավազանների ջուրը և այլն:
Բնական պայմանները տվյալ տարածքի բնական ռեսուրսների, աշխարհագրական դիրքի և բնական միջավայրի մյուս տարրերի ամբողջությունն են, որոնք ի մի վերցված` կարող են նպաստել հասարակական զարգացմանը կամ խոչընդոտել այն:
Տվյալ տարածքի բնական պայմանների խոր իմացությունը ռացիոնալ բնօգտագործման և արդյունավետ բնապահպանության անհրաժեշտ նախադրյալն է:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Leave a Reply