Եղիշե Չարենց — Տաղարան

Եղ. Չարենցի «Տաղարան» շարքը

Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքը, որը հեղինակն ավարտել է 1921 թվականին, եղավ նրա գեղարվեստական այդ ընթացքի ինքնատիպ արտահայտություններից մեկը, որը տպագրվեց 1922 թվականին՝ տեղ գտնելով մոսկովյան հրատարակության երկհատորյակի առաջին հատորում:

«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:

Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Կնոջ հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին, որ ձգվել էր դեպի ներկայիս Կոմիտասի այգին, այսինքն՝ նախկին Մլեր կոչված գերեզմանոցը, կյանքից հուսահատ ու ցավից տառապագին Չարենցը գոռացել է ու ողբացել։ Գերեզմանափոսի մոտ կանգնած դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանասեղծություններ է թաղել։ Այդ սերը հետագայում շատ է ներշնչել բանաստեղծին։ «Էպիքական լուսաբացը»՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին» ընծայագրով ձոնել է նրան։ Գրքում Արփենիկի հիշատակին նվիրված է նաև երկու սոնետ՝ «Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսական ընկեր», «Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում»։

«Տաղարան» շարքում մենք տեսնում ենք, որ Չարենցը իր «ապոլլոնյան քնարը» փոխարինում է «աշուղի սազով»: Գրում էր նման Սայաթ-Նովային։

Չարենցի ստեղծագործության այս նոր անակնկալը՝ «Տաղարանը», կյանքի ու աշխարհի նկատմամբ ժողովրդական հայացքի ամրապնդումն էր, որովհետև ժողովուրդն է, որ իր դարավոր փորձից ելնելով, հաստատում է հավիտենական արժեքները: Դառնալով տաղասաց-աշուղ՝ Չարենցն իրեն ստիպում է մտնել ժողովրդի բնական պարզության աշխարհը, այնտեղ որոնել կեցության պարզ հիմքերն ու աշխարհահիացման, մարդկային հարաբերությունների ու կյանքի մասին իմաստությունների ամբողջությունը:

Իսկ ինչո՞ւ է դիմել հենց Սայաթ-Նովային, այն Սայաթ-Նովային, ով Պարույր Սևակի բնորոշմամբ հայ գրականության «մեծ գանգատավորն էր ու բեզարածը»: Այն Սայաթ-Նովան, ով հիանալով՝ բեզարեց և վերջիվերջո կանգնեց փակուղիների առաջ և դատապարտվելով՝ հագավ կրոնավորի սքեմը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը տալիս է «Տաղարանը»: Այստեղ Չարենցը ոչ թե նմանագրել է Սայաթ-Նովային, ոչ թե դիմել է գրչական ոճագրության, այլ ընդհակառակը՝ «սայաթնովյան երանգներով» շատ դեպքերում վիճում է միջնադարի երգչի հետ՝ նրա դառնությանը դեմ դնելով իր հոգու խենթ ազատությունն ու զվարթությունը, նրա բեզարածությանը դեմ է դնում վայելումի քաղցրությունը, իսկ հուսահատությանը՝ իր երբեք չմարող լավատեսությունը:

Քանի որ Չարենցը ոչ միայն ժամանակի մեծ բանաստեղծներից էր, այլ նաև գրականության զարգացման ընթացքին էր հետևում, հասկացավ, որ թարմություն է պետք տիրող ճգնաժամը հաղթահարելու համար, համենայնդեպս Չարենցն այդպես էր կարծում: Սայաթ-Նովային դիմելն ուներ նաև մի այլ խորհուրդ՝ Սայաթ-Նովան հայ ժողովրդի հպարտությունն է, միջնադարյան պոեզիայի վերջին ձայնը, նոր պոեզիայի մեծ ու արքայական սկիզբը:

Սայաթ-Նովան ու իր երգերը պարտավորեցրել են նրա հետնորդներին գետնին չթողնել հայկական բառը, աչքի լույսի պես պահպանել հայկական խոսվածքը, կյանքում միշտ բարձր դասել բարին, գեղեցիկն ու ազնիվը, գնահատել սիրո և բարեկամության մեծ ուժը:

Եւ ահա Չարենցն իր առաջ խնդիր է դնում՝ սիրել Սայաթ-Նովայի բառարանով, ներել ու հաստատել նրա բառարանով, վիճել ու խոնարհվել, պաշտել ու փառաբանել նրա բառարանով: Նմանվելու, բայց աննման մնալու խնդիր, որը կարելի է անվանել վերամարմնավորում: Սայաթ-Նովան ոչ թե նմանակվում, այլ վերամարմնավորվում է Չարենցի մոտ՝ մնալով Չարենցին հարազատ:

«Տաղարանը» մի ամբողջական սյուժե է՝ սկզբով, ընթացքով, ավարտով, սյուժե, որտեղ գլխավոր հերոսը՝ Տաղասացը, պարզում է իր հարաբերությունները աշխարհի և այդ մեծության առանձին արժեքների հետ: Այն դառնում է մի կոմպոզիցիոն ամբողջություն՝ մի յուրահատուկ սիրավեպ աշխարհի հետ: Սիրո, երազի, կարոտի, դառնության, գանգատի, բաժանման հակադիր զգացմունքներով ողողված այս շարքն իսկական հարստություն է հայ գրականության համար, անկրկնելի ու յուրահատուկ մի կոթող՝ Սայաթ-Նովայի խոսքով, Չարենցի ոգեղենությամբ ու հոգով՝ նվիրված իր միակ ու անկրկնելի սիրուն՝ Արփենիկին…

«Տաղարանն» ավարտվում է «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ: Ահա թե ինչ է ասել Վիլյամ Սարոյանն այս բանաստեղծության մասին. «Չարե՜նցը, Չարե՜նցը… «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում…»: Անոր չհանդիպած գիտեի արդեն իր այս քերթվածը։ Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ։ Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված։ Զայն մինչև այսօր կնկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը։ «Հայր մեր»-ին նմանվող աղոթք մը»:

«Տաղարան» շարքի բանաստեղծություններից դուրս գրված բարբառային բառեր և դրանց բացատրությունները

հդըս – հետս
տալղա – ալիք
գեմիս – նավ
կումեռնիմ – կմեռնեմ
չիստեսնի – չեստեսնի

Սայաթ-Նովեն – Սայաթ-Նովան
էկավ – եկավ
ձեռին – ձեռքում
երգերասավ – երգեց

խաս – ընտիրտեսակի, լավորակ. գվռ. մետաքս
գոզալ – գեղեցկուհի, չնաշխարհիկ, սիրուն
օսկեկարած – ոսկեկարած
մե – մի
օսկեմազ – ոսկեմազ
էրեց – արեց
էշխ – գվռ. եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր

բաղ – այգի/պարտեզ
մեջը – մեջ
էնքան – այնքան
ըլի – լինի
մե-մե – մի-մի

Գյուրջստան – Վրաստան
լեն – լայն
քուչա – փողոց
վրեն – վրան
չիքիլա – շղարշ, երեսիքող
կեցած- կանգնած

կուզեմ – ցանկանում եմ
հիմի – հիմա
փչե – փչի
ըլիմ – լինեմ
էգուց – վաղը
ֆայտոն – կառք
երթամ – գնամ
սուփրա – ժղ. սփռոց, փխբ. հացիսեղան, հացկերույթ
ազիզ – սիրելի, թանկագին

դուքանդար – պրսկ. խանութպան
դուքան – խանութ
գովքդարի – գովացի
ճամփես կտրեց – կանգնեցրեց
խալխ – ուրիշ(ներ), ժողովուրդ
նոքար – ծառա

բլբուլ – սոխակ
յար – սիրելիանձ, սիրեկան/սիրուհի
կասե – կասի
կըլին – կլինեն
կթացվի – կթրջվի
կըլի – կլինի
կթալվի (խունկը) – կվառվի, կծխվի

ռանգ-ռանգ – տեսակ-տեսակ
ըլի(ն) – լինի (լինեն)
բախչա – պարտեզ
Ֆռանգստան – Ֆրանսիա
Վ՜ամ քեզ – Վա՜յ քեզ
դաղ – խարան, այրվածք, փխբ. կսկիծ

անե – անի
ասի(ն) – ասացի(ն)
ուզեցի – ցանկացա
միջին – մեջ
ախար – ախր
ծվատ – 1) Քաթանե հին շորերից պատռված ծվեն, որ գործածում են իբրև վիրակապ 2) Պատառոտված
խնդացին – ծիծաղացին

կերթամ – կգնամ
պատկերք – պատկեր
մախմուր – թավիշ. փխբ. խումար, գինով, թեթևհարբած
կառնեմ – կվերցնեմ

հերք – մազեր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: