Design a site like this with WordPress.com
Get started

Սևանա լիճ

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքը: Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում (Սևանը ունեցել է Գեղամա ծով և Գեղարքունյաց ծով անունները): Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:

Սևանա լճի հայելու բացարձակ բարձրությունը մոտ 1897մ է, առավելագույն խորությունը՝ 80մ, մակերեսը՝ 1260ք.կմ, երկարությունը՝ 70կմ, առավելագույն լայնությունը՝ 55կմ, ծավալը՝ 58 մլրդ.խ.մ: Լճի մակերեսին, ջրի միջին ջերմաստիճանը ամռանը լինում է 18°-23°: Ձմռանը Սևանը մասամբ սառցակալում է:

Լիճը բաղկացած է երկու անհավասար մասերից՝ Մեծ Սևան և Փոքր Սևան: Դրանք իրար են միանում մոտ 5կմ լայնության նեղուցով, որը գտնվում է Արտանիշ և Նորադուզ թերակղզիների միջև: Լճի ափամերձ գոտին հարավում և արևելքում ցածր է և կազմում է տափարակ հարթություն: Սակայն հյուսիսում և հյուսիս-արևելքում այն բարձր է, նեղ ու ժայռոտ:

Լիճը շրջապատում են արևմուտքից՝ Գեղամա լեռները, հյուսիսից՝ Արեգունյաց լեռները, արևելքից՝ Սևանա լեռները և հարավից՝ Վարդենիսի լեռները:

Սևանա լիճ են թափվում 28 գետ, որոնցից նշանավոր են Գավառագետը, Արգիճին, Մարտունին, Կարճաղբյուրը, Մասրիկը, Ձկնագետը: Դուրս է հոսում միայն Հրազդան գետը:

Սևանա լիճը ունի տեկտոնահրաբխային ծագում:Երկրաբանական տեսակետից Մեծ Սևանը իրենից ներկայացնում է հին միջլեռնային ճկվածք, որտեղ ջրային ավազան է եղել դեռևս երկրաբանական վաղ անցյալում: Առանձին լիճ գոյություն է ունեցել նաև Փոքր Սևանի տեղում:

Երիտասարդ հրաբխային լավաները արգելափակելով Փոքր Սևանի ելքը, բարձրացրել են ջրի մակարդակը: Այն միացել է Մեծ Սևանին և ստեղծվել է միասնական լճային ավազան՝ այժմյա Սևանը: Լճի հյուսիսային մասում գտնվում էր Սևանա կղզին, որը ջրի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով դարձել է թերակղզի:

Լիճը բարերար ազդեցություն է ունենում ափամերձ տարածքի բնության վրա և պահպանում է ամբողջ ավազանի բնական հավասարակշռությունը: Տնտեսական մեծ առժեք են ներկայացնում լճի ջրային և ձկնային պաշարները: Սևանա լճի ջրերով են սնվում Արարատյան դաշտը ոռոգող ջրանցքների մեծ մասը, ինչպես նաև Հրազդանի կասկադի բոլոր 6 էլեկտրակայանները:

20-րդ դարի 40-50թթ. մարդն իր միջամտությամբ խախտեց Սևանա լճի բնական վիճակը: Կառուցվեց Սևան-Հրազդան ոռոգչաէներգետիկ համալիրը, խորացվեց Հրազդան գետի ակունքը և բաց թողնվեց ջրի պաշարների մի մասը: Ջրի մակարդակը իջավ 19մ-ով, իսկ մակերեսը կրճատվեց 12%-ով:

Ջրի մակարդակի իջեցման հետևանքով, օգտագործելով ցամաքած հատվածները, հնարավոր դարձավ կառուցել Սևանի հյուսիսարևելյան ափով անցնող երկաթգիծը և ավտոխճուղին: Ջրային հաշվեկշռի նոր փոփոխություն կատարվեց 48,3կմ երկարություն ունեցող Արփա-Սևան ջրատար թունելի կառուցմամբ: Մուտքի բաղադրիչն ավելացավ տարեկան 250մլն.խ.մ-ով: Սևանի բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստելու համար՝ լճավազանում ստեղծվել է «Սևան» ազգային պարկը:

Սևանը մեծ առժեք է ներկայացնում նաև զբոսաշրջիկության տեսակետից: Նրա ափամերձ տարածքում սփռված են բազմաթիվ բրոնզեդարյա «կիկլոպյան» կոչվող ամրոցներ (Լճաշեն, Հայրավանք): Լճի ցամաքած հատվածում կատարված հնագիտական պեղումներից պարզվել է, որ 3500 տարի առաջ Սևանի զգալի մասը ցամաք է եղել: Այնտեղ եղել են բնակավայրեր, որտեղ բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ:

Պահպանվել են նաև բազմաթիվ ուրարտական դարաշրջանի կառույցներ և արձանագրություններ (Վելիկուխի, Ռուսայի արձանագրությունը): Եվ, իհարկե, կան նաև միջնադարյան կառույցներ՝ Սևանավանքը, Հայրավանքը և այլն:

Սևանի հետ են կապված բազմաթիվ պատմական մեծ նշանակություն ունեցող իրադարձություններ: Սևանի ճակատամարտին է վերաբերվում Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի «Ծովամարտ» գլուխը:

Աշնանը շատ գեղեցիկ տեսարան են ստեղծում բարձր լեռներից ջրային հայելու վրա իջնող վիթխարի ամպերը: Արևոտ եղանակներին Սևանը շշմեցնում է իր՝ շերտ-շերտ դասավորված կապույտ գույնի երանգներով, իսկ ամպամած եղանակին ջինջ կապույտը դառնում է խստաշունչ երկաթագույն: Կարող է թվալ, որ Սևանը երկնքի կտոր է երկրի վրա: Այն Հայաստանի բնության գոհարն է:

Անվանում

Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։

Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է մ.թ.ա. 9-6-րդ դարերին։ Այն թույլ է տալիս եզրակացնել, որ անվանումը կարող է ուրարտերեն լինել. սունիա նշանակում է «լիճ»։

Ուշ միջնադարում լիճը կոչվել է նաև «Գյոքչա», որը թարգմանաբար նշանակում է «կապույտ ջուր»։ 1901 թվականին հրատարակված Յուժակովի հանրագիտարանում նշված է նաև հին պարսկերեն անվանումը՝ Գաոսրավագա։

Ավանդություն

Գոյություն ունի լճի անվանման ծագման երկու ավանդություն․

  • Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։

Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։

  • Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին՝ որոշելով, որ դա էլ մի Վան է։ Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց։ Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան։

Լճի ջրի թափանցիկություն

Սևանա լճի թափանցիկությունը բնական վիճակում կազմում էր շուրջ 21մ, որը բացատրվում էր նրա ունեցած նշանակալի խորությամբ, գետային փոքր հոսքի (որով լիճ է բերվում կախված նյութեր) և պլանկտոնի համեմատաբար թույլ զարգացման հետ: Լճի մակարդակի արհեստական իջեցմանը զուգընթաց նկատվում էր լճի պղտորության աճ, որի պայմաններում թափանցիկությունը տարվա մեջ տատանվում էր 3-7մ: Լիճը ավելի թափանցիկ է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ նվազագույն թափանցիկություն նկատվում է փետրվար-ապրիլ ամիսներին:

Զբոսաշրջություն

Սևանա լիճը միակն է Հայաստանում, որ ունի լողափնյա հանգստավայրեր։ Դրանք հանրահայտ են ոչ միայն հայերի, այլև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար։ Սևանի լողափներին կառուցվել են բազմաթիվ հյուրանոցներ ու հանգստյան տներ՝ ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ անկախության շրջանում։

Հարսնաքար հանգստի գոտի

Առավել հայտնի է հյուսիսային ափը, որը ձգվում է 2.5 կմ՝ Սևանա թերակղզու շրջակայքում։ Լճի ջուրը հարմար է լողալու, ամառային ջերմաստիճանը՝ արևային լոգանքներ ընդունելու համար։ Կազմակերպվում են ակտիվ հանգստի զանազան միջոցառումներ՝ այդ թվում լեռնագնացություն։ 2011 թվականին Սևան ազգային պարկը հայտարարվեց հանգստի գոտի։ Բացվեցին հանրային լողափեր, որոնք ընդունեցին ավելի քան 100 000 մարդու։ Դրանք ունեն ազատ ավտոկայանատեղիներ, զուգարաններ, բուժկետեր։ Շրջակայքում են նաև փրկարար լողորդներն ու այլ հանրօգուտ ծառայությունների ներկայացուցիչներ։ 2014 թվականին հանրային լողափների թիվը 2-ից հասավ 11-ի, որտեղ հանգստացան 200 000 մարդիկ։

Նկարներ

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: