Իշխանության մարմիններ

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն իրականացվում է երեք ճյուղերի միջոցով, որոնք զսպում և հավասարակշռում են իրար: Այդ ճյուղերն են` օրենսդիր, գործադիր և դատական:

Այժմ, ներկայացնենք օրենսդիր իշխանությանը: Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը: Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Նրա լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահից։ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին: Ազգային ժողովը չի կարող արձակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաև, երբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարց է հարուցված: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում, իսկ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը: Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսուն օրվա ընթացքում անցկացվում է Ազգային ժողովի ընտրություն:

Գործադիր իշխանությունը միասնական պետական իշխանության ինքնուրույն, միաժամանակ օրենսդիր իշխանությանը հաշվետու ճյուղ է: Գործադիր իշխանությունն իրականացնում են պետական կառավարման մարմինները: Պետությունում գործադիր իշխանությունն իրականացնող բարձրագույն մարմինը կառավարությունն է, հենց կառավարությունն է իրականացնում պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:

Իսկ տեղական ինքնակառավարումն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական  պատասխանատվությամբ համայնքային նշանակության հանրային հարցերը լուծելով, այսինքն` տեղական ինքնակառավարումը տարածվում է համայնքներում: Մինչդեռ կառավարության կառավարումը տարածվում է ամբողջ հանրապետությունում:

Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նախարարներինը` տասնութը:

Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:

Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Կառավարության «գլուխը» վարչապետն է: Վարչապետը կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում է անդամների աշխատանքը: Վարչապետին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե վարչապետի ընտրությունն իրականացնում է Ազգային ժողովը, ապա նշանակումը կատարում է հանրապետության նախագահը:

Կառավարության քաղաքականությունն ամփոփվում է կառավարության ծրագրում: Կառավարության ծրագիրը կառավարության աշխատանքի կազմակերպման կարևորագույն փաստաթղթերից է: Կառավարության կազմավորումից հետո՝ 20-օրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս 7-օրյա ժամկետում, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Փոխվարչապետները վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը: Փոխվարչապետներից մեկը, վարչապետի սահմանած կարգով, փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ:

Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:

Դատական իշխանության գլխավոր առաքելությունն արդարադատության իրականացումն է: Ընդ որում, արդարադատություն իրականացնելու «մենաշնորհը» պատկանում է միայն դատարաններին: Դատական իշխանությունը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով.

-Դատական իշխանությունն իրականացվում է միայն դատարանների կողմից.

-Դատական իշխանությունն օժտված է բացարձակ ինքնուրույնությամբ.

-Դատական իշխանությունն իրականացվում է սահմանադրության և օրենքներին համապատասխան.

– Դատական իշխանությունը միասնական է:

Դատարաններն անկախ են: Դատարանների անկախությունը դրսևորվում է մի շարք սահմանադրական նորմերով: Օրինակ` արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, կամ դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ, երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ, կամ դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն, դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ և այլն:

ՀՀ-ում գործում են սահմանադրական դատարանը, վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:

Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը, մյուս բոլոր հարցերով՝ ընդհանուր իրավասության քրեական, քաղաքացիական, վարչական դատարանները, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները:

2015 թ. սահմանադրական փոփոխություններով ստեղծվեց նոր ինստիտուտ` Բարձրագույն դատական խորհուրդը: Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների ու դատավորների անկախությունը: Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից: Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: