Էկոհամակարգ

Էկոլոգիայի տեսանկյունից էկոհամակարգերում տարբերում են հետևյալ բաղադրիչները`

  • անօրգանական նյութեր
  • օրգանական միացություններ, որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան բաղադրիչների միջև
  • օդային և ջրային միջավայրեր, եղանակային պայմաններ և միջայրի այլ ֆիզիկական գործոններ
  • պրոդուցենտներ – այն օրգանիզմները, որոնք, օգտագործելով արևի էներգիան, պարզ անօրգանական նյութերից սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացած բոլոր օրգանիզմների համար
  • կոնսումենտներ – այն հետերոտրոֆ օրգանիզմները, որոնք սնվում են բույսերի կամ կենդանիների պատրաստի օրգանական նյութերով
  • ռեդուցենտներ – այն քայքայող օրգանիզմները, որոնք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ստանում են մահացած հյուսվածքների քայքայման արդյունքում կամ էլ օգտագործում են լուծված օրգանական նյութերը:

Էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները: Դրանք առաջացնում են պարզ անօրգանական նյութեր` ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն (այսպես կոչված «ընդհանուր արժույթ», որն օգտագործվում է կանաչ բույսերի կողմից` օրգանական նյութ սինթեզելու նպատակով):
Կենսաբանական շրջապտույտի անխափան գործունեությամբ է պայմանավորված էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը: Կենսաբանական շրջապտույտը հիմնականում կատարվում է առանց արտադրության մնացորդների ու թափոնների կուտակման:

Օրգանիզմների միջև գոյություն ունեցող բազմազան և սերտ փոխհարաբերության շնորհիվ, էկոհամակարգերը ձեռք են բերել ամբողջականություն, կայունություն և զարգացման հարաբերական անկախություն: Օրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:

Նյութափոխանակության գործընթացին մասնակցող օրգանիզմները տարածության մեջ մասնակիորեն տարանջատված են: Ավտոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են վերին հարկում, ինչը կոչվում է կանաչ գոտի, որտեղ տեսանելի լույսը մատչելի է: Հետերոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են ստորին հարկում, որտեղ հողում և նստվածքներում կուտակվում են օրգանական նյութեր:

Էկոհամակարգերի բաղադրիչների հիմնական գործընթացները տարանջատվում են նաև ժամանակային առումով: Այսպես, հնարավոր է նկատելի խզում, ավտոտրոֆ օրգանիզմների կողմից սինթեզված, օրգանական նյութերի և հետերոտրոֆների կողմից այդ նյութերի օգտագործման միջև: Այնուամենայնիվ, էկոհամակարգերի այդ 3 կենդանի բաղադրիչներին` պրոդուցենտներին, կոնսումենտներին և ռեդուցենտներին, կարելի է դիտարկել որպես բնության երեք գործառնական թագավորություններ. դրանց տարանջատումը գլխավորապես հիմնված է սնման տիպի և էներգիայի ստացման եղանակի վրա:

Քանզի էկոհամակարգերը հստակ սահմաններ չունեն, էկոլոգները ուսումնասիրում են էկոհամակարգերի զուգակցումները` բիոմները, որոնք էկոհամակարգային խոշոր ենթաբաժիններ են՝ բնակլիմայական զոնայի կամ բնական գոտու սահմաններում, որտեղ գերակշռում են բույսերի և կենդանիների այս կամ այն տեսակները: Ցամաքային բիոմները սահմանազատելու համար բացի միջավայրի ֆիզիկա-աշխարհագրական պայմաններից օգտագործում են այդ բիոմները կազմող բույսերի կենսական ձևերի զուգակցումները. տունդրայի համար` մեկամյա խոտերը, քսերոֆիտները և սուկուլենտները, տափաստանների համար` մարգագետնային խոտերը: Կենսոլորտային ողջ կենսազանգվածի 99%-ը կազմում են բույսերը: Արևադարձային անտառները կազմում են ցամաքի 7%-ը, անապատները` ¼-ը, իսկ դրանց բուսականությունը` միայն 1%-ը:

Էկոհամակարգը էկոլոգիայում հիմնական ֆունկցիոնալ միավորն է, քանի որ դրա մեջ են մտնում և օրգանիզմները, և անկենդան միջավայրը` բաղադրիչներ, որոնք փոխադարձ ազդում են մեկը մյուսի հատկությունների վրա և անհրաժեշտ են կյանքի ապահովման համար այն ձևով, որը գոյություն ունի երկրի վրա:

Եթե մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը անցնի այն խնդիրների նպատակային ամբողջական լուծմանը, որոնք ծնվում են բիոմների և կենսոլորտի մակարդակում, ապա առաջին հերթին պետք է ուսումնասիրենք կազմակերպման էկոհամակարգային մակարդակը:

Էկոհամակարգերը, բացի էներգիայի հոսքից ու նյութերի շրջապտույտից, բնութագրվում են նաև զարգացած տեղեկատվական ցանցերով, որոնք իրենց մեջ ներգրավում են ֆիզիկական և քիմիական ազդանշանների հոսքերը: Դրանք կապում են համակարգի բոլոր մասերը և ղեկավարում կամ կարգավորում դրանք որպես ամբողջություն: Այդ իսկ պատճառով կարելի է համարել, որ էկոհամակարգերն ունեն կիբեռնետիկական բնույթ և, ի տարբերություն մարդու կողմից ստեղծված կիբեռնետիկական սարքերի, իրենց կառավարող գործառույթները կենտրոնացնում են հենց իրենց մեջ: Ավելցուկայնությունը (երբ որևէ գործառույթ կարող է իրականացվել ոչ թե մեկ, այլ մի քանի տեսակներով և բաղադրիչները) բարձրացնում է համակարգի կայունությունը: Հասնելիք կայունության աստիճանը շատ տարբեր է և կախված է ինչպես շրջապատող միջավայրի կոշտությունից, այնպես էլ ներքին կառավարող մեխանիզմների արդյունավետությունից:

Նյութի աղբյուր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: