Նշանակալի է հայ երգչուհի (մեցցո-սոպրանո), դաշնակահարուհի, երաժշտագետ և մանկավարժ Մարգարիտ Բաբայանի (1874-1968) դերը հայ երաժշտության պատմության մեջ:
Երգչուհու հարուստ ու բազմաբնույթ երգացանկն ընդգրկել է հին վարպետների, XIX դարի եվրոպական, ռուս, հայ դասականների, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Նա օժտված էր հարուստ ու ճկուն ձայնով, ստեղծագործության բնույթի և ոճի ճիշտ զգացողությամբ, իսկ կատարումը նուրբ էր ու գեղարվեստորեն պարզ: Ժամանակակիցների վկայությամբ. «կատարելագործութեան հասած երաժիշտ մըն է: Սօբրանօ մը որուն թէմպրը ճոխ ու անարատ է: Ան զգայուն և ճաշակի տէր անհատականութեան մը մարմնացումն է նաև»:
Մ.Բաբայանը Եվրոպայի տաղանդաշատ երգչուհիներից էր, ով երկար տարիներ՝ 1900-ականներից մինչև 1930-ականների վերջը, հանդես է եկել բազմաթիվ համերգներով: Նա Կոլոնն-Լամուրյո համերգային ընկերության մենակատարն էր: Մ.Բաբայանն առաջինն է համերգային բեմահարթակներից հնչեցրել ֆրանսիական ժողովրդական երգերը մեծ վարպետների մշակմամբ: Նա Մ.Ռավելի` ձայնի ու դաշնամուրի համար 1904-ին ստեղծված նշանավոր «Հինգ հունական ժողովրդական երգերի» առաջին կատարողն էր: Ի հավելում դրանց՝
Մ.Բաբայանի խնդրանքով Ռավելը ներդաշնակել է ու նրան ձոնել «Tripatos»-ը՝ Խիոս կղզու պարեղանակի մշակումը:

Մ.Բաբայանը 1907-1908թթ. ֆրանսիական հասարակայնությանն է ներկայացրել հայկական և ռուսական երաժշտությունը: Նա հանդես է եկել թեմատիկ համերգների շարքով: 1906թ. առանձին համերգային ծրագրերով կատարել է XVII դարի գերմանական վոկալ երաժշտության բազմաթիվ նմուշներ, երկրորդ համերգով՝ Բախի աշխարհիկ կանտատները: «1908թ. երգել է X-XVI դարերի ֆրանսիական պալատական երգեր և երկրորդ թեմատիկ համերգով՝ տրուբադուրների երգերը: 1913թ. Բաբայանի հատուկ երգահանդեսներում հնչել են երեք ավելի քան հետաքրքիր թեմատիկ ստեղծագործություններ՝ կոմպոզիտոր Տունդրի կանտատները, Լուիջի Ռոսսիի օպերաները, Իտալական երաժշտությունը Ֆրանսիայում XVII դարում: 1917թ. երգել է միջնադարի նշանավոր երգահան Գիյոմ դե Մաշոյի ստեղծագործությունները: Իսկ 1919թ. Փարիզում՝ առաջինն է կատարել երիտասարդ Մուսորգսկու անտիպ երգերը: Միշտ առաջին կատարմամբ, Բաբայանը երգել է Ալգազի, Էռնեստ Բլոկի, Դե Ֆալյայի, Հարսանի, Կոմիտասի, Մուլեի, Ստրավինսկու գործերը: Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, Բելգիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլ երկրներում տեղի ունեցած իր համերգների ընթացքում նա երգել է այն ժամանակներում լայն ճանաչում ու տարածում չստացած հեղինակների (Բռունո, Կանտելուբո, Դեբյուսի, Ֆորե, Վեն Սան դ’Էնդի, Մորիս Էմմանուել, Միյո, Պուլենկ, Ռուսել, Ռավել, Շմիդտ և այլք) գործերը»:
Ուսումնասիրելով տարբեր ժողովուրդների երաժշտական ֆոլկլորը, Մ.Բաբայանը դարձել է այդ ժողովրդական երգերի լավագույն մեկնաբանը: Երգչուհին հաճախ հանդես է եկել իբրև մեկնաբանն ու ցուցադրողը Ռոլանի, Օբրիի, Լալուայի, Մասսոնի, Կալվոկորեսիի, Կոմիտասի, Չոպանյանի և այլոց երաժշտական բանախոսությունների:
Կոմիտասի նամակը Մարգարիտ Բաբայանին 1909, Ս. Էջմիածին
«Որքա՛ն ուրախացայ նամակիդ: Յիրավի վաղուց բան չեմ գրել քեզ եւ ոչ բարեկամներիս, որոնք թէեւ հեռու բայց շատ մօտ են ինձ.- ոչ խելք են թողել, ոչ միտք, անհանգիստ բան եմ եղել. հոգիս բերանս է հասել. երեւակայիր, որ շրջապատուած եմ թանձր մառախուղով, ուզում եմ լոյս, պայծառ լոյս տեսնել, հեռանալ վեր, շատ վեր, այրող արեւի հետ ապրել, բայց ճանապարհն չեմ գտնում, անիրաւ օդի մէջ խեղդամահ եմ լինում. մարդ չը կայ, որին բանաս սիրտըդ, մարդ չը կայ, որից մի բան լսես, նստում եմ առաւօտից մինչեւ իրիկուն բուբույին պէս իմ սեղանի առաջ, գրում ու գրում… Գալիս է հանգստի րոպէ, մարդ ես որոնում, որ գրածդ երգես, նուագես եւ կարծիք լսես,- չես գտնում: Դուրս եմ գալիս եւ վագրի պէս այս ու այն կողմն եմ շուռ գալիս մեն մենակ իմ պարտիզում եւ տանիքի վերայ:
Ես զարմանում եմ, թէ ինչո՞ւ մինչեւ այժմ դեռ չեմ խելագարուել այս մթնոլորտի խարդախ վայրերում: Մէկ ուզում եմ թռչեմ, հեռու միայնակ, մէկ էլ ուզում եմ փակուեմ մենակ ու ճգնեմ, բայց ի՜նչ եմ անում, որ չեմ ճգնում… այո, բայց ո՛չ այսպիսի, այլ իմ մուսայիս հետն եմ ուզում միայնակ ապրել, որ սիրտըս չը պղտորուի, միտքըս չը խարդախուի, հոգիս չի խռովի եւ խիղճըս չը մեռնի… Բայց եւ այնպէս չեմ յուսահատուել. աշխատում եմ, շատ բան եմ գրել, շատ բան եմ արել, քեզ էլ չեմ մոռացել եւ քո բաժինն էլ եմ պատրաստել, որ եւ ստացիր այս գրիս հետ միասին, իբր նմոյշ շատից: Շուշիկի շորորը եւ միւս սիրած կտորները վերջացրել եմ արդէն, բայց ժամանակ չեմ գտնում արտագրելու, ձեռքս շատ հետաքրքրական գործեր ունեմ, որ չեմ ուզում ձգել:»
Կոմիտաս Վարդապետ
Leave a Reply