Արգիշտի I

«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»

Արարատյան թագավորության հզորագույն գահակալը Արգիշտի Առաջինն էր, որ թագավորել է մ.թ.ա. 786-764 թթ.: Նրա թագավորության շրջանը բավական լավ է լուսաբանված շնորհիվ Վանի միջնաբերդում պահպանված Խոռխոռյան տարեգրության և Հայաստանի տարբեր վայրերում գտնված ավելի քան երեք տասնյակ արձանագրությունների: Բացի արձանագրություններից, մեզ են հասել նաև Արգիշտի Ա-ի վերաբերյալ առանձին գրություններ պարունակող բրոնզե սաղավարտներ, վահաններ, կենցաղային իրեր:

Արգիշտին բավական լայնարձակ ու բարգավաճ երկիր ժառանգեց հորից` Մենուա թագավորից (մ.թ.ա. 810-786): Սակայն իր գահակալության սկզբնական շրջանում Արգիշտի Ա-ին տեսնում ենք Ջավախքում, Տայքում, Շիրակում, Սևանի ավազանում, Կոտայքում… « Խալդի աստծո զորությամբ նվաճեցի Գիառնիանի երկիրը, Սիլունիի տիրակալի երկիրը։ Երբ թշնամու լեռներից ես վերադարձա, տղամարդ ու կին ես քշեցի…»: Հավանաբար Մենուա արքայի մահվանից հետո նրա նվաճած ծայրագավառների կառավարիչները ապստամբել են կենտրոնական իշխանության դեմ: Բայց Արգիշտին արագ երթով անցնում է այդ երկրներով և վերականգնում իր տերության սահմանների ամբողջականությունը:

Դրանից հետո միայն Արգիշտի Ա-ն անցնում է արտաքին նվաճումների: Դրա համար հայոց թագավորն ուներ բոլոր հիմքերը: Մինչ Արգիշտիի գահակալումը Արարատյան թագավորությունն արդեն շեն, լայնածավալ երկիր էր, տնտեսապես հզոր, ուժեղ բանակով: Բոլոր առումներով պետությունը ծաղկում էր, բացի այդ, Արարատյան թագավորության հզոր ախոյանը` Ասորեստանը, քաղաքական ճգնաժամի մեջ էր. Նինվեի արքունիքում շարունակ երկպառակություններ էին, դավադրություններ:

Եվ ահա այս պայմաններում հայոց թագավորը անցնում է արտաքին նվաճումների:

Բնականաբար, հայոց արքան գիտակցում էր, որ իր գլխավոր ախոյանը հենց Ասորեստանն է, սակայն նա իր հարվածը ուղղակի Ասորեստանին չհասցրեց, այլ արշավեց հարավ-արևելք և նվաճեց Ասորեստանի գերիշխանության տակ գտնվող Մանա, Բուշտու, Պարսուա երկրները: Տիրելով դեպի արևելք շարժվող առևտրական ուղիներին` նա Ասորեստանին մեծ տնտեսական հարված հասցրեց: Առհասարակ նրա արտաքին քաղաքական ձեռնարկումները վկայում են, թե որքան մեծ նշանակություն էր տալիս միջազգային տարանցիկ առևտրին: Նա կարողացավ իր հսկողությունը սահմանել Առաջավոր Ասիայի գրեթե բոլոր գլխավոր առևտրական ուղիների վրա:

Դա չէր կարող հանդուրժել Ասորեստանը, որ Արարատյան թագավորության գլխավոր ախոյանն էր և 781 թ. ասորական բանակը նախահարձակ է լինում` փորձելով կասեցնել հայկական պետության առաջխաղացումը դեպի հարավ: Արգիշտի Ա-ն հետ է մղում ասորեստանյան բանակի հարձակումն ու հակահարված հասցում թշնամուն` անցնելով Զագրոսի լեռները:

Դրանից հետո Արգիշտի Ա-ն արշավեց բուն Ասորեստանի վրա և նվաճելով իր տիրապետությանը ենթարկեց Հյուսիսային Ասորիքը` ընդհուպ մինչև Բաբելոն ընկած երկրները: Նրա ժամանակակից ասորեստանցի զորավարն անգամ արձանագրության մեջ խոստովանել է. «Արգիշտին, որի անունն անգամ ահարկու է»։ Անգամ ես, որ գտնվում եմ Արգիշտիից տասնյակ դարեր անց, հպարտություն ու հզորություն եմ զգում նրա մասին կարդալիս: Այո՛, նույնիսկ նրա անունն է գրավում ինձ այդ հզոր արքայի մեջ, ումով ավելի եմ հպարտանում իմ ազգությամբ:

Նա ոչ միայն նվաճեց Ասորեստանի հետ համագործակցող, դաշնակից երկրները, այլև ծանր հարված հասցրեց հենց Ասորեստանին: Այնքան ահարկու էր այդ հարվածը, որ ասորեստանյան արշավանքից մեկ տարի անց Արգիշտին արդեն կարող էր իրեն թույլ տալ արշավել իր տերության հյուսիսային մասում գտնվող երկրների վրա` նվաճելով այդ տարածաշրջանը:

Ըստ էության` ավարտելով իր նվաճումները` ծնկի բերելով իր դարավոր ախոյանին` Արգիշտի Ա-ն անցավ իր երկրի ամրապնդմանը և ներքին կյանքի կայունացմանը:

Որպեսզի ավելի ամուր լինեն սահմանային ծայրագավառները, նա այնտեղ բերդաքաղաքներ կառուցեց, ռազմական հենակետեր ստեղծեց, Հայաստանի ծայրագավառներից շուրջ 200.000 մարդկանց վերաբնակեցրեց այլ գավառներում` դրանով իսկ թուլացնելով այդ շրջանների իշխանավորներին և կենտրոնական իշխանությունը ապահովագրելով ապստամբություններից:

Ապա Արգիշտին անցավ խաղաղ շինարարական գործունեության: Դեռ գահակալության սկզբին` մ.թ.ա. 782 թ., նա Արարատյան դաշտում կառուցեց Էրեբունի հզոր բերդաքաղաքը: «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Արգիշտին այստեղ Հայաստանի Խաթե և Ծուպա երկրամասերից շուրջ 6600 հոգի վերաբնակեցրեց: Որպես քաղաք` Էրեբունին իր ժամանակների համար ուղղակի կատարյալ էր: Այն բարձր և իշխող դիրք էր գրավում շրջակա միջավայրի վրա. պատված էր ամուր պարիսպներով, բոլոր անհրաժեշտ հաղորդակցություններն առկա էին, տեղանքն ուներ բարենպաստ կլիմա, գտնվում էր հարուստ տնտեսական շրջանում:

Եվ իրոք, ինչպես ցույց են տալիս հնագիտական պեղումները, Էրեբունին զարգացած, հարուստ ու շեն քաղաք է եղել: Այնտեղ եղել են արքայական պալատներ, տաճարներ, հարուստ ամբարներ, զինանոցներ… Argishti I (Արգիշտի) of Ayrarat (Urartu) - The Armenian ...

Էրեբունիից հետո` մ.թ.ա. 776 թ., Արգիշտի Ա-ն դարձյալ Արարատյան դաշտում կառուցեց մեկ այլ քաղաք ևս և կոչեց իր անունով` Արգիշտիխինիլի, որը ներկայիս Արմավիրն է: Այս երկու քաղաքների կառուցումը վկայում է, թե որքան մեծ կարևորություն էր տալիս հայոց արքան Արարատյան դաշտին` համարելով, որ ի վերջո հայության քաղաքական, տնտեսական կենտրոնը հենց սա է լինելու: Պատմությունը ցույց տվեց, որ Արգիշտի Ա-ն չէր սխալվել: Այսպիսով Արգիշտի Ա-ն եղավ միակ հայ գահակալը, որի կառուցած երկու քաղաքները դարձան Հայաստանի մայրաքաղաք: Սակայն դա եղավ նրա մահվանից հարյուրամյակներ անց. Արգիշտիխինիլի-Արմավիրը` մ.թ.ա. V դարում, երբ Հայաստանում գահ բարձրացավ Երվանդունի արքայատոհմը, իսկ Էրեբունի-Երևանը` 1828 թ., երբ կազմավորվեց Հայկական մարզը:

Քաղաք լինելուց զատ` այն նաև ռազմա-վարչական կենտրոն էր, որ միտված էր ծառայելու որպես ռազմաբազա, հսկելու հյուսիսային շրջանների պաշտպանությունը:

Արգիշտի Ա-ն մահկանացուն կնքեց մ.թ.ա. 764 թ.` 22 տարի գահակալելուց հետո, իր հաջորդին և որդուն` Սարդուրի Բ-ին թողնելով հզոր ու բարգավաճ երկիր` Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը` Արարատյան թագավորությունը: Նրա մարմինը ամփոփված է պետության գլխավոր հոգևոր կենտրոնում` Մուսասիրի տաճարում, որտեղ աստվածների արձանների կողքին կանգնեցված է եղել նրա երկու տոննանոց բրոնզաձույլ արձանը, ինչը վկայում է, որ ժողովորդը աստվածացրել է նրան: Սարդուրին նույնպես ուներ իր արձանը, թեպետ նրանց տարբերությունները ակնհայտ են. Արգիշտին մինչ կյանքի վերջ անպարտելի մնաց, իսկ Սարդուրի Բ-ն գահակալման վերջին շրջանում բավականաչափ թուլացել էր:

Անվերջ կարելի է խոսել Արգիշտիի փառքից և վեհությունից, գովաբանել ու մեծարել: Պարզապես հպարտ եմ, որ նրա հաջորդներից մեկն եմ:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: