Design a site like this with WordPress.com
Get started

Սևրի պայմանագիրը

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ-ի օգոստոսի 10-ին, Փարիզի Սևր արվարձանում: Պայմանագրով` Հայաստանը պետք է ստանար 90 հզ. կմ2, իսկ ՀՀ-ի հետ կունենար 161330 կմ2 տարածք՝ Սև ծով ելքով:

Սևրի պայմանագիրը` բաղկացած 578 հոդվածից, ստորագրել են մի կողմից Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, որոնք պայմանագրում նշված են որպես գլխավոր դաշնակից տերություններ, ինչպես նաև վերոհիշյալ գլխավոր տերությունների դաշնակից Հայաստանը, Բելգիան, Հունաստանը, Հեջասը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբախորվաթասլովենական պետությունը և Չեխոսլովակիան: Ստորագրող երկրորդ կողմը պարտված Թուրքիան էր:

Հայաստանի առաջին հանրապետության կողմից պայմանագիրը ստորագրել է պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը: Վերջինս և արևմտահայության ներկայացուցիչ, Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ: Միջազգային իրավունքի տեսակետից` ՀՀ-ն, որպես պայմանագրի մասնակից, ճանաչել են պայմանագիրը ստորագրած մյուս բոլոր պետությունները:

Սևրի պայմանագրի հիմքում դրվել են 1916 թ-ին Լոնդոնում ստորագրված Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրի (նախատեսում էր Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանումը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև) ու 1920 թ-ի Սան Ռեմոյի (Իտալիա) խորհրդաժողովի որոշումները: 

Թուրքիան և Հայաստանը համաձայնել են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի վիլայեթներում (նահանգներ) 2 պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ-ի նախագահի որոշմանն ու ընդունել նրա որոշումը և Հայաստանին դեպի ծով ելք տալու ու հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ բոլոր առաջարկները:

Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե այդ տերություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակիցները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում:

Սևրի պայմանագրով թույլատրվել է բնակչության կամավոր փոխանակում. 18-ից բարձր տարիք ունեցող անձիք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մեկ այլ երկրում՝ իրենց ազգային կամ կրոնական պատկանելիությանը համապատասխան, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում: Այդ մարդիկ պահպանում էին իրավունքն անշարժ գույքի նկատմամբ: Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ-ի օրենքը:

Պայմանագրի «Պատիժներ» մասում թուրքական կառավարությունը ճանաչել է դաշնակից պետությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մարդկանց:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ ելք ունենան դեպի Սև ծով: Դաշնակիցները բարյացակամորեն են վերաբերվել Կարսից Ճորոխի հովտով դեպի Բաթում «Հայկական միջանցքի» գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկել է երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով: Եվ քանի որ դեռևս հայտնի չէր Տրապիզոնի նավահանգստի՝ Հայաստանին պատկանելիության հարցը, հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորել են տարանցման արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն:

ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ-ի նոյեմբերի 22-ին իր որոշումը հանձնել է եվրոպական տերություններին: Որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի վիլայեթների ավելի քան կեսը, Էրզրումի վիլայեթի հիմնական մասը, Տրապիզոնի վիլայեթի արևելյան հատվածը՝ ներառյալ համանուն քաղաքը: Ընդհանուր առմամբ այդ տարածքը 90 հզ. կմ2 էր և ՀՀ-ին ապահովում էր ելք դեպի Սև ծով:

Օգոստոսի 19-ին Երևանում մեծ շուքով նշվում է Սևրի պայմանագրի ստորագրումը։ Ճիշտ է, մի քանի օր առաջ ցավալի դեպքեր էին տեղի ունեցել Զանգեզուրում. Գորիսում բոլշևիկները սպանել էին Հայաստանի Հանրապետության պատգամավորներ Վահան Խորենուն և Արշակ Սիրունյանին, սակայն իշխանությունը փորձել էր հնարավորինս ապահովել տոնական տրամադրությունը։

Ուշագրավ էր սոցիալիստ-հեղափոխական կուսակցության անդամ Մինախորյանի խոսքը, որտեղ նա սթափության կոչ էր անում ներկաներին՝ ասելով, թե պետք չէ շատ ոգևորվել։ «Եթե ստորագրված դաշնագրի պայմանները չիրականացվեն, պայմանագիրը կմնա սոսկ թղթի կտոր, որպիսինները մեր ժողովուրդը շատ է տեսել»։ Ավարտելով ելույթը՝ Մինախորյանն ասում է՝ «Կեցցե հայ առաջին զինվորը, որը կմտնե Տաճկահայաստանի գավառները»։

Սևրի պայմանագրով լուծվելու էր Անկախ և Միացյալ Հայաստանի ստեղծման հարցը, սակայն այն մնաց թղթի վրա: Քեմալական Թուրքիան չի ճանաչել սուլթանական Թուրքիայի ստորագրած պայմանագիրը: Քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, հասել են Սևրի պայմանագրի վերանայմանը, իսկ 1922–23 թթ-ի Լոզանի (Շվեյցարիա) խորհրդաժողովում` նրա վերացմանը: Դաշնակիցները ճանաչել են Մուստաֆա Քեմալի՝ Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնք Սևրի պայմանագրով տրվելու էին Հայաստանին: Ավելին, նրանք ճանաչել են Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկել են նաև Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն: 

Կարդացեք նաև այստեղ

Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են դաշնակից տերությունները, որպես ազատ և անկախ պետություն:

Հոդված 89. Թուրքիան և Հայաստանը, ինչպես և բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր  տարածքների ապառազմականացման վերաբերյալ:

Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից և  իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաև այդ տարածքի նկատմամբ: Հայաստանի սուվերենությանը հանձնվող տարածքի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը և դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն պայմանագրի 8-րդ մասի (ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն: Հաջորդ կոնվենցիաները կկարգավորեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվել սույն պայմանագրով և որոնք կարող են սնունդ առնել հիշյալ տարածքի փոխանցման կապակցությամբ:

Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տարածքի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա սահմանագծման հանձնաժողովը, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:

Հոդված 92. Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները ըստ պատկանելույն  կորոշվեն շահագրգիռ պետությունների ընդհանուր համաձայնությամբ: Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի, և եթե դրանից հետո այս կամ այն շահագրգիռ պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ միասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին:

Հոդված 93. Հայաստանն ընդունում է` համաձայնվելով դրանք մտցնել գլխավոր տերությունների հետ պայմանագրերի մեջ այն որոշումները, որոնց այդ դրությունները անհրաժեշտ կհամարեն Հայաստանում այն բնակիչների շահերը պաշտպանելու համար, որոնք ռասայի, լեզվի և կրոնի առումով տարբերվում են ազգաբնակչության մեծամասնությունից: Հայաստանը նմանապես համաձայնվում է գլխավոր տերությունների հետ պայմանագրի մեջ մտցնել այն որոշումները, որոնք այդ տերությունները անհրաժեշտ կհամարեն տրանզիտի ազատությունը և այլ ազգերի առևտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու համար:

Աղբյուրներ՝ 1, 2, 3

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: