Արքայի անունը | Անվան տարբերակները | Հոր անունը | Թագավորության տարիներ | Մանրամասներ |
---|---|---|---|---|
Արամե | Արամ, Արամու, Արամա | 859-843 | Վանի թագավորության առաջին հիշատակված արքան | |
Սարդուրի Ա | Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի | Լուտիպրի արքայի որդին | 835-825 | Վանի թագավորության հզոր արքաների հարստության հավանական հիմնադիրը։ |
Իշփուինի | Իշվուին, Իսպոուին | Սարդուրի Ա արքայի որդին | 825-810 | Սկզբում իշխել է միահեծան, ապա որդու՝ Մենուայի հետ միասին։ |
Մենուա | Մինուա | Իշփուինի արքայի որդին | 810 – 786 | Ընդարձակել է Վանի թագավորության տարածքը, ստեղծել լայն ոռոգման ցանց։ |
Արգիշտի Ա | Արգիստ | Մենուա արքայի որդին | 786 – 764 | Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորությունն իր հզորության գագաթնակետին էր հասել։ Հիմնել է Էրեբունի քաղաքը։ |
Սարդուրի Բ | Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի | Արգիշտի Ա արքայի որդին | 764 – 735 | Սարդուրի Բ-ն ընդարձակել է միապետության սահմանները, հզորացրել բանակը։ |
Ռուսա Ա | Ռուշա, Ուրսա, Վեդիպրի | Սարդուրի Բ արքայի որդին | 735-710-ական | |
Արգիշտի Բ | Արգիստ | Ռուսա Ա արքայի որդին | 710-ական-685 | |
Ռուսա Բ | Ռուշա, Ուրսա | Արգիշտի Բ արքայի որդին | 685-645 | |
Սարդուրի Գ | Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի | Ռուսա Բ արքայի որդին | մոտ. 643 | |
Սարդուրի Դ | Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի | Սարդուրի Գ արքայի որդին | մոտ. 625 – 620 | |
Էրիմենա | Արաման | մոտ. 620 – 605 | ||
Ռուսա Գ | Ռուշա, Ուրսա | Էրիմենա թագուհու որդին | մոտ. 605 – 595 | |
Ռուսա Դ | Ռուշա, Ուրսա | Ռուսա Գ արքայի որդին | մոտ. 595 – 585 |
Մենուա
Վանի (կամ Արարատյան) հայոց թագավորության հզորության հիմնաքարը դրեց Մենուա արքան, որը փառավոր գործունեություն ծավալեց և՛ ռազմի դաշտում՝ իր սուրը պսակելով բազում հաղթանակներով, և՛ հատկապես ներպետական կյանքում՝ բարեկարգելով, շենացնելով երկիրը: Մենուան էր, որ հիմք դրեց Արարատյան թագավորների միավորիչ քաղաքականությունը: Նրա օրոք էր, որ Ասորեստանի հետ հակամարտության մեջ եղող Արարատյան երկիրը, եթե մինչև այդ վարում էր պաշտպանական պատերազմ՝ անցավ նախահարձակ գործողությունների: Վերջապես, Մենուան փառավոր անուն թողեց սերունդներին նաև իր մշակութային, շինարարական գործունեությամբ (առհասարակ, Վանի թագավորները տոգորված էին շինարարական ոգով, սակայն Մենուան իր մշակութային գործունեությամբ գերազանցեց բոլորին):
Մենուան իր կառավարման գործում ներգրավվեց հոր՝ Իշպուինիի օրոք և վերջինիս գահակիցն էր: Սեպագիր արձանագրությունները վկայում են, որ դառնալով հոր գահակիցը՝ Մենուան մեծ ակտիվություն հաղորդեց երկրի քաղաքական կյանքին և հաճախ ինքն էր գլխավորում ռազմական ձեռնարկումները: Մ.թ.ա. 9-րդ դարում Առաջավոր Ասիայում զորեղացած դիրք էր գրավում Ասորեստանը: Միջագետքյան անապատների հյուսիսում բարձրացող Հայկական բարձրավանդակի նվաճումը ասորեստանյան արքաների համար ուներ ռազմավարական մեծ նշանակություն, քանի որ ամեն վայրկյան արարատյան բանակները կարող էին իջնել անառիկ լեռներից և շեշտակի հարվածներով հոդս ցնդեցնել հակառակորդի նվաճումները: Այս նպատակով Ասորեստանը բազմաթիվ արշավանքներ ձեռնարկեց դեպի հայկական լեռնաշխարհ, սակայն ապարդյուն՝ հայրենի բարձրաբերձ լեռներին ապավինած նաիրյան ցեղերը շարունակում էին մնալ աննվաճ, ինքնիշխան:
Սակայն, հիրավի հետագա հարձակումները կանխելու համար հայերին անհրաժեշտ էր միավորված երկիր, տնտեսական հիմք և հստակ նպատակներ հետապնդող ռազմական ձեռնարկումներ: Մ.թ.ա. 810թ. հոր մահից հետո Մենուան երկիրը միայնակ սկսեց կառավարել և պետության առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ եռանդուն գործունեություն ծավալեց: Երկրի ամբողջությունն ապահովելու նպատակով Վանի թագավորությանը կրկին միացվեցին Ծոփքը, Աղձնիքը, հյուսիս-արևմուտքում՝ Արածանիի վերին հոսանքի, Ճորոխի ավազանի շրջանները, Տայքը, հյուսիսում՝ Արարատյան դաշտի մի մասը: Միավորված շրջաններում կենտրոնական իշխանության համար հենարաններ ստեղծելու նպատակով կառուցվեցին բազմաթիվ քաղաք-ամրոցներ, որոնցից առավել նշանավոր են Մասիսի ստորոտում Մենուաի անունը կրող Մենուախինիլին և Մանազկերդը՝ Վանա լճի հյուսիսում: Երկրում աշխուժացավ տնտեսական կյանքը: Ապահովելով որոշ միասնություն, ստեղծելով տնտեսական նախադրյալներ՝ Մենուան ձեռնամուխ եղավ արտաքին խնդիրների լուծմանը: Նրա առաջնորդությամբ արարատյան բանակները մտնում են Ասորեստանին սահմանակից երկրները: Այս ձեռնարկմամբ հայոց բանակները Արևելքում սպառնագին դիրքեր զբաղեցրեցին Ասորեստանի նկատմամբ: Այնուհետև անցնելով Եփրատը՝ Մենուան վերացրեց Մելետինեի խեթական փոքր թագավորությունը:
Սակայն, Մենուան պատմության մեջ մտավ ոչ միայն որպես օժտված զորապետ, այլև իբրև շինարար, ստեղծարար տիրակալ, որը նույնքան ջանադիր և եռանդուն եղավ նաև պետության ներքին կյանքում՝ ապահովելով երկրի ընդհանուր բարեկեցությունը: Կառուցվեցին բազմաթիվ քաղաք-ամրոցներ, ջրանցքներ, սրբատեղիներ… Մենուաի նախաձեռնած կառույցներից է ցայսօր գործող և Վանին ջուր մատակարարող <<Շամիրամի ջրանցքը>>: Վերջինս մոտ 70 կմ է, անցնում է լեռների, ապառաժների միջով և ժամանակի բարդ կառույցներից է, եզակի ողջ Արևելքում: Այս ամենը վկայում է երկրում ծաղկող գիտության, արհեստների մասին:
Մենուայի ստեղծած տնտեսական հիմքերը հնարավորություն տվեցին մոտ 70 տարի ապահովել երկրի հզորությունը: Մեծագործ արքան վախճանվեց մ.թ.ա. 786թ.: Նրան հաջորդեց որդին՝ Արգիշտին, որը եղավ հոր արժանավոր հետնորդը, շարունակեց վերջինիս քաղաքականությունը և Վանի թագավորությունը հասցրեց հզորության գագաթնակետին:
Արգիշտի I
Վանի թագավորության (Ուրարտու) արքա Արգիշտի Ա-ն գահակալել է մ. թ. ա. մոտ 786 թ-ից: Նրա օրոք պետությունը հասել է իր ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին: Մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունի ամրոցը, որի շուրջ կառուցվել է ներկայիս Երևանը:
Արգիշտի Ա-ն հաջորդել է հորը՝ Մենուային: Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ վճռական ռազմական գործողություններ ձեռնարկելուց առաջ Արգիշտին նախ մի քանի պատժիչ արշավանքներով ընկճել է Երիախի (Շիրակ), Աբունի (Հավնունիք), Դիաուեխի (Տայք), Կատարձա (Կղարջք), Զաբախա (Ջավախք), Ետիունի (Ուտիք) և այլ «աշխարհների» ու «ցեղագավառների» ըմբոստությունները, ամրապնդել կենտրոնական իշխանության ազդեցությունը տերության հյուսիսային շրջաններում: Այնուհետև Ասորեստանին դուրս է մղել Հյուսիսային Միջագետքից, Կոմմագենից և Հյուսիսային Ասորիքից, տիրել Միջերկրածովայքի արևելյան և Փոքր Ասիայի հարավարևելյան շրջաններով անցնող առևտրական մայրուղիներին: Արգիշտի Ա-ի գերիշխանությունը ճանաչել են Փոքր Ասիայի և Ասորիքի բազմաթիվ երկրներ, դաշնակցել նրա հետ՝ ընդդեմ Ասորեստանի: Վերջինս իր առաջնակարգ դիրքն Առաջավոր Ասիայում հարկադրաբար զիջել է Վանի թագավորությանը: Արգիշտիի օրոք Այրարատյան դաշտը վերածվել է պետության տնտեսական և ռազմական կարևոր նշանակության շրջանի: Այստեղ մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունի (Երևան), իսկ մոտ 776 թ-ին՝ Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքները: Նրա օրոք կառուցվել են ջրանցքներ, տաճարներ, պալատներ, շտեմարաններ, զինանոցներ և այլ շինություններ, զարգացել են երկրագործությունը, անասնապահությունը, արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը: Հայտնաբերվել են Արգիշտիին վերաբերող արձանագրությամբ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր:
Աշխատանքային գործունեություն
- Ք.ա. 785թ. Ուրարտական թագավորությանն է միացրել Դիաուխի երկիրը:
- Ք.ա. 785թ. արշավանքներ է ձեռնարկել և թագավորությանն է միացրել Աբունի, Կատարձա, Զաբախա երկրները:
- Ք.ա. 784թ. Ուրարտական պետությանն է միացրել Վեդուրի-Էթիունի («Ջրային Էթիունի») երկրամասը:
- Ք.ա. 782թ. հիմնել է Էրեբունի բերդաքաղաքը:
- Ք.ա. 782թ. երկրին է միացնում Էթիունյան միության մաս կազմող Կեխունի (Գեղունի) «ծովային գավառը»:
- Ք.ա. 786-781թթ. ստեղծել է Վանի աշխարհակալությունը:
- Ք.ա. 781թ. Արգիշտին պարտության է մատնել ասորեստանյան զորքերին:
- Ք.ա. 781-776թթ. կռիվներ է մղել Ասորետանի դեմ:
- Ք.ա. 779թ. հեռավոր արշավանք է կատարել դեպի Հյուսիսային ծովակի ավազան:
- Ք.ա. 779-777թթ. Ուրմիո լճից հարավ ընկած տարածքում պարտության է մատնել ասորեստանցիներին:
- Ք.ա. 776թ. հիմնել է Արգիշտիխինիլի բերդաքաղաքը:
- Ք.ա. 775-773թթ. ոչնչացրել է Ասորեստանի հետ համագործակցող ուժերին՝ հաստատվելով Ուրմիո լճից հարավ տարածվող շրջաններում:
Վանի թագավորություն
Վանի թագավորությունը պետություն էր Հայկական լեռնաշխարհում, մ. թ. ա. IX–VII դարերում. ասորեստանյան աղբյուրներում անվանվել է «Ուրարտու», տեղական սեպագիր արձանագրություններում` «Բիայնիլի» և «Նաիրի», իսկ Աստվածաշնչում` «Արարատ»:
Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ): Առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյան աղբյուրներում 3 անգամ հիշատակվում է մ. թ. ա. 859–843 թթ-ի ընթացքում: Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և ներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։ Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում: Մ. թ. ա. մոտ 825–810 թթ-ին Սարդուրի I-ին հաջորդել է որդին` Իշպուինին: Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան (մ. թ. ա. մոտ 810–786 թթ.): Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական [տերության միասնական դիցարանի (պանթեոն) ստեղծումը] բարեփոխումները, որոնք արձանագրվել են «Խալդյան դարպասի» («Մհերի դուռ») վրա: Ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտական կանոնավոր բանակով: Իշպուինին հարավում ընդլայնել է տիրույթները՝ Ուրմիա լճի ավազանից մինչև Պարսուա երկիր (հետագայում՝ Պարսք), հյուսիսում` մինչև Հայկական Պար լեռնաշղթա: Մենուայի օրոք Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է ցայսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը: Մենուայի բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հյուսիս` դեպի Դիաուխի-Դայաենի (Տայք) երկիր, հարավարևմտյան ուղղությամբ հասել է մինչև Կումենու և Ասորեստան: Արևմուտքում Մենուայի բանակն առաջին անգամ դուրս է եկել Արևմտյան Եփրատի բնագիծ` սպառնալով անդրեփրատյան պետություններին: Մելիտենեի (Մալաթիա) արքան դարձել է նրան հարկատու: Հաղթարշավը շարունակելով Ուրմիայից հարավ-արևելք ընկած տարածքներում` հասել է մինչև Դիալա գետի ավազան: Մենուան հատուկ ուշադրություն է դարձրել ռազմական շինարարությանը` ստեղծելով ամրաշինական մեծ ցանց: Նրա նվաճումների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվել է մեկ կենտրոնացված պետության մեջ. հյուսիսային շրջանների իշխանությունները թեև չեն մտել Վանի տերության մեջ, բայց ընդունել են նրա գերիշխանությունը: Մենուան հաղթանակներ է տարել տարածաշրջանի ամենահզոր պետության` Ասորեստանի նկատմամբ և Վանի թագավորությունը վերածել գերտերության: Մենուայի հաջորդի՝ Արգիշտի I-ի գահակալության տարիներին (մ. թ. ա. 786–764 թթ.) Վանի թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին: Տերությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելիտենե և Թաբալ երկրները), Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան: Արգիշտի I-ի գործը շարունակել է որդին` Սարդուրի II-ը (մ. թ. ա. 764–735 թթ.): Նրա օրոք տերության կառավարման համակարգում նկատվում է կարևոր անցում. կախյալ թագավորությունները վերածել է պետության վարչական միավորների, դրանով համադաշնային կառավարման համակարգից անցել գերկենտրոնացված պետության: Սարդուրի II-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով: Այս շրջանում, երբ սահմանները ձգվում էին 4 ծովերի միջև, «Սարդուրյան տարեգրության» համաձայն, բանակի ընդհանուր թիվը շուրջ 350 հզ. էր՝ ներառյալ նաև նվաճված ու հարկատու երկրների զորքերը: Սակայն մ. թ. ա. 743–735 թթ-ի արշավանքների հետևանքով Թիգլաթպալասար III-ը վերականգնել է Ասորեստանի նախկին դիրքերը` կրկին դառնալով Վանի տերության ախոյանը: Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը (մ. թ. ա. 735 – մոտ 710 թթ.) կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ: Ռուսա I-ն արշավանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի-Մուսասիր: Վերջինս պատճառ է դարձել Ասորեստանի հետ նոր բախման: Ասորեստանի Սարգոն II արքան (մ. թ. ա. 721–705 թթ.) մ. թ. ա. 714 թ-ին արշավել է Վանի թագավորություն: Առանձնապես մեծ հաջողություններ չունենալով՝ վերադարձին մտել է Արդինի-Մուսասիր և կողոպտել Խալդիի գլխավոր տաճարը: Կարճ ժամանակ անց Ռուսա I-ին հաջողվել է վերանվաճել Արդինի-Մուսասիրը: Ռուսա I-ին հաջորդել է որդին` Արգիշտի II-ը (մ. թ. ա. մոտ 710–680-ական թթ., ըստ ասորեստանյան աղբյուրների՝ մ. թ. ա. 708 թ-ին): Բիայնիլի-Ուրարտու-Արարատի վերջին հզոր թագավորը Ռուսա II-ն է (մ. թ. ա. մոտ 680–650-ական թթ.): Նա շարունակել է Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը` համադաշնությունների համակարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման ձևին։ Զարկ է տվել քաղաքաշինությանը: Ռուսա II-ն արշավանքներ է կատարել և Եփրատից արևմուտք գրավել 5 երկիր: Նրան հաջողվել է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել հյուսիսից արշավող կիմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Կիմերները հաստատվել են Կապադովկիայի տարածքում (Գամիրք), որտեղից Ռուսան կարողացել է նրանց ուղղորդել Ասորեստանի դեմ: Մ. թ. ա. 652 թ-ին Ռուսա II-ը բարեկամական ուղերձով պատվիրակություն է ուղարկել Ասորեստանի արքա Աշուրբանիպալի մոտ, որին վերջինս մեծ պատիվներով ընդունել է Արբելա քաղաքում: Հաջորդ տասնամյակներում Վանի թագավորության ռազմական գործողությունների մասին տեղեկություններ չկան։ Ռուսա II-ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց օրոք պետությունը թուլացել է։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։ Համեմատաբար լուսաբանված է Ռուսա III-ի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը, որից մեզ հասած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտում, որոնք վկայում են Ռուսա III-ի օրոք պետության սահմանների նեղացման մասին:Պետության անկմանը նպաստել են նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։ Վանի թագավորության անկման ժամանակն ստույգ հայտնի չէ: Հիմքեր կան կարծելու, որ Վանի արքայատոհմից իշխանության անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է պալատական հեղաշրջման միջոցով՝ նախքան մ. թ. ա. 609 թ.: Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում մ. թ. ա. 612 թ-ին, ըստ Մովսես Խորենացու, ձևավորվել է հայկական նոր՝ Հայկազունների իշխանությունը՝ Պարույր Հայկազունու գլխավորությամբ: Վանի թագավորության մշակույթըՎանի թագավորության դիցարանը հիշատակվում է «Մհերի դռան» արձանագրության մեջ. այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական, և շուրջ 30 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի (աստվածների հայր և արքայի գլխավոր հովանավոր), Թեյշեբա (ամպրոպի և ռազմի աստված) ու Շիվինի (արևի աստված): Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների: Վանի թագավորությունում գործածվել է գրային 3 համակարգ, որոնցից մեկը՝ բնիկ տեղականը, մեհենագրերն են՝ բաղկացած շուրջ 300 մեհենանշանից (հիերոգլիֆ), որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս համակարգի վերծանման արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ Վանի մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է: Վանի թագավորությունում կիրառվել են սեպագիր համակարգերը: Սարդուրի I-ի և նրա հաջորդների օրոք գրվել են ասորեստանյան սեպագրերով և ասուրերեն արձանագրություններ: Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը (շուրջ 200 նշան՝ ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր:Վանի տիրակալները մեծ նվաճումների են հասել քաղաքաշինության բնագավառում: Սարդուրի I-ը կառուցել է Տուշպան: Մենուայի օրոք Արաքսի աջ ափին կառուցվել է Մենուախինիլի քաղաքը, Արածանիի ափին հիմնադրվել է Ներքին Խնձորի հզոր ամրոցը (Կայալի-դերե հնավայր), Տուշպայից հյուսիս-արևելք` Վերին Անձավի բերդաքաղաքը, տասնյակ այլ ամրոցներ պետության կենտրոնում և Ուրմիա լճի ավազանում: Արգիշտի I-ը մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունին, մ. թ. ա. 776 թ-ին՝ Արգիշտիխինիլին` Արարատյան դաշտում, մեկ այլ Արգիշտիխինիլի` Մուշի շրջանում: Սարդուրի II-ը Տուշպայից ոչ հեռու հիմնել է Սարդուրիխինիլին (Հայկաբերդ, Աստվածաշեն), ապա` նույնանուն 2 այլ քաղաքներ` Արճեշից հյուսիս և Աղձնիքում: Ռուսա I-ը Սևանա լճի ավազանում վերակառուցել է 2 խոշոր բերդ-ամրոցներ` դրանք անվանակոչելով Խալդի և Թեյշեբա աստվածների անուններով: Արգիշտի II-ը կառուցել է խոշոր ամրոցներ` Խալդի աստծու և իր անուններով: Ռուսա II-ը հիմնադրել է Թեյշեբաինի քաղաքը (Կարմիր բլուր հնավայր), ապա՝ «Ռուսայի փոքր քաղաքը» (Բաստամ հնավայրը՝ ներկայիս Իրանի տարածքում), Զիուկունի երկրի Խալդիի քաղաքը (Արծկե, Ադիլջևազ հնավայր), Ռուսախինիլի անվամբ 2 քաղաք (Թոփրակկալե և Այանիս հնավայրեր), վերակառուցել և ընդարձակել է բազմաթիվ ամրոցներ ու քաղաքներ:Զարգացել է տաճարաշինությունը: Վանի թագավորության տաճարները մի քանի տեսակ էին: Մեկը Արդինի-Մուսասիրի հայտնի տաճարն էր, որի միայն վերակազմության պատկերն է պահպանվել: Տաճարների այս ոճը Հայաստանից անցել է Փոքր Ասիա, այնտեղից` Հունաստան, ապա` Հռոմ, որտեղից էլ տարածվել է ողջ աշխարհում: Այդ ոճի հիանալի նմուշներից է Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարի մյուս տեսակը կոչվում է «Աստծու դարպաս»:Պալատների ու տաճարների պատերը ներսից զարդարվել են որմնանկարներով (աստվածների, ռազմի, կենդանիների և այլ բազմագույն պատկերներ), զինատեսակներով: Պեղումներից հայտնաբերվել են մեծ թվով սաղավարտներ, վահաններ, գոտիներ, կապարճներ, որոնք զարդարված են մարտակառքերի, հեծյալների, քրմերի, առյուծների, ցուլերի ու թևավոր էակների պատկերաքանդակներով:Պեղումներից հայտնաբերված մշակութային արժեքները պահպանվում, ուսումնասիրվում և ցուցադրվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի, Բրիտանական (Լոնդոն), Առաջավորասիական (Բեռլին) թանգարաններում, Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ) և այլուր: