Design a site like this with WordPress.com
Get started

Ճամփորդություն դեպի Թռչկանի ջրվեժ

Օրն, ինչպես միշտ, սկսվեց առավոտյան տանջանքով արթնանալուց, որը բարեհաջող հաղթահարելուց հետո, ուղևորվեցի քոլեջի բակ։

Ավտոբուսի մեջ բոլորիս ջերմաչափեցին, այնուհետև սկսեցինք ճանապարհը։ Սկզբում, իհարկե, դեռ քնաթաթախ էինք և ոչնչի ուժ չունեինք։ Անձամբ ես, երաժշտություն լսելով, դիտում էի պատուհանում թերթվող տեսարանները։ Մեկ ժամ անց արդեն սկսեցի գիրք կարդալ, որը նախապես ներբեռնել էի հեռախոսիս մեջ։ Եվս՝ մեկ ժամ, և բոլորս սկսեցինք «Ալիաս» խաղալ։

Պահ եղավ, երբ կանգ առանք Ապարանում։ Արդեն քիչ էր մնացել Թռչկանին…

Ավտոբուսից իջանք Մեծ Պառնիում, որտեղ էլ հանդիպեցինք մեր ավագ դպրոցի սովորողներին ու վարձեցինք երկու բեռնատար։

Անհնար է ներկայացնել ճանապարհի գեղեցկությունը, որը տեսա բեռնատարում կարտոֆիլի պարկի պես կանգնած։ Մտքերս միայն Հայաստանն էր… Հասկանում էի, թե ինչու են մեր պատմական կերպարներն ու հերոսները սեփական կյանքից շատ սիրել այն։

«Անհնար է չսիրել Հայաստանը» – մտածում էի ամբողջ ընթացքում։

Վերջապես հեռվից նկատեցինք Թռչկանի ջրվեժը, հիացած էինք նրա գեղեցկությամբ։
«Ահա ինչու էին կարծում, թե դրախտը Հայաստանում է։ Հիմա վստահ եմ, որ դա այդպես է»։

Շալոյի աղբյուրի մոտ շարունակվեց մեր ջրվեժին հասնելու հաջորդ էտապը։ Իջանք սղլիկ դիք, որը լի էր ավազով։ Բայց ո՞վ կասեր, որ դա ամբողջ ընթացքի ամենահեշտ պահն էր։ Միանգամից մեզ հանդիպեց հոսող գետ, իհարկե հոսքը թույլ էր, իսկ մակարդակը՝ ցածր, բայց ամենի տեղը հանում էին քարերը, որոնցով ծածկված էր գետի հատակը։ Այստեղից մի խորհուրդ կտամ բոլորին. երբեք ոտաբոբիկ չանցնեք այդ գետը։

Մոտակայքում տաղավար կար, որտեղ մեկ ժամ տրամադրեցինք սնվելուն և աղբը մաքրելուն։ Մի քանի հոգով, իհարկե ուսուցիչների հետ, գնացինք ջրվեժի ուղղությամբ։ Ես կցանկանայի, որ լռությունս ցույց տար ամբողջ ընթացքի տանջանքս, բայց ավա՜ղ… Մեզ հանդիպեց ևս մեկ գետ, որը շատ ավելի հեշտությամբ անցա, քան նախորդը։ Եվ սկսվեց… Մագլցում էինք քարերը, հոսող գետը, որ հասնենք ջրվեժին։ Ես չբավարարվեցի և միայնակ գնացի ջրվեժին շատ ավելի մոտ։ Ուղիղ կողքին էի ու թրջվեցի։ Ասեմ, որ այդտեղ մեծ ճնշում կար, մարդկանց ձայները հասանելի չէին։ Ինձ բնության մի մաս էի զգում, նրա մարդն էի։ Հիշեցի մանկությանս երազանքները ու ցավեցի, որ չեմ կարող ջրի մեջ մտնել։ Բայց օձերի վախից հետ գնացի։ Քարերը ջրիմուռոտ էին ու սղլիկ։ Այդ ժամանակ արդեն ոչ ոք չկար, ով կարող էր օգնել ինձ, այնպես որ, հույսս ինձ վրա դրած, կարողացա հաղթահարել այդ փորձությունը ևս։ Նույն վարկյանին մտածեցի, որ արդեն ամենակարող եմ, բայց ո՞վ կասեր, որ բեռնատար բարձրանալ-իջնելը շատ ավելի բարդ է։
Այդ պահից հետո գետ անցնելը խաղուպար դարձավ ինձ համար։

Հետ դարձա և միացա տաղավարի շրջակայքում նստած ընկերներիս։ 4 ժամ մնացինք այդտեղ՝ առանց հեռախոսային կապի, ինչն էլ ծնողների անհանգստության պատճառ դարձավ։

Եվ ահա հասավ հետ դարձի ժամանակը։ Ես, ըստ ավանդույթի, քարեր վերցրի ինձ հետ, որոնք ավելացրի հավաքածուիս։ Կրկնում եմ՝ ինձ համար բարդ էր բեռնատար նստելը. բոյս թույլ չէր տալիս։ Բայց երկրորդ անգամ ստացվեց հաղթահարել այդ տանջանքը, ու ես վայելում էի ճանապարհը, մինչև որ բեռնատարը սկսեց հետ գնալ։ Չվախեցա, բայց հասկացա, որ մի բան այն չէ։ Սկզբում կարծեցինք, թե վարորդը սխալ ճանապարհով է գնում, այդ իսկ պատճառով հետ ենք գնում, բայց՝ ոչ… Մեքենան չկարողացավ հաղթահարել բարձրունքը, քանզի մենք բավական ծանր էինք։ Բեռնատարը կանգնեց թեք վիճակում, անիվը չէր շարժվում։ Միայն ես էի տեղումս մնացել, մնացածը վեր էին բարձրացել։ Հենց նույն պահին վարորդը բացեց դուռը, որն ի դեպ կոտրվեց, որպեսզի բոլորս իջնենք։ Կրկին նույն պահը, վախ, որ կընկնեմ։ Ինչևէ, իջանք ու մի կողմ անցանք։ Փոքր-ինչ դժվարությամբ, բայց վարորդը հանեց մեքենան այդ վիճակից և Արմանի օգնությամբ հետ դրեցին դուռը։ Առաջինը բարեհաջող բարձրացավ Էլկան, բայց դուռը երկրորդ անգամ պոկվեց։ Էլի նույն ընթացքը, իսկ մյուսներն արդեն վախեցած էին։ Ե՛վ դռան պոկվելու վախից, և՛ բարձրությունից հասկացա, որ չեմ կարողանա բարձրանալ, այնպես որ Մարիամի հետ նստեցի վարորդի կողքին։ Բավականին բարի ու ընկերասեր մարդ էր, ամեն կերպ փորձում էր թեմա բացել։ Խոսակցությունից իմացա, որ այս տարի է 12-րդ դասարանն ավարտել, թեպետ տեսքից կասեի, թե 21-27 տարեկան է։ Պարզվեց, որ այդ ճանապարհը հնարավոր չէ սովորական մեքենաներով անցնել… Ընթացքում էլ պապիկի հանդիպեցինք, ում մեքենան կանգ էր առել ու չէր շարժվում։ Այդ իսկ պատճառով, կապի հայտնվելուն մեկ տեղ, մեր վարորդը լուր հայտնեց գյուղ, որպեսզի օգնության գան։

Մի խոսքով բարեհաջող ու կարևորը՝ ողջ, իջանք բեռնատարից։ Հիմա էլ ավտոբուսը չկար… Որոշ ժամանակ անց այն վերադարձավ, ու բոլորս պարզապես վազելով ներխուժեցինք ներս. այնպիսի՜ վայելչություն էր այդ պահին ավտոբուս նստելը…

Դե՜, ևս 2-3 ժամ, ու մենք տանն էինք։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: