Նախընտրածս թռչունը՝ Կանաչ սերինոս
Այլ նկարներ՝ այստեղ
ԿԱՆԱՉ ՍԵՐԻՆՈՍԸ (Carduelis Chloris) սերինոսների ընտանիքի թռչուն է: Նստակյաց է ու քիչ տարածված:
Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 24,5-27,5 սմ, կտուցը հաստ է՝ վարդագույն երանգով, առաջնային փետուրների հիմքը և պոչը՝ վառ դեղին երիզներով: Հասուն արուի ընդհանուր գունավորումը դեղին-կանաչ է, թևին և պոչին կան վառ դեղին հատվածներ, թևի միջին մասը բաց կապույտ-մոխրագույն է: Էգն ավելի խամրած է և ավելի դարչնագույն: Երիտասարդի ընդհանուր գունավորումը խամրած կանաչավուն- դարչնագույն է՝ ավելի մուգ խայտերով, արուն՝ ավելի կանաչ, քան էգը: Վտանգի դեպքում հաճախ թռչում է դեպի ծառերի սաղարթը՝ գրեթե ուղղաձիգ թռիչքով: Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում: Սնվում է սերմերով և այլ բուս, կերով:
Գարնան ամենավաղ լիարժեք երգը և էգերին հետապնդող արուները գրանցվում են հունվարի 2-րդ տասնօրյակից: Համատարած հարսանեկան խաղերը և բնադրազույգերի ձևավորումը՝ մարտի 1-ին տասնօրյակից հուլիսի կեսերը, առանձին դեպքերում արուի լիարժեք երգը լսվում է օգոստոսի վերջին: Բնի կառուցումը սկսվում է մարտի սկզբից: Բույնը գավաթաձև է՝ ճյուղերից և այլ բույսերի կտորտանքներից: Բնադրում է ծառերին: Ձվերը բներում հայտնվում են մարտի 2-րդ տասնօրյակից մինչև հուլիսի կեսերը: Դնում է 21 մմ տրամագծով, մոխրագույն-սպիտակ՝ մուգ պտերով 4-6 ձու: Թխսակալում է էգը՝ 13-14 օր: Ձագերին կերակրում են արուն և էգը՝ 13- 14 օր, որից հետո ձագերը դուրս են գալիս բնից և 1 շաբաթ անց ձեռք բերելով աներեր թռչելու ունակություն՝ հեռանում են ծնողներից: Կրկնակի բնադրման են անցնում հունիսի կեսերից: Երիտասարդներից ու հասուններից կազմված աշնանային խմբերը պահպանվում են մինչև հաջորդ տարվա գարունը: Նուրբ կանաչ երանգով փետրավորման և տնային պայմաններին արագ հարմարվելու շնորհիվ գեղագիտ. արժեք է ներկայացնում:
Leave a Reply