ՃԱՆԱՊԱՐՀ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով:
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
ԻՄ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին:
ԿՅԱՆՔ
Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․
Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղառ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու:
ԳԱՐՈՒՆ
Հալուն -հալուն,
Սարին, ձորին խոսելեն,
Երես -երես,
Քարեն, հողեն հոսելեն՝
Գարուն իջավ մխալով,
Առուն իջավ ծխալով։
Բաղիկ տեսա՝
Լուսին -ցողին՝
Լողիկ -լողիկ արբելեն՝
Կանաչ տափերին։
Առուն փեսա՝
Հողի գոգին՝
Դողիկ -դողիկ տարփելեն՝
Ծաղիկն ափերին:
Հալուն -հալուն,
Ծառի, ծաղկի հոտերով,
Երեր-երեր,
Ծովի ցամքի մոտերով՝
Առուն ուռավ՝ վերացավ,
Բուրվառ գարուն հեռացավ:
Մի շարք այլ բանաստեղծություններ կարող եք կարդալ այստեղ:
Leave a Reply