Design a site like this with WordPress.com
Get started

Նախագիծ։ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՒԱՆ

Մենք արձաններ տեղադրում ենք անցյալի հետ կապն ամրապնդելու կամ գոնե անցյալը մոռացության չմատնելու համար:

Երևանում անկախացումից հետո, ըստ քաղաքապետարանի տրամադրած ցուցակի, տեղադրվել է 51 արձան ու կիսանդրի: 2005-2006 թթ. արձաններ չեն տեղադրվել: Երևանյան արձանների «գլխավոր հերոսները» գրականության, ֆիլմերի («Տղամարդիկ»), արվեստի (Վիլյամ Սարոյան, Առնո Բաբաջանյան), ռազմական ոլորտի ներկայացուցիչներ են (Գարեգին Նժդեհ, Զորավար Անդրանիկ) ու բարեգործներ (Ալեքսանդր Մանթաշով, Գալուստ Գուլբենկյան)։ 200թ-ին տեղադրված «Արմենուհի» քանդակից բացի, որը մարմնավորում է հայ կնոջ հավաքական կերպարը, վերջին 10 տարիներին տեղադրված մյուս բոլոր արձանները մարմնավորել են արական սեռի ներկայացուցիչների։ Դրանց մեծամասամբ կարելի է հանդիպել Կենտրոն համայնքում։

Ընդհանուր առմամբ վեց արձան (եթե չհաշվենք Ստալինի արձանի տեղափոխումը 1965թ-ին) արդեն հասցրել է Երևանի ոչ վաղ անցյալում ապամոնտաժվել: Այս պատմություններից յուրաքանչյուրն իր ուրույն առեղծվածն ունի:

Լենինի արձանի ապամոնտաժումը հետ-անկախության Հանրապետության հրապարակից ոչ մեկին չզարմացրեց։ Սովետական առաջնորդի գլխատված մարմինը այժմ ընկած է պետական Պատկերասրահի բակում՝ երկաթյա կրծքին երևացող երեք կրակոցների հետքերով։

Լենինի արձանի տեղափոխությունը Հայաստանում տեղի ունեցած միակ փոփոխությունը չէր. 1988 թվականին մի ամբողջ ազգ պահանջում էր Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը, որն այդ ժամանակ Խորհրդային Ադրբեջանի մաս էր, շարժումն էլ ավելի ու ավելի մեծ թափ էր հավաքում: Ներկայիս Սախարովի հրապարակը այն ժամանակ Մեշադի Ազիզբեկովի անունն էր կրում, որը ադրբեջանցի մարքսիստ է եղել, Բաքվի 26 կոմիսարներից մեկը: Մի առավոտ Երևանն արթնացավ նորությամբ, որ արձանը վրաերթի է ենթարկվել: Ասում էին, որ վարորդը մեքենայի ղեկին սրտի կաթված է ստացել, թեև լուրի իսկությունն այդպես էլ չհաստատվեց: 1991թ-ին այս հրապարակը վերանվանվեց Նոբելյան մրցանակակակիր, ֆիզիկոս մարդու իրավունքների ակտիվիստ որ բարձրաձայնել է Սովետական Ադրբեջանում հայերի ջարդերի մասին, Անդրեյ Սախարովի անունով:

Ղուկաս Ղուկասյանի արձանը հաջորդն էր լինելու: 1990 թվականին, գիշերվա կեսին անհայտ անձինք պայթեցնում են բոլշևիկ հեղափոխական-կուսակցական գործչի արձանը: 2009թ-ի դեկտեմբերին Ուսանողական պուրակում, այնտեղ, ուր ժամանակին Ղուկասյանի արձանն էր, կանգնեցվեց հայտնի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի քանդակը. պուրակում փոքրիկ աստղադիտարան կա:

Ըստ արվեստի քննադատ և անկախ կուրատոր Ռուբեն Արևշատյանի` տեղի են ունենում կոնտեքստային կամ հարացույցային փոփոխություններ, որոնք կապված են քաղաքական համակարգերի, ռեժիմների փոփոխության հետ և ենթադրում են սիմվոլների վերացում կամ փոխարկում: Մյուս պատճառն այն է, որ բազմաթիվ արձաններ ո՛չ գեղագիտական, ո՛չ էլ գաղափարախոսական առումով բավարար և ճիշտ արտիկուլացված չէին: Դրանք միախառնված զգացողություններ էին առաջացնում:

Օրինակներից մեկը Արա Հարությունյանի Բանվորի արձանն էր` մետրոյի Գործարանային կայարանում: Արձանի բացումը տեղի է ունեցել 1982թ-ին: Մինչ օրս, չնայած ճարտարապետի պնդմանը, թե արձանը դեպի Արևմտյան Հայաստան գնացող հայի մասին է, շատերը վստահ են, որ այն ամբողջովին կոմունիստական գաղափարախոսության մասին էր, որ բանվորի մի ձեռքում մուրճ է եղել, մյուսում` «Պրավդա» թերթ, մինչդեռ իրականում այն եղել է այնպիսին, ինչպիսին պահպանված լուսանկարներում` դատարկ ձեռքերով: 1997թ-ին, չնայած պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում ներառված լինելուն, արձանը հենց պետության որոշմամբ էլ ապամոնտաժվեց: Պաշտոնական հիմնավորումը Բանվորի ոչ ամուր լինելն էր: Միգուցե արձանը Հայաստանի տնտեսական կոլապսի լուռ վկան էր կամ էլ 1997թ-ը լավ ժամանակներ չէին Արևմտյան Հայաստանի մասին հիշելու համար:

Հանված արձաններ

1. Վլադիմիր Լենին – Բրոնզ և գրանիտ։ Բարձրությունը՝ 7,5 մետր։ Հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետը՝ Լևոն Վարդանյանը։ Տեղադրվել է 1940 թվականին Երևանի Լենինի հրապարակում (այժմ Հանրապետության հրապարակ)։ Հանվել է Հայաստանի Հանրապետության օրոք՝ 1991 թվականին։

Ստեղծման պատմություն

Երևանի կենտրոնական հրապարակում Ժողովուրդների առաջնորդի արձան կանգնեցնելու որոշումը կայացվել էր դեռ 1924թ-ին՝ Լենինի մահվան հետ կապված միջոցառումների ընթացքում: Այդուհանդերձ, իր իսկ անունը կրող հրապարակում այն տեղադրվեց միայն 1940թ-ին՝ Հայաստանի խորհրդայնացման 20-րդ տարեդարձին՝ նոյեմբերի 24-ին: Սերգեյ Մերկուրովի՝ «Իմ աշխատանքները» հոդվածից («Իզվեստիա», 25 հունվարի, 1941թ.). «Արձանը կանգնեցված է քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ տոնական օրերին ցույցեր են անցկացվում: Հուշարձանը հանդիսավոր կերպով վեր է խոյանում հայոց երկնքի ներքո, բուլվարի կանաչի և հորիզոնում ձգվող հեռավոր լեռնային շղթայի ֆոնին: Վլադիմիր Իլյիչի արձանի վրա տարված աշխատանքը ինձ մեծ բավականություն է պատճառել: Այն յուրահատուկ է նախ և առաջ կատարման տեխնիկայի տեսանկյունից՝ 7,5 մետրանոց ֆիգուրը կատարված է թերթավոր կարմիր պղնձից: Լենինը պատկերված է պիջակով, ոլորված թղթերի փաթեթը աջ ձեռքին և մի փոքր առաջ բերված ձախ ձեռքով: Մինչ օրս մետաղական քանդակը, որպես կանոն, արվում էր ձուլված բրոնզից, իսկ ավելի փոքրերը՝ չուգունից: Ես փորձեցի ստեղծել մեծ ձուլված արձան կարմիր պղնձից՝ հետագա պատինավորմամբ: Փորձը լավ անցավ: Այսպիսով, սկիզբ է դրվել թերթավոր պղնձից մոնումենտալ քանդակի կերտմանը»:

Տապալումը

1991 թվականի ապրիլի 13-ին Լենինի արձանը ապամոնտաժվեց: Այս իրադարձությունը շատերի համար դիտվում էր որպես Խորհրդային Միությունից ազատվելու ևս մեկ խոհրդանիշ: Հայոց համազգային շարժման անդամ, քաղխորհրդի նախագահ Համբարձում Գալստյանը (որը, ի դեպ, արձանի ապամոնտաժման համար քվեարկության ժամանակ ձեռնպահ էր մնացել) բրոնզաձույլ Լենինի տապալումը մեկնաբանել էր այսպես. «Մենք քաղեցինք մոլախոտը»:

Տապալումից հետո

Արձանը՝ գլուխն ու մարմինը, գտնվում են Ազգային պատկերասրահի բակում: 1993-ին Առաջնորդի քանդակի բեկորների հետ հանդիպում է ունեցել Հայաստան այցելած երգչուհի Շերը: 1996 թվականին ապամոնտաժվեց նաև Լևոն Վարդանյանի նախագծած պատվանդանը (շատերի կարծիքով՝ բոլորովին իզուր), մնացորդներն այժմ պահվում են քաղաքապետարանի պահեստում՝ Չարբախում:

Ինչ տեղադրվեց տեղում

Առայժմ՝ ոչինչ: 2001 թվականին, երբ Հայաստանում մեծ շուքով նշվում էր քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, այդ կապակցությամբ արձանի տեղում հսկայական խաչ կանգնեցվեց: Մի քանի տարի անց դրա տեղում արդեն գովազդային էկրան հայտնվեց: Բացի այդ, վերջին տարիներին Հանրապետության հրապարակի վերակառուցման մի քանի մրցույթ է անցկացվել, որոնց գլխավոր նախապայմաններից մեկը արձանի տապալումից հետո ազատ մնացած հատվածը ինչ-որ բանով զբաղեցնելն է եղել: Վերջին մրցույթն անցկացվել էր անցյալ տարի, տարբերակների թվում էին՝ եկեղեցի, խաչ, հաղթակամար և այլն: 2007 թվականին «Ереван» ամսագիրը դիտարկում էր այդ վայր Սասունցի Դավթի արձանը տեղափոխելու տարբերակը՝ զուտ տեսականորեն:

2. Իոսիֆ Ստալին – Բրոնզ և գրանիտ։ Հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետը՝ Ռաֆայել Իսրայելյանը։ Տեղադրվել է 1950 թվականին Երևանի Հաղթանակի զբոսայգում, հանվել է 1962 թվականին։ Առանց պատվանդանի՝ արձանի բարձրությունը 17 մետր էր։

Ստեղծման պատմություն

Մերկուրովի Ստալինը ոչ միայն ամենախոշորն էր Միությունում, այլև, ասում են, միակը, որ իսկապես դուր էր եկել առաջնորդին: Բացման օրը ուժեղ մառախուղ էր, նորմալ երևում էր միայն պատվանդանը: Թերթերում տպվեց այն լուսանկարը, որում լուսանկարիչ Նեմրութը համադրել էր նախօրոք արված կադրերը բացման օրվա լուսանկարների հետ:

Ապամոնտաժում

1956 թվականին՝ Ստալինի մահից երեք տարի անց, տեղի ունեցավ Կոմկուսի պատմական, 20-րդ համագումարը, որի ժամանակ Խրուշչովը վերջ դրեց նախկին գործընկերոջ անձի պաշտամունքին: Դրան հետևեց Ստալինի արձաններից շատերի ապամոնտաժումը ողջ ԽՍՀՄ-ում, այդ թվում և Հայաստանում: Այդուհանդերձ, գլխավոր՝ մերկուրովյան քանդակը, կանգուն մնաց ևս մի քանի տարի: Ըստ որոշ տվյալների, հանրապետության ղեկավար Յակով Զարուբյանը չէր շտապում ապամոնտաժել այն, հարևան վրացիներին չնեղացնելու համար: 1962թ-ին, սակայն, վերջապես, դա տեղի ունեցավ: Լեգենդի համաձայն՝ ապամոնտաժման ժամանակ քանդակն անհաջող էին իջեցրել, որի արդյունքում բանվորներից մեկը զոհվել էր:

Ինչ կառուցվեց տեղում

1965թ-ին որոշում կայացվեց դատարկ պատվանդանին կանգնեցնել նոր հուշարձան՝ Մայր Հայաստանը: Պատվերը ստացավ Արա Հարությունյանը: Նախքան աշխատանքին անցնելը քանդակագործը մտաբերել էր, որ Ստալինի արձանի գոյության օրոք շատերը նշում էին, որ այն շատ փոքր է՝ հսկայական պատվանդանի հետ համեմատ: Այդ պատճառով Հարությունյանը որոշել էր, որ նոր արձանը պետք է նախորդից մեկ ու կես անգամ ավելի խոշոր լինի: Մասշտաբներն ավելի լավ պատկերացնելու համար քանդակագործը որոշեց գտնել Ստալինի գոնե որոշ մնացորդներ՝ դրանց հիման վրա աշխատելու համար: Արդյունքում հայտնի չէ թե որտեղից հայտնաբերվել և արվեստանոց էին բերվել բրոնզե գեներալի սիմուսի կոշիկն ու աչքը: Դրանք օգնեցին հաշվարկներին՝ Մայր Հայաստանը իսկապես պատվանդանի հետ շատ ավելի համահունչ է դիտվում, քան Ստալինը, իսկ վերջինիս աչքը մինչ օրս պահվում է Հարությունյանի ընտանիքում:

3. Մեշադի Ազիզբեկով – Բազալտ։ Հեղինակը Սուրեն Ստեփանյանն է։ Տեղադրվել է 1932 թվականին Երևանի Մեշադի Ազիզբեկովի անվան հրապարակում, հանվել է 1988 թվականին։

Ազիզբեկովը (1876-1918 թթ.) եղել է առաջին ադրբեջանցի մարքսիստներից մեկը, տեղական հեղափոխական շարժման առաջնորդ, ինչպես նաև՝ Բաքվի 26 կոմիսարներից մեկը:

1934-ին տեղադրված քանդակը երբեք չի դասվել Ստեփանյանի հաջողված գործերի թվին: Մ. Ս. Սարգսյանը այսպես է գրում կիսանդրու մասին. «Այստեղ գտնված է անձնավորության արտաքին նմանություն, սակայն կիսանդրու արտահայտչական միջոցները և քանդակագործական ձևերը պլաստիկական չեն, դրանք բավական չոր են ու ժլատ: Մարդու կերպավորման այդ սահմանական միջոցները հասնում են պարզունակության: Դրականը այս ստեղծագործության մեջ իրականությունը տեսնելու քանդակագործի պարզ, անմիջական և ոչ կանխակալ մոտեցումն է»:

Ապամոնտաժում

Ադրբեջանցի հեղափոխականը կորցրեց իր արդիականությունը Ղարաբաղյան շարժման մեծ թափ հավաքելուն պես: Զարմանալի չէ, որ Ստեփանյանի աշխատանքը հեռացվեց 1988թ-ին:

Ինչ կառուցվեց տեղում

1991 թվականին՝ արդեն անկախության ժամանակ, բոլշևիկ Մեշադի Ազիզբեկովի հրապարակը վերանվանվեց և կոչվեց Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆիզիկոս, հասարակական-քաղաքական գործիչ Անդրեյ Սախարովի անվամբ,
որը հատկապես Ղարաբաղյան շարժման ժամանակ հայանպաստ դիրքորոշում ուներ: Իսկ տասը տարի անց՝ գիտնականի 80-ամյա հոբելյանին ընդառաջ, Երևանի քաղաքապետարանը և Կենտրոն համայնքի թաղապետարանը կազմակերպեցին մրցույթ նրա հուշարձանի համար։ Շուրջ մեկ տարի շարունակվող քննարկումների արդյունքում հաղթող ճանաչվեց քանդակագործ Տիգրան Արզումանյանի աշխատանքը (ճարտարապետ՝ Լևոն Ղալուկյան), որի բացումը տեղի ունեցավ 2001 թվականի մայիսի 29-ին:

4. Ղուկաս Ղուկասյան – Բազալտ։ Հեղինակը Սուրեն Ստեփանյանն է, ճարտարապետը՝ Հայկ Ասատրյանը։ Բարձրությունը պատվանդանի հետ՝ 6 մետր 20 սանտիմետր: Տեղադրվել է 1935 թվականին Աբովյան փողոցի վրա՝ Երևանի պետական համալսարանի դիմաց, պայթեցվել է 1990 թվականին։

Ղ. Ղուկասյանը (1899-1920 թթ.) եղել է բոլշևիկ հեղափոխական-կուսակցական գործիչ, ինչպես նաև՝ 1920 թվականի Մայիսյան ապստամբության ակտիվ մասնակից:

Որոշվել էր, որ ստեղծագործական աշխատանքները քանդակագործը պետք է կատարի ապագա արձանի հարևանությամբ տեղակայված ժամանակավոր տաղավարում: Մնում էր հարկավոր նյութը՝ գրանիտի երկու հսկայական բեկոր, յուրաքանչյուրը՝ երկու տոննայից ծանր, հասցնել ժամանակավոր արվեստանոց: Մինչև քաղաք բեկորները բերվում էին երկաթուղով, իսկ կայարանից դեպի Աբովյան փողոց հասցնելու համար անհրաժեշտ էր դրանք բարձել տրամվայի վրա: Մնում էր մի խնդիր՝ ինչպես հասցնել հաջորդ մի քանի տասնյակ մետրերը տրամվայի գծերից մինչև բուն արձանի վայրը: Տարբերակներից մեկը տրամվայի գծի ժամանակավոր ճյուղի տեղադրումն էր: Բայց արդյունքում վարորդներից մեկը առաջարկեց միավորել «մեջք մեջքի» երկու բեռնատար մեքենա, որոնք այդպիսով կկիսեին տուրբինայի ծանրությունը, և այդպես գրանիտները տեղ հասան: Պատվանդանը զարդարված է եղել երեք թեմատիկ բարձրաքանդակներով, որոնք պատկերում էին Հայաստանում կոմերիտմիության հիմնադիր Ղուկասյանի և իր մարտական ընկերների գործունեության առանձին դրվագներ («Մայիսյան ապստամբությունը», «Ընդհա-տակյա նիստ», «Կռիվ դաշնակցականների և բոլշևիկների միջև»)։

Ապամոնտաժում

1990 թվականին՝ անկախության շարժման օրերին, պայթեցվել է անհայտ անձանց կողմից՝ գիշերով: Դատարկ պատվանդանը կանգուն էր դեռ մի քանի տարի:

Ինչ կառուցվեց տեղում

2009թ-ի դեկտեմբերին Ուսանողական պուրակում, այնտեղ, ուր ժամանակին Ղուկասյանի արձանն էր, կանգնեցվեց Վիկտոր Համբարձումյանի քանդակը (քանդակագործ՝ Տարիել Հակոբյան, ճարտարապետ՝ Հայկ Ասատրյան): Արձանի համար այս տեղ խորհրդանշական է քաղաքային աստղադիտարանի հարևանությամբ: Հուշարձանի բացումը տեղի ունեցավ Համբարձումյանի 100-ամյակի շրջանակներում:

5. «Փառք աշխատանքին» Բանվորի արձան – Կոփածո պղինձ։ Հեղինակը Արա Հարությունյանն է, տեղադրվել է 1980 թվականին, հանվել՝ 1990-ական թվականներին։

Պատմություն

Քանդակագործ Արա Հարությունյանի վերջին աշխատանքներից մեկն էր և իր ամենասիրելի գործերից մեկը: Բացումը տեղի է ունեցել 1982թ-ին: Մինչ օրս շատերը վստահ են, որ բանվորի մի ձեռքում մուրճ է եղել, մյուսում՝ «Պրավդա» թերթ: Իրականում այն եղել է այնպիսին, ինչպիսին պահպանված լուսանկարներում՝ դատարկաձեռն: Արձանի հետ կապված ևս մի տարածված լեգենդ կա, թե բացման արարողության ժամանակ այն բոլորովին դուր չի եկել առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին, որին վերագրում են «Այս ինչ տգեղություն է» ռեպլիկը: Ֆորմալիստական ոճով կատարված «Բանվորը» կարճ ժամանակում սիրվեց ժողովրդի կողմից և դարձավ Երևանի խորհրդանիշներից մեկը: Ինչպես պնդում էր ինքը՝ Հարությունյանը, արձանը ոչ թե սոցիալիստական գաղափարների մասին էր, այլ դեպի Արևմտյան Հայաստան քայլող հայ մարդու խորհրդանիշն էր:

Ապամոնտաժում

Քանդակի հեռացումը պետական որոշում էր՝ պաշտոնական պատճառը «Բանվորի» ոչ ամուր լինելն էր և վտանգը, որ կարող է շրջվել ու վնաս պատճառել անցորդներին: Սակայն, ինչպես վստահեցնում են այսօր մասնագետները, իրականում այն ամրացված էր երկար ռելսով, որը գետնի տակ ամուր հիմք էր հանդիսանում: Ենթադրվում է, որ անկախացումից հետո արձանը այլևս գաղափարապես չէր համապատասխանում երկրում տիրող իրավիճակին: Արձանը, որը ներառված էր պետության կողմից պահպանվող հուշարձանների շարքում, ապամոնտաժվել է մեկ գիշերվա ընթացքում: Հեղինակն իմացել է այդ մասին առավոտյան, նույնիսկ չի հասցրել որևէ կերպ խանգարել ընթացքին: Արձանի մնացորդները մինչ օրս գտնվում են թաղի գործարաններից մեկի տարածքում, մի մասը վաճառվել է որպես մետաղի ջարդոն:

Ինչ կառուցվեց տեղում

Արձանի տապալումից մի քանի տարի անց իր զբաղեցրած և հարակից տարածքները զբաղեցրեցին ավտոտեխսպասարկման, ավտոմասերի և շինանյութերի կրպակները: 2011 թվականին Art-Laboratory նկարիչների և արվեստագետների միավորումը արձանի մասին հիշատակը փորձեց հավերժացնել «Գործարանայինի» պատին՝ տրաֆարետի տեսքով:

6. Խաղաղության աղավնի – Բրոնզ։ Հեղինակը Հակոբ Իշխանյանն է, տեղադրվել է 1974 թվականին Նոր Նորքի առաջին զանգվածում, Գայի պողոտայում՝ Գայի արձանից փոքր-ինչ ներքև։ Հանվել է 1990-ական թվականներին։

7. Ադամ ու Եվա – Տուֆ։ Քանդակագործը Ս. Ղազարյանն է։ Տեղադրվել է 1980 թվականին Չարենց փողոցի սկզբնամասում։ Հանվել է 2009 թվականին։

8. Սասունցի Դավիթ – Կառուցվել է 1939թ-ին, հանվել՝ 1941թ-ին։ Կառուցվել էր «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակին նվիրված, սակայն, հիմք հանդիսացավ Քոչարի ձերբակալման, իբրև սուրը ուղղված էր դեպի Թուրքիան։ 1941թ-ին քանդեցին արձանը՝ Քոչարի ձերբակալումից հետո։

Երևանյան արձաններից լավագույնները՝ իմ սիրելիները

Այս շարքին արժանի է դասել յուրաքանչյուր արձան, սակայն Երևանում դրանք այնքան շատ են, որ նշել բոլորը՝ անկարող եմ։ Մեծ դժվարությամբ՝ առանձնացրել եմ 10 արձան, որոնք կներկայացնեմ ներքևում։

1) «Տիգրան Մեծի» հուշարձանը

Արձանի հեղինակներն են ճարտարապետ Ռազմիկ Օհանյանը և քանդակագործ Լևոն Թոքմաջյանը։ Հուշարձանը կառուցված է վարդագույն մարմարից և գրանիտից, բարձրությունը 5 մետր է։

Նկարը՝ Քնար Հարությունյանի

Հայոց թագավոր (մ.թ.ա. 95-55 թթ.), պետական և ռազմական գործիչ Տիգրան Մեծի հուշարձանը տեղադրվել է 2004 թվականին՝ Երևանի Նոր Նորք համայնքի Տիգրան Մեծ զբոսայգում։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի նոյեմբերի 18-ին։ Սա Երևանում Տիգրան Մեծի երկրորդ արձանն է։ Մյուսը գտնվում է հանրապետության նախագահի նստավայրի տարածքում, քանդակագործը կրկին Լևոն Թոքմաջյանն է։

2) «Սասունցի Դավիթ»

Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, բարձրությունը՝ 9,3 մետր։ Քանդակագործը Երվանդ Քոչարն է։

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքները սկիզբ են առել դեռ 1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերոհիշյալ նկարաշարին զուգընթաց: Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը, որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից, հանձն առավ կարճ ժամանակահատվածում իրականացնել այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի: 1941 թվականին՝ Քոչարի ձերբակալությունից հետո, արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա…», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի չորս ամիս բանտում անցկացնելուց հետո՝ա Քոչարին ազատ արձակեցին։

1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը։

Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ)։ Իշխանությունները արել էին ամեն ինչ, որպեսզի արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության, ինչպես գրում է ականատեսը՝ կատարվածը հնարավոր չէ նկարագրել…

3) «Բիբլիական Դավիթ»

Քանդակագործ՝ Երվանդ Քոչար։

2009 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ բակում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի հուշաքարի տեղում տեղադրվեց Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» ստեղծագործության կրկնօրինակը (բնօրինակը ստեղծվել է 1953 թվականին, 2009 թվականին մոտ 5 անգամ մեծացվել է։

Արձանը զոհվածներին հատուկ չի նվիրվել, բայց իր մեջ ունի խոր ցավ, վիշտ և կորուստ։

4) Կարաբալայի հուշարձանը

Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան։ Քանդակը բրոնզից է, բարձրությունը՝ 2 մետր։

Կարաբալան հին Երևանի հայտնի կերպարներից է, անբաժանելի քաղաքի դիմագծից։ Նրա մասին այսօր էլ երևանցիները շարունակում են պատմություններ պատմել` ու ամեն անգամ նոր մանրամասներով։ Կարաբալան (նշանակում է «սև տղա») Կարապետ անունով մի երևանա-բնակ ծաղկավաճառ էր, ով վարդեր էր վաճառում` դրանք պարզելով փողոցով քայլող գեղեցիկ աղջիկներին։ Պատմում են, որ Կարաբալան հատկապես կարմիր վարդեր էր նվիրում ամեն օր թատրոնից Աբովյան փողոցով ոտքով տուն վերադարձող Հայաստանի ժողովրդական դերասանուհի Արուս Ոսկանյանին։ Պատմում են նաև, որ մի օր էլ հանուն մեծանուն արտիստուհու նա կռվի է բռնվել մի խանդոտ տղամարդու հետ ու ինքնապաշտպանվելով դանակահարել է նրան։ Այս միջադեպի պատճառով էլ Կարաբալային բանտարկել են և նա հայտնվել է բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ միևնույն բանտախցում։ Բանտում գրած «Ծաղկավաճառը» բանաստեղծությունը Ե.Չարենցը նվիրել է Կարաբալային.

Հագնում էր նա մեկ մակինթոշ,
Մեկ էլ տեսար` չուլ ու փալաս,
Չգիտեիր` արտի՞ստ է նա,
Թե՞ ծաղիկ ծախող Կարա-Բալա։

Բանտից ազատվելով և տուն վերադառնալով` Կարաբալան իր պարտեզն ու ծաղկի տաղավարը քանդված է գտնում, իսկ կինը վաճառել էր տունն ու երեխաների հետ հեռացել։ Կարաբալան դառնում է թափառական` աղքատ ու անտուն, ծաղիկներ է բաժանում և քթի տակ մտմտում.«Ես Կարաբալա չեմ, ես Դարդի բալա եմ»։ Պատմում են նաև, որ եղել են մարդիկ, ովքեր ականատես են եղել, թե ինչպես է Կարաբալան ուտելիք տարել բանտարկված Չարենցին, գաղտնաբար իր զամբյուղի ծաղիկների տակ թաքցրել ու դուրս հանել հանճարեղ բանաստեղծի ձեռագրերը։

Բանավոր պատմություններից տեղեկանում ենք նաև, որ Արուս Ոսկանյանի մահից հետո Կարաբալան ամեն օր այցելում էր ու մեկ հատ վարդ էր դնում դերասանուհու շիրիմին։ Կարաբալայի կյանքի պատմությունը առավել քան տխուր ավարտ է ունեցել. միայնակ և լքված` նա վախճանվել է փողոցում, ցրտահարությունից։

Երևանցիները սիրում են այս խենթ սիրահարի ռոմանտիկ կերպարը, սիրահար զույգերը և անցորդները հաճախ ծաղիկներ են թողնում նրա հուշարձանին։

5) «Մելամաղձություն»

Քանդակագործ՝ Երվանդ Քոչար։ Քանդակը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 4,6 մետր է։ Գտնվում է Փավստոս Բուզանդի փողոցում՝ ՆՓԱԿ-ի դիմաց։

Հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարն այս արձանի գիպսե տարբերակը կերտել էր 1957 թվականին։ Բնօրինակը պահվում է Երևանի Երվանդ Քոչարի թանգարանում։ 6,24 մետր բարձրությամբ (պատվանդանով) բրոնզե այս քանդակը գիպսե այդ քանդակի քառապատիկ ձուլածոն է։ Նախագիծը հովանավորել է ճարտարապետ, գրող Ռուբեն Հովհաննիսյանը (գրչանունը՝ Ռ. Բէն)։

«Մելամաղձություն» արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Փավստոս Բուզանդի փողոցում գտնվող Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) առջև։ Արձանի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, բարերար Ռուբեն Հովհաննիսյանը և Երևանի գլխավոր Ճարտարապետ Նարեկ Սարգսյանը միասնաբար քողազերծեցին արձանը։ Նախագիծը նախաձեռնել է ՆՓԱԿ-ը։

6) «Արգիշտի I» արձանը

Արգիշտի արքայի արձանը գտնվում է Երևանի Էրեբունի համայնքում՝ Էրեբունի թանգարանի դիմօացի հրապարակում։ Տեղադրվել է 2002 թվականին: Հեղինակներն են ճարտարապետ Էդուարդ Բարոյանը և քանդակագործ Լևոն Թոքմաջյանը։ Հուշարձանը կառուցված է տուֆից և բազալտից։

7) Հնչող արձան

«Հնչող արձանը» գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ալեք Մանուկյան փողոցում, Հայաստանի հանրային ռադիոյի շենքի առջև։ Քանդակագործը Դավիթ Մինասյանն է։

Արձանը խորհրդանշական է՝ նվիրված Հայաստանի Հանրային հեռուստատեսության 60 և Հայաստանի հանրային ռադիոյի 90-ամյակին: Պատկերում է ընտանիք, հեռուստացույց և ռադիո: Տեղադրվել է 2016 թվականին։

Հնչող արձան է: Հնչում է երևանյան երաժշտություն, նախատեսվում է նաև Հանրային ռադիոյի ուղիղ եթերը:

Ռադիոյի շենքի երկայնքով՝ Սայաթ-Նովա պողոտայից մինչև Ալեք Մանուկյան 5 հասցե, բացվել է «Նվիրյալների արահետը»՝ 90 հուշաքար, որոնց վրա ժամանակի ընթացքում դաջվելու են հեռուստատեսությունում և Հանրային ռադիոյում աշխատած, մեծ ավանդ ունեցած մարդկանց անունները:

8) «Սպասում»

«Սպասում» քանդակը գտնվում է Երևանում` Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 2000թ-ին։ Այն կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 1,8 մետր է։

9) Վահագն Վիշապաքաղ

Քանդակը կառուցված է դրվագված պղնձից, բարձրությունը 3,5 մետր է, քաշը` մոտ 400 կգ։ Քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան։ Ընդգրկված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հին հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագնի հուշարձանը 1969 թվականին տեղադրվել է Լենինի (այժմ՝ Մաշտոցի) պողոտայում։ 1970-ականների կեսերին որոշ ժամանակ արձանը գտնվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, Հայաստանի նկարիչների միության շենքի հարևանությամբ, իսկ 1980-ականների սկզբներին՝ Էջմիածնի խճուղու մոտ։ Վերականգնված և ներսից ամրացված արձանը 2004 թվականի դեկտեմբերի 19-ին տեղադրվեց Երևան-Էջմիածին մայրուղու կամրջի մոտ։

Սա Երևանում Վահագնի երեք արձաններից մեկն է։ Եվս մեկը գտնվում է Արաբկիր համայնքի Վաղարշյան փողոցում (քանդակագործ՝ Վահե Հարությունյան), մյուսը՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի կողքի այգում (քանդակագործ՝ Սուրեն Նազարյան)։

10) Տորք Անգեղ

Քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Քանդակը կառուցված է կոփածո պղնձից, բարձրությունը 4,8 մետր է։ Առասպելական դյուցազն Տորք Անգեղի արձանը տեղադրվել է 1982 թվականին՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում, բլրի վրա։

Այլ նյութեր

Լենինի արձանի պատմությունը ավելի մանրամասն

Չենթարկվեցին ժամանակին, կամ տգիտության հետևանքով քանդված Երևանի խորհրդանիշները

Հին Երևանի Աստաֆյան փողոցը…

Հին Երևանը՝ միայն առաջին հարկում. 2800 տարվա կորսված պատմությունը

Երևանի «անհայտ» արձանները

Վերջին 10 տարիներին Երևանում տեղադրված արձանները

Ճանաչենք մեր քաղաքի արձանները (ֆոտոշարք)

Երևանի արձանները Յուրայի ժամանակաշրջանի դինոզավրեր կդառնան

Հուշարձաններ

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: