Ազատականություն
Ազատականություն, լիբերալիզմ (ֆր.՝ libéralisme), քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը:
Ջոն Լոքը զարգացրեց ժամանակին արմատական այն հասկացությունը, որ կառավարությունը ձեռք է բերում կառավարվողների համաձայնությունը, որը պետք է մշտապես առկա լինի, որպեսզի կառավարությունն օրինակարգ մնա։ Լոքի հիմնական գաղափարներն ուրվագծված են նրա Երկու աշխատություն (1690 թ.) ազդեցիկ գրքում, որը ազատական գաղափարախոսության հիմնադրույթների շարադրանք է։ Նրա այն պնդումը, որ օրինական կառավարությունը գերբնական հիմք չունի, կտրուկ շրջադարձ էր այն ժամանակ տիրող կառավարման տեսություններից։ Լոքը սահմանեց նաև եկեղեցու ու պետության անջատման հասկացությունը։ Հենվելով հասարակական պայմանագրի սկզբունքի վրա՝ Լոքը գտավ, որ գոյություն ունի խղճի ազատության բնական իրավունք, որն ուրեմն պետք է պաշտպանված լինի կառավարության բոլոր մարմինների կողմից։ Իր «Նամակներ հանդուրժողականության վերաբերյալ» աշխատության մեջ նա ձևակերպեց նաև կրոնական հանդուրժողականության ընդհանուր պաշտպանությունը։ Լոքը կրել է Ջոն Միլթոնի ազատական գաղափարների ազդեցությունը. Միլթոնը ազատության բոլոր ձևերի ջերմեռանդ պաշտպանն էր։ Նա գտնում էր, որ եկեղեցու անջատումը պետությունից լայնատարած հանդուրժողականության հասնելու միակ արդյունավետ միջոցն է։ Միլթոնն իր «Արեոպագիտիկա» աշխատության մեջ ներկայացրեց խոսքի ազատության կարևորության առաջին փաստարկներից մեկը. «իմանալու, արտահայտելու և փաստելու ազատությունը՝ բոլոր ազատություններից ավելի վեր»։
Պահպանողականություն
Պահպանողականություն կամ Կոնսերվատիզմ (լատ.՝ conservo «պահպանում եմ» բառից), քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը: Առաջին անգամ տերմինը օգտագործվել է քաղաքական կոնտեքստում Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի կողմից 1918 թվականին Բուրբոնների իշխանության վերականգնման ժամանակ, որոնք գտնում էին, որ պետք է վերադառնան նախքան Ֆրանսիայի հեղափոխությունը գործող քաղաքականությունը։ Տերմինը պատմականորեն վերագրվում է աջակողմյան քաղաքական ուժերին։ Չկա մեկ ընդհանուր կարծիք, թե ինչպես կարելի է սահմանել կոնսերվատիզմ տերմինը, սակայն հիմնական գաղափարախոսությունը ավանդական արժեքների պահպանումն է։ Աշխարհի տարբեր մասերի կոնսերվատիվները տարբեր ձևով են բացատրում կոնսերվատիզմի հիմնական բնութագրիչները։ 18-րդ դարի քաղաքագետ Էդմունդ Բուրկը, ով դեմ էր Ֆրանսիայի հեղափոխությանը և կողմ էր Ամերիկյան հեղափոխությանը, համարվում է կոնսերվատիզմի հիմնական տեսաբաններից մեկը:
Leave a Reply