Կերպարի գրական դիմանկարի հիման վրա հորինե՛ք նրա մենախոսությունը երաժշտության մասին:
Կենտրոնը կազմում էր տանտիրուհու դուստրը` շիկահեր, փղոսկրի պես փայլուն, մաքուր ատամներով և գեղեցիկ աչքերով քսան տարեկան Լուիզան: Նա երգում էր, ուներ զորեղ ու անուշ ձայն, պատրաստվում էր բեմին նվիրվելու: Գիտեր նվագել դաշնամուր, երաժշտության դասեր էր տալիս, փող ժողովում, որ գնա Իտալիա` ձայնը մշակելու:
Դեռ վաղ ժամանակներից ի վեր, երբ փոքր էի, արդեն իսկ տարվել էի երաժշտական մեղեդիների բաղձանքով: Կախարդվել եմ և անկարող եմ եղել դուրս գալ այդ մոգության միջից:
Առաջին անգամ լսեցի ջութակի դյութիչ մեղեդիները, երբ մեր տանը մայրս հյուրընկալել էր Օդեսայից ժամանած արտիստներին: Ֆելենչիանոն, այդպես էին կոչում սկսնակ ջութակահարին, ով լսելով անմշակ ձայնս, երբ երգում էի, փակված ննջասենյակում, խորհուրդ տվեց, ոչ, պարտադրեց ապագայում Իտալիա մեկնել՝ ձայնս մշակելու: Եվ ես խոստացա:
Հաջորդ անգամ ինձ բախտ վիճակվեց ներկա գտնվել օպերայի ժամանակի ամենից տաղանդավոր ու համրաճանաչ երգչուհիներից մեկի համերգին: Եվ ես սիրահարվեցի… սիրահարվեցի երաժշտությանը:
Այնուհետև սկսեցի դաշնամուր նվագել՝ տարված երաժշտական տարերքով: Երազանքս իրականացնելու նպատակով՝ դասեր էի տալիս և փող ժողովում: Յուրաքանչյուրն ասում էր, որ ինձ փայլուն ապագա է սպասվում, և ես հավատում էի ու հավատում եմ, որ ի զորու կլինեմ իրականացնել բեմին նվիրվելու երազանքս:
Թերևս կյանքս չեմ կարող առանց երաժշտության պատկերացնել, ինչպես սիրահարը չի կարող ապրել առանց իր սիրած էակի: Գուցե ինձ խելագար անվանեք, բայց ես կախարդված եմ և ինձ դուր է գալիս այդ մոլուցքով տարված լինելը:
Leave a Reply