Ես դարձա՞ Սեբաստացի

Սա իմ մեկ տարվա պատմությունն է՝ 2019 – 2020թթ., թե կձանձրանաք, անգամ մի սկսեք ընթերցել:

Ամեն բան սկսվեց օգոստոսից: Չեմ հիշում՝ ամսի քանիսն էր, երևի 18-ը կամ մինչև ամսի 21-ն ընկած օրերից մեկը: Ես պարզապես չընդունվեցի Հումանիտար քոլեջ: Որպեսզի ավելի պարզ պատկերացնեք զգացածս, պետք է իմանաք, որ ես 2017 թվականից որոշել էի, որ այդ քոլեջ եմ ընդունվելու: Ես վստահ էի, որ կընդունվեմ, քանզի գիտեի, որ գնահատականներս կհամապատասխանեն և կհերիքեն: Ես պարզապես վստահ էի, բայց չընդունվեցի:

Ուղղակի նայում էի փաքցված ցուցակին ու, երբ նախընտրածս բաժնում անունս չտեսա, աչքերս լցվեցին աղե հյութով, և տեսողությունս մշուշոտ դարձավ, ինչի միջից երկրորդ անգամ հայացք գցեցի ցուցակին, հուսալով, որ պարզապես չեմ նկատել: Նայեցի բոլոր բաժիններում գրված անունները, բայց իմը չկար… Աշխարհը փլուզվեց ինձ համար այդ նույն վարկյանին:

– Մամ, դու էլ նայի, կարող ա չտեսա, – լացից դողացով ձայնով՝ խնդրեցի մայրիկիս ու գնացի հեռու այդ պատից:

Ինձ էին նայում, շշուկով խոսում, որ այս աղջիկը չի անցել: Մեկ էր ինձ համար, ես միայն հույս ունեի, որ կգան ու կասեն՝ սխալ է, պարզապես՝ շփոթմունք: Բայց այդպես էլ ոչ մեկ դուրս չեկավ շենքից:

Մայրիկի հետ գնացինք վկայականս վերցրինք ու դուրս եկանք: Նա իսկույն մորաքրոջս զանգեց. քննարկեցին, թե ուր կարող եմ գնալ, իսկ ես պնդում էի, որ այս քոլեջից բացի ուրիշ տեղ չեմ գնալու, իսկ ավագ դպրոցին խտրականապես դեմ էի: Ես լաց էի լինում, ինձ համար մեկ էր, որ փողոցում ինձնից բացի ուրիշ մարդիկ էլ կային: Մեկ էին ինձ համար բոլորն ու ամեն բան: Կյանքումս առաջին դեպքն էր, երբ նպատակիս չհասա, ես կոտրված էի…

– Ոչ մի տեղ էլ չեմ գնալու, վե՛րջ, – պնդում էի, երբ կանգառ էինք գնում, բայց հանդիպեցինք նույն քոլեջ չընդունված իմ տարեկից աղջկա ու նրա մայրիկին: Այս աղջիկն էլ ինձ պես լաց էր լինում: Թեպետ իմ գնահատականները նրանից բարձ էին, բայց նա էլ էր վստահ, որ կընդունվի:

Ինչևէ, նրանց անունները անգամ չեմ հիշում, բայց մեր մայրերը միասին պայմանավորվեցին, որ թե մի ուսումնական հաստատություն հաջողվի գտնել, մենք միասին կգնանք ու նույն վայրում կընդունվենք: Ինձ համար այնքա՜ն մեկ էր այդ խոսակցությունը, քանզի ես գիտեի, որ ամեն բան կործանվել է ինձ համար:

Լսե՛ք, ես նպատակների աշտարակ էի կառուցել, որի հիմքը հենց Հումանիտար ընդունվելն էր: Հիմքը փլուզվեց, հիմքի հետ էլ՝ աշտարակը: Ամենը փոշի դարձավ, և ես այլևս գոյություն չունեի: Հասկացե՛ք, ես 7-րդ դասարանից եմ սկսել կառուցել այդ աշտարակը, տարիներով միայն այդ աշտարակի կառուցումը ավարտին հասցնելու մտքերով եմ քնել, արթնացել ու ապրել…

Երբ տուն հասանք, քեռակինս ժպտալով հարցրեց.

– Հը՞ն, ընդունվե՞լ ես, – նա հյուրասենյակից դուրս եկավ, որպեսզի դիմավորի մեզ, բայց ես ննջասենյակ վազեցի, որտեղ էլ և փակվեցի:

Ես մտածում էի, որ բոլորին կոտրեցի, քանզի բոլորը այնքա՜ն մեծ հույսեր ունեին ինձ հետ: Ես ուզում էի, որ նրանք հպարտանան ինձնով, ասեն, որ մեր Անահիտը Հումանիտար ընդունվեց, մեծ հաջողությունների հասավ: Բոլորն էին վստահ, որ ես կընդունվեմ…

Երևի թե ամենից շատը, գուցե միայն ես էի կոտրված, կամ նրանք ցույց չտվեցին իրենց հիասթափությունը: Ես իսկույն հաղորդագրություն ուղարկեցի իմ մտերիմ ընկերներուհիներին, որ չեմ ընդունվել: Բոլորի հարցն էլ նույն էր.

– Բա հիմա ի՞նչ ես անելու, – իմ պատասխանն էլ շատ պարզ էր՝ ոչ մի բան:

Ես արդեն պատկերացնում էի, թե կյանքս ինչպես է կործանվել… Դուք ինձ պարզապես անկարող եք հասկանալ:

Երբ Էլենին պատմեցի եղածը, ինձ ասաց, որ շուտ նրանց տուն գնամ: Դե նա մենակ էր, ինչը ավելի հանգստացրեց ինձ, քանզի ես կամաչեի նրա տատիկից ու պապիկից, հատկապես այս ամենից հետո: Ես մայրիկին ասացի, որ գնում եմ Էլենենց տուն ու դուրս եկա: Իհարկե դուրս գալուց լսեցի մայրիկի շշուկը, որ մերոնց ասում էր՝ թող գնա հանգստանա:

Մենք շատ մոտ ենք ապրում, և երբ մտա նրանց տուն, Էլենը գրկեց ինձ, ու ես չկարողացա զսպել ողբս: Նստեցինք, ու նա սկսեց մտածել, թե որտեղ կարող է առաջարկել, որ գնամ: Այնքա՜ն չէի ուզում, ոչինչ չէի ուզում…

Բոլոր տարբերակները անիրական էին, քանզի բոլոր քոլեջներում ավարտվել էր ընդունելությունը: Բայց մեկ էլ Էլենը ասաց.

– Ա՛ն, իսկ եթե Բլեյանի քոլեջը գնա՞ս, – իր, իմ սիրելի դարձած, հայացքով լրջորեն ասաց, այնպես, կարծես մի բան հասկացավ:

– Ինչի՞ Բլեյանը քոլեջ էլ ունի, – զարմացած էի, քանզի երբեք չեի լսել: Եթե ինչ, ես չգիտեի, որ կրթահամալիրի անունը Մխիթար Սեբաստացի է, ես ընդհանրապես միայն դպրոցի մասին էի լսել, այն էլ՝ Բլեյան տարբերակը: Մնացածից անտեղյակ էի մինչ այդ պահը:

– Հա՛, Միլենան (նրա ընկերուհին է) այդտեղ է սովորում ու շատ գոհ ա: Արի՛ էդտեղ գնա, հաստատ քեզ դուր կգա, – այդ օրվանից շատ բան չեմ հիշում, ու միայն այսքանն է մեջս լավ տպավորվել, դե համ էլ ընտանիքիս հետ վեճերը, որովհետև նրանք Հումանիտար չընդունվելը ողբերգություն չէին համարում:

Երբ հետ գնացի տուն, մայրիկին պատմեցի այս քոլեջի մասին, ու որոշեցինք, որ հաջորդ օրը կգնանք ընդունվելու: Ես տեղեկություններ փնտրեցի համացանցում, բայց ոչինչ չգտա: Անկեղծ՝ մեկ էր ինձ համար, քանզի ես այդտեղ չէի ցանկանում ընդունվել:

Գնացինք քոլեջ, ու ընկեր Տաթևը քոլեջում էր: Քանզի հատակը ամբողջովին թաց էր, իսկույն հիասթափվեցի, քանզի գյուղի դպրոց էր հիշեցնում (ու կարևոր չէ, որ ես գյուղերում չեմ եղել): Հասկանում եք՝ ես միայն ավագ դպրոցն էի տեսել, այն էլ մի քանի տարի առաջ, ինչի տեսքն ինձ գրավել էր: Իսկ հիմա մտնում եմ մի վայր, որը նման չէ Բլեյանի դպրոցին: Բայց, այ, ընկեր Տաթևին շատ սիրեցի:

– Հա, իր հայացքից երևում է, որ շատ խելացի աղջիկ է, – հիշում եմ, որ ինձ ուշադիր նայելով, մայրիկիս ասաց իմ ապագա տնօրենը, – Մի քիչ առաջ մի աղջիկ էր եկել՝ նույն Հումանիտարը չընդունված: Երկուսն էլ ակնոցներով են:

Պարզվեց, որ զբոսաշրջություն բաժնում այլևս տեղ չկար, ու մեզ ավագ դպրոց ուղարկեցին: Աչքերս լցվեց, քանզի ավագը իմ մղջավանջն էր: Ես անարդար գնահատակններ չէի ուզում, չէի ուզում անցնել այն ամենը, ինչ անցել էի 6-9-րդ դասարաններում:

Գնացինք ավագ ընդունվելու, ու ես ինձ հաշտեցրի այդ մտքին, քանզի ինձ ընդունող կինը շատ դուր եկավ: Վերջինս ընկեր Տաթևին զանգահարեց, որպեսզի տեսնի, կարող են արդյոք ինձ քոլեջ ընդունել:

Սա մի քիչ ավելի երկար ձգձգվեց, մինչև որ նախարարություն նամակ ուղարկեցին, որի խնդրանքով ազատ տեղ էր պետք, որ ինձ ընդունեն: Եվ, այո՛, ես ընդունվեցի: Ու, ո՛չ, ես ուրախ չէի. ինձ համար ամբողջովին միևնույն էր: Ես միայն ինձ լավ զգացի, որ հատուկ ինձ համար նախարարություն նամակ են ուղարկել:

Եկավ քոլեջ գնալու առաջին օրը, իսկ ես առանձնապես չէի մտածում: Միայն լաց էի ուզում լինել, միայն դա ու վերջ: Հիշում եմ, որ պատվելի Թամարին իսկույն սիրեցի, քանզի նա ինձ խիստ թվաց, իսկ խոսելաձևից զգացի նրա գրագիտությունը: Չգիտեմ ինչու՝ ես նրան իմ արդեն նախկին գրականության ու հայոց լեզվի ուսուցչուհուն նմանեցրի, ինչն էլ դարձավ գլխավոր պատճառը, որ գրավեց ինձ պատվելի Թամարի մեջ:

– Մեր քոլեջում երկու հայոց լեզվի ուսուցիչ կա, բայց միայն պատվելի Թամարն է այստեղ: Դե՜, չգիտենք, թե որ մի ուսուցիչը ձեզ դաս կտա, բայց, պատվելի Թամար, ի՞նչ կասեք նորեկ սեբաստացիներին, – այսպիսի մի բան ասաց ընկեր Նելլին՝ ավելի մանրամասն չեմ հիշում:

ՙԵս միայն պատվելի Թամարն եմ ցանկանում, որ իմ ուսուցիչը լինի: Ընկեր Թադևոսյանի խոսելաձևին է նման… Երևում է, որ լավ մասնագետ է՚. – ահա՝ ինչ էի մտածում, երբ պատվելի Թամարն իր խոսքն էր ասում: Անգամ մտածում էի, որ կուրսս կփոխեմ, եթե նա ինձ դաս չտա:

Դե՜, ամենից հետո սկսեցինք մեր շրջայցը, որի ընթացքում ծանոթացանք կրթահամալիրին: Ասեմ, որ առանձնապես միայն ձիերն ինձ ուրախացրին: Այո՛, հենց այդ ձիերի շնորհիվ ես անկեղծ ժպտացի, այնինչ վերջին օրերը միայն արցունք էի թափել:

Ես ատում էի այս աշխարհը, բայց անկարող էի ինչ-որ բան փոխել…

Ես արդեն ծանոթացել էի Նելիի հետ, ու Արագած բարձրանալուց մենք միասին էինք: Դե՜, գրեթե, քանզի նա մինչև վերջ չբարձրացավ ու ինձ դավաճանի պես մենակ թողեց: Բացի այդ հենց այդ օրը ես սկսեցի սիրել մեր ընկեր Սամվելին, քանզի մինչ այդ նա ինձ դուր չէր գալիս: Կհարցնե՞ք՝ ինչպես փոխեցի կարծիքս: Ինձ երկար ժամանակ մի քաղաքի անուն էր տանջում, փորձում էի հիշել, բայց չէի կարողանում, իսկ Արագածի գագաթին հարցրեցի ընկեր Սամվելին, ով իսկույն ասաց, որ իմ նշած քաղաքի անունը Անտիոք է: Եվ վերջ, ես հասկացա, որ նա լավ մասնագետ է: Այո՛, այսպես բարդ է հասկանալ, թե ինչպիսի մասնագետ է ուսուցիչը, բայց ինձ բավարար էր, ու վստահաբար ասում եմ, որ չեմ սխալվել: Բացի այդ վերջապես հիշեցի այդ քաղաքի անունը, ինչն ինձ երկար ժամանակ տանջում էր:

Արագած միշտ եմ ցանկացել բարձրանալ ու այնքա՜ն հպարտ էի, երբ գագաթին հասա: Տիար Գևորգն ինձ անչա՜փ դուր եկավ, ասե՛ք, ավելի լավ պապիկ երբևէ տեսե՞լ եք: Հաստատ չեք հանդիպել: Իսկ եթե հարցիս պատասխանը դրական է, ուրեմն Դուք տիար Գևորգին չեք հանդիպել:

Ցանկանում եմ այս պատումումս ևս մեկ անգամ ցույց տալ Արագածի անկրկնելի գեղեցկությունը:

Շարունակենք…

Ահա այսպես ես դարձա սեբաստացի ու սկսեցի մի նոր ճանապարհորդություն, որը 4 տարի է տևելու:

Նելլիի հետ շփվում էինք ու մի քանիսի հետ միասին առաջիկա ժամանակահատվածում զբոսնում էինք: Հենց սկիզբը ճամբարային օրերն էին դրել, իսկ առաջին օրվա դասերից մեկը հայոց պատմությունն էր: Այդ դասին դասասենյակի մյուս ծայրում ՙմանուշակագույն մազերով աղջկան՚ տեսա ու մտածեցի. – ՙԵս ուզում եմ նրա հետ մտերմանալ՚: Որոշ ժամանակ անց շատ պատահաբար մենք իրար կողք նստեցինք: Դե՜, քանզի դասը դեռ չէր սկսվել, նա առաջինը սկսեց խոսելը ինձ հետ: Այդ ժամանակ էր, որ ծանոթացա Քնարի ու Մարիամի հետ: Ասեմ, որ հենց Քնարն էր այն ՙմանուշակագույն մազերով աղջիկը՚:

Օրեր, գուցե և շաբաթներ անց, ես նկատեցի, որ մեր կուրսի Անին մենակ է ամեն տեղ: Նեղվեցի նրա համար, քանզի ես էլ մենակ էի, փորձեցի մտերմանալ նրա հետ: Գրեթե ստացվում էր… Բայց հետո ինչ-որ մի բան այլ գնաց: Մոռանանք դա ու հիշենք, որ արդյունքում ես, Անին, Նելլին, Քնարն ու Մարիամը սկսեցինք միասին քայլել, միասին լսարաններ գնալ ու միասին նստել սեղանների շուրջ:

Ու գիտե՞ք ինչ, 2019 թվականի հոկտեմբերի 7-ին, կարծեմ մաթեմատիկայի դասն էր, մոտավորապես ժամը 12:10 ստեղծվեց մեր առաջին միասնական չաթը, որտեղ մենք հինգով էինք ու մենակ մենք էինք… Այո՛, այո՛, կարծեմ՝ ես առաջարկեցի այդ միտքը, իսկ մյուսները համաձայնեցին: Մենք ստեղծեցինք մեր հնգյակը:

Երևի հենց այդ օրը ռուսերենի ուսուցչուհին ասաց մեր առաջին նախագծի մասին լուրը: Մենք մի սեղանի շուրջ էինք նստած ու որոշեցինք միասին անել այդ նախագիծը:

Հ. Գ. Կրկին իմ առաջարկն էր:

Մեզ հետ, կարծեմ, մի հոգի էլ կար նստած այդ սեղանի շուրջ, բայց արդյունքում մենք հինգով կատարեցինք այդ տանջալի նախագիծը: Տանջալի, քանզի անտեղյակ եք, թե որքա՜ն ժամանակ, ջանք ու եռանդ մեզնից պահանջվեց: Էլ չասեմ, որ շատերը մտածեցին, թե վկաներ ենք, այնինչ պարզապես չգիտեին, թե ով է Մխիթար Սեբաստացին, ու իրենց տգիտությունը սխալ կարծիքի պատճառ դարձավ: Ինչևէ, առաջարկում եմ մեր պատրաստած տեսանյութը ևս մեկ անգամ դիտել:

Այս նախագծի ավարտին մենք արդեն մտերիմներ էինք դարձել, այո՛, մենք արդեն ընկերներ էինք: Ամենուր միասին էինք, ամենուր հոգ էինք տանում միմյանց մասին, ու մենք անբաժան հնգյակ էինք: Երևի թե մի օր պատում կգրեմ մեր ընկերության մասին, թեպետ հաստատ չէ:

Անցնում էին ամիսները, իսկ մենք միևնույն է անբաժան էինք: Թերևս մենք բավականաչափ ժամանակ է, ինչ մտերիմ ենք, բայց բոլորովս առկա նկարները շատ քիչ են:

Երկար ժամանակ ենք ծախսել նաև Ամանորյա նախագծի ժամանակ, բայց մեր անցկացրած ամենից լավ ժամանակներից է եղել: Հենց այդ նախագիծը իրականացնելու ժամանակ միասին նոր արկածների մեջ ընկանք, շատ ծիծաղեցիք ու անսահման ժպտացինք: Ը՜մ, հիշում  եմ հատկապես պատմության թանգարանի դիմաց բուրգերներ ուտելը: Ա՜հ, անկարող եմ ժպիտս զպել… Ի դեպ՝ առաջարկում եմ դիտել այդ նախագիծը ևս:

Նաև ցույց կտամ մի քանի նկարներ, որոնք ստացվել են հենց այդ նախագծի իրականացման ժամանակահատվածում:

Մեր ընկերությունը իսկապես անգնահատելի է… Մեր մեջ առանձնահատուկ եմ սիրում իրար աջակցելը ու մշտապես միասին լինելը:

Իհարկե՝ վատ ժամանակներ նույնպես ունեցել ենք… Օրինակ՝ իմ արցունքները, երբ ահով մտածում էի՝ սխալ վայր եմ ընկել: Արդեն մտորում էի, թե ինչ քոլեջ տեղափոխվեմ: Ու միայն այս չորսն էին ինձ պահում իրենց ներկայությամբ…

Բայց հետո սկսեցին հեռավար-առցանց դասերը, և ես ժամանակ չունեի տեղափոխվելու մասին մտածելու: Գնալով հեռացան այդ մտքերը, իսկ ես շարունակ հույսեր եմ փայփայում, որ հաջորդ տարվա առարկաները կբարդանան, իսկ ուսումը ավելի օգտակար կդառնա: 

Ասեմ, որ այդ հնգյակով մինչ այս վարկյանը միասին ենք, հավատացնում եմ, որ հավետ էլ միասին կմնանք: Մենք շարունակում ենք նախագծերը միասին անել, օգնում ենք իրար, աջակցում, կիսվում, անկեղծանում, բայց չենք վիճում: Չեք պատկերացնի, թե որքան եմ սիրում այդ հոգեկաններին: Ես էլ նրանց հետ հոգեկան եմ, բայց կարևորը հոգեկաններով միասին ենք (այստեղ ծիծաղ պատկերացրեք):

Դեռ հավատս չի գալիս, որ ես այս կրթահամալիրի ուսանող եմ, դեռ ապշած եմ ու անիրականության մեջ, բայց սա մի պատմություն էր, որտեղ ասվում էր, թե ինչպես ես, այո՛, հենց ես դարձա սեբաստացի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: