Կենդանի օրգանիզմների ընդհանուր բնութագիրը, ծագումը

Մեզ շրջապատող բնությունը կազմված է երկու մասից՝ անկենդան նյութից և կենդանի օրգանիզմներից: Անկենդան նյութ են կազմում հողը, ջուրը, օդը, ապարները, ժայռերը և այլն:

Քանի որ կենդանի օրգանիզմները շատ բազմազան են, նրանք ընդգրկված են չորս թագավորություններում.

1. Բակտերիաների թագավորություն:
2. Բույսերի թագավորություն։
3. Սնկերի թագավորություն:
4. Կենդանիների թագավորություն:

Բնության մեջ կենդանի օրգանիզմները տարածված են ամենուրեք: Դրանց կարելի է հայտնաբերել հողում, ջրում, օդում և նույնիսկ ապարներում: Կենդանի օրգանիզմների բազմազանությունը երկրագնդի վրա շատ մեծ է: Ժամանակակից գիտությանը հայտնի է օրգանիզմների 2,5−3,5 մլն տեսակ: Նրանք միմյանցից տարբերվում են բոլոր չափանիշներով` մարմնի ձևով, չափով ու կազմությամբ, բնակության վայրով ու անհրաժեշտ պայմաններով, կենսագործունեության առանձնահատկություններով ու դրսևորումներով և այլն:

Կենդանի օրգանիզմները և անկենդան նյութը միմյանց նման են բաղադրությամբ, որովհետև կազմված են նույն տարրերից:

Սակայն պարզվում է, որ կենդանի օրգանիզմներն ունեն հատկանիշներ, որոնք չունի անկենդան նյութը: Դրանց օգնությամբ էլ կենդանի օրգանիզմները տարբերվում են անկենդան նյութից:

Կենդանի օրգանիզմները բազմանում են, աճում են, զարգանում են, սնվում են, տեղաշարժվում են, հաղորդակցվում են, արձագանքում են միջավայրի պայմաններին, միջավայրի հետ կատարում նյութափոխանակություն, գրգռվում, հարմարվում և այլն:

Կենդանի օրգանիզմներն ունեն ինքնակրկնապատկվելու և վերարտադրվելու զարմանահրաշ հատկություն, որն էլ կոչվում է բազմացում:

Բոլոր կենդանի օրգանիզմները ինչ-որ պահից սկսած ստեղծում են իրենց նմանին: Այդ երևույթը կատարվում է կիսման կամ երկու տարբեր օրգանիզմների մասնակցության շնորհիվ:

Կենդանի օրգանիզմներից առաջացող նոր սերունդը միշտ նման է ծնողական ձևին և կրում է նրա ժառանգական տեղեկատվությունը:

Կենդանի օրգանիզմները կյանքի ընթացքում ենթարկվում են բարդ փոփոխությունների: Արդյունքում կարելի է նկատել, որ նույն օրգանիզմն անճանաչելիորեն փոխվել է:
Այնուհանդերձ պետք է նկատել, որ այդ փոփոխությունները օգուտ են բերում օրգանիզմին: Դրա հետևանքը լինում է այն, որ օրգանիզմը չափսերով մեծանում է, ձեռք է բերում մարմնի նոր մասեր կամ կատարելագործում եղածները:

Բնության պայմանները անընդհատ փոփոխվում են, որոնք, իրենց հերթին, անդրադառնում են կենդանի օրգանիզմների վրա: Արդյունքում օրգանիզմը իր գոյությունը հարմարեցնում է նոր պայմաններին, ինչն էլ անվանում են հարմարում:

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ընդունակ է ընկալել միջավայրի փոփոխությունը և արձագանքել դրան: Այդ հատկանիշը կոչվում է գրգռականություն:

Կենդանի օրգանիզմները բնակվում են մեզ շրջապատող բնության որոշակի միջավայրերում: Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը և այլ կենդանի օրգանիզմները: Այսպես, 8300 մ բարձրության լեռներում կարելի է հանդիպել մինչև 10 տեսակի տարբեր բակտերիաների, Աֆրիկայի անապատներում բնակվում են մոտ 500 կենդանատեսակներ, խաղաղօվկիանոսյան 11000 մ խորությամբ իջվածքները ևս գրավված են օրգանիզմների տարբեր ներկայացուցիչների կողմից: Այդուհանդերձ օրգանիզմների մեծ մասը բնակվում է ցամաքում և միայն 20 %-ն է զբաղեցնում երկրագնդի ջրային տարածքը:

Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։

Կենդանի օրգանիզմների կյանքը բնության մեջ պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով, այդ պատճառով էլ օրգանիզմների և նրանց շրջակա միջավայրի միջև առաջանում են բազմազան փոխադարձ կապեր և ներգործություններ: Կենդանի օրգանիզմը փոխհարաբերությունների մեջ է մտնում շրջակա բնության հետ: Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև ստեղծվում է հարաբերությունների կայուն համակարգ:

Ջրային միջավայր: Ջրում հարմարավետ բնակվում են ջրիմուռները և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորությունների վրա, որտեղ լույս է թափանցում, քանզի այդ խորություններում հնարավոր է ֆոտոսինթեզել: Ջրային կենսակերպին առավել լավ հարմարված են կենդանիները, որոնք մեծ քանակներով բնակվում են ծովերում, գետերում, լճերում և օվկիանոսներում:

Օդացամաքային միջավայր: Այս միջավայրում առատ են օդն ու լույսը, սակայն հաճախ են տատանվում ջերմաստիճանն ու խոնավությունը։ Այստեղ են ապրում համարյա բոլոր բարձրակարգ բույսերը։ Կենդանիներից այս միջավայրում բնակվում են միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները և այլ օրգանիզմներ։

Հողային միջավայր: Հողը երկրագնդի մակերեսի վերին շերտն է, որից կախված է բույսերի և բազմաթիվ այլ կենդանի օրգանիզմների կյանքը։ Օրգանիզմների մնացորդները աստիճանաբար փտում են և առաջացնում հումուս։

Հումուսը օրգանիզմների քայքայված մնացորդների ամբողջություն է, որը բերրիացնում է հողը:

Հողում ապրում են պարզ ջրիմուռներ, բույսերի արմատներ, սերմեր, սպորներ:

Օրգանիզմային միջավայր: Այն օրգանիզմն է, որը տեր է հանդիսանում մակաբույծ բույսի կամ կենդանու համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: