ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Իրավունքի գերակայությունն ունի արտաքին ու ներքին դրսեվորումներ: Իրավունքի` որպես սոցիալական կարգավորիչի գերակայության արտաքին դրսևորումը պայմանավորված է իրավունքի այլ սոցիալական կարգավորիչների (նորմատիվ և անհատական) հետ հարաբերակցությամբ: Դա նշանակում է, որ հասարակության սոցիոնորմատիվ կարգավորման համակարգում (բարոյականություն, կրոնական կանոններ, սովորույթ և այլն) իրավունքն ունի գերակայություն` կիրառման առաջնայնություն, բացարձակություն: Սրանք հատկություններ են, որոնք մեծ մասամբ հատուկ չեն այլ սոցիալական կարգավորիչների: Ընդ որում, այդ գերակայությունը
երաշխավորված է հարկադրանքի կիրառման սպառնալիքով: Հետևաբար, իրավունքի գերակայությամբ է պայմանավորված նրա համապարտադիրությունը: Իրավունքի նման կերպով հասկացված արտաքին գերակայությունը կանխադրութային (աքսիոմատիկ) ճշմարտություն է այսօր: Այդ կանխադրույթի հիմքերը դրվեցին ուշ միջնադարում աշխարհիկ իրավաբանական աշխարհայացքի ձևավորմամբ, այնուհետև ամրապնդվեց
արդի ու ժամանակակից իրավունքի համակարգերի կայացմամբ: Իրավունքի արտաքին գերակայությունը կասկածելի ու վիճելի էր մինչև XVIII դարը, քանի որ նրա հետ համընդհանուր և գերակայող կարգավորիչի հավակնություններ ունեին նաև սոցիալական այլ կարգավորիչներ` կրոնը, բարոյականությունը, սովորույթը:

Արդի աշխարհիկ պետական իրավունքի համակարգերի կայացմամբ իրավունքի արտաքին գերակայությունը հաստատվեց, ձեռք բերեց օրենսդրական ամրագրում, վերածվեց դրական իրավունքի սկզբունքի` «օրենքի գերակայություն»: Սակայն արդի իրավունքի համակարգերի կայացման արշալույսին հասարակական նոր իրողությունները, իրավական փորձը, իրավագիտության նոր հայեցակարգերի ձևավորումն ու զարգացումը խթանեցին իրավունքի գերակայության սկզբունքի ներքին կողմի ձևավորումը և իմաստավորումը: Իրավունքի գերակայության սկզբունքը այդուհետ ձեռք բերեց նոր իմաստ և որակներ: Այդ հիմնախնդրի տեսական հիմքը «իրավունք»
և «օրենք» հասկացությունների իմաստային տարբերություններն էին. տարբերակումը ծնեց իրավունքի և օրենքի հարաբերակցության հիմնահարցը: Սակայն դա չէր նշանակում, որ իրավունքի գերակայությունը կորցրեց իր առաջին` արտաքին իմաստը: Այն, որպես իրավական համակարգի կանխադրույթ, առկա է և գործում է օբյեկտիվորեն:

Բնական իրավունքի տեսության մեջ իրավունքի գերակայության սկզբունքն անխուսափելիորեն վերածվում է բնական իրավունքների գերակայության սկզբունքի

Իրավունքի գերակայության սկզբունքի հիմնական իմաստը օրենսդրությունն արժեքաբանության ենթարկելն է` իրավունքի էության (իդեալի) միջոցով: Բնական իրավունքի տեսության վրա կառուցված և դրականացված մարդու իրավունքների նշանակություններից մեկն էլ այնպիսի չափանիշի, չափորոշիչի ծառայելն է, որի միջոցով պետք է զատվեն պետության իրավական և ոչ իրավական օրենքները: Իրավունքի
գերակայության ողջ իմաստը հենց արժեքաբանական գործառույթն է` արժևորել երկու հիմնական դրական իրավական ինստիտուտները` օրենքները և պետությունը: Ինչպես տեսնում ենք, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գործառույթները համընկնում են: Հետևաբար դրական իրավական ամրագրում ունեցող բոլոր սկզբունքները, որոնք իրենց ուղղակի բովանդակությամբ վերաբերում են մարդու իրավունքներին, հենց իրավունքի գերակայությունից բխող պահանջներ ու դրույթներ են: Բնական իրավունքի տեսության դիրքերում կանգնած տեսաբաններն ընդունում են, որ
«մարդու իրավունքները հանդես են գալիս որպես իրավունքի անհրաժեշտ մաս, նրա գլխավոր բովանդակության արտահայտման որոշակի ձև»: Այսպիսով, իրավունքի գերակայության սկզբունքը ենթադրում է մարդու իրավունքների առաջնայնության սկզբունքը, որն ակնհայտ է բնական իրավունքի տեսության վրա կառուցված իրավական տեսություններում: Հետևաբար սահմանադրական մակարդակում, հասնելով բնական իրավունքից բխող մարդու իրավունքների իրավական ամրագրման, այս տեսությունը և նրա պրակտիկան չշարունակեցին պնդել իրավունքի գերակայության սկզբունքի դրական իրավական ամրագրման անհրաժեշտությունը:

Հարց է առաջանում, իսկ ինչպիսին է իրերի դրությունը այն իրավունքի տեսություններում, որոնք կառուցված չեն բնական իրավական դիրքերի վրա, սակայն ընդունում են իրավունքի և օրենքի տարանջատման հայեցակարգը:

Փորձենք վերլուծել այս հարցն այդպիսի տեսություններից մեկի` Վ. Ներսեսյանցի ազատական իրավաբանական տեսության հիման վրա: Վերջինս, իրավունքի էություն համարելով ձևական հավասարության (իրավահավասարության) սկզբունքը, դրական իրավունքը բնորոշում է հետևյալ կերպ. «Իրավունքը պաշտոնապես սահմանված և պետական պաշտպանությամբ ապահովված իրավունքի նորմերի ամբողջություն է, որը
համապատասխանում է ձևական հավասարության սկզբունքին», այսինքն` իրավունքի էությանը: Նույն այդ տեսությունը հիմնավորում է հետևյալ պնդումը. «Իրավունքի գերակայության սկզբունքի հաստատումը ենթադրում է մարդու` որպես հոգևոր անձի, որպես հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ազատ, անկախ և ինքնավար սուբյեկտի (իրավական, բարոյական, էսթետիկական, կրոնական և այլն) ազատության բոլոր իրավաբանորեն նշանակալի առումների օրենսդրական ճանաչում, ամրագրում և պարտականություն»:

Այսպիսով, ազատական իրավաբանական տեսությունը միանշանակ ընդունում է իրավունքի գերակայության սկզբունքը` նրա արտաքին իմաստով, սակայն այս տեսությունն ընդունում է նաև իրավունքի գերակայության սկզբունքի երկրորդ` իրավական իմաստը` իրավունքի էություն համարելով օրենքից զատ գոյություն ունեցող
իրավահավասարությունը, և դրան վերագրում է գերակայություն, որովհետև «օրենքը» դիտարկվում է որպես իրավունքի արտահայտության ձևերից մեկը, էության իրավական երևույթը: «Օրենքի միջոցով իրավական հավասարության սկզբունքը ձեռք է բերում պետական-իշխանական, համապարտադիր ճանաչում և պաշտպանություն, օրինական ուժ: Լինելով իրավունքի օբյեկտիվորեն պայմանավորված հատկությունների
արտահայտման ձև` օրենքը դառնում է իրավական օրենք: Իրավական
օրենքը նույն ինքը իրավունքն է»:

Ըստ ազատական իրավաբանական տեսության` իրավունքի դրականացման իրական գործընթացում իրավունքը օրենքի վերածելու ուղղորդիչ սկզբունքը իրավահավասարության, այսինքն` իրավունքի էության գերակայությունն է: Հենց դրանից էլ բխում է օրենքների, սակայն ոչ բոլոր, այլ միայն իրավական օրենքների գերակայությունը:

Ինչ վերաբերում է իրավունքի գերակայության համատեքստում իրավունքի և մարդու իրավունքների հարաբերակցությանը, ապա այս հարցում ազատական իրավաբանական տեսության և բնական իրավունքի տեսության մոտեցումները գրեթե համընկնում են, միայն մեկ տարբերությամբ` մեկում մարդու իրավունքների օբյեկտիվ աղբյուրը բնական
իրավունքն է, մյուսում` իրավահավասարության սկզբունքը` որպես հավասար չափ և մասշտաբ բոլորի հանդեպ, որպես ազատություն և արդարություն: Ըստ Վ. Ներսեսյանցի, մարդու իրավունքներն իրավունքի բոլոր տիպերի սուբյեկտային-մարդկային ըմբռնումներն են. «Իրավունքն ընդհանրապես և մարդու իրավունքները ոչ թե տարբեր (իրենց էությամբ, գործառույթներով և առավելությամբ) ֆենոմեններ են, որոնք ունեն իրարից անկախ կյանք, այլ միևնույն կարգի և միևնույն տիպի երևույթներ են: Մարդու
իրավունքները ամեն մի իրավունքի անհրաժեշտ, անբաժանելի և անխուսափելի բաղադրատարրերն են: Իրավունքն առանց մարդու իրավունքների անհնար է, ինչպես մարդու իրավունքները` առանց իրավունքի և իրավունքից դուրս»: Հետևաբար ազատական իրավաբանական տեսության վերլուծությունը ցույց է տալիս, որ մարդու իրավունքների սկզբունքները, որոնք կոչված են ապահովելու դրանց գերակայությունը, ի
վերջո հենց իրավունքի գերակայության սկզբունքի դրսևորումներ են:

Սահմանադրական զարգացման պատմական օրինաչափությունները նոր ժամանակներում հանգեցրին նրան, որ ներպետական իրավունքը որոշակի պահից զերծ մնաց «իրավունքի գերակայության» սկզբունքի ուղղակի ամրագրումից` բավարարվելով միայն օրենքի գերակայության սկզբունքի պաշտոնական դրականացմամբ, դրան սահմանադրական ուժ տալով, սակայն սահմանադրական կարգավորման այդ մասը լրացվեց մարդու իրավունքների զանազան սկզբունքներով, որոնք, ըստ էության,
նույնական են իրավունքի գերակայության սկզբունքի հետ:

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: