Կենդանի նյութ

Կենդանի օրգանիզմների, մարմինների ողջ համալրումը, որ բնակեցնում են Երկիրը, ֆիզիկա-քիմիական առումով միացյալ է՝ անկախ իրենց սիստեմատիկ պատկանելիության։ Կենդանի նյութի զանգվածը համեմատաբար փոքր է։ Բայց դա մեր մոլորակի ամենահզոր երկրաքիմիական ուժերից մեկն է, քանզի կենդանի նյութը ոչ միայն բնակեցնում է կենսոլորտը, այլև կերպարանափոխում է Երկրի պատկերը։ Կենդանի նյութը անհավասարաչափ է տարածված կենսոլորտում։


Կենդանի նյութի առաջացման վերաբերյալ կան մի շարք վարկածներ, որոնցից մեկը Օպարինի տեսությունն է, ըստ որի, կյանքը առաջացել է պատահաբար։ Դա եղել է, պատահաբար առաջացած, ամինաթթուների միջոցով, որոնք խմբավորվել են կոացերվանտներում և առաջացրել առաջին միաբջիջ օրգանիզմը։

Կենդանի նյութի հատկությունները

Կենդանի էակաները խիստ բազմազան են, սակայն նրանք ունեն ընդհանուր հատկություններ, որոնք բնորոշ են տվյալ տեսակի օրգանիզմներին։

  • Ինքնավերարտադրում

Ինքնավերարտադրումն ինքն իր նմանին վերարտադրելու հատկությունն է, որի հիմքում ընկած է ԴՆԹ-ի ինքնակրկնապատկումը (ռեպլիկացիա)։ Մոլեկուլային մակարդակի վրա այն իրականացվում է ԴՆԹ-ի մատրիցային սինթեզի սկզբունքով, որն իր հերթին ծրագրում է սպիտակուցի կառուցվածքը, հետևապես և օրգանիզմի յուրահատկությունները։ Ինքնավերարտադրման հատկությունն ապահովում է սերունդների միջև անընդհատությունը և տեսակի պահպանումը։

  • Ինքնավերանորոգում

Սա յուրաքանչյուր օրգանիզմի մահացած բջիջների կամ վնասված մասերի վերականգնելու հատկությունն է։

  • Ինքնակարգավորում

Ինքնակարգավորումը կենդանի նյութի իր հարաբերական կայուն վիճակը պահպանելու հատկությունն է։ Մոլեկուլային մակարդակում այն կատարվում է քիմիական ռեակցիաների հետադարձ կապի սկզբունքի վրա, ըստ որի, այդ ռեակցիաներից առաջացած վերջնական նյութի հավելյալ քանակն արգելակում, խոչընդոտում է նրանց ընթացքը։ Դրա շնորհիվ պահպանվում է բջիջներում բոլոր կենսաքիմիական ռեակցիաների խիստ կանոնավոր, ներդաշնակ գործընթացը։ Օրգանիզմային մակարդակում ինքնակարգավորումն իրականացվում է նյարդային և հումորալ եղանակով։

  • Նյութերի և էներգիայի փոխանակություն

Նյութափոխանակությունը (այլ կերպ անվանում են նաև մետաբոլիզմ) բջջում ընթացող քիմիական ռեակցիաների ամբողջականությունն է, որն ապահովում է նրա կառուցվածքը և ֆունկցիան։ Այն կազմված է, միմյանցով պայմանավորվող, բայց իրար հակադիր երկու պրոցեսներից՝ ասիմիլյացիա կամ անաբոլիզմ և դիսիմիլյացիա կամ կատաբոլիզմ։ Անաբոլիզմը չի կարող ընթանալ առանց կատաբոլիզմի և հակառակը, որովհետև առաջինում ստեղծվում են բջջին բնորոշ նյութեր, միաժամանակ կուտակելով էներգիայի որոշակի պաշար։ Կատաբոլիզմի ընթացքն ապահովում են, անաբոլիզմի գործընթացում սինթեզված, նյութերը՝ ֆերմենտները, որոնք մասնակցում են օրգանական նյութերի քայքայմանը և էներգիայի առաջացմանը։

  • Կազմավորման ուրույնությունը և նրա հարաբերական կայունության պահպանումը

Ցանկացած օրգանիզմին բնորոշ է յուրովի կառուցվածք, որի շնորհիվ նա ունի որոշակի ձև, չափ, քիմիական բաղադրություն։ Օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորը բջիջն է։ Իր հերթին որոշակի կառուցվածք ունեցող բջիջներն առաջացնում են հյուսվածքներ, իսկ վերջիններս՝ օրգաններ ապա օրգանիզմ։ Մոլեկուլների անկանոն, քաոտիկ շարժումները կանոնավոր դարձնելու ունակությունը կենդանի նյութի կարևորագույն հատկությունն է։ Կենդանի նյութի կազմավորման գրեթե բոլոր մակարդակներում տեղի են ունենում բազմաթիվ կենսաքիմիական ռեակցիաներ, նյութերի, էներգիայի և ինֆորմացիայի հոսք, որոնք խիստ կարգավորված են։ Բջիջներն արտաքին միջավայրից, սննդանյութերի միջոցով, կլանում են էներգիա, որն օգտագործվում է բազմաթիվ ֆունկցիաների իրականացման համար։ Այդ նյութերի քայքայումից առաջացած էներգիան ծախսվում է նոր նյութերի սինթեզի (այլ կերպ՝ ասիմիլյացիա), բջջի կառուցվածքային բաղադրամասերի ստեղծման և մեխանիկական աշխատանքի (շարժման) իրականացման համար։

  • Ժառանգականություն և փոփոխականություն

Ժառանգականությունը նյութական և ֆունկցիոնալ կապ է ստեղծում սերունդների՝ ծնողների ու զավակների միջև։ Այդ հատկության հիմքում ընկած է ԴՆԹ–ի ռեպլիկացիան, որի շնորհիվ ժառանգական նյութը, համեմատաբար կայուն կերպով, պահպանվում է սերնդեսերունդ։ Փոփոխականության շնորհիվ յուրաքանչյուր նոր սերնդի առանձնյակները տարբերվում են իրենց ծնողական ձևերից։

  • Գրգռականություն

Սա, կենդանի նյութի, ազդակների (գրգռիչների) նկատմամբ ռեակցիան է։ Այդ ազդակները կարող են լինել տարաբնույթ։ Նյարդային համակարգ չունեցող օրգանիզմների գրգռականությունն արտահայտվում է տաքսիսով, տրոպիզմով և նաստիայով։ Տաքսիսը միաբջիջ օրգանիզմների (բակտերիաներ, ջրիմուռներ, նախակենդանիներ) կամ բազմաբջիջ օրգանիզմների առանձին բջիջների (լեյկոցիտներ) շարժումն է՝ գրգռիչի նկատմամբ։ Եթե այդ շարժումն ուղղված է գրգռիչի կողմը, կոչվում է դրական, իսկ հակառակ կողմը՝ բացասական տաքսիս։ Տրոպիզմն, անշարժ կյանք վարող, օրգանիզմի այս կամ այն մասի շարժումն է՝ գրգռիչի նկատմամբ։ Այն նույնպես կարող է լինել դրական կամ բացասական։ Օրինակ՝ բույսի ցողունը թեքվում է դեպի լույսը՝ դրական ֆոտոտրոպիզմ։ Նաստիան, որը բնորոշ է միայն բույսերին, նրանց մի քանի մասերի միաժամանակ շարժումն է՝ գրգռիչի ազդեցությունից։ Օրինակ՝ որոշ ծաղիկների պսակները պարբերաբար փակվում են։ Նյարդային համակարգ ունեցող օրգանիզմների գրգռականությունն արտահայտվում է ռեֆլեքսով, որը լինում է պայմանական և ոչ պայմանական։ Գրգռականությունն օրգանիզմների և միջավայրի միջև ստեղծում է դինամիկ հավասարակշռություն, ինչպես նաև՝ ունի պաշտպանողական և հարմարողական նշանակություն։

  • Բազմացում (այլ կերպ՝ ռեպրոդուկցիա)

Կյանքի հարատևությունը և տեսակի պահպանումը պայմանավորված է ռեպրոդուկցիայի հատկությամբ, առանց որի կենդանի էակների ոչ մի ձև, ոչ մի տեսակ չէր կարող գոյատևել Երկրի վրա։

Այսպես կարելի է երկար շարունակել, քանզի կենդանի նյութի հատկությունները բազմազան են և տարաբնույթ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: