Հեռավար-առցանց ուսուցում հայոց պատմությունից։ Ապրիլի 13 – 23

«Եթե՞ Տիգրան Մեծը լիներ անպարտելի»

Տիգրան Մեծը հայոց պատմության մեջ հավերժ կլինի յուրօրինակ մի կերպար, ով միշտ էլ կմնա իմ ամենից սիրելի գահակալը։ Նա իր կառավարման սկզբնական տարիներին, կարելի է ասել, արդեն իսկ անպարտելի էր, բայց ցավոք, եկավ մի պահ, երբ ամենինչ գնաց այնպիսի ուղղությամբ, ինչպիսին չէր սպասում ոչմեկը։

Ի՞նչ կլիներ, եթե Տիգրանն անպարտելի լիներ։ Վաղ տարիներին անդրադառնալու, կարծում եմ, կարիք չկա, բայց կասեմ մի բան՝ Տիգրանը շատ ավելի շուտ ու արագ կգրավեր այն տարածքները, որոնց հետ մարտերը փոքր-ինչ երկարատև են եղել։ Ինչու՞, որովհետև նա անպարտելի կլիներ։ Ենթադրենք՝ բանակը կատարելության կհասցներ ամենաշատը 2 տարում։ Մանրամասնեմ միտքս։ Դե մենք գիտենք, թե սկզբնական շրջանում ինչ տարածքներ է գրավել Տիգրանը և, եթե չեմ սխալվում, Պարթևստանի վրա հարձակվել է իր թագադրումից վեց տարի անց։ Եթե թվերի մեջ սխալ չարեցի, ապա երկու տարին բավական կլիներ բանակը այնպիսի կատարելության հասցնելու, որ վստահ կլիներ՝ զինվորներն առանց որևէ դժվարության կգրավեն Պարթևստանը։

Չմոռանամ նշել, որ կկարողանար հանգիստ խղճով Միհրդատ Եվպատորի հետ դաշինք չկնքել, մինևնույն է՝ անպարտելի էր։ Թե չլիներ Պոնտոսի հետ դաշինքը, չէր լինի նաև Կլեոպատրայի հետ ամուսնությունը, հետևաբար չէին լինի երեք դավաճան որդիները՝ ծնված այդ երկուսի ամուսնությունից։ Իհարկե՝ չենք կարող հաստատապես ասել, որ իր մյուս որդիների մեջ դավաճաններ չէին լինի։ Ինչևէ…

Անցնենք Լյուցիոս Լուկուլլոսին։ Չէր լինի Տիգրանի սկզբնական պարտությունը Տիգրանակերտի պարիսպների տակ։ Գուցե՞ Մեհրուժանը չսպանվեր, գուցե՞ Լուկուլլոսին չհաջողվեր անգամ Տիգրանակերտ հասնել, գուցե՞ Տիգրանը գլխատեր նրան կամ, Լուկուլլոսը փախուստի դիմելով, հեռացվեր գլխավոր հրամանատարի իր պաշտոնից։ Իրականում, եթե ճիշտ եմ հիշում, Հռոմում ընդունված էր, որ զորավարը պետք է անպայման շահի մարտը և, որպես ապացույց, բերի հակառակորդ կառավարչի գլուխը կամ գերևարի նրան։ Պոմպեոսը կստանձնե՞ր Լյուցիոսի դերը։ Հնարավոր է, բայց մեկ տարբերությամբ՝ նա չէր հաղթի։

Տիգրանը կգրավեր Եգիպտոսը, հավանական է նաև՝ Չինաստանը և Ասիան։ Կլինե՞ր ավելի հզոր ու փառահեղ քան Ալեքսանդր Մակեդոնացին էր… Ինչու՞ ոչ։ Միայն վստահ եմ, որ ամեն բան ավելի գրավիչ ու հետաքրքիր կդառնար, քանզի չէր լինի իր ճակատագրական պարտությունը։

Նաև շատ հավանական է, որ նրա հաջորդը չէր լինի Արտավազդը, թեպետ ո՞վ գիտե։ Համենայն դեպս մի բան հաստատ է՝ Տիգրանը, միևնույն է, կլիներ հայերի կողմից ամենասիրված ու ամենանշանավոր արքան։

«Եթե՞ Եվրոպական երկրները օգնեին Իսրայել Օրուն ազատագրել Հայաստանը»

Մեզ հայտնի է, որ Իսրայել Օրին Գերմանիա է գնացել անգլիացիների գերությունից ազատվելուց հետո, իսկ 1698 թ-ին ներկայացրել է Հայաստանի ազատագրման խնդիրը Հովհան Վիլհելմին։ Եվ ամենևին էլ պատահական չէր, որ Իսրայելը հենց նրանից էր օգնություն խնդրել։ Հովհան Վիլհելմը տարածաշրջանի ամենանշանավոր քաղաքական գործիչներից էր, արյունակցական ու քաղաքական մերձավոր սերտ հարաբերություններ ուներ եվրոպական բազմաթիվ տիրակալների, առավելապես՝ Ավստրիայի Լեոպոլդ I կայսեր և Տոսկանայի մեծ դուքս Կոզմաս III Մեդիչիի հետ: Նշելի է, որ 1683 թ. Ավստրիան «Սրբազան լիգայի» մյուս երկրների հետ պատերազմի մեջ էր ընդդեմ Թուրքիայի, իսկ Հովհան Վիլելմը ոչ երկրորդական դեր էր խաղում այդ իրադարձություններում. նա հակաթուրքական այդ լիգայի կազմակերպիչներից ու ոգեշնչողներից մեկն էր:

Հետևաբար, եթե Վիլհելմը դուրս գար Թուրքիայի դեմ, նրա կողքին կկանգնեին նաև Ավստրիան, Տոսկանիան և այլ եվրոպական երկրները, ուստի Հայաստանը հեշտությամբ կազատագրվեր, բայց ի՞նչ կհաջորդեր այդ իրադարձությանը։

Ըստ ամենայնի՝ հայերը կընդունեին կաթոլիկական դավանանք, որը կարող էր հակամարտություն առաջացնել երկրի ներսում։ Անկախ կլիներ Հայաստանը, թե՞ կդառնար գերմանական մի «քաղաք կամ մարզ», դժվար է ասել։ Կսկսվե՞ր մեկ այլ պատերազմ կամ Թուրքիան կոչնչացվե՞ր, ի վերջո ավստրիական զորքերը թուրքական ռազմաճակատներում զգալի հաջողություններ էին ունենում։ Եվրոպական երկրները կարող էին միավորվել և միաժամանակ հարձակվել Թուրքիայի վրա՝ ավարտ տալով դրա պատմությանը։

Հայաստանում կզարգանար կրթությունը, մշակույթը, տնտեսությունը։ Չէ՞ որ, ազատագրելով Հայաստանը, Գերմանիան օգնություն կտրամադրեր Հայաստանին՝ վերականգնվելու թուրքական տիրապետության հասցրած վնասներից։

Հավանական է, որ չէր լինի, թուրքերի կողմից կազմակերպած, հայերի ցեղասպանությունը։ Թեպետ, ո՞վ գիտե, հնարավոր է, որ հետագայում Հիտլերը հրեաների հետ հայերին էլ կոտորեր։

Եթե Հայաստանը ազատագրելուց հետո, Գերմանիան իր տիրապետության տակ առներ Հայաստանը, եթե մեր երկիրը, միևնույն է, չդառնար ամբողջությամբ անկախ և ինքնիշխան, հնարավոր է, որ մինչ այսօր էլ լինեինք Գերմանիայի մի մասնիկ։

Իսկ եթե Հայաստանը դառնար անկախ, ինչպես Օրին էր ծրագրել, ապա չէին լինի հետագա տարածքային կորուստները, չէին լինի տառապանքներն ու ցավերը…

«Եթե՞ Հայաստանի ներկայիս տարածքը լիներ հավասար Տիգրան Մեծի հզորության գագաթնակետի ժամանակաշրջանի տարածքին»

Եկեք համարենք, որ չէին լինի մեր թշնամի երկրները, իսկ լինելու դեպքում կա՛մ աննշան փոքր տարածք կունենային, կա՛մ պարզապես, որևէ տեղ բնակվող, ցեղ։ Հայաստանը անկասկած կդասվեր զարգացած երկրների շարքին, քանզի բոլորս էլ գիտենք հայերի տաղանդների ու խելքի մասին, գիտենք, որ երկհարկանի տներ Կարսում նկատվում էին, մինչ այլ երկրներում միայն մեկ հարկանի կառույցներ էին, գիտենք նաև, որ կնոջ իրավունքների մասին խոսք է գնում «Դատաստանագրքում», այնինչ ներկայիս զարգացած երկրներում այդ ժամանակ կանայք իրի էին հավասար։

Հայերը չէին ձգտի արտասահման գնալու, կմնաին և կշենացնեին իրենց երկիրը։ Ամեն բան այլ կլիներ։ Դե այս ամենին պետք է լրացներ ազգացավ և խելացի կառավարիչը։

Կրթությունը կլիներ ամենաբարձր մակարդակ ունեցողներից մեկը, հայերի մասին ամբողջ աշխարհում կխոսեին։ Կունենայինք ծովափ, որտեղ սովորական հասարակությունը հանգստանալու կամ ապրելու կգնար։

Մեր երկիրը բավականաչափ հարուստ կլիներ, կունենար մեծ և մարտունակ բանակ։ Հայերի պատմությունը շատերին հասանելի ու ծանոթ կլիներ, զբոսաշրջությունն էլ՝ շատ ավելի զարգացած։

Անհամեմատելիորեն շատ ավելի բան պարզ կլիներ մեր պատմության մասին, քանզի պեղումներ կանցկացվեին այն վայրերում, որտեղ իրականում անկարող ենք դա անել։

Բացի այդ, մնացած պետությունները կարևոր նշանակություն կտաին Հայաստանի կառավարության քաղաքականորեն բռնած դիրքին, կարծիքներին, առաջարկներին…

Իրականում կարելի է անվերջ խոսել այն մասին, թե ինչ կլիներ, եթե մեր տարածքները մեզ մնաին, բայց իմ պատկերացումների մեծամասնությունը իմ գլխում կթողնեմ։

2- «Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբին, ի՞նչ էլայեթների (նահանգներ) էր բաժանված։

Գտնվելով Օսմանյան կայսրության տիրապետության տակ՝ Արմ. Հայաստանը բաժանված էր Էրզրում (Կարին), Ախալցխա, Կարս, Վան, Դիարբեքիր և Սեբաստիա էլայեթների։

  • Նկարագրե՛ք XIX դարի սկզբին Էրզրումի նահանգի դրությունը։

Էրզրումը կարևոր վարչամիավոր էր, որի կառավարիչը վալին էր, ով էլ կրում էր սերասկյարի և Հայաստանի կառավարչի տիտղոսը։ Էրզրումում բնակվում էր ավելի քան 400 000 հայ։

  • Ովքե՞ր էին «կեսկեսները», որտե՞ղ էին բնակվում նրանք։

«Կեսկես» նշանակում է կեսհայ, կեսմահմեդական, այսպես կոչում էին մահմեդականացված հայերին, ովքեր էլ բնակվում էին Արևմտյան Հայաստանում և հարակից նահանգներում։

  • Ինչպիսի՞ կացության մեջ էին ապրում հայերը և մնացյալ քրիստոնեաները Օսմանյան կայսրության տարածքում։

Նրանք ապրում էին ազգային ամենաբիրտ ճնշումների, ազգային արժանապատվության ոտնահարման, ֆիզիկական բնաջնջման մշտական վտանգի պայմաններում, իսկ թուրքական կառավարությունը հրապարակել էր մի օրենք, ըստ որի, մահապատժի կենթարկվեին մահմեդականացված բոլոր այն քրիստոնյաները, ովքեր կփորձեին վերադառնալ իրենց նախկին կրոնին։

  • Նկարագրե՛ք Կիլիկիայի սոցիալ-քաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։

Կիլիկիայում համայնքային ներքին ինքնավարությամբ աչքի էին ընկնում լեռնային Զեյթունի (Ուլնիա) 30 հայկական գյուղեր՝ մոտ 28 000 հայ բնակչությամբ։ Այստեղի իշխանական տների՝ Յաղուբյանների, Սուրենյանցների, Նորաշխարհյանների և Շովրոյանների գլխավորությամբ կառավարության դեմ պայքարը գրեթե միշտ պսակվում էր հաջողությամբ։

  • Ինչու՞ սկսվեց 1806 – 1812 թթ․ ռուս-թուրքական պատերազմը։

Թուրքիան, Նապոլեոն Բոնապարտի դրդումով, սկսեց այս պատերազմը ընդեմ Ռուսաստանի։

  • Նկարագրե՛ք 1807 թվականի հունիսին տեղի ունեցած ռազմական գործողությունները։

1807 թվականի ամռանը թուրքական զորքերը գլխավոր հրամանատար Յուսուֆ փաշայի գլխավորությամբ մի քանի անգամ հարձակման են դիմում, բայց հաջողության չեն հասնում։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807 թվականի հունիսին Ախուրյանի ափին՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ։ Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում։ Ռուսական 7-հազարանոց զորքը հաղթանակ է տանում օսմանյան 20-հազարանոց զորախմբի նկատմամբ։ Թուրքերը փախչում են Կարս։ Նրանք մարտի դաշտում թողնում են ավելի քան 1000 սպանված, իսկ Յուսուֆ փաշան հազիվ է փրկվում գերի ընկնելուց։

  • Նկարագրե՛ք 1810 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունները։

1810թ-ի նոյեմբերի սկզբին, տեղի հայերի ու վրացիների աջակցությամբ, ռուսական զորքերն արագորեն գրավում են Ախալցխա փաշայության տարածքի զգալի մասը, սակայն Ախալցխան գրավել չի հաջողվում։

  • Ինչպիսի՞ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1812 թվականի մայիսի 16-ի հաշտության պայմանագրով։

Նախ և առաջ նշեմ, որ պայմանագիրը կնքվել է Բուխարեստում՝ Մանուկ բեյ Միրզայանի միջնորդությամբ։ Ռուսաստանին են անցնում Բեսարաբիան և Աբխազիան։

  • Ինչու՞ սկսվեց 1828-29 թթ ռուս-թուրքական պատերազմը։

Պատճառը ռուսների ցանկությունն էր՝ տիրանալու Բոսֆորին ու Դարդանելիին, ինչպես նաև՝ ամրապնդել դիրքերը Բալկաններում և Արմ. Հայաստանում։

  • Նկարագրե՛ք 1828 թվականի հունիսի ռազմական գործողությունները։

1828թ-ի հունիսի 23-ին ռուսները, պաշարելով Կարսը, ի վերջո գրավում են այն։

  • Նկարագրե՛ք 1829 թվականի հունիսի ռազմական գործողությունները:

1829թ-ի հունիսին Վանի փաշան ներխուժեց Ալաշկերտի դաշտ՝ ճանապարհին թալանելով ու առևանգելով հայ գյուղացիներին։ Եվ ահա թուրքերին հաջողվեց մտնել Բայազետ։ Սակայն բերդի ռուսական կայազորը գեներալներ Պոպովի և Պանյուտինի գլխավորությամբ կազմակերպեց համառ դիմադրություն։ Այս մարտերին գործուն մասնակցություն ունեցան բայազետցի հայ կամավորականները։ Անցնելով հակահարձակման՝ ռուսական կայազորը փախուստի է մատնում Վանի փաշայի զորքերին։
Հունիսի 24-ին Պասկևիչի գլխավորած ռուսական հիմնական ուժերը գրավում են Վերին Բասենի վարչական կենտրոն Հասան կալան։ Իսկ հունիսի 27-ին ռուսական բանակը առանց մարտի մտնում է Էրզրում։

  • Ի՞նչ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքված հաշտության պայմանագրով։

Ռուսական կայսրությանը անցնում են Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով, Ախալցխան ու Ախալքալաքը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: