Design a site like this with WordPress.com
Get started

Հեռավար-առցանց ուսուցում հայոց պատմությունից։ Ապրիլի 6-10: «Տիգրան Մեծ»

Բաժին – Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը
Թեմա – «Տիգրան Մեծ»

Տիգրան Մեծ արքան (մ.թ.ա. 95-55թթ), հայոց ամենասիրելի, ամենափառաբանված հերոսներից է: Նրա անվան հետ են կապված հայոց փառքը, հայոց աշխարհակալության ծնունդը: Արտավազդ Առաջինը (մ.թ.ա. 160-115թթ), պարտվելով Կապուտանի ճակատամարտում և զավակ չունենալով, ըստ հաշտության պայմանագրի, ստիպված է լինում Տիգրան Առաջինի (մ.թ.ա. 115-95թթ) ավագ որդուն` Տիգրանին, պատանդ ուղարկել պարթևաց արքունիք: Տիգրան արքայազնի կյանքի այդ շրջանի մասին քիչ բան է հայտնի. միայն այն, որ նա իր պատանդության մեջ ամուսնացել էր պարթևաց արքայադուստրերից մեկի հետ: Որոշ աղբյուրներում գրված է, որ այդ կնոջ անունը Զարուհի էր, ումից էլ երեք որդի է ունեցել, թեպետ փոքր-ինչ կասկածում եմ այս տեղեկություների ճշգրտության վրա։
Մ.թ.ա. 95 թ. մահանում է Տիգրան Ա արքան: Նրա զավակներից Գուրասը Հայաստանում էր, սակայն ավագության կարգով գահը հասնում էր պատանդ Տիգրանին: Եվ հայոց ավագանին, պարթևական թագավոր Միհրդատ Երկրորդին զիջելով հայոց Յոթանասուն հովիտներ երկրամասը, արքայազն Տիգրանին ազատեց գերությունից ու բազմեցրեց հայոց գահին: Թվում էր` պարթևների համար հայոց գահի լավագույն թեկնածուն հենց Տիգրան Երկրորդն է, քանզի մեծացել էր պարթևական արքունիքում, յուրացրել նրանց բարքերը, ամուսնացել պարթև արքայադստեր հետ, և հետևաբար, Հայաստանը պիտի գտնվեր պարթևների գերիշխանության տակ: Սակայն պարթևների հաշվարկները սխալ էին: Ժառանգելով հայոց գահը 45 տարեկանում` Տիգրանն արագորեն վերակազմավորեց հայոց բանակը և ձեռնամուխ եղավ հայոց հեղինակության վերականգնմանն ու պետության հզորացմանը: Նա սկսեց այնտեղից, որտեղ կանգ էր առել իր պապը` Արտաշես Ա Բարեպաշտ արքան (մ.թ.ա. 189-160թթ): Տիգրանի զորքերը արագ երթով մտան Ծոփքի թագավորություն, գրավեցին հայոց այդ հնամենի երկրամասը, գլխատեցին Արտանես արքային ու միացրին Մեծ Հայքի թագավորությանը: Միաժամանակ հայոց երկրի հյուսիսում հզորանում էր Պոնտոսի թագավորությունը: Նրա գահակալ Միհրդատ Զ Եվպատորը (մ.թ.ա. 111-63թթ), որ Հռոմի ոխերիմ թշնամին էր, լինելով հմուտ զորավար ու դիվանագետ, անմիջապես հասկացավ Տիգրանի հավակնություններն ու ուժը և նրան դաշինք առաջարկեց: Մ.թ.ա. 94թ. կնքվեց հայ-պոնտական դաշինքը, որով երկու թագավորները միմյանց միջև բաժանեցին ապագա նվաճումների տարածքները: Ըստ այդ պայմանագրի՝ նվաճված տարածքը անցնելու էր Պոնտոսին, իսկ ավարը՝ Հայքին, սակայն ես չեմ հավատում այդ փաստին, քանզի ձգտելով հողերի գրավվմանը, Տիգրանը չէր համաձայնի, որ դրանք անցնեն Պոնտոսին։ Դաշինքն ամրապնդելու համար Տիգրան Բ կնության առավ Միհրդատի երիտասարդ, գեղանի դստերը` Կլեոպատրային: Հաջորդ տարին` մ.թ.ա. 93 թ., Տիգրան Բ-ի բանակը մտնում է Կապադովկիա: Սրանով, փաստորեն, Տիգրան արքան պատերազմ հայտարարեց Հռոմին: Նա գահազրկեց Արիոբարզան Ա արքային, նրա տեղը գահ բարձրացրեց Գորդեոսին և հարուստ ավարով ու գերիներով վերադարձավ Հայաստան: Սակայն Հռոմը Տիգրանի դեմ ուղարկեց անվանի զորավար Լուցիուս Կոռնելիուս Սուլլային, որը վերականգնեց իրերի նախկին վիճակը: Մի քանի տարի անց Պարթևստանում վախճանվում է Միհրդատ Բ արքան: Պարթևաց երկրում ծայր են առնում երկպառակտչական պատերազմները: Առիթից չի հապաղում օգտվել Տիգրան Բ-ն: Մ.թ.ա. 87 թ. հայոց երկնակամարում փայլում է Հալլեի գիսաստղը: Դա հաջողակ նշան է համարվում Տիգրանի համար, նա պատերազմ է հայտարարում Պարթևստանին ու նվաճում այդ հզոր երկիրը: Տիգրանը ոչ միայն ազատագրում է պարթևաց պետության տարածքում գտնվող հայոց երկրամասերը, այլև հարկատու է դարձնում պարթևական հզոր թագավորությանն ու պարթև Արշակունիներից խլում արքայից-արքա տիտղոսը: Սրանով Տիգրան Մեծի պետությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը, իսկ նրա ժառանգները դեռ տարիներ շարունակ շարունակում են կրել արքայից արքա տիտղոսը: Նա իր սրին է ենթարկում նաև Միկդոնիան, Օսրոենեն, Ատրպատականը, Ադիաբենեն, Կորդուքը… Տիգրանը Մեծ Հայքին է միացնում նաև Հյուսիսային Միջագետքն ու նրա կենտրոն Մծբինում կառավարիչ նշանակում իր կրտսեր եղբայր Գուրասին: Նվաճելով վերը նշված երկրները` Տիգրան Մեծն այնտեղ չվերացրեց թագավորական իշխանությունը, ուղղակի վասալական կախման մեջ դրեց նրանց: Ոմանց հետ անգամ խնամիացավ` փորձելով դրանով ձեռք բերել դաշնակիցներ: Նա իր դստերը կնության տվեց Ատրպատականի Միհրդատ արքային: Հետագան ցույց տվեց, թե որքան սխալ էին հայոց արքայի հաշվարկները: Միհրդատի ու հայոց արքայադստեր ամուսնությունից ծնված Մար Արտավազդը հետագայում լուրջ մրցակից դարձավ հայոց Արտավազդ Բ արքայի համար: Հաստատվելով արևելքում` Տիգրան Մեծն իր հայացքը հառեց դեպի հարավ: Իսկ Ասորիքում հետաքրքիր զարգացումներ էին: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունը փլուզվում էր: Եվ սելևկյան պետության ավագանին, հոգնելով շարունակական երկպառակտչական պատերազմներից, օտար գահակալ էր որոնում` բազմեցնելու սելևկյան գահին, դրանով իսկ կարգի գցելու ներքին խնդիրները երբեմնի հզոր թագավորության մեջ: Եվ ահա ավագանին հրավիրեց Տիգրան արքային` զբաղեցնելու Անտիոքի գահը նույնպես: Տիգրան Մեծի պլանների մեջ, բնականաբար, մտնում էր Ասորիքի նվաճումը: Ասորիքն իր հարստություններով, նավահանգիստներով չէր կարող դուրս մնալ հայոց արքայի հետաքրքրությունների ոլորտից: Եվ ահա առիթ է ներկայանում նվաճելու Ասորիքն առանց պատերազմի` խաղաղ ճանապարհով: Տիգրան Մեծը մ.թ.ա. 83 թ. բազմում է Սելևկյան գահին: Դրանով, փաստորեն, պատմության թատերաբեմից հեռանում է հին Արևելքի ևս մեկ հզոր պետություն` Սելևկյան թագավորությունը: Տիգրանը Անտիոքում կառավարիչ է նշանակում հայոց Բագարատ զորավարին և գրավում Դաշտային Կիլիկիան և Գամիրքը` դառնալով Հռոմի Հանրապետության անմիջական հարևանը: Տիգրանի ու Հռոմի բախումն անխուսափելի է դառնում: Մինչ վճռական գործողությունների անցնելը, կողմերը ակտիվ հետախուզություն են ծավալում: Օգտվելով Սպարտակի ապստամբության հետևանքով Հռոմում առաջացած խուճապից` հայոց արքան աջակցում է Միջերկրական ծովում ծովահենների ակտիվ գործունեությանը Հռոմի դեմ: Ավարտելով իր նվաճումները` Տիգրան Մեծն իր հսկայական տերության աշխարհագրական կենտրոնում` Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, կառուցեց նոր մայրաքաղաք` Տիգրանակերտը: Արտաշատը համարվում էր Տիգրանի տերության հյուսիսային, Անտիոքը` հարավային մայրաքաղաքը: Ժամանակակիցների վկայությամբ` Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ Հին աշխարհի մեծ, փարթամ ու ճոխ քաղաքներից մեկը: Սակայն հայոց արքան այստեղ թույլ տվեց իր լուրջ մարտավարական սխալներից մեկը. նա հայոց մայրաքաղաքը բնակեցրեց նվաճված երկրներից բերված հույն ու հրեա գերիներով: Մեծ Հայքի համար տարածաշրջանում միակ ռեալ հակառակորդ ուժը դառնում է Հռոմը: Հենց Հռոմի դրդմամբ մ.թ.ա. 73 թ. Տիգրանի դեմ ըմբոստանում է Սելևկյան Սելենե թագուհին, որ ամուր կայազորով ամրանում է Պտղոմայիս ամրոցում: Տիգրանը շուրջ չորս տարի պաշարում է Պտղոմայիսը, ի վերջո գրավում և մահապատժի ենթարկում Սելենե թագուհուն: Այս դեպքերից հետո Տիգրանին հպատակություն է հայտնում նաև Իսրայելի թագավորությունը՝ մի շարք նվերներ ուղարկելով նրան: Սակայն հայոց արքայի հսկայական տերության մեջ էլ ամեն ինչ հարթ չէր ընթանում: Նրա դեմ շարունակ ապստամբում էին նվաճված երկրների տիրակալները: Տիգրանը դաժանորեն ճնշում է ապստամբությունները: Նա անողոք գտնվեց անգամ իր երկու ապստամբ որդիների նկատմամբ, որոնց մահապատժի ենթարկեց: Պատմությունը մեզ է ավանդել նրանցից մեկի անունը` Զարեհ, մյուսին ենթադրաբար կոչել են Արտաշես: Այս պայմաններում կամա, թե ակամա Տիգրան Մեծը ներքաշվում է պատերազմի մեջ: Աշխարհակալ Հռոմը, բնականաբար, չէր կարող հաշտվել Հայաստանի աշխարհակալական ձգտումների հետ: Մ.թ.ա. 73 թ. սկսվում է նոր պատերազմ Պոնտոսի և Հռոմի միջև: Չնայած նախնական հաջողությանը` Միհրդատ Եվպատորն այս պատերազմում գլխովին ջախջախվում է և ապաստանում Հայաստանում: Հռոմեացի զորավար Լուկուլլոսը, որ վարում էր պատերազմը Պոնտոսի դեմ, Տիգրանից պահանջեց իրեն հանձնել Միհրդատին: Տիգրան արքան մերժում է Լուկուլլոսի ապօրինի պահանջը: Այս քայլը բավականաչափ գովելի է և ցույց է տալիս Տիգրանի հավատարիմ դաշնակից լինելու փաստը։ Օգտվելով առիթից` հռոմեացին, առանց պատերազմ հայտարարելու, մեծաքանակ զորքով մտնում է Հայաստան: Արագ երթով անցնելով Ծոփքի վրայով` Լուկուլլոսի բանակը հայտնվում է մայրաքաղաք Տիգրանակերտի պարիսպների տակ: Տիգրանը, որ իր բանակով գտնվում էր Փյունիկիայում, Լուկուլլոսի դեմ է ուղարկում Մեհրուժան Ծոփեցուն 3000-անոց բանակով: Մեհրուժանի բանակը արագ ոչնչանում է, բախվելով Լուկուլլոսի զորքի հետ, իսկ Մեհրուժանը՝ սպանվում։ Ցավով էի կարդում այդ իրադարձության մասին, քանզի նա չափից դուրս խելացի և իմաստուն անձնավորություն էր։ Ի դեպ՝ ասում են, որ Մեհրուժանի մահվան օրը ծնվեց նրա որդին և, ի պատիվ հոր, կոչվեց Մեհրուժան։ Տիգրանակերտի տակ հայոց արքան թույլ է տալիս հերթական սխալը. նա փոքրիկ զորաջոկատով ճեղքում է հռոմեացիների պաշարման շղթան ու մտնելով քաղաք` նույն անակնկալ ճեղքումով քաղաքից հանում է իր կանանոցն ու գանձերը: Սա որպես ռազմական գործողություն փայլուն էր, սակայն սխալ էր ռազմավարական տեսանկյունից, քանզի մինչ այդ քաջաբար պաշտպանվող մայրաքաղաքի բնակչությանը բարոյազրկեց ու հուսահատեցրեց: Ինչևէ, մ.թ.ա. 69 թ. հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի մատույցներում տեղի ունեցավ գլխավոր ճակատամարտը, որն ավարտվեց հայկական բանակի կատարյալ պարտությամբ: Ճակատամարտից հետո Տիգրան արքան նահանջում է Արտաշատ, իսկ Լուկուլլոսը շարունակում է Տիգրանակերտի պաշարումը, ի վերջո գրավում և թալանում այն: Տիգրանակերտի պարտությունը ծանր հարված էր հայկական աշխարհակալությանը: Չբավարարվելով ձեռք բերածով` Լուկուլլոսը մ.թ.ա. 68 թվականի գարնանն անցնում է Հայկական Տավրոսն ու արշավում Արտաշատի վրա: Սակայն Արածանի գետի անցման ժամանակ նրան կազմ ու պատրաստ դիմավորում են հայկական զորքերը: Արածանիի ճակատամարտում Հռոմը ծանր պարտություն է կրում: Լուկուլլոսը ստիպված էր նահանջի հրաման տալ: Բայց Տիգրան Մեծը հերթական սխալը թույլ տվեց. նա չհետապնդեց նահանջող թշնամուն: Հռոմեական բանակը նահանջի ճանապարհին գրավեց նաև Մծբինը: Մ.թ.ա. 67 թ. նոր միայն հայոց բանակը ռազմարշավ ձեռնարկեց արևելքում` փորձելով վերացնել Լուկուլլոսի արշավանքի հետևանքները և հայոց տերությանը միացնել ապստամբած ու Տիգրանի կայսրությունից անջատված երկրամասերը: Միաժամանակ, Տիգրանի բանակի աջակցությամբ Պոնտոսում իրերի նախկին վիճակն էր վերականգնում Միհրդատ Եվպատորը: Այսպես անփառունակ ավարտվեց Լուկուլլոսի արշավանքը արևելք: Սակայն տիգրանյան կայսրության հիմքերը խարխլված էին այլևս: Մ.թ.ա. 66 թ. մեծ բանակով Արևելք է արշավում հռոմեացի հայտնի զորավար Գնեոս Պոմպեոս Մեծը: Նա կարողացավ համոզել պարթևաց արքա Հրահատ Գ-ին, որ պատերազմ սկսի Հայաստանի դեմ: Ինքը` Պոմպեոսը, արագ երթով արշավեց Պոնտոս և ջախջախեց Միհրդատ Եվպատորին: Տիգրան Մեծը չօգնեց իր աներոջը և երբեմնի դաշնակցին, քանզի Միհրդատը աջակցել էր նախկինում՝ Զարեհի, իսկ այժմ Տիգրան Կրտսերի ապստամբությանը: Տիգրան Կրտսերը` հավակնոտ մի երիտասարդ, ապստամբելով հոր դեմ, նախ միացավ պարթևաց բանակին, սակայն հայ-պարթևական բախման ժամանակ հաջողությունը պարթևների կողմը չէր: Դրանից հետո հայոց դավաճան արքայազնը հայտնվեց Պոմպեոսի ճամբարում և առաջնորդեց հռոմեական լեգեոնները հայոց մայրաքաղաք: Տիգրան արքան ստիպված էր հաշտություն խնդրել Պոմպեոսից: Նա միայնակ, առանց թիկնազորի գնաց հռոմեական ճամբար ու թագը հանձնեց Պոմպեոսին: Հուզված հռոմեացին բարձրանալով իր գահավորակից` թագը դնում է հայոց արքայի գլխին: Համենայն դեպս, այս դեպքերի մասին այսպես են ավանդում հռոմեացի պատմիչները, բայց ես անձամբ չեմ հավատում դեպքերի այսպիսի ընթացքին: Այո, Տիգրանը հանուն իր հայրենիքի պատրաստ էր ամենինչի, թեպետ հպարտությունը իր անբաժան մասն էր կազմում։ Ըստ ամենայնի՝ սա հորինված պատմություն է… Ինչևէ, մ.թ.ա. 66 թ. աշնանը Արտաշատում կնքվում է պայմանագիր Հռոմի և Հայաստանի միջև: Պայմանագրի համաձայն` Տիգրանը Հռոմի օգտին հրաժարվում է իր նվաճումներից: Հայաստանը պահպանում է իր անկախությունը և տարածքային ամբողջականությունը, բացառությամբ Ծոփքի, որտեղ թագավոր է հռչակվում Տիգրան Կրտսերը: Հայաստանը հռչակվում է «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ» և Հռոմին մեծ ռազմատուգանք է վճարում: Տիգրան արքան 6000 տաղանդ ռազմատուգանքը ցանկացավ վճարել հենց Ծոփքի գանձարաններից, ինչի համար ըմբոստացավ նրա որդին` Տիգրան Կրտսերը: Ի վերջո Պոմպեոսը նրան կալանավորեց և որպես գերի ցուցադրեց Հռոմի հաղթահանդեսին: Հետագայում, երբ Տիգրան Կրտսերը փորձեց փախչել Հռոմից և վերադառնալ Հայաստան, սպանվեց Հուլիոս Կեսարի հրամանով, իսկ եթե նրան հաջողվեր էլ Հայաստան վերադառնալ, անկասկած կգլխատվեր հայոց արքայի կողմից: Արտաշատի պայմանագրից հետո Տիգրան արքան անդրադարձավ պարթևական գործերին: Հռոմի օգնությամբ նա Հյուսիսային Միջագետքից դուրս մղեց պարթևական զորքերն ու երկրամասը կրկին միացրեց Մեծ Հայքին: Տիգրան Մեծը թագավորեց մինչև մ.թ.ա. 55 թ. և մահացավ խոր ծերության հասակում` հայոց գահը հանձնելով արժանավոր զավակին` Արտավազդ Երկրորդին: Ֆրանսիացի արևելագետ Ռընե Գրուսեն այսպես է արտահայտվել Տիգրան Մեծի մասին. «Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, եթե մանավանդ նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով ինքնասպանության մղեց իր պետությունը, մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: