Օսկար Ուայլդը, ծագումով իռլանդացի, բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ է, գրող, դրամատուրգ, էսսեիստ և քննադատ։
Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Իդեալական ամուսինը» (1895), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (շուրջ 1895) կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն և այլն։ Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Կենդանության օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից մեկն էր։ Դեկանդանսի առավել հայտնի ներկայացուցիչներից է։
Ծնվել է 1854թ-ի հոկտեմբերի 16-ին Դուբլինում, իսկ վախճանվել՝ 1900թ-ի նոյեմբերի 30-ին Փարիզում՝ 46 տարեկան հասակում։
1881թ. հրատարակել է «Բանաստեղծություններ» առաջին ժողովածուն: 1882թ. շրջագայել է ԱՄՆ-ում, հանդես եկել գեղագիտության վերաբերյալ դասախոսություններով, հրատարակել խռովարարական տրամադրություններ արտահայտող «Հավատ կամ նիհիլիստներ» (1882 թ.) մելոդրաման և «Պադուայի դքսուհին» (1883թ.) չափածո ողբերգությունը: Վերադառնալով Լոնդոն՝ աշխատակցել է թերթերին և ամսագրերին: 1887-89թթ. խմբագրել է «Կանանց աշխարհ» ամսագիրը:
Ուայլդը 1895թ. դատապարտվել է 2 տարվա բանտարկության: Գրողի հոգեկան ընկճվածությունն ու տառապանքն արտացոլվել են «Ռեդինգյան բանտի բալլադը» (1897թ.) պոեմում և հետմահու լույս տեսած “De profundis” («Անդունդից», 1905թ.) նամակ-խոստովանության մեջ: Բանտից ազատվելուց հետո տեղափոխվել է Փարիզ և մինչև մահն ապրել Սեբաստիան Մելմոտ անվամբ:
Ուայլդը բազմաժանր (բանաստեղծություններ, պատմվածքներ, հեքիաթներ, վեպ, դրամաներ, տեսական-քննադատական հոդվածներ) գրող է: 1887թ. տպագրած «Քենտրվիլի ուրվականը», «Լորդ Արթուր Սևիլի հանցագործությունը», «Միստր Ն-ի դիմանկարը», «Միլիոնատեր բնորդը» պատմվածքներում ծաղրել է գռեհիկ իրականությունն ու քաղաքակրթությունը:
«Դորիան Գրեյի դիմանկարը» (1890թ.) վեպում հեղինակի գաղափարների կրողը լորդ Հենրի Ուոտոնն է, որի կարծիքով «կյանքի նպատակը մարդու էության բացահայտումն է ու ինքնարտահայտումը»: Հետևելով «չարի գեղագիտության» փիլիսոփայությանը՝ վեպի գլխավոր հերոսը՝ Դորիան Գրեյը, անտեսում է բարոյականության բոլոր կանոնները: Մնալով արտաքնապես գեղեցիկ ու հմայիչ՝ նա ապականվում է հոգեպես:
Ուայլդի «Երջանիկ արքայազնը», «Եսասեր հսկան», «Վարդը և սոխակը» (բոլորը՝ 1888թ.), «Նռնաքարե տունը», «Ձկնորսը և իր հոգին», «Աստղային տղան», «Երիտասարդ թագավորը» (բոլորը՝ 1891թ.) հեքիաթների հերոսները սիրով, գթասրտությամբ և ինքնազոհաբերությամբ հաղթում են չարին:
Ուայլդի դրամատուրգիան զարգացել է 2 ուղղությամբ՝ ողբերգություններ և աշխարհիկ կատակերգություններ: «Սալոմե» (սկզբում գրել է ֆրանսերեն, 1893թ.) և «Ֆլորենտական ողբերգություն» (1895թ., անավարտ) ողբերգություններում փորձել է վերածնել մեծ կրքերի ու զգացմունքների թեման:
«Լեդի Ուինդերմիրի հովհարը» (1892թ.), «Կինը, որն արժանի չէր ուշադրության» (1895թ.) կատակերգություններում գրողը ծաղրել է կեղծ բարեպաշտությունն ու ստրկամտությունը: Սոցիալ-քննադատական մոտիվներն ավելի ցայտուն են դրսևորվել նրա «Որքան կարևոր է լուրջ լինել» (1895թ.) և «Իդեալական ամուսինը» (1895թ.) պիեսներում:
Ուայլդի գեղագիտական, տեսական և քննադատական հայացքներն արտահայտվել են «Մտահղացումներ» (1891-95թթ.) հոդվածների ժողովածուում: Նա թեև «արվեստն արվեստի համար» անկումային գաղափարախոսության հետևորդներից էր, սակայն նրա գեղապաշտությունն ուղղված էր քաղքենի ու նյութապաշտ հասարակության դեմ: Ըստ նրա՝ գեղեցիկը «բացարձակ ճշմարտություն» է, իսկ կյանքի միակ իմաստն արվեստն է:
Ուայլդն ուներ սոցիալական անարդարությունների վերաբերյալ իր համոզումը, ըստ որի՝ «աղքատ մարդիկ չպետք է հաշտվեն իրենց գոյության զարհուրելի պայմանների հետ»: «Մարդու հոգին սոցիալիզմի ժամանակ» (1891թ.) աշխատության մեջ ընդգծել է սոցիալիզմի առավելությունները:
1878թ.-ին «Ռավեննա» պոեմի համար Ուայլդն արժանացել է Օքսֆորդի «Նյուդիգեյթ» մրցանակին: Նրա պիեսները բեմադրվել են աշխարհի շատ երկրներում, ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են գեղարվեստական և մուլտիպլիկացիոն կինոնկարներ:
«Սալոմե» ողբերգության հիման վրա Ռիխարդ Շտրաուսը գրել է համանուն օպերան (1905թ.): Ուայլդի ստեղծագործությունները հայերեն թարգմանել են Միսաք Մեծարենցը, Վահան Տերյանը, Կարեն Միքայելյանը, Արտաշես Կարինյանը և ուրիշներ:
Փաստեր Օսկարի մասին
1. Գրողի հայրը՝ Ուիլյամ Ուայլդը, հարգարժան և ճանաչված վիրաբույժ էր, ով իր գործունեության ընթացքում հասցրել է բժշկության և հնէաբանության վերաբերյալ մի քանի գիրք գրել: Օսկարի մայրը՝ Ջեյնը ևս գրող էր:
2. Երեխան մեծացել է գերմանացի տնային տնտեսուհու և ֆրանսիացի բժշկուհու օգնությամբ և արդեն 9 տարեկանում վարժ տիրապետում էր և՛ գերմաներենին, և՛ ֆրանսերենին:
3. 16 տարեկանում Օսկարը ընդունվում է Տրինիթի քոլեջ, և արժանանում է կրթաթոշակի, իսկ 21 տարեկանում՝ տեղափոխվում է Օքսֆորդի համալսարան:
4. Համալսարանում նա լավ ուսումնասիրել է հունական և հռոմեական մշակույթները:
5. Հոր մահվանից հետո Օսկարը մեկնում է դասավանդելու ԱՄՆ: Դա 1882թ. էր:
6. 1884 թ. Ուայլդը ամուսնանում է հարուստ իռլանդուհի Կոնստանս Լոյդի հետ: Ամուսնությունից լույս աշխարհ են գալիս երկու գեղեցիկ երեխա:
7. Մինչ աշխարհահռչակ «Դորիան Գրեյի դիմանկարը» (1890 թ.) ստեղծագործությունը՝ հեղինակը հասցնում է որպես ժառանգություն թողնել մի քանի նովելներ, դրանց շարքում են «Կինը՝ անարժան ուշադրության» (1893 թ.), «Իդեալական ամուսինը» (1895 թ.) և այլն:
8. Օսկարին մեղադրել են հոմոսեքսուալության մեջ: Ապացույցները նրան բանտ գցեցին (այն տարիներին հոմոսեքսուալները պատժվում էին):
9. Դրանից հետո գրողի կինը անվանափոխում է և երեխաների ազգանունը դարձնում Հոլանդ:
10. Բանտից դուրս գալուց հետո Օսկարը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ ապրում է մինչև մահ՝ 1900 թ.: Այդ տարիները շատ ծանր էին գրողի համար, քանի որ նա աղքատ էր և հիվանդ: Կոնստանսը նրան ֆինանասկան մի փոքրիկ օգնություն էր ցուցաբերում:
11. Միայն 2017 թ. բրիտանական կառավարությունը կարողանում է ներում շնորհել գրողին՝ իր ոչ ավանդական սեքսուալ կողմոնորոշվածության համար:
Leave a Reply