Սրտի կառուցվածքը

Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ: 

Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300 գ:

Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը: 

654931.jpg

Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ: 

slide_6.jpg

Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները: Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ: 

shutterstock_375878683.jpg

Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ: 

Նախասրտերի կծկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունը ազատ շարժվում է նախասրտերից փորոքներ:

Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան

cor11.jpg

Սիրտն աշխատում է անընդմեջ` արյունը մղելով արյունատար համակարգ և ապա բոլոր օրգաններ ու հյուսվածքներ:

Գիտնականները հաշվել են, որ մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա, որով կարելի է 900 կգ ծանրությունը բարձրացնել մինչև 14 մ բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում` 70−80 տարի և ավելի: Դա բացատրվում է սրտի աշխատանքի որոշակի առանձնահատկությամբ: Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդմիջմամբ:

Այն ժամանակահատվածը, որն ընդգրկում է նախասրտի մի կծկումից մինչև մյուսը, կոչվում է սրտային բոլորաշրջան:

Տարբերում են սրտային բոլորաշրջանի 3 փուլ, որոնց տևողությունները մարդու հարաբերական հանգստի վիճակում հետևյալն են. 1. Նախասրտերի կծկման փուլ, որը տևում է 0,1 վրկ: Այդ պահին փորոքները գտնվում են թուլացած վիճակում: 2. Փորոքների կծկման փուլ, որը տևում է 0,3 վրկ, որի ընթացքում նախասրտերը գտնվում են թուլացած վիճակում: 3. Ընդհանուր դադարը, տևում է 0,4 վրկ, որի ժամանակ սիրտը գտնվում է ընդհանուր թուլացման` հանգստի շրջանում: 

Այսպիսով, մարդու հարաբերական հանգստի վիճակում սրտային բոլորաշրջանը տևում է 0,8 վրկ, որից 0,4 վրկ հաջորդաբար կծկվում են նախասրտերն ու փորոքները, իսկ մյուս 0,4 վրկ-ը սրտամկանի թուլացման փուլն է:

Դրանով է բացատրվում, որ սիրտն առանց հոգնածության աշխատում է ամբողջ կյանքի ընթացքում: Հարաբերական հանգստի պայմաններում սիրտը մեկ րոպեում կծկվում է 70−75 անգամ: Սրտի բարձր աշխատունակության պատճառներից է արյունով նրա լավ մատակարարումը: Միայն հանգստի վիճակում 1 րոպեում նա ստանում է 250−300 սմ³ արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ` մինչև 2000 սմ³: 

heart_beating_small.gif

Սրտի աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Պարասիմպաթիկ նյարդային համակարգին պատկանող թափառող նյարդով եկած գրգիռները դանդաղեցնում են սրտի գործունեությունը, իսկ սիմպաթիկ նյարդերը մեծացնում են նրա կծկումների ուժն ու հաճախականությունը: Այդ նյարդերի ազդեցությունը սրտի վրա փոխկապակցված է, փոխհամաձայնեցված:  

Սրտի աշխատանքը կարգավորվում է նաև հումորալ ճանապարհով: Այսպես, օրինակ` ադրենալինը, կալցիումի աղերն արագացնում են սրտի աշխատանքը, մինչդեռ ացետիլխոլինը, կալիումի աղերը դանդաղեցնում են այն: Սիրտը որոշակի պայմաններում նաև կարող է երկար ժամանակ աշխատել օրգանիզմից դուրս:  

Սրտի աջ նախասրտի պատում գտնվում է բջիջների հատուկ խումբ, որոնցում պարբերաբար գրգիռներ են առաջանում, տարածվում նախասրտերի, ապա փորոքների պատերով: Դրա շնորհիվ սիրտը կարող է ռիթմիկ աշխատել անկախ նյարդային և հումորալ ազդեցությունից: Սրտի այդ հատկությունը կոչվում է ինքնավարություն (ավտոմատիզմ):

Heart_anatomy_in_armenian.jpg

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: