Աշխարհն ու ես

Երևի թե այս վերնագիրն ամենամոտն է իմ խոհերին, մտածմունքներին ու վախերին։ Չեմ կարծում, որ սա արժանի է ընթերցման, քանզի այս գրվածքում թողնում եմ ինձնից մի փոքրիկ հատված։ Թե թանկ է Ձեր ժամանակը, մի կարդացեք այս պատմվածքը, քանզի այն ամենևին էլ պատմվածք չէ։ Պարզապես փորձում եմ հասկանալ ինքս ինձ. ուշադրություն մի դարձրեք։

Չեմ ուզում մեծանալ… Մեկ նախադասություն, որը ամենից գլխավորը կհամարեմ այստեղ։ Իմ կյանքի վաղ տարիներին երազում էի շուտ մեծանալ, մտնել մեծերի աշխարհ ու ապրել անհոգ և երջանիկ կյանքով։ Իհարկե, կասեք, որ բոլոր երեխաներն էլ ունեցել են այդ ցանկությունը, բայց մեծանալով հասկացել, որ իրենց անհոգ տարիները մնացել են մանկությունում։ Իսկ ահա ես կասեմ, որ այդ մարդկանց ցուցակին ամենևին էլ չեմ պատկանում։ Չեմ սիրում մանկության տարիներս, բայց պաշտում եմ այդ հասակիս հավատքն ու լավատեսությունը։ Այն ժամանակ ես ինքնավստահ էի, գիտեի, թե ինչ եմ ուզում, կարողանում էի որոշել ապագաս, իսկ հիմա՞…

Հիմա ես կորցրել եմ ինքս ինձ մառախուղի հաստ շերտի մեջ։ Չգիտեմ՝ ինչ եմ ուզում, ինչին եմ սպասում, ինչ եմ ակնկալում այս աշխարհից։ Բայց վստահ եմ, որ այս շրջանը իմ կյանքի «ամենաանհոգ» ժամանակն է։

Գիտե՞ք՝ այն ժամանակ ես պատրաստ էի ամեն մի դժվարության, միայն թե հասնեի նպատակիս, իսկ հիմա կոտրվել է ամեն բան։ Իմ նպատակները նման էին մի մե՜ծ աշտարակի, որը քանդվեց, երբ հիմքը փշրվեց։ Տարիներ էի ծախսել այդ աշտարակը կառուցելու համար…

Եվ միայն հիմա եմ հասկանում, որ աշխարհը վիթխարի հսկա է, իսկ ես վիրավորված մի մանկիկ։ Մենք անհամապատասխան ենք, բայց ես առանց նրա չէի կարող լինել, իսկ նա առանց ինձ փոքր-ինչ այլ կլիներ։

15 տարին ամենևին էլ քիչ ժամանակ չէ, և ես հասցրել եմ սիրել այս աշխարհը, որ չեմ ցանկանում տեսնել ամենի վերջը։ Չեմ ուզում՝ մարդիկ գնան ու գան։ Ինչու՞ չի կարող ամենինչ ու ամեն ոք հավերժ լինել։ Աշխարհը դաժան է, բայց և հաճելի։

Երբեմն ինձ պատում է այն միտքը, որ ես այս աշխարհինը չեմ, բայց գիտեմ, որ բաժանվել նրանից անկարող եմ։ Սիրել եմ նրան ավելի, քան որևէ մեկին կամ իրին, սիրել եմ ավելի, քան ինչ-որ երազի։

Եվ ահա մառախուղից դուրս գալու համար պետք է վերակառուցվի աշտարակը, բայց այս անգամ նոր և ավելի ամուր հիմքով։ Երևում են ծաղիկների հազիվ նկատելի գույները… Հը՜մ, չափից դուրս երկար ժամանակ պետք եկավ ինձ վերականգնվելու համար։ Ես նման չեմ ինքս ինձ, և դա վախեցնում է…Բայց ես կվերադառնամ, քանզի խոստացել եմ մանկիկիս։ Ես կբռնեմ նրա ձեռքը և կգնամ այդ փոքրիկի երազած աշխարհը։ Ես և աշխարհը, աշխարհն ու մանկիկը… մենք անբաժանելի ենք, բայց ես ժամանակավոր եմ, իսկ աշխարհը հավերժային։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: