Սկզբում պատմվածքն ինձ բավականչափ խառը թվաց, բայց ամբողջովին կարդալուց հետո, հասկացա այն ամենը, ինչը րոպեներ առաջ անհասկանալի էր ինձ համար: Գուցե պատճառը հոգնածությունս է կամ, որ, ուշ ժամի եմ կարդում՝ հստակ չեմ կարող ասել:
Այս պատմվածքը 19-ամյա աղջկա մասին է, նրա մտորումների, ցավի, կյանքի դժվարության… Թեպետ, կարծում եմ, նրա կերպարը մարմնավորում էր այդ ժամանակների բազում աղջիկների խնդիրներն ու խոհերը:
Ես հասկանում եմ Էվելինին, հասկանում եմ նրա մտքերի տառապանքներն ու վերջնական որոշման պատճառը: Աղջկա մայրը խելագարվել էր ու մահացել: Մահացել էր նաև Էվելինի եղբայր Էռնեստը, իսկ Հարրին՝ մյուս եղբայրը, զբաղված էր աշխատանքով: Դեռ մանուկ տարիքում տեսել էր հոր զայրույթը եղբայրների հանդեպ, ովքեր և աղջկա պաշտպաններն էին, թերևս հայրը Էվելինի վրա ձեռք չէր բարձրացնում, քանզի նա աղջիկ էր: Դուք անկարող եք պատկերացնել, թե այդ վեճերն ինչպիսի հոգեբանական փոփոխություններ կարող էին անել այդ մանկան ներսում: Այնուհետև գիտակցումը մոր ապրուստների մասին, որոնք էլ նրա խելագարության պատճառն էին դարձել: Էվելինն այդպիսի կյանք չէր ուզում: Նա ցանկանում էր երջանիկ լինել:
Հավատացնում եմ, որ անգամ ես չէի կարողանա ընտրել այն տարբերակների միջև, որոնք դրված էին Էվելինի առջև: Այո՛, թվում է, թե որոշումն ակնհայտ էր, ո՞վ կհրաժարվի երջանիկ կյանքից, բայց ամեն բան այդքան հեշտ չէ: Ճշմարիտ մարդուն այնքան բարդ է սեփական խոստմանը դեմ գնալը: Էվելինը հասկանում էր, որ հայրը առանց դստեր չի կարողանա հոգ տանել իր մասին, ի վերջո Էվելինը նկատել էր հոր ծերացումը… Այդ ամենի գիտակցումը աղջկան մեղքի զգացման տառապանքի մեջ կգցեր և կհետապնդեր իր ամբողջ կյանքում:
Եթե հնարավոր լիներ հեռվից օգնել ընտանիքին, հնարավոր է, որ Էվելինը գնար Ֆրենկի հետ: Ի դեպ՝ այս պատմվածքում սիրեցի Էռնեստի ու Ֆրենկի կերպարները: Եթե ես լինեի Էվելինի փոխարեն, ես պարզապես խոստում չէի տա, որ չեմ լքի տունը, թեկուզև որքան կարող եմ: Ինձ առաջինը հենց այդ խոստումը կպահեր: Ես հայրիկիս չէի կարողանա լքել, բայց չէի էլ կարողանա ապրել այդպիսի կյանքով: Դուք չեք պատկերացնի, թե որքան բարդ որոշում կայացրեց Էվելինը:
Leave a Reply