Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Ավստրիացի անվանի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը (հունվարի 27, 1756թ., Զալցբուրգ – դեկտեմբերի 5, 1791թ., Վիեննա) վիեննական դասական դպրոցի ամենախոշոր ներկայացուցիչներից է: Վոլֆգանգ Մոցարտի առաջին ուսուցիչը նրա հայրն էր (ջութակահար և կոմպոզիտոր): Մոցարտը 4 տարեկանից նվագել է կլավեսին, 5-6-ից՝ ստեղծագործել: 1762թ.-ից հոր և քրոջ՝ Աննա-Մարիայի հետ 3 տարի համերգներով շրջագայել է Գերմանիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր: Տաղանդավոր պատանու ստեղծած թովիչ մեղեդիները և կատարումները երաժշտասեր հասարակայնությունն ամենուր ընդունել է ցնծությամբ: Մոցարտին անվանել են «XVIII դարի հրաշամանուկ»:

Մոցարտի ստեղծագործական հասունացմանը նպաստել է նաև նրա ծանոթությունը բազմաթիվ մշակութային կենտրոններին, հոգևոր արժեքներին և ժամանակի խոշորագույն երաժիշտների ու կատարողների հետ: Վեցամյա կոմպոզիտորի՝ ջութակի և կլավեսինի համար գրած ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել են Ֆրանսիայում:

Մոցարտը 8 տարեկանում գրել է առաջին սիմֆոնիան, 11-12 տարեկանում՝ առաջին երաժշտադրամատիկական գործերը («Ապոլլոնը և Հիակինթոսը», «Բաստիենն ու Բաստիենան»): 1770թ.-ին 14-ամյա Մոցարտն ընտրվել է Իտալիայի Բոլոնիա քաղաքի ֆիլհարմոնիկ ակադեմիայի անդամ, կոմպոզիցիայի դասեր առել իտալացի տեսաբան և կոմպոզիտոր Ջովանի Մարտինիից:
1770թ.-ին Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի պատվերով գրել է «Պոնտոսի արքա Միհրդատը» օպերան, որը հաջողությամբ բեմադրվել է Իտալիայում: Մոցարտը 1769-77թ.-ին Զալցբուրգում եղել է պալատական կոնցերտմայստերը, 1779թ.-ից՝ երգեհոնահարը, սակայն 1781թ.-ին հեռացել է պալատից, որտեղ ստեղծված պայմանները վիրավորել են նրա արժանապատվությունը:
Կյանքի վերջին տարիներին ապրել է Վիեննայում: Այդ ժամանակահատվածը նրա ստեղծագործության ծաղկման շրջանն էր: Մոցարտի երաժշտությանը հատուկ են հոգեբանական խորությունը, դրամատիզմը, երաժշտական կատարյալ ձևերն ու վառ մեղեդայնությունը:
Ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում: Գրել է 23 օպերա, 50-ից ավելի սիմֆոնիաներ, շուրջ 50 կամերային-գործիքային ստեղծագործություններ (տրիո, կվարտետ, կվինտետ), 27 կոնցերտ տարբեր գործիքների և նվագախմբի համար, դաշնամուրի 17, ջութակի և դաշնամուրի 43 սոնատ, 12 մեսսա, 33 սերենադ և այլն:
Մեծ է Մոցարտի ներդրումն օպերային ժանրում: «Առևանգում հարեմից», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն Ժուան», «Կախարդական սրինգ» գործերը համաշխարհային օպերային արվեստի լավագույն նմուշներից են: Մոցարտի վերջին ստեղծագործությունը հանրահայտ «Ռեքվիեմ»-ն է, որը կոմպոզիտորի ցանկությամբ պետք է հնչեր իր հոգեհանգստին:
Հայ իրականության մեջ Մոցարտի երաժշտությանը ծանոթացել են դեռևս XIX դարի 40-ական թվականներին: Ուշագրավ է երաժշտագետ Վասիլ Ղորղանյանի գիրքը՝ «Մոցարտը. Կենսագրական էտյուդ» (1900թ.), որն ամփոփում է նաև կոմպոզիտորի նամակները:
1923թ.-ին Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Երևանում Մոցարտին նվիրված համերգում հնչել են նրա գործերից, այդ թվում՝ հատվածներ «Ռեքվիեմից»: 1925թ.-ին Երևանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը կատարել է նրա Սոլ-մինոր սիմֆոնիան (առաջին սիմֆոնիան է, որ հնչել է Հայաստանում):
Մոցարտի կերպարին անդրադարձել են գրականության մեջ, կերպարվեստում և կինոյում: Նրա անունով է կոչվել խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա: Մոցարտին թաղել են չքավորների համար նախատեսված ընդհանուր գերեզմանոցում:

1778 թվականի հուլիսի 4-ի գիշերը, Փարիզում Մոցարտի գրած նամակը պահվում է երևանյան թանգարանում։ Ում և ինչի մասին է գրում աշխարհահռչակ կոմպոզիտորն ու ինչպես է նամակը հասել Հայաստան։

1778 թվականին Փարիզում, մոր մահից ժամեր անց, ավստրիացի անվանի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը հուզիչ նամակ է գրում Զալցբուրգ՝ իր ընտանիքի մտերիմ աբբա Բուլինգերին։

«Սգացեք ինձ հետ, իմ ընկեր, սա իմ կյանքի ամենատխուր օրն է: Գրում եմ Ձեզ գիշերվա ժամը 2-ին, բայց պարտավոր եմ հայտնել, որ իմ մայրը, իմ թանկագին մայրն այլևս չկա»,- գրում է Մոցարտը։

Նամակում նա խնդրում է հոգեպես նախապատրաստել հորը կնոջ մահվան լուրին, միաժամանակ նաև նյութական աջակցություն խնդրում՝ մոր հուղարկավորության համար:

Սոցիալապես շատ ծանր վիճակում ապրող կոմպոզիտորը ստիպված է լինում մորը հուղարկավորել օտար երկրում, քանի որ հնարավորություն չուներ նրան հայրենիք տեղափոխելու։

Պատմականորեն հաստատված այս փաստը վկայում է նաև այն մասին, որ նամակը կարող է բնօրինակ լինել։

Եվ, այդուհանդերձ, Երևանի Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի աշխատակիցները զգուշանում են միանշանակ եզրակացույուններ անել։

«Չեմ կարող պնդել, որ դա 100%-ով Մոցարտի ձեռագիրն է»,- ասաց թանգարանի երաժշտական ֆոնդի ավագ գիտաշխատող Մարինե Մուշեղյանը` հավելելով, որ տարիներ առաջ փորձել են նամակն ուղարկել Վիեննա` փորձաքննության, բայց ինչ-ինչ պատճառով մերժում են ստացել։

«Նամակը թանգարան է հասել Վասիլիյ Կորգանովի արխիվից, ով ոչ միայն հայտնի երաժշտագետ էր, այլև կոլեկցիոներ, և փաստաթղթերի շատ մեծ հավաքածու ուներ։ Այդ հավաքածուն ժառանգություն հասավ մեր թանգարանին»։

ՓԱՍՏԵՐ

1.Ամենօրյա շփումների ժամանակ կոմպոզիտորը գերադասել է Վոլֆգանգ անունը՝ անտեսելով երկրորդ՝ Ամադեուս անունը:

2.Մոցարտի ծնողները ունեցել են 7 երեխա, բայց միայն երկուսն են փրկվել՝ Վոլֆգանգը և նրա քույրը՝ Մարիա Աննան:

3. 5 տարեկան հասակում Մոցարտն արդեն գրում էր փոքրիկ ստեղծագործություններ, որոնք պահում էր հոր ալբոմում:

4.Մոցարտը զարմանալի երաժշտական տաղանդ ուներ. 6 տարեկանում նա ոչ միայն կատարելապես կլավեսին էր նվագում, այլև՝ ինքնուրույն սովորում է ջութակ նվագել:

5.Վոլֆգանգը և քրոջը կրթել է հայրը. երկուսն էլ դպրոց չեն հաճախել: Հոր ջանքերն ապարդյուն չանցան, քանի որ մեծ խանդավառությամբ Մոցարտը ուսումնասիրում էր ցանկացած առարկա՝ որոշ ժամանակ մոռանալով անգամ երաժշտության մասին: Օրինակ, մաթեմատիկա առարկան ուսումնասիրելիս՝ նա հաշվում էր տան բոլոր մակերեսները՝ ներառյալ պատերն ու հատակը, որոնք ծածկված էին կավիճով գրված թվերով և հաշվարկներով:

6.Որդուն կլավեսին նվագել սովորեցնելու ժամանակ հայրը հաճախ թաշկինակով փակում էր Մոցարտի աչքերը, որպեսզի նա էլ ավելի կատարելագործվի:

7.Ասում են, որ կայսերական պալատում համերգ տալուց հետո, Մոցարտն հանկարծակի վայր է ընկնում: Նրան օգնում է բարձրանալ մի փոքրիկ աղջիկ, որին Մոցարտն ասում է՝

«Ինչ բարի եք: Երբ մեծանամ, անպայման ամուսնանալու եմ Ձեզ հետ»:

Այդ աղջիկը Ֆրանսիայի ապագա թագուհի Մարիա Անտուանետան էր…

8. 8 տարեկանում Մոցարտը գրում է իր առաջին սիմֆոնիան:

9. Նրա լավագույն ուսուցիչներից մեկն է եղել Յոհան Քրիստիան Բախը՝ հայտնի կոմպոզիտորի որդին:

10. Մանկության տարիներին Մոցարտը տառապում էր մի քանի լուրջ հիվանդություններով. նա փրկվեց տիֆի տենդից, իսկ հիվանդության 9-րդ օրը կուրացավ ջրծաղիկից:

11. 1784 թվականին Մոցարտը մասոնական խմբին է անդամագրվում և մի քանի ստեղծագործություններ է գրում մասոնական արարողությունների համար:

12. 35 տարվա ընթացքում նա գրում է մոտ 800 ստեղծագործություն:

13. Մոցարտն ունեցել է 6 երեխա, որոնցից 4 մահացել են մանկահասակ տարիքում:

14. Հետաքրքրական է, որ նրա կենսագրությունը գրել է կնոջ՝ Կոնստանցիայի երկրորդ ամուսինը:

15. Ի դեպ, Մոցարտ նշանակում է Աստծո սիրելի:

16. Մոցարտն է գրել Ավստրիայի ազգային հիմնը:

17. Նրա մահը մինչ այսօր այդպես էլ բացահայտված չէ: Կա ընդունված կարծիք, թե նրան թունավորել է Սալիերին: Ոմանք էլ կարծում են, որ նա մահացել է բնական մահով՝ ինֆեկցիոն հիվանդություններից, իսկ երրորդները նրա մահը կապում են մասոնների հետ:

18. Նա մահացել է 1791 թվականի դեկտեմբերի 5-ին, Ավստրիայում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: