Վայոց ձորի մարզ

Միայն համայնքահեն, առողջ և էկոլոգիապես ապահով զարգացումը կարող է նպաստել պետության կայուն քայլերով առաջխաղացմանը։ Վայոց ձորը լի է մեծ և փոքր հրաշքներով, որոնք փոխլրացնում են միմյանց՝ մարզը դարձնելով գրավիչ ոչ միայն տեղի, այլև օտարերկրյա հյուրերի համար։ Այցելությունը մարզ խոստանում է լինել անմոռանալի՝ յուրահատուկ արկածներով լի:

Վայոց ձորի մեծ և փոքր հրաշքները ունեն պահպանության, սիրո, խնամքի և հոգատարության կարիք։

Եվ ահա այս պատումում մենք պատրաստվում ենք ծանոթանալ Վայոց ձորի  հետ:

  • Նախևառաջ որոշակի գիտելիք ստանանք Վայող ձորի մասին:

Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան վերջույթում։ ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ գրավում է միջին տեղ, իսկ բնակչության թվով ամենափոքր մարզն է։ Մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլի 12-ին, իսկ բնակատեղի է եղել դեռ վաղնջական ժամանակներից: Ունենալով 2308 կմ2 մակերես՝ զբաղեցնում է Հայաստանի տարածքի 7.8 %-ը: Սահմանակից է հյուսիսում Գեղարքունիքի, հյուսիս-արևելքում՝ Արարատի, հարավում՝ Սյունիքի մարզերին, արևելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին, արևմուտքում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը: Այն ընդգրկում է 3 քաղաքային համայնքներ, 29 գյուղական համայնքներ, 52 գյուղական բնակավայրեր, և մարզկենտրոնն է Եղեգնաձոր քաղաքը։

Վայոց ձորը բնակեցված է եղել դեռևս քարե դարից, առանց ընդհատումների։ Այս փաստի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտանաբերված նախամարդու իրերը, բրոնզե դարին վերաբեող դաշույնները, ճարմանդները, ապարանջանները, մատանիները և այլ իրեր։ Ժայռերին հայտնաբերվել են բազում փորագրություններ, որսորդական տեսարաններով և զանազան կենդանիներով։ Իսկ 2008 թվականին միջազգային հնագիտական արշավախմբի կողմից Վայոց ձորում կատարված նոր հատնագործությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Վայոց ձորը եղել է բնակատեղի ավելի քան 5000 տարվա վաղեմությամբ։ Արշավախմբի կողմից Թռչունների քարայրում պեղումների արդյունքում հայտանաբերվել է 5500 տարվա հնության կաշվե կոշիկ` տրեխ։ Այն ամենահին կոշիկի նմուշն է, որ երբևէ գտնվել է ամբողջ աշխարհում և այժմ գտնվում է ՀՀ պատմության թանգարանում։ Քարանաձավում հայտնաբերվել են նաև ճզմած խաղողի մնացորդներ և գինու կարասների մի ամբողջ շարք (գինու արտադրամաս)։ Հնարավոր է, որ դա ամբողջ աշխարհում գինու արտադրության ամենահին ցիկլն է։

Հայաստանի պատմագրության մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակվել է Մ. Խորենացու կողմից։ Դեռևս մ. թ. ա. VIII դ. Վայոց ձորի ներկայիս տարածքն ընդգրկված է եղել Ուրարտական թագավորության կազմում, ապա Մեծ Հայքի թագավորության մեջ` կազմելով Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառը։ Եղել է բազմաթիվ իշխանությունների նստավայր, հատկապես ծաղկում է ապրել Զաքարյան, Պռոշյան և Օրբելյան իշխանությունների տիրապետության օրոք (XII-XIVդդ)։ XIII դ. պատմության մեջ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է Վայոց ձորի 94 բնակավայրերի անուն։ Այդ դարերում են կառուցվել բազմաթիվ նշանավոր եկեղեցիներ, վանքեր, կամուրջներ, քարվանատներ, որոնք այսօր տուրիստական կարևոր օբյեկտներ են և Վայոց ձորի հարուստ պատմության լուռ լեզվավկաներն են։ Միջնադարում Վայոց ձորի տարածքով է անցել «Մետաքսի մեծ ճանապարհը», որով այսօր անցնում է Մարտունի-Եղեգնաձոր խճուղին։

Վայոց ձորի պատմության վատագույն ժամանակաշրջանը XV-XVII դդ են, երբ թրքախոս ցեղերն ու իրանական զորքերը ավերել են շեն գյուղերը, տեղահանել բնակչությանը։

Վարդան աշխարհագիրը Վայոց ձորն անվանել է Եղեգյաց ձոր։ Նախախորհրդային շրջանում կոչվել է Դարալագյազ, իսկ խորհրդային շրջանում՝ Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ, որոնց միավորումից ձևավորվել է ներկայիս Վայոց ձորի տարածքը։

Անմատչելի երկրաբանական դիրքի շնորհիվ, համեմատաբար քիչ է ենթարկվել ավերիչ արշավանքների։ 13-14-րդ դարերում այստեղ իշխում էին Պռոշյանները և Օրբելյանները։ Բազում են բնական հուշարձանները։ Բերդերը և ամրոցները հիմնականում կառուցված են բնակավայրերից հեռու՝ բարձր լեռներում կամ խոր կիրճերում և մնացել են անմատչելի։

  • Աշխարհագրական դիրք

ՀՀ Վայոց ձորի մարզը, որպես գոգավոր տարածք, շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք, յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն: Ունի կտրտված մակերևույթ` լայն, խորը ձորերի և բարձր լեռների երկիր է։

Մարզը գտնվում է Արփա գետի ավազանում (2630 քառ․ կմ), որի հովտով են անցնում Հայաստանի հյուսիս֊արևմուտքը՝ հարավ֊արևելքին կապող ավտոճանապարհները: Արևելքից Վայոց ձորը շրջապատված է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային հատվածով, սահմանակից է Սյունիքի Ծղուկ և Արցախի Ծար գավառներին, իսկ հարավից՝ Սյունիքի Ճահուկ գավառին։ Հյուսիսից շրջապատված է Վարդենիսի լեռնաշղթայով, իսկ արևմուտքից Վայոց ձորի լեռնաշղթաները, աստիճանաբար ցածրանալով, հասնում են Շարուրի դաշտ։ Այժմ սահմանակից է Հայաստանի մարզերից Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերին, Արցախին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը: Մարզը տարանջատվում է հարևան մարզերից տարածքի մակերևույթի առանձնահատկությամբ։

Հարևան մարզերի հետ կապող ճանապարհները անցնում են բարձրադիր, դժվարամատչելի և ոլորապտույտ լեռնանցքներով։ Գեղարքունիքի մարզի հետ կապված է Սուլեմայի լեռնանցքով (2410մ), Արարատյան գոգավորության հետ` Զովաշենի (Թուխմանուկի) լեռնացքով, Սյունիքի հետ` Որոտանի լեռնանցքով։ Մարզի կենտրոնով ձգվում է Երևան-Արտաշատ-Եղեգնաձոր–Վայք-Մեղրի–Իրան միջպետական նշանակության մայրուղին։

Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և նրա վտակների ջրերը առաջացրել են տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ՝ մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի հիասքանչ ջրվեժը (71 մ)։ Կիրակոս Գանձակեցին հիշատակում է 735 թ երկրաշարժի մասին, երբ «40 օր երկիրը ցնցվում էր»։ Առավել խոշոր ու հարմար ձորերում տեղավորվել են գյուղերը, և նրանցից շատերի անունները կապվում են ձոր բառի հետ՝ Ագարակաձոր, Աղավնաձոր, Գլաձոր։

Արփա գետի հովտով են անցնում Հայաստանի հյուսիս֊արևմուտքը՝ հարավ֊արևելքին կապող ավտոճանապարհները։

  • Բնական պայմանները

Վայոց ձորի մարզն իրավ ձորերի, խոր կիրճերի, բարձրադիր լեռների, սառնորակ աղբյուրների ու սրընթաց գետակների և խորհրդավոր քարանձավների երկիր է։ Այն իրենից ներկայացնում է բոլոր կողմերից լեռներով շրջապատված մի թասաձև գոգավորություն՝ բարդ և խիստ մասնատված մակերևույթով։ Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 850մ (Արենի) մինչև 3522մ (Վարդենիսի լեռ)։ Այս մարզին բնորոշ են լանդլաֆտի բազմազանությունն ու ռելիեֆի գոտիականությունն ու կտրվածությունը, որով էլ պայմանաորված է ֆլորայի և ֆաունայի բազմազանությունը։ Առանձնացվում են 3 ենթաշրջաններ՝ Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում), Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Մարզի արևելյան սահմանը Սյունքի հետ անցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային բարձրադիր գագաթներով։ Վայոց ձորի մարզին բնորոշ են նաև երկրակեղևի սաստիկ ցնցումներ, որի անխոս վկաններն են 735թ. ավերված Մոզ քաղաքի ավերակները։ Նշենք, որ Մոզ քաղաքը կործանվել է հրաբխի ժայթքումից և երկրաշարժից։

Կլիման աչքի է ընկնում չորությամբ։ Տեղումների քանակը ըստ բարձրության տատանվում է 300-800մմ, համեմատաբար մեղմ ամառներ լինում են լեռների բարձրադիր հատվածներում։ Բնական հիմնական լանդլաֆտները կիսաանապատներն ու տափաստաններն են։ Տիրապետում են լեռնաշագանակագույն և մարգագետնատափաստանային հողերը։ Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձի, տուֆի, մարմարի, կրաքարի, կավի, ավազի, բազալտի, գրանիտի, ֆելզիտի, (Մարտիրոսի ֆելզիտը), կվարցային ավազի և հանքային ջրերի մեծ պաշարներ։ Սակայն մետաղական նշանակության պաշարը դեռ չեն շահագործվել։

  • Բուսական և կենդանական աշխարհը

Վայոց ձորի մարզի բուսական աշխարհի տեսակային կազմը հարուստ է։ Այստեղ հաշվվում է գրեթե 1650 բուսատեսակ, որոնցից 1500 տեսակը խոտաբույսեր են, որոնց մեջ գերակշռում են դեղաբույսերը։ Մարզն աղքատ է անտառներով (տարածքի 1.6% կամ 3700 հա)։ Սակայն անտառի կազմի մեջ մտնող 150 ծառատեսակները մեծամասամբ արժեքավոր են` հազվագյուտ ու էնդեմիկ տեսակներ են։ Դրանց մեջ կան հատուկ պահպանվող տարածքներ` Հերհերի գիհու նոսարանտառային և Ջերմուկի անտառային արգելավայրերը։ Բնական պայմանների բազմազանությամբ է պայմանավորած նաև հարուստ կենդանական աշխարհի գոյությունը։ ՀՀ –ում գրանցված 460 տեսակի կենդանիներից 225-ը հանդիպում են Վայոց ձորի մարզում։ Դրանցից են բեզոարյան այծը, վայրի ոչխարը` (մուֆլոնը), վայրի խոզը, գորշ արջը, աղվեսը, գայլը, նապաստակը, թռչուններից` լորը, քարակաքավը, անգղերը, արծիվները, ձկնատեսակներից` կարմրախայտը, բեղլուն, կողակը։ Հաճախակի հանդիպում են նաև թունավոր օձեր`հայկական իժ, գյուրզա։

Ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների շատ տեսակներ գրանցված են «Կարմիր գրքում»։ Կենդանիների պահպանման նպատակով ստեղծվել են արգելավայրեր։ Վայոց ձորի մարզում աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, խաղողի, սալորի, սերկևիլի, փշատի, ընկույզի բազմաթիվ տեսակներ, բազմաթիվ հատապտուղներ։

  • Ջրագրական ցանցը

Վայոց ձորի տարածքը մասնատված է բազմաթիվ գետակներով, գետերով, հովիտներով։ Հիմնական զարկերակը Արփա գետն է, որը մարզի տարածքում հոսում է 92 կմ, 2080 մ քառ. ջրահավաք ավազանով։ Արփան սկիզբ է առնում մարզի տարածքում` 3260մ բարձրությունից, Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից, թափվում է Արաքս գետը, Նախիջևանի տարածքում։ Այն հարուստ է վտակներով, որոնք տեղ-տեղ առաջացնում են սահանքներ և ջրվեժներ, որոնցից են Ջերմուկի (Ջրահարսի ջրվեժը) և Հերհերի ջրվեժները։ Ամենախոշոր վտակը Եղեգիսն է, որի հովիտը Վայոց ձորի գեղատեսիլ շրջաններից է, ինչպես նաև հատուկ պահպանվող տարածքներց մեկը։ Վայոց ձորի բոլոր գետերն ու գետակները սրընթաց են, արագահոս, ունեն մեծ անկում ու թեքություն և հարուստ են էներգետիկ պաշարներով։ Արփայի ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվել է 48 կմ երկարությամբ Արփա-Սևան ստորգետնյա ջրատար թունելը, որը սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից։ Մարզում է գտնվում նաև Հերհերի ջրամբարը և էլի մի շարք փոքր լճեր և լճակներ, որոնք ունեն բնապահպանական և հանգստի գոտու նշանակություն։

  • Բնակչություն

Բնակչության թվաքանակով և խտությամբ Վայոց ձորի մարզը ՀՀ մարզերի շարքում զբաղեցնում է վերջին տեղը։ 2009թ. հունվարի 1-ի տվյալներով Վայոց ձորի բնակչության թիվը կազմում է 55800 մարդ, որից 19500-ը քաղաքային բնակչություն է, իսկ 36500-ը` գյուղական։ Մարզն ունի 44 համայնք, որից 3-ը` քաղաքային (Եղեգնաձոր, վայք, Ջերմուկ)։ Վայոց ձորում գյուղական բնակավայրերի խոշոր կուտակումնր չկան։ Քաղաքները ևս փոքր քաղաքներ են։ Ամենախոշորը մարզկենտրոն Եղեգնաձորն է, որի բնակչության թիվը 8200 մարդ է (2009 թ.)։ Քաղաքը գտնվում է Երևան–Ստեփանակերտ–Իրան միջպետական ճամապարհի վրա։ Քաղաքի հարավով հոսում է Արփա գետը, հյուսիսում քաղաքին են ձուլվում Գլաձոր և Վերնաշեն գյուղերը։ Քաղաքում աստիճանաբար ակտիվանում է մշակույթային կյանքը, զարգանում է կրթական ոլորտը։

Վայք ու Ջերմուկ քաղաքները ունեն մինչև 6000 բնակիչ (2009 թ.)։ Վերջինս առողջարանային քաղաք է։ Այստեղ էլ կատարվում է «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումն ու առաքումը։ Վայոց ձորի մարզի քաղաքային բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության 28%, կանանց թվականակը գերազանցում է տղամարդկանց թվականակին։

Վայոցձորցիները սիրում են նշել ազգային, ավանդական և հոգևոր տոները` Զատիկ, Տեառնընդառաջ, Վարդավառ։ Վայոցձորցիների ամենասիրելի և յուրահատուկ տոնը Բերքի տոնն է, որը նշվում է ամեն տարի հոկտեմբերի երկորդ կիրակի օրը, մարզկենտրոն Եղեգնաձորում։ Յուրաքանչյուր գյուղ տոնական շքերթի է դուրս գալիս իրեն բնորոշ բարիքներով, տեղական հատապտուղներով և բույսերով զարդարված մեքենաներով։ Գյուղացիները նաև ցուցադրում են թատերական պատկերներ գյուղի կենցաղից և ազգային խոհանոցից։ Ամֆիթատրոնում տոնական համերգային ծրագիր է հնչում, իսկ հրապարակի շուրջը յուրաքանչյուր գյուղի ներկայացուցիչներ առանձին տաղավար–սեղանիկներով ներկայացնում են իրենց գյուղերի բերքն ու բարիքը։

Ավանդական է դարձել նաև Գինու տոնը, որը նշվում է դարձյալ հոկտեմբերին, Արենի գյուղում։ Վայոցձորցին ունի ավանդական խոհանոց` ընդհանուր հայկական խոհանոցի դիմագծի վրա։ Գյուղերում թխվում են ավանդական լավաշը, թոնրի գաթան։ Հարգի են «բանջարները», որոնք բուժական նշանակության վայրի խոտաբույսեր են։

Սիրված ճաշատեսակներից են թթու բանջարը, կարշմը, քյալագյոշը, ղավուրմանով շորվան, նապաստակի քյուֆթան, կաքավի շորվան, տապակած լորը և ուլի խրովը։

Վայոցձորցինեը շատ հյուրասեր և աշխատասեր մարդիկ են։

  • Տնտեսություն

Վայոց ձորի մարզի տնտեսությունը ՀՀ տենտեսության թույլ օղակներից է։ Առաջատար է գյուատնտեսությունը, իսկ արդյունաբերությունը հիմնականում ներկայացված է գյուղմթերքների վերամշակմամբ։ Գյուղատնտեսության մեջ առաջատար է անասնապահությունը հետևյալ ենթաճյուղերով` խոշոր եղջերավոր, բրդատու ոչխարաբուծություն, այծաբուծություն, մեղվապահություն, թռչնաբուծություն։ Բուսաբուծության մեջ աչքի են ընկնում խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ Այստեղ աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, փշատի, սերկևելի սալորի կեռասի, խաղողի բազմաթիվ տեսակներ, ընկույզ և հատապտուղներ։ Արփայի հովտի ցածրադիր մասերում զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, իսկ մարզի նախալեռնային գոտին համարվում է ՀՀ խաղողագործության 4 շրջաններից մեկը, որոնք հումք են հանդիսանում գինեգործության համար։ Հայտնի է հատկապես «Արենի» տեսակի էնդեմիկ խաղողը, որից արտադրվում է «Արենի» գինին։ Գինեգործությունն այստեղ ունի հազարամյա պատմություն։

Արդյունաբերական համալիրը լրացնում են նաև պանրագործությունը, հանքային ջրերի արտադրությունը և գինեգործությունը։ Կան նաև մի քանի փոքր ջրաէլեկտրակայաններ։ Սարքաշինական գործարան` Եղեգնաձորում։ Մարզի տնտեսության զարգացման մեջ մեծ դեր է կատարում առողջարանային տնտեսության ենթակառուցվածքների ընդարձակումը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: