Հեռավար-առցանց ուսուցում հայոց պատմությունից։ Ապրիլի 27 – մայիսի 1

«Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • Միջազգային դիվանագիտության մեջ, ի՞նչ է ենթադրում Արևելյան հարցը։

Արևելյան հարցը Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման համար մեծ տերությունների միջև ծավալված պայքարի և օսմանահպատակ ժողովուրդների՝ այդ թվում հայ ժողովրդի, ազատագրական շարժման հետ կապված միջազգային հակասությունների պայմանական անվանումն է դիվանագիտության և պատմական գրականության մեջ:

  • Ի՞նչպիսի դրսևերումներ ունեցավ Արևելյան հարցը։

Արևելյան հարցի մի դրսևորումն էլ Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տարբեր եկեղեցիների միջև ընթացող վեճն էր։ Հենց այդ վեճն էլ հիմք դարձավ, տերությունների միջև Թուրքիայից զանազան զիջումներ կորզելու, պայքարին։

  • Նկարագրե՛ք 1853-ին սկսված Ղրիմի պատերազմը։ Ինչպիսի՞ արդյունքների հանգեցրեց այն։

Պատերազմը պաշտոնապես սկսվեց 1853թ. նոյեմբերի կեսերին, սակայն Կովկասյան ռազմաճակատում ռազմական գործողությունները սկսվեցին արդեն հոկտեմբերի 27-28-ի գիշերը՝ թուրքական զորքերի՝ Սբ Նիկոլայ ամրոցի վրա գործած հարձակումով: Ամրոցը գրավվեց, թալանվեց ու ավերվեց, իսկ բնակչությունը կոտորվեց: Նույն կերպ թուրքերը վարվեցին նաև ռուս-թուրքական սահմանի մյուս հատվածներում:

Կովկասյան ռազմաճակատում Ռուսաստանը պատերազմին պատրաստ չէր: Բանակի հիմնական մասը զբաղված էր լեռնականների շարժումը ճնշելով, ուրեմն և սահմաններում չկային անհրաժեշտ քանակությամբ ռազմական ուժեր, նաև պաշտպանական հուսալի ամրություններ: Ո՛չ Երևանը ձախ թևում և ո՛չ էլ Ախալքալաքն աջում, թուրքական հարձակման դեմ հուսալի պատվարներ չէին: Հարկ եղածի չափով ամրացված չէր նաև ռուսական գլխավոր հենակետ Ալեքսանդրապոլը: Մինչդեռ ընդամենը 60-65 կմ հեռավորության վրա Կարսն էր, որտեղ կենտրոնացված էին թուրքական հիմնական ուժերը:

Չունենալով շատ թե քիչ հուսալի ամրություններ՝ բերդեր, ամրացված կայաններ, միաժամանակ և անհրաժեշտ քանակությամբ զորք, ռուսական հրամանատարությանը մնում էր սահմանի վրա շտապ կենտրոնացնել զգալի քանա- կությամբ մարդկային ուժ՝ թուրքական մոտալուտ հարձակումը կասեցնելու համար: Երկարատև բանակցություններից հետո փոխարքա Վորոնցովը ստացավ 13-րդ հետևակային դիվիզիան, սակայն դրանով մարդկային ուժի պակասը ռազմաճակատում լրացնել չհաջողվեց: Կենտրոնից անհրաժեշտ քանակությամբ ուժեր չստանալով՝ նա ձեռնամուխ եղավ տեղական բնակչությունից կամավորական ջոկատներ և միլիցիա կազմակերպելու գործին: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ղրիմի պատերազմի նախօրեին Կովկասյան ռազմաճակատում կազմվել էր այդպիսի 75 ու կես հարյուրյակ, այդ թվում՝ գուրիական 12, մեգրելական և իմերեթական 6, երևանյան 14, օսեթական 4, և այլն: 1853թ. հոկտեմբերի 9-ին ռազմական նախարար Դոլգորուկովին ներկայացրած իր զեկուցագրում Վորոնցովը սա համարում էր կովկասյան զորքերը համալրելու միակ միջոցը:

Հայ ժողովուրդը, ոգեշնչված թուրքական տիրապետությունից ազատվելու երազանքի իրականացման հեռանկարով, իր գործուն աջակցությունը ցուցաբերեց ռուսական զորքերին` զինվորագրվելով ու պարեն մատակարարելով, հետախուզական աշխատանքներ իրականացնելով ու հանգանակություններ կատարելով: 1853թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Երևանում, Վաղարշապատում, Սարդարապատում, Շուշիում, Նախիջևանում, Շամախիում, Ելիզավետպոլում, Ղազախում և այլուր ստեղծվեցին կամավորական ջոկատներ, որոնք ամենաակտիվ մասնակցությունն ունեցան պատերազմական գործողություններում: Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերի տարած հաղթանակներում մեծ դերակատարում ունեցավ նաև Ալեքսանդրապոլի գավառը: Պատերազմի նախօրեին այստեղ տիրող տագնապի մասին Վորոնցովի կարգադրությամբ Ալեքսանդրապոլ ժամանած իշխան Միրովսկին գրել է. «Սկսած Ղարաքիլիսայից (այժմ՝ Վանաձոր) բնակչությունը մեծ տագնապի մեջ էր: Սահմանամերձ գյուղերի բնակիչները փրկություն չէին գտնում քրդերի և բաշիբոզուկների հարձակումներից, ճանապարհները ծածկված էին գույքով և ընտանիքներով լի սայլերով: Բոլոր կողմերից քշում էին անասունները: Պատկերը սարսափելի էր»: Գավառի սահմանային դիրքն ու սպասվելիք թուրքական հարձակումների նկատմամբ ունեցած վախը ստիպեցին Երևանի զինվորական նահանգապետ գեներալ-մայոր Նազարովին դեռևս 1853թ. հունիսի վերջերին, երբ մշտական միլիցիա ստեղծելու մասին օրենքը դեռ չէր ընդունվել, փոխգնդապետ Թարխանյանի գլխավորությամբ Ալեքսանդրապոլ քաղաքի և Շորագյալի գավառակի քրիստոնյա ազգաբնակչությունից երկու հեծյալ հարյուրյակներ ստեղծել: Միաժամանակ գավառի սահմանամերձ գյուղերի բնակչությանը զենք բաժանվեց կորդոնային պահակակետերն ուժեղացնելու և ճանապարհները վերահսկելու համար:

1853 թվականի սեպտեմբերի 19-ին Կովկասում գործող բանակի հրամանատար նշանակվեց գեներալ-լեյտենանտ Վասիլի Օսիպովիչ Բեհբութովը: Իր տրամադրության տակ եղած փոքրաթիվ ուժերը դասավորելով Ախալքալաքից Երևան ձգվող սահմանագծում՝ նա ժամանեց Ալեքսանդրապոլ, որտեղ քաղաքային բնակչության ակտիվ մասնակցությամբ ձեռնամուխ եղավ բերդի ամրացման գործին: Միաժամանակ, Թիֆլիս-Ալեքսանդրապոլ ճանապարհի անվտանգությունն ապահովելու և սահմանամերձ շրջանները թուրքական թալանչիական հարձակումներից պաշտպանելու համար Բեհբութովը զինեց Համամլու (այժմ՝ Սպիտակ), Ղարաքիլիսա, Ղշլաղ (այժմ գյուղը կազմում է Վանաձորի քաղաքի մասը) և Բեքանդ (այժմ՝ Պարնի) գյուղերի բնակիչներին: 1853թ. հոկտեմբերի կեսերին Էջմիածին ուղարկած իր մի նամակում Բեհբութովը գրել է. «Ցավալի է ինձ ականատես լինել մեր ազգի դառնություններին, առավել ևս Շիրակի և Սուրմալուի գավառների մեր խեղճ ազգի դառը վիճակին, որ ստեղծվել է օսմանյան զորքերի հարձակման հետևանքով»:

Կովկասյան ռազմաճակատում առաջին հարվածը թուրքերը հասցրին հենց Ալեքսանդրապոլի գավառի ուղղությամբ: Հոկտեմբերի 30-ին, երբ պաշտոնապես դեռ պատերազմ չէր հայտարարվել, թուրքական 40000-ոց բանակը, Աբդի փաշայի գլխավորությամբ դուրս գալով Կարսից, Բաշ-Շորագյալի մոտ անցավ Արփաչայը, իսկ հոկտեմբերի 31-ին գրավեց Ալեքսանդրապոլի գավառի սահմանամերձ Բայանդուր գյուղը: Նոյեմբերի 4-ին իշխան Վորոնցովին ուղարկած N 79 զեկուցագրում Բեհբութովն այս դեպքերը նկարագրել է հետևյալ կերպ. «…թուրքերն անցան սահմանը և գրավելով Բայանդուրը, ոչնչացրին բնակչության մեծ մասին: Պատերազմը դեռ չէր հայտարարված, և հենց դրա համար թուրքերի գործողություններն արդարացիորեն կարելի է համարել ուխտադրուժ: Այնուհետև թշնամու հեծելազորը ցրվեց ու սկսեց ավերել հարևան գյուղերը: Բոլոր կողմերից ինձ տեղեկություններ են հասնում նրանց կողմից կատարված կողոպուտի և բռնությունների մասին: … Բոլոր դիմադրողներին անխնա սպանում են, իսկ ողջ մնացածներին՝ գերում»:

Ռուսական կողմի պատասխան հարվածն իրեն երկար սպասել չտվեց: Իրագործելով Բեհբութովի հրահանգը, գեներալ Օրբելիանիի 7000-ոց զորաջոկատը 28 հրանոթներով նոյեմբերի 2-ին Բայանդուր գյուղի մոտ հարձակվեց թուրքերի վրա և ստիպեց նահանջել, որից հետո Բորչալուի և Շորագյալի միլիցիայի ջոկատները սահմանամերձ Ղափլի (այժմ՝ Գուսանագյուղ) գյուղի բնակիչներին՝ Բայանդուրի ողբերգության կրկնությունից խուսափելու համար ամբողջ շարժական գույքով տեղափոխեցին Ալեքսանդրապոլ:

Բայանդուրի ճակատամարտը ռազմական պատմության մեջ մտավ այն պարզ պատճառով, որ երկու հակառակորդ կողմերի ուժերի խիստ անհավասարության պայմաններում ռազմի դաշտը մնաց ռազմականապես ավելի մարտունակ, բայց և սակավաթիվ ռուսական զորաջոկատի ձեռքին: Ճակատամարտին ռուսական զորքերի կողքին մասնակցեց նաև 800 հայ կամավորական՝ Բորչալուից, Ղազախից, Ելիզավետպոլից և հիմնականում՝ Շորագյալից:

Գեներալ Օրբելիանիի գլխավորած Ալեքսանդրապոլի միլիցիայի ջոկատն աչքի ընկավ նաև նոյեմբերի 4-ին Ալիքիսլիի ճակատամարտում: Այս անգամ ևս թուրքական գերակշիռ ուժերը դիմեցին փախուստի՝ մարտի դաշտում թողնելով 90 սպանված և 94 վիրավոր:

Մինչ պատերազմի պաշտոնապես հայտարարվելը ևս մեկ ընդհարում թուրքական բանակի հետ տեղի ունեցավ նոյեմբերի 13-14-ին Ախալցխայում: Այս կռվին ևս Ալեքսանդրապոլի գավառից հավաքագրված կամավորական ջոկատներն ակտիվ մասնակցություն ունեցան:
Ախալցխայի ճակատամարտը դեռ չէր ավարտվել, երբ Թիֆլիսից ստացվեց փոխարքայի հրամանը Ալեքսանդրապոլյան խմբավորման զորքերին հարձակողական գործողությունների անցնելու մասին: Պատերազմը դարձավ բացահայտ: Հակահարձակման անցած Կովկասյան կորպուսի հիմնական ուժերը Բեհբութովի գլխավորությամբ 1853թ. նոյեմբերի 19-ին Բաշ Քադըկլար գյուղի մոտ առաջին ծանր հարվածը հասցրին Ահմեդ փաշայի՝ դեպի Կարս նահանջող 36000-ոց բանակին: Չդիմանալով ռուսների ճնշմանը՝ թուրքերը դիմեցին փախուստի՝ մարտի դաշտում թողնելով ավելի քան 1000 սպանված, 24 թնդանոթ, մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Չհետապնդելով թշնամուն՝ գեներալ Բեհբութովը ճակատամարտից հետո վերադարձավ Ալեքսանդրապոլ՝ ձմեռելու: Հաղթանակած ռուսական զորքերին ալեքսանդրապոլցիներն ընդունեցին ցնծությամբ: «Քաղաքի բոլոր բնակիչները, – գրում է գեներալ Բոգդանովիչը, -փոքրից մինչև մեծը, խաչերով ու սրբապատկերներով… ծածկել էին Արփաչայի ափին ընկած բարձրությունը: Զորքերի երևալուն պես սկսվեց համաժողովրդական ցնծությունը, քաղաքում լսվեցին զանգերի ղողանջն ու հրանոթների համազարկերը:

Արդյունքը ռուսական զորքի պարտությունն էր։ Ռուսական կայսրության պարտությունը խախտեց նրա միջազգային և ներքին հեղինակությունը, արագացրեց Ռուսաստանում 1859-61 թվականների հեղափոխական իրադրությունը և ճորտատիրական իրավունքի վերացումը։

  • Նկարագրե՛ք 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագրի կետերը։

Ըստ այդ պայմանագրի՝ Ռուսաստանին արգելվում էր ռազմական նավատորմ և ռազմաբազաներ ունենալ Սև ծովում։ Ռուսաստանը Թուրքիային էր զիջում Բեսարաբիայի հարավային մասը, պարտավորվում էր ամրություններ չկառուցել Ալանդական կղզիներում և ճանաչել մեծ տերությունների հովանավորությունը Մոլդովայի, Վալախիայի և Սերբիայի վրա։ Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձնում Անդրկովկասում գրաված բոլոր տարածքները և հրաժարվում է Արևմտյան Հայաստանում գրաված հողերից։

  • Ղրիմի պատերազմից հետո, որոնք դարձան Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները։

Ղրիմի պատերազմից հետո Ռուսաստանի արտաքին գլխավոր խնդիրներն էին սևծովյան տարաշրջանում ու Բալկանյան թերակղզում իր թուլացած դիրքերի ամրապնդումը և միջազգային հեղինակության վերականգնումը։

  • Ի՞նչ է նշանակում «սահմանադրական միապետություն»։

Սահմանադրական միապետությունում օրենսդրական իրական իշխանությունը պատկանում է խորհրդարանին, իսկ գործադիրը՝ կառավարությանը (միապետը թագավորում է, այլ ոչ թե կառավարում)։

  • Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Բալկանյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և ռազմական հաջողությունները։

Բալկանյան ճակատում ռուսական 185-հազարանոց զորակազմին միացել էին սլավոնական ժողովուրդների զինված ուժերը։ Անցնելով Դանուբ գետը՝ ռուսական զորքերը համառ մարտերից հետո Բուլղարիայում գրավեցին Շիպկայի լեռնանցքը։

  • Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Կովկասյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և դասավորությունը։

Կովկասյան ճակատում ռուսական բանակի թիվը հասնում էր 70 հազարի, իսկ հիմնական հարվածող ուժը հայազգի գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքովի (Լոռու Մելիքյան) հրամանատարությամբ գործող 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր։ Այն իրականացնում էր գլխավոր հարձակումը ռազմաճակատի կենտրոնական մասով՝ Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ։ Կորպուսի Երևանյան ջոկատը գործում էր ճակատի ձախ թևում գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի (Տեր-Ղուկասյան) գլխավորությամբ։

  • Նկարագրե՛ք «Երևանյան ջոկատի» Կովկասյան ճակատում ունեցած ռազմական հաջողությունները։

Երևանյան ջոկատը ապրիլի 30-ին գրավում է Բայազետը, ապա նաև Դիադինն ու Ալաշկերտը։

  • Նկարագրե՛ք Բայազետի պաշարումը և դրա ավարտը։

Ավելի քան 10 հազար հոգուց բաղկացած թուրքական զորքերը կատաղի գրոհում են բերդի վրա, բայց գրավել չեն կարողանում։ Գտնվելով թշնամու օղակում և անհավասար մարտեր մղելով հակառակորդի դեմ՝ Բայազետի կայազորը, որի պետը կապիտան Ֆյոդոր Շտոկվիչն էր, սպառում է իր նյութական և ռազմական պաշարները։ Իրենց օրհասական դրության մասին Տեր-Ղուկասովին տեղեկացնելու մի քանի փորձեր մատնվում են անհաջողության։ Վերջապես հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանը քրդական տարազով ծպտյալ անցնում է թշնամու օղակով և լուր հասցնում Տեր-Ղուկասովին։ Երևանյան ջոկատը օգնության է հասնում և համառ մարտերից հետո ազատագրում Բայազետի կայազորին 23 օրվա պաշարումից։

  • Նկարագրե՛ք Կարսի համար մղվող կռիվները։

Կարսի համար մղված կռիվներում ռուսական զորքերը ծանր կորուստներ կրեցին։ Այս ամրոցի գրավումը հետաձգվեց և աշնանը հանձնարարվեց Հովհաննես Լազարևին։ Հայ կամավորականների առաջապահ ջոկատի ուղեկցությամբ ընթացող Լազարևի զորամասի վճռական գրոհը 1877թ. նոյեմբերի 6-ին ավարտվում է կատարյալ հաղթանակով, և Կարսը գրավվում է։

  • Ինչպիսի՞ աջակցություն էին ցույց տալիս հայերը 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմում։

Նրանք զինվորագրվում են ռուսական բանակին, պարեն մատակարարում զորքերին, իրականացնում հետախուզական աշխատանք, հանգանակություններ կատարում։ Ռուսական բանակի հրամանատարական կազմում զգալի թիվ էին կազմում հայ ականավոր զորավարները։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Հայ կամավորական ուժերի աննախադեպ քանակի պատճառով, ինչու՞ Ռուսաստանը դադարեցրեց նրանց հավաքագրումը։ Ինչու՞ էին հայերը այդքան ոգևորված։

Հայտնի է, որ կամավորական ջոկատները հիմնականում համալրված էին հայերով, որոնց մեծ մասը սեփական միջոցներով էր զինված։ Հենց կամավորական շարժման լայն ծավալ ստանալը պատճառ դարձավ ջոկատների հավաքագրման դադարեցմանը։
Հայերը ոգևորված էին, քանզի հույս ունեին, որ եկել է ազատագրման պահը, և նրանք շուտով դուրս կգան թուրքական լծից։ Ոգևորություն էր պատճառում նաև այն, որ ռուսական բանակի հրամանատարական կազմում զգալի թիվ էին կազմում հայ ականավոր զորավարները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: