Կիլիկյան Հայաստանի պետական կարգը և բանակը

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը ձևավորվել է ավատատիրական  Հայաստանի ավանդույթների հիման վրա՝ Մերձավոր Արևելքում հաստատված խաչակիր ասպետների իշխանությունների ու եվրոպական պետությունների կառավարող մարմինների ազդեցությամբ։

XI-XIV դարերում Կիլիկյան Հայաստանն իր հասարակական-քաղաքական և տնտեսական մակարդակով զարգացած ավատապետություն էր: Կիլիկյան Հայաստանի հասարակական և պետական կարգը որոշ չափով կրել է նաև բյուզանդական և արևմտաեվրոպական պետությունների ազդեցությունը, որն արտահայտվում էր հատկապես կառավարման մարմինների անվանումներում (գունդստաբլ, դուկ, կապիտան, կիր, կոմս, մարաջախտ, պարոն, պռոքսիմոս, ջամբռլայ, կանցլեր, սենեսկալ և այլն):

Երկիրը վարչական տեսակետից բաժանված էր նահանգների, գավառների, գյուղերի: Դրանք կարելի է համեմատել այժմյան Հայաստանի մարզերի, քաղաքների և գյուղերի հետ:

Պետության կառավարման կենտրոնը արքունիքն էր: Դրա մեջ մտնում էին  արքունի խորհուրդը, բարձրագույն դատական ատյանը և գործակալությունները:

Արքունիքի գլուխ սկզբում կանգնած էր Հայոց իշխանը, իսկ 1198 թվականից՝  Հայոց թագավորը:

Թագավորը՝ որպես պետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհներով։ Թագավորը վարում էր արտաքին հարաբերությունները, գլխավորում բանակը, պատերազմ հայտարարում, հաշտություն և պայմանագրեր կնքում, օրենքներ հրապարակում: Նրա հրահանգ կարգադրություններով հատում էին դրամներ, հիմնում քաղաքներ ու բերդեր, մաքսեր գանձում ներմուծվող ապրանքների համար, լուծում համապետական այլ կարևորագույն հարցեր: Նա իր մշտական դեսպաններն է ունեցել Հռոմում, Նեապոլում, Կոստանդնուպոլսում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում, Մոնղոլիայում և այլուր։

Արքունիքի կառուցվածքը

Թագավորության հռչակումից ի վեր պետությունը կառավարել է արքունիքը, որը բաղկացած էր

  1. գործակալություններից
  2. վերին արքունի ատյանից

Արքունի խորհուրդը նման է մեր Խորհրդարանին: Կիլիկյան Հայաստանում այն կոչվում էր նաև Պարոնների Խորհուրդ: Պարոնների Խորհրդի նիստերը նախագահում էր թագավորը կամ նրա հանձնարարությամբ «պարոնաց պարոն» տիտղոսը կրող արքունի մեծ պաշտոնյան: Խորհրդի վճիռները հրապարակվում էին թագավորի անունից և նրա վավերացմամբ:

Պետության կառավարման կարևոր մարմիններից էին դատարանները: Արքունի գերագույն դատարանը քննում էր հիմնականում իշխանների վեճերը, նրանց օրինախախտումներն ու հանցագործությունները և այլն: Այն գերագույն իրավունքներ ուներ մյուս բոլոր դատարանների նկատմամբ: Կարելի է համեմատել Սահմանադրական դատարանի հետ:

1198թ.` Թագավորության հռչակումից հետո վերականգնվեց նաև թագադիր ասպետի գործակալությունը: Հանդիսությունների ժամանակ նա էր թագ դնում թագավորի գլխին, կապում արքայական նշանները, հետևում արքունի կարգ ու կանոնին:

Վերին արքունի ատյանի գործառույթները

Ատյանի նիստերին մասնակցում էին խոշոր իշխանները՝ բերդատեր պարոնները։ Վերին արքունի ատյանը խորհրդատուի իրավասություն ուներ, իսկ նիստերը վարում էր թագավորը։

Պետության ազդեցիկ գործակալություններից էր պայլությունը կամ խնամակալությունը։

Պայլի գործառույթները

Խնամակալություն (պայլություն) գործակալությունը ծնունդ է առել դեռևս իշխանության շրջանում: Գործակալը կոչվում էր պայլ: Պայլը թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակն էր, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա խնամակալն ու պետության կառավարիչը։ Նա պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի ժամանակավոր բացակայության ժամանակ։

Սպարապետի գործառույթներ

Սպարապետության գործակալը՝ սպարապետը կամ գունդստաբլը, տնօրինում էր ռազմական գործերը։ Նա թագավորի առաջին տեղակալն էր. գլխավորել է ինչպես արքունի, այնպես էլ իշխանական զորամիավորումները։ Բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը կոչվել է մարաջախտ։ Մարաջախտությունը զբաղվում էր բանակի սպառազինությամբ և պարենի մատակարարմամբ: Նա սպարապետի տեղակալն էր: Սպասալարը արքունական հեծելազորի հրամանատարն էր:

Ջանցլերի (կանցլեր) գործառույթները

Արքունի դպրապետության (քարտուղարություն) գործակալը՝ ջանցլերը (կանցլեր) կամ ատենադպիրը, վարել է արտաքին գործերը ու դիվանագիտական հարաբերությունները, կազմել, թագավորի հետ ստորագրել և իր մոտ պահվող պետական կնիքով վավերացնում էին պետական հրովարտակները, շնորհագրերը, գրագրությունները։ Նա է պահել պետական կնիքը, ղեկավարել դիվանագիտական հարաբերությունները, թագավորի անունից բանակցություններ վարել օտարերկրյա պետությունների հետ։ Այդ պաշտոնը սովորաբար վարել է Սսի արքեպիսկոպոսը, երբեմն՝ օտար լեզուների գիտակ, տաղանդավոր անձը։ Ի դեպ, 1260-89թ. այդ պաշտոնը վարում էր ոչ թե Սսի արքեպիսկոպոսը, այլ Վահրամ Րաբունին:

Սեղանապետության գործակալի գործառույթները

Երկրի կառավարման համակարգում մեծ էր արքունի պալատի կառավարչի՝ սենեսկալի դերը: Սեղանապետության գործակալը զբաղվել է արքունի տան եկամուտներով ու ծախսերով, պալատի տնտեսությամբ, համարվել է թագավորի խորհրդական և «հավատարիմ տանն արքայի»։

Մաքսապետության գործակալի գործառույթները

Մաքսապետության գործակալությունը (պռոքսիմոս) նման է Հարկային վարչությանը: Պռոքսիմոսը  ղեկավարում էր պետական եկամուտները, մասնավորապես՝ մաքսային և տուրքային գործերը, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները: Նրան էին ենթարկվում քաղաքների, նավահանգիստների, մաքսատների վերակացուները՝ կապիտանները կամ մինապանները, ինչպես նաև ներքին հարկագանձումների, շուկաների, չափ ու կշիռների հսկման հետ կապված մանր պաշտոնյաները:

Արքունիքում գործել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝  իշխանաց իշխանը, թագադիր իշխանը, սուրհանդակապետը (պետական փոստի գործակալ) և այլն։

Թագուհու գործառույթները

Մեծ հեղինակություն է վայելել տիկնաց տիկինը՝ թագուհին։ Նա մասնակցել է արքունի և իշխան, խորհրդի նիստերին, քաղաքական մեծ դեր խաղացել հատկապես թագավորի բացակայության կամ մահվան դեպքերում։

 

Բանակը

Կիլիկիայի հայկական պետությունն իր գոյության ողջ ընթացքում պատերազմների մեջ էր, ուստի կանոնավոր և ուժեղ բանակ ունենալն անհրաժեշտություն էր: Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք: Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի:

Բանակը բաղկացած էր արքունի և իշխանական գնդերից: Պատերազմների ժամանակ գյուղացիներից և քաղաքացիներից կազմվում էր աշխարհազոր: Կանոնավոր բանակի միջուկը ձիավորներից (ասպետներից) կազմված հեծելազորն էր: Կիլիկիայում ևս սահմանվել էր ձիավորի (ասպետ) աստիճան: Այն ստանալու համար անհրաժեշտ էր քննություն հանձնել զինվորականի համար անհրաժեշտ գիտելիքներից: Ձիավորի աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր պայմաններում: Այն ստացել են 14-20-ամյա տարիքում: Բանակում նշանակալից թիվ էր կազմում հետևակը:
Հայոց բանակում մեծ տեղ ուներ նաև ռազմական նավատորմը: Առանց նրա գոյության անհնար էր պաշտպանել պետության ծովային սահմանները: Այն անհրաժեշտ էր նաև ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: