Սպիտակուցներ

Սպիտակուցներին այլ կերպ անվանում են պրոտեիններ (հունարեն բառ է, նշանակում է կարևորագույն, առաջնային)։ Այս անվանումն արտացոլում է սպիտակուցային նյութերի առաջնակարգ կենսաբանական նշանակությունը: Որտեղ կա կյանք, այնտեղ առկա են սպիտակուցները, և հակառակը:

Սպիտակուցները բջջի հիմնական օրգանական նյութերից են։ Նրանք կենսաբանական պոլիմերներ են, որոնց մոնոմերները ամինաթթուներն են։ Սպիտակուցները (պրոտեիններ) բարձրամոլեկուլային բնական օրգանական միացություններ են: Բոլոր սպիտակուցները բաղկացած են O-ի (թթվածին), C-ի (ածխածին), N-ի (ազոտ), H-ի (ջրածին), S-ի (ծծումբ) և որոշ տեսակներ նաև P-ի (ֆոսվոր) քիմիական տարրերից։ Սպիտակուցները a – ամինաթթվային օղակներից կազմված շղթաներ են և կազմում են բջիջների չոր զանգվածի 50%-ից ավելին: Լինելով կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք (սինթեզվում են կենդանի բջիջների կողմից)՝ սպիտակուցներն ապահովում են նրանց գոյության, զարգացման, հասունացման և սերնդային նմանակի վերարտադրման հնարավորությունները: Սպիտակուցների հատկությունները պայմանավորված են նրանց մեջ ամինաթթուների հաջորդականությամբ:

Սպիտակուցները միմյանցից տարբերվում են ամինաթթուների թվաքանակով, դրանց տեսակներով և դասավորման հաջորդականությամբ։ Սպիտակուցների մոլեկուլները կարող են լինել տարբեր ձևի՝ պարուրաձև, ծալքավոր և գնդաձև, դրանք իրենց հերթին ունեն կառուցվածքային  մակարդակներ՝ առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային։
Մեր մաշկի գույնը, մկանները, օրգանիզմի աճը, ոսկրերի ամրությունը, տեսողությունը, մազերի որակը ու աճը պայմանավորված է սպիտակուցների քանակից։

Օրգանիզմում սպիտակուցների դերը շատ տարատեսակ է: Յուրաքանչյուր սպիտակուց ունի յուրահատուկ ֆիզիոլոգիական գործառույթներ: Կառուցվածքային սպիտակուցները մասնակցում են օրգանիզմի տարբեր կառուցվածքների գոյացմանը: Բջիջների թաղանթները, ներբջջային գոյացությունները, նյարդային ցողունների թաղանթները բաղկացած են հատուկ չլուծվող սպիտակուցներից, որոնք բազմաշաքարների և ճարպերի հետ առաջացնում են բարդ միացություններ: Էլաստին սպիտակուցն արյունատար անոթների բաղադրիչներից է: Մաշկը, ջլերը, կապանները, աճառները, ոսկրերը պարունակում են կոլագեն սպիտակուցը: Կերատինները մազերի, եղունգների, փետուրների, եղջերային գոյացությունների հիմնական կառուցվածքային միավորներն են:

Սպիտակուցային հորմոնները մասնակցում են օրգանիզմի աճին ու բազմացմանը: Հատուկ լուսազգայուն սպիտակուցի՝ ռոդոպսինի շնորհիվ աչքի ցանցաթաղանթի վրա առաջանում է դիտվող առարկայի պատկերը: Մկանները կծկվում ու թուլանում են միոզին և ակտին սպիտակուցների շնորհիվ: Այս սպիտակուցներով է պայմանավորված կենդանիների շարժվելու ունակությունը: Որոշ կենդանիների, օրինակ` օձերի, միջատների, և բույսերի թույները նույնպես սպիտակուցներ են: Առանձին սպիտակուցներ սննդանյութ են (կուտակվում են ձվի սպիտակուցային թաղանթում և բույսերի սերմերում): Սպիտակուցների կարևոր խումբ են ֆերմենտները: Օրգանիզմում բոլոր քիմիական շարժընթացներն իրականանում են դրանց մասնակցությամբ, առանց ֆերմենտների օրգանիզմում անհնարին են մարսողությունը, թթվածնի յուրացումը, նյութերի փոխանակությունը, էներգիայի կուտակումը, արյան մակարդումը և այլն: Որոշ սպիտակուցներ ունեն փոխադրող գործառույթներ. էրիթրոցիտներում պարունակվող հեմոգլոբինը թթվածինը թոքերից փոխադրում է դեպի հյուսվածքներ և օրգաններ, իսկ այնտեղից` ածխաթթվական գազը դեպի թոքեր, որտեղից էլ արտաշնչման ժամանակ այն դուրս է գալիս օրգանիզմից: Սպիտակուցներն ունեն նաև պաշտպանական գործառույթներ: Երբ արյան մեջ ախտածին բակտերիաներ են թափանցում, օրգանիզմում առաջանում են հակամարմիններ՝ իմունոգլոբուլիններ: Այս սպիտակուցները չեզոքացնում են ախտածին միկրոօրգանիզմների կենսագործունեության արգասիքները: Պաշտպանական գործառույթներից է նաև արյան մակարդումը: Արյան պլազմայում լուծված անգույն ֆիբրինոգեն սպիտակուցն արյունատար անոթի վնասված տեղում արագ պոլիմերվում է՝ վերածվելով ֆիբրինի սպիտակ թելիկների:

Բոլոր սպիտակուցները (լուծվողներ և չլուծվողներ, կենսաբանորեն ակտիվներ և թունավորներ), անկախ իրենց բազմազանությունից և գործառույթների տարբերությունից, բաղկացած են ամինաթթուներից, որոնք քիմիական (պեպտիդային) կապերով միացած գծային պոլիմերներ են:

Միևնույն ամինաթթվային կազմով, սակայն ամինաթթվային մնացորդների տարբեր հաջորդականությամբ 2 սպիտակուցներ օժտված են տարբեր քիմիական և կենսաբանական հատկություններով:

Սպիտակուցներում պոլիպեպտիդային շղթաները սովորաբար ունեն պարուրաձև տարածական կառուցվածք: Պարույրի առանձին գալարներն իրար միացած են ջրածնային կապով: Տարբերում են սպիտակուցի մոլեկուլի առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային կառուցվածքներ:

Սպիտակուցի մոլեկուլում ամինաթթվային մնացորդների հերթականությունը կոչվում է առաջնային կառուցվածք, իսկ ներմոլեկուլային կարգավորվածությունը՝ երկրորդային: Երրորդայինը պոլիպեպտիդային շղթաների տարածական կոնֆիգուրացիան է՝ պոլիպեպտիդային շղթան ամբողջությամբ «ծրարվում» և սևեռվում է ամինաթթուների կողմնային խմբերի փոխազդեցությունների շնորհիվ: Երբեմն որոշ սպիտակուցների մի քանի մոլեկուլներ միավորվում են 1 ընդհանուր՝ չորրորդային կառուցվածքի մեջ: Բարձր ջերմաստիճանի, թթուների, հիմքերի, ծանր մետաղների ազդեցությունից սպիտակուցները ենթարկվում են կառուցվածքային մեծ փոփոխությունների՝ բնազրկման (դենատուրացում), և կորցնում են կենսաբանական ակտիվությունը: Տարբերում են պարզ սպիտակուցներ կամ պրոտեիններ՝ կազմված միայն ամինաթթվային մնացորդներից (ալբումին, գլոբուլին, պրոլամին, գլուտելին, պրոտամին, հիստոն և այլն), և բարդ սպիտակուցներ կամ պրոտեիդներ, որոնց բաղադրության մեջ կան նաև այլ միացություններ (օրինակ՝ հեմոգլոբին, նուկլեոպրոտեիդ, միոգլոբին, ցիտոքրոմ և այլն):

Սպիտակուցները սննդի օրաբաժնի հիմնական կառուցվածքային մասն են: Սննդի միջոցով օրգանիզմ անցած սպիտակուցները յուրացվում են մարսողական հյութերում պարունակվող ֆերմենտների ազդեցությամբ: Սննդի սպիտակուցները ճեղքվում են մինչև ամինաթթուներ, որոնք աղիներից անցնում են արյան մեջ: Սննդի սպիտակուցների քայքայումից առաջացած ամինաթթուներից օրգանիզմը սինթեզում է իրեն անհրաժեշտ կառուցվածքային, ֆերմենտային, կծկողական և այլ սպիտակուցներ:

Հիվանդությունների ժամանակ մեծանում է անփոխարինելի (օրգանիզմի կողմից չսինթեզվող) ամինաթթուների` աղիներ ներթափանցելու և դրանց ներծծվելու միջև ընկած ժամանակը՝ հանգեցնելով հյուսվածքներում սպիտակուցային փոխանակության ու սինթեզի խանգարման:

Օրգանիզմում սպիտակուցների պաշարի սպառման առավել վաղ ցուցանիշ է մեզում միզանյութի քանակի նվազումը (բնականոն վիճակում՝ օրական 20–35 գ):

Այլ նյութեր

Սպիտակուցներ-Վիքիպեդիա

Սպիտակուցների կարևորությունը մեր օրգանիզմում

Սպիտակուցների մասին կապված նյութեր

6 ախտանշան, որոնք վկայում են օրգանիզմում սպիտակուցների դեֆիցիտի մասին

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: