Ալեքսանդր Մակեդոնացի

aleksander-d-store

Զորավար, պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացին ծնվել է Պելայում մ. թ. ա. 356թ.-ի հուլիսի 20 (21)-ին։ Ալեքսանդր Մակեդոնացու (Մակեդոնիայի թագավոր մ. թ. ա. 336-323թթ.) ստեղծած տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից մինչև Հնդկական օվկիանոս:

Ալեքսանդր Մակեդոնացին ծնվել է մ․թ․ա․ 356 թվականին Մակեդոնիայի մայրաքաղաք Պելլայում։ Ավանդության համաձայն Ալեքսանդրը լույս աշխարհ է եկել այն գիշերը, երբ Հերոստրատոսն իր անունն անմահացնելու նպատակով հրկիզել է հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Եփեսոսում գտնվող Արտեմիսի տաճարը։ Արդեն իսկ Ալեքսանդրի արշավանքների ժամանակ պարսից մոգերն այս դեպքը մեկնաբանում են որպես իրենց պետությանը սպասվող ապագա աղետի նշան։ Բայց քանի որ հնարավոր բոլոր լեգենդներն ու խորհրդանշաններն ուղեկցում էին անտիկ շրջանի հռչակավոր մարդկանց ծնունդն ու կյանքը, Ալեքսանդրի ծննդյան ամսաթվի այդ համընկնումը շատ հետազոտողներ երբեմն համարում են արհեստական։

Ալեքսանդրի ծննդյան հստակ օրը մեզ հայտնի չէ։ Առավել հաճախ ընդունված է որպես նրա ծննդյան թվական համարել հուլիսի 20-ը, քանի որ ըստ Պլուտարքոսի՝ Ալեքսանդրը ծնվել է «հեկատամբեոն ամսի վեցերորդ օրը (հին հուն․՝ ἑκατομβαιών)»։ Հեկատամբեոնը Գրիգորյան օրացույցում մասամբ նույնացվում է հուլիս ամսվա հետ, իսկ հին մակեդոնացիներն այդ ամիսն անվանում էին «լոս» (հին հուն․՝ λῷος)։ Որոշներն էլ, որպես Պլուտարքոսի գրվածքի հավելում, հեկատամբեոնի վեցերորդ օրը համարում են հուլիսի 15-ը։ Այնուամենայնիվ, այս տարբերակներից ոչ մեկը գիտականորեն ապացուցված չէ։ Համաձայն Մակեդոնացու ժամանակակիցներից մեկի՝ Արիստոբուլոս Կասանդրիացու (արձանագրված է Լուցիոս Արիանոսի «Ալեքսանդրի Անաբասիս» աշխատության մեջ), Մակեդոնացին ծնվել է ոչ թե ամռանը, այլ՝ աշնանը։ Բացի այդ, ըստ Դեմոսթենեսի՝ մակեդոնական լոս ամիսն, ըստ էության, համընկնել է աթենական բոեդրոմիոն ամսվա հետ (սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ)։ Հենց այս փաստարկների հիման վրա էլ որոշ փորձագետներ որպես ծննդյան թվական ընդունում են հոկտեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածը։ Ալեքսանդրի հայրը Մակեդոնիայի արքա Փիլիպոս II-ն էր, իսկ մայրը՝ Էպիրոսի արքայադուստր Օլիմպիադան։ Ավանդության համաձայն Ալեքսանդրի տոհմն Արգոս արքայի ժառանգական կապով սերվել է դիցաբանական հերոս Հերակլեսից։ Հենց Ալեքսանդրի նախաձեռնությամբ տարածված վարկածի համաձայն` նրա իրական հայրը եղել է Եգիպտոսի փարավոն Նեկտանեբ II-ը։ Որոշ առասպելապատումներ նշում են, որ Ալեքսանդրը եղել է հին հունական դիցարանի երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի աստծո՝ աշխարհի տիրակալ Զևսի որդին։ Ի սկզբանե նախատեսված էր, որ նորածին մանուկը պիտի անվանվեր Ամինտաս՝ ի պատիվ Փիլիպոսի հոր, սակայն վերջինիս հայրը քաղաքական նկատառումներից ելնելով որոշում է նորածին մանկանը տալ Ալեքսանդրոս անունը՝ ի պատիվ Մակեդոնիայի արքա Ալեքսանդր I-ի։

Փոքրիկ Ալեքսանդրի դաստիարակությամբ զբաղվել է մայրը՝ Օլիմպիադան։ Այդ տարիներին Փիլիպոսը պատերազմներ էր մղում Հունաստանի քաղաք-պետությունների հպատակեցման համար և որդու հետ ժամանակ կարողանում էր անցկացնել միայն Օլիմպիական խաղերի ժամանակ։ Մանկուց մայրը Ալեքսանդրին տրամադրում էր Փիլիպոսի դեմ, որն էլ հետագայում դրսևորվում է հոր և որդու լարված հարաբերություններում։ Օլիմպիադայի խարդավանքների պատճառով Ալեքսանդրի մեջ երկակի վերաբերմունք էր ձևավորվել Փիլիպոսի նկատմամբ։ Երեխան մի կողմից հիանում էր հոր սխրանքներով, մյուս կողմից՝ խանդ ու նույնիսկ թշնամանք տածում նրա ռազմական հաջողությունների հանդեպ։ Իր բացառիկ տաղանդով Ալեքսանդրն աչքի էր ընկնում անգամ մանուկ հասակում։ Վաղ տարիքում նա ճանաչվում է Փիլիպոսի իրավահաջորդ, որն էլ Օլիմպիադային դարձնում է արքայի վեց կանանցից ամենաազդեցիկը։ Փաստն այն է, որ նա Փիլիպոսի որդիներից ամենաարժանավորն էր, որ կարող էր շարունակել հոր ազգանվեր և հերոսական գործերը։ Փիլիպոսի այլ զավակներից պատմիչների կողմից հիշատակվում է նրա և Լարիսա քաղաքից սերվող Ֆիլինայի որդու՝ Արիդեոսի անունը՝ որպես տկարամիտ անձնավորություն։ Ալեքսանդր Մեծի մահից հետո՝ դիադոքսների պատերազմի նախօրեին, նա բազմում է Մակեդոնիայի կայսրության գահին՝ թագադրումից հետո ստանալով Փիլիպոս III անունը։ Փիլիպոսի մահից հետո Մակեդոնիայի գահի օրինական հավակնորդներ չկային, քանի որ նրա որդիների մի մասի անունը հայտնի չէր, իսկ որոշներն էլ դեռևս մանկահասակ էին և մ․թ․ա․ 336 թվականին չէին կարող դառնալ երկրի առաջնորդ։

Նույնիսկ մանուկ հասակում Ալեքսանդրը բավականաչափ տարբերվում էր իր հասակակիցներից։ Նա անտարբեր էր մարմնական հաճույքների նկատմամբ և չափավոր էր դրանց մեջ։ Կանայք նրան չէին հետաքրքրում՝ չնայած նրա բազմաթիվ ամուսնություններին ու արտամուսնական կապերին։

Հատկանշական է, որ տասը տարեկան հասակում Ալեքսանդրը կարողանում է սանձել անհնազանդ (որոշ պատմագիրների պնդմամբ՝ մարդակեր) մի կատաղի ձիու, որին վարժեցնել չէր վիճակվում ոչ ոքի։ Հետագայում այդ ձին, որին տղան անվանում է Բուկեփալոս, դառնում է ապագա մեծ զորավարի ամենասիրելի նժույգն ու ամբողջ կյանքի ուղեկիցը։

Բուկեփալոսի վարժեցումը Ալեքսանդրի կողմից

Ալեքսանդրն իսկույն ձիու մոտ վազեց, բռնեց սանձը և մռութը դարձրեց դեպի արևը. ըստ երևույթին, նա նկատել էր, որ ձին վախենում է` իր առաջ տեսնելով տատանվող ստվերը: Ալեքսանդրը որոշ ժամանակ ձիու հետ կողք կողքի վազեց` շոյելով նրան: Համոզվելով, որ Բուկեփալոսը հանդարտվել է և շնչում է լիաթոք, Ալեքսանդրը վրայից նետեց թիկնոցը ու թեթև թռիչքով ցատկեց ձիու մեջքին: Սկզբում մի փոքր ձիգ տալով երասանակը, նա զսպում էր Բուկեփալոսին` չխփելով ձիուն և սանձը չթափահարելով: Իսկ երբ Ալեքսանդրը տեսավ, որ ձիու բարքն այլևս չի սպառնում որևէ դժբախտությամբ և որ Բուկեփալոսը առաջ է նետվում, նա ձիուն ազատություն տվեց և նույնսիկ սկսեց բարձր բացականչություններ արձակելով ու ոտքերով խփելով քշել:

Փաստեր, որոնք ձեզ կհետաքրքրեն

  1. Քչերն են իմանում, որ Ալքեսանդր Մակեդոնացու աչքերը տարբեր գույնի էին՝ մեկը շագանակագույն էր, մյուսը՝ երկնագույն: Այս խիստ հազվադեպ երևույթը կոչվում է հետերոքրոմիա ու հանդիպում է մարդկանց միայն 1 տոկոսի մոտ:
  2. Ալեքսանդրն ուներ երկար դեմք ու կտրուկ ձայն:
  3. Անհավանական է, բայց փաստ՝ Ալեքսանդրը էպիլեպտիկ էր, ինչպես նաև Հուլիոս Կեսարը: Բացի դրանից, թե՛ Ալեքսանդրը, թե՛ Հուլիոս Կեսարը ծնվել են հուլիսին:
  4. Ալեքսանդրը պատվախնդիր էր և թքած ուներ հասարակական կարծիքի վրա:
  5. Ալեքսանդրը, ինչպես իր հայր Ֆիլիպը, տառապում էր պարանոցային ողերի սկալեոտիկ հիվանդությունից:
  6. Արքայի վիզն այնքան էր ծռված, որ թվում էր, թե նա անընդհատ անկյունի տակ վեր է նայում:
  7. Ալեքսանդր Մակեդոնացին բարձրահասակ չէր՝ մակեդոնական չափանիշներով, բայց միևնույն ժամանակ նա ամրկազմ ու ջլոտ էր:
  8. 18 տարեկանում տարած իր առաջին հաղթանակից մինչև իր մահը 33 տարեկան հասակում՝ մեծ զորավարը չի պարտվել ոչ մի ճակատամարտում:
  9. Ալեքսանդրի զինվորները կիրառում էին գերթեթև ու կտորից պատրաստված, բայց ամուր զրահներ:
  10. Ալեքսանդրի մարտավարական սխեմանրը ուսումնասիրում են մինչ օրս՝ տարբեր ռազմական ակադեմիաներում և այլ ԲՈՒՀ-երում՝ աշխարհի բոլոր ծայրերում:
  11. Ալեքսանդրը հիմնադրել է 70-ից ավելի քաղաքներ, որոնցից ամենաքիչը 20-ն անվանել է իր պատվին և 1 քաղաք էլ անվանակոչել է իր ձիու անունով (Հիդասպա գետի (այսօր այն հայտնի է՝ որպես Հնդկաստանում գտնվող Ջելամ գետ) մոտ տեղի ունեցած ճակատամարտի վայրից ոչ հեռու նա հիմնադրեց Բուցեֆալ քաղաքը՝ իր սիրելի ձիու պատվին, որը մահացու վիրավորվել էր այդ ճակատամարտի ընթացքում):
  12. Ալեքսանդրն աչքի էր ընկնում բուռն ու պոռթկուն բնավորությամբ:
  13. Մակեդոնացին մեծ ձիրգ էր ցուցաբերում գիտությունների և փիլիսոփայության հանդեպ և շատ էր սիրում կարդալ:
  14. Արիստոտելի շատ աշակերտներ, ովքեր սովորում էին Ալեքսանդրի հետ, հետագայում նրա մտերիմ ընկերներն ու գեներալները դարձան և նրանց հաճախ անվանում էին «Կոմպանիոններ»:
  15. Ալեքսանդրի հայրն ուներ 7 կին, իսկ ինքը՝ Ալեքսանդրն ուներ երեքը՝ Ռոկսանան, Պարիսատիդան և Ստատիրան:
  16. Ժամանակակից պատմաբաններն ասում են, որ Ռոկսանան համարվում էր իր ժամանակի ամենագեղեցիկ կանանցից մեկը Ասիայում, և Ալեքսանդրը նրան սիրելով էր կնության վերցրել:
  17. Ալեքսանդրը երկու որդի ուներ՝ Ալեքսանդր 4-րդ Մակեդոնացի (Ռոկսանայից) և Հերակլես Մակեդոնացի (Բարսինայից): երկու երեխաներին էլ սպանեցին, մինչ չափահասության հասնելը:
  18. Ալեքսանդրը շատ դաժան էր: 16 տարեկանում նա ճնշեց մի ապստամբություն՝ գլխովին ոչնչացնելով ապստամբած քաղաքի բնակչությունը:
  19. Ալեքսանդրը սրբորեն հավատում էր այն սկզբունքին, որ մի անգամ դավաճանողը կդավաճանի նորից, և միշտ մահապատժի էր ենթարկում անգամ իր կողմն անցած դավաճաններին:
  20. Ալեքսանդրի ձիու անունը Բուցեֆալ էր, ինչը նշանակում է «Ցլագլուխ»: Բուցեֆալը նրա հավատարիմ ուղեկիցն էր մինչև Հնդկաստանի արշավանքը:
  21. Նրա անսպասելի մահից հետո, Ալեքսանդրի բոլոր արյունակից բարեկամները սպանվեցին, իսկ Մակեդոնացու տոհմը հանգեց:
  22. Ալեքսանդրը հմուտ հոգեբան էր և, թույլ տալով նամակագրություն հարազատների հետ, նա գտնում էր իր զորքի բոլոր թույլ օղակները: Ըստ էության՝ նա առաջին ռազմական գրաքննիչն էր պատմության մեջ:
  23. Նա պատկանում էր Արգեադների հին հունական տոհմին Պելոպոնեսից: Նրա անունը ծագում էր հունական Ալեքսո-պաշտպանել և Անդր-մարդ բառերից: Այդպիսով նրա անունը նշանակում է մարդկանց պաշտպան:
  24. Ալեքսանդրի հայրը` Փիլիպոս Երկրորդ Մակեդոնացին, վարձել էր Սոկրատեսի ու Պլատոնի հետ մեկտեղ՝ պատմության մեծագույն փիլիսոփաներից մեկին` Արիստոտելին` որպես տասներեքամյա Ալեքսանդրի ուսուցիչ:
    Արիստոտելը սովորեցնում էր Ալեքսանդրին այն ամենը, ինչ ինքը գիտեր, 3 տարիների ընթացքում, մինչև Ալեքսանդրի 16 տարին լրանալը, երբ նա նստեց Մակեդոնիայի գահին:
  25. Շատ քչերը գիտեն, թե ինչ ընդհանրություն ունեն Ալեքսանդրը, Չինգիզխանն ու Նապոլեոնը: Առաջին բանը, որ մտածում ես, դա համաշխարհային տիրակալության պլաններն են, բայց իրականում բոլոր այս մարդիկ տառապում էին այլուրոֆոբիայից` կատուների հանդեպ վախից:
  26. Մի անգամ Ալեքսանդրն իր զինվորների շրջանում ալկոհոլային խմիչքներ խմելու մրցույթ անցկացրեց: Թեպետ զորքերը հիացմունքի մեջ էին այս մտահղացումից, արդյունքում 42 զինվոր մահացավ ալկոհոլային թունավորումից:
  27. Պարսիկների դեմ տարած հաղթանակից հետո Ալեքսանդրը սկսեց հագնվել պարսից արքայի նման ու պարսկուհի երկու կին վերցրեց իր համար:
    Սրա պատճառը պարզ է: Նա համարում էր, որ իր կողմից նվաճված ժողովուրդներն իրենց ավելի հարմարավետ կզգան, եթե իրենց նոր տիրակալը հետևի իրենց սովորություններին:
  28. Չնայած այն բանին, որ շատ տարիների ընթացքում գոյություն ունեին բազմաթիվ տեսություններ, Ալեքսանդրի մահվան իրական պատճառը մնում է հին աշխարհի գաղտնիքներից մեկը:
    Ժամանակակից բժշկական փորձագետները պնդում են, որ պատճառներից կարող էին լինել մալարիան, թոքերի ինֆեկցիան, երիկամային անբավարարությունը կամ տիֆը: Սակայն ոչ ոք չի կարող ինչ-որ բան հաստատ ասել:
  29. Նրա սիրած գրքերն էին «Իլիականն» ու «Ոդիսականը»: Մանկությունից Ալեքսանդր Մակեդոնացուն ոգեշնչում էին Հոմերոսի հերոսները, նա նույնիսկ քնում էր` բարձի տակ պահելով «Իլիականը»: Ապագա մեծ զորավարի ու տիրակալի երևակայությունը գերել էր հույն ռազմիկ Աքիլլեսը, ով մարտնչում էր Տրոյայում:
  30. Այնուամենայնիվ, Ալեքսանդրի ամենամեծ կուռքը, ով նրա վրա էական ազդեցություն էր գործում, Հերակլեսն էր: Բոլոր ժամանակների ամենահայտնի առասպելական հունական կերպարներից մեկով նրա հիացմունքն այնքան խորն էր, որ Ալեքսանդրն իրեն Հերակլեսի նման անվանեց Զևսի որդին ու միշտ գլուխ էր գովում, որ Հերակլեսի սերունդն է:
Ալեքսանդրին կրթել ու դաստիարակել է հույն փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռազմական պատրաստությունն անցել է հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի ղեկավարությամբ: Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց անձ, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ: Նրա բանակը կարգապահ էր ու լավ մարզված:  
Մ. թ. ա. 334թ. հունամակեդոնական զորքով անցել է Հելլեսպոնտոսը (ներկայիս Դարդանելը) և մայիսին Գրանիկոն գետի մոտ պարտության մատնել պարսիկներին: 333թ.-ի աշնանը Պարսից արքա Դարեհ III-ը փորձել է Իսոս քաղաքի մոտ դիմադրել Ալեքսանդրի զորքին, սակայն կրկին պարտվել է: 332թ. գրավելով բոլոր նավահանգիստները`   Մակեդոնացին պարսկական նավատորմին զրկել է հենակետերից և իր տիրապետությունը հաստատել ծովում: 
Մ.թ.ա. 332-331թթ. առանց դիմադրության գրավել է Եգիպտոսը: 331թ.-ի հոկտեմբերի 1-ին Ադիաբենեի Գավգամելա (ներկայումս`   Թել Հոմել, Իրաք) գյուղի մոտ Ալեքսանդրը ջախջախել է պարսկական բանակը (Գավգամելայի ճակատամարտ): Դարեհը կրկին փախուստի է դիմել, սակայն նրան սպանել են իր մերձավորները: Ալեքսանդրն իրեն հռչակել է Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա:
Գավգամելայի ճակատամարտին պարսկական բանակի կազմում մասնակցել են նաև Մեծ Հայքի զորքերը Երվանդ Գ-ի, Փոքր Հայքինը Միթրաուստեսի գլխավորությամբ: Վերջիններս պարսկական կողմի պարտությունից հետո հռչակվել են թագավորներ: Ալեքսանդրը Հայաստան չի արշավել, բայց Մենոն զորավարի գլխավորությամբ զորք է ուղարկել` գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերը: 
Հայերը, սակայն, թույլ չեն տվել հունամակեդոնական զորքին մտնել Հայաստան և ճակատամարտում սպանել են Մենոնին: Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդրը հիմնադրել է մոտ 70 քաղաք-գաղութ՝ դրանց մեծ մասն իր անունով կոչելով Ալեքսանդրիա: Շարունակելով ռազմերթը՝ 329թ. ներխուժել է Միջին Ասիա, 327թ.-ի գարնանը մտել Արևմտյան Հնդկաստան և 326թ. գրավել Փենջաբը:
Հանդիպելով հոգնատանջ զորքի բացահայտ դիմադրությանը` դադարեցրել է արշավանքը դեպի Գանգեսի ափերը և 324թ. վերադարձել է կայսրության մայրաքաղաք հռչակված Բաբելոն, որտեղ էլ հունիսի 13-ին մահացել է դողէրոցքից: Նրա դին մեղրի մեջ տեղափոխել են Մակեդոնիա: Ալեքսանդրի հսկայածավալ տերությունը շուտով տրոհվել է առանձին պետությունների: Մակեդոնացու նվաճումներից հետո սկզբնավորվել է հելլենիզմի դարաշրջանը:  

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: