Օգտագործումը և կիրառությունը բժշկության մեջ
Եղերդակը մի հզոր դեղաբույս է, որի մասին ոչ բոլորը գիտեն: Այն երկամյա կամ միամյա խոտաբույս է: Բուսաբուժության մեջ օգտագործվում են եղերդակի ինչպես արմատները, այնպես էլ տերևներն ու ծաղիկները։ Արմատների թուրմն ունի ախորժաբեր և մարսողությունը կարգավորող հատկություն, իսկ տերևների թուրմը՝ հակամանրէային ազդեցություն: Խոտաբույսի թուրմն օգտագործվում է ստամոքսի խոցի, գաստրիտների, երիկամների և փայծաղի հիվանդությունների դեպքում, անգամ հեպատիտների և լյարդի ցերոզի ժամանակ։ Եղերդակն օգտագործվում է որպես արյունը մաքրող, հակաթունաբանական և միզամուղ միջոց, ինչպես նաև սակավարյունության, դիաթեզների, արյուն թքելու, էկզեմայի, ստոմատիտի և կոնյունկտիվիտի ժամանակ։
Օգտագործումն այլ բնագավառներում
Եղերդակի արմատից ստանում են ինուլին, սպիրտ, ֆրուկտոզա և սուրճի փոխմիջոց: Սուրճի փոշմիջոց ստանում են բույսի արմատից, հետևյալ նպատակի համար` եղերդակի մանր կտրատված արմատը բովում են թավայի մեջ և աղում: Բովելուց ինուլինը և ֆրուկտոզան մասամբ կարամելացվում են, որի պատճառով էլ ստացված հումքը լինում է մուգ գույնի: Եղերդակից ստացվող այս հաճելի ըմպելիքը ոչ միայն փոխարինում է սուրճին, այլև սուրճի հետ խառնելիս նրան տալիս է դուրեկան համ: Արմատից ստացվող օշարակը օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արտադրության մեջ: Արմատամերձ տերևները ևս օգտագործվում են, նրանցից էլ պատրաստում են տարբեր սալաթներ: Ինչպես նաև եղերդակը մեղրատու բույս է՝ տալիս է առատ նեկտար և ծաղկափոշի:
Հումքի հավաքում և չորացում
Դեղագործական նպատակներով ամբողջ բույսն օգտագործվում է, բայց հիմնականում՝ արմատը: Եղերդակի վերգետնյա մասը հավաքում են ամռանը՝ հունիս-օգոստոս ամիսներին, ծաղկման ընթացքում: Հումքը չորացնում են արևի տակ, այնուհետև մանր կտրատում և պահում տուփերի մեջ: Իսկ արմատները, արդեն հանում են կա՛մ վաղ գարնանը, կա՛մ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Խորհուրդ է տրվում արմատները հանել անձրևից հետո, երբ հողը խոնավ է, այն հեշտությամբ է դուրս գալիս: Արմատները հանում և մաքրում են հողից, կտրատում և իսկույն չորացնում են չորանոցներում կամ վառարանի ջեռոցում: Արդեն պատրաստի հումքը պետք է պահվի չոր տեղում՝ թղթով պաստառված ամանների մեջ:
Leave a Reply